Կազիմիր Մալեւիչ/Հորիզոնի մատանիով նշանվածները

Մարդը երկրի բանականությունն է:

Արժեքավոր գանձերից մեկը:

Նկարիչը, պոետը, երաժիշտը երկրի սիրեկաններն են: Երկիրը նրանց սիրուհին է: Հորիզոնի մատանիով, ստեղծագործության հարստությամբ նշանվածների երկիրը գայթակղեց սիրեկաններին: Ե՛վ հպատակեցրեց, և՛ տվեց ողջ հարստությունն իր: Բայց համր էր: Շուրթերը նրա փակ էին, աչքերը թաքցրել էին գեղեցկության առեղծվածը:

Այդ ժամանակից ի վեր հորիզոնի մատանիների մեջ պոետը, նկարիչը, երաժիշտը փնտրում էին թաքնված գեղեցկությունը: Յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր կյանք թվում էր նրանց գեղեցկության թաքնված փոքրիկ սնդուկ: Ծաղիկների բուրմունքը, անտառի աղմուկը, թռչունների երգը դյութում էին, և նրանց միջոցով ուզում էին իմանալ երկրի թաքցրած գեղեցկության առեղծվածի մասին: Բայց ո՛չ անտառի աղմուկը, ո՛չ կապույտ տիրույթում վազող ամպերը, ո՛չ թռչուներն ու ծաղիկները չէին հասկանում հարցը: Սիրեկանների լեզուն խորթ էր:

Եվ կրկին հորիզոնի մատանիների ցանցի միջով անցնում էին սիրեկաները՝ նշանվածները:

Հուսահատությամբ լսում էին փախչող քամու շշուկը և վերածում էին նրա աղմուկը երաժշտական նշանների շղթաների: Եվ տարուբերվող խոտերով դաշտերի կանաչ դեմքը գեղեցիկ էին դարձնում կտավների ու էջերի վրա:

Մարդիկ հիանում էին գեղեցկությամբ, սակայն նկարների գեղեցկությունը մեռյալ էր:

Չգիտեին, որ վերջին վրձնահարվածի մեջ և վերջին բառի մեջ դադարում էին ապրել դաշտի դեմքն ու քամու աղմուկը: Եվ գեղեցկությունը գնում էր դեպի կյանքը՝ կտավից դեպի դաշտեր: Հասարակ կոճղերը նրանց հարստություն էին թվում, և կտավներին ու էջերին զարդարում էին նրանց, հանց խաչեր գերեզմանների վրա՝ ստեղծելով հուշարձաներ կենդանիի մասին:

Շատ ժամանակ էր անցնում, դարերը սողում էին շերտերով՝ հաջորդելով մեկզմյուսին: Ներքևում՝ երկրի երեսին, հորիզոնի մատանիների մեջ, քայլում էին գեղեցկություն որոնողները: Երկրի նշանի մատանին ամուր կալանում էր որոնողներին, իսկ ոգին մարում էր կռահումների մեջ:

Որքան շատ էին փնտրում, այնքան շատ էր ճեղքվում գիտակցությունը միլիոնավոր շարանների և կպչում իրին: Այդպես ոսկեզօծում էին կոճղերը, խանդավառում, և ոգին մարում էր կոճղի ճեղքերի սեղմումների մեջ:

Ճամփաների շարանների ոստայններում խճճվեց գիտակցությունը: Հավատը հորիզոնի նշանի մատանու նկատմամբ երկրին էր գամում ազատ ոգին:

Բաբախում էր գիտակցությունը, որ առաջ էր մղվում հանգուցալուծման հավատով, ոգին լարում էր բոլոր ուժերը, որպեսզի ճեղքի օղակը: Եվ ամեն մի հրում այլանդակում էր ճամփաների ոստայնը, ճմռթվում էին կածանները, և «ամենը» սպառնում էր գլորվել անդունդը: Բայց բանականությունը՝ երկրի կավատը, սարդի նման ցանցապատում էր ճեղքերը:

Սիրահարները կանգնում էին կածաններին և սպասում առեղծվածի կռահումին: Երկրի շուրթերն անշարժ էին: Համարձակները ցանկանում էին ուժով բացել լռության շուրթերը, բայց թույլ էին նրանց մկանները և վարժ չէին: Այդժամ ստեղծում էին մարմնի և հոգու դյուցազունների և առաքում: Բայց նրանց մեջ իրենց ոգին էին դնում, և դյուցազուններն իրենց հետ տանում էին միտքն իրերի աշխարհի հետ:

Այդպես Դոն Կիխոտն իր հետ տանում էր երկրի կերպերը և մարտնչում նրանց հետ նույն այդ հորիզոնի նշանի մատանու մեջ: Եվ պարզվեց՝ առեղծվածը հողմաղաց է, իսկ այն, ինչով նա գնում էր՝ ձի, և Սանչոն մարդ էր, և Դուլսինեան՝ կին: Եվ ոգին նրա պատառոտվում էր անորոշ կածանների քամու վրա: Եվ սահում է Դոն Կիխոտը երկրի պողպատե դեմքի վրայով, ցիրուցան է լինում ոգին նրա անուժությունից:

Ցայժմ կանգնած են պոետների, նկարիչների, երաժիշտների բազմամիլիոն ամբոխները և, հանց փրկություն, սպասում շշուկի: Սպասում են գեղեցկության կախարդված բառին: Յուրաքանչյուր իրի, յուրաքանչյուր ձայնի մեջ իրենց աղոթքն էին ներշնչում և կրում հանց կռահված նշան: Բայց նշանը փոխարինվում էր նշանով, նշանի մասին վեճը փոխարինվում էր վեճով: Նշանի միջոցով կառույցներ էին ստեղծում բառերը, ներկերը և ձայնը, որպեսզի դրանց օգնությամբ գտնեն սրբազան իրերը։ Բայց իրերը մնում էին իրեր՝ հպարտորեն պաշտպանելով իրենց առեղծվածի ճակատը, վազում էին դեպի քոթուկը և մեռնում նրա ճեղքերում: Հոգին շնչահեղձ էր լինում ընդարձակ տարածության մեջ: Պոետը, նկարիչը և երաժիշտը չէին կարողանում հարմարեցնել ձայնը, բառը և գույնը՝ իրենց արտահայտելու համար: Սիրեկանների՝ հորիզոնի մատանիով նշանվածների գիտակցությունը դես ու դեն էր նետվում, հանց ձուկը ցանցում, երկրի հարուստ հարսնացուի ցիրուցան գեղեցկությունների մեջ: Ժլատները հավաքում էին գանձերը ակադեմիական գրավատներում: Երաժիշտները ձայներ էին կուտակում ջութակներում, պոետները շրջանառում էին իրենց լեզուն բառերով, նկարիչները ներկապնակները զարդարեցին ներկերով: Բայց էջերում իրենց արտահայտել չկարողացան: Քանի որ ներկերը, ձայները և բառերը իրերի կրկնություններն էին: Չգիտեին, որ իրենք իրենց արտահայտել իրերի էությամբ և ձևով չի կարելի:

Եվ քանի դեռ պոետը, նկարիչը և երաժիշտը իրերի հորիզոնի մատանու մեջ կլինեն, բառերը, վրձիններն ու ձայները կլցվեն զարհուրանքով, տխրությամբ, թախիծով, հուսալքությամբ, և էջերի, կտավների ու [նվագա]լարերի վրա՝ հանց աստղերը՝ կթափվեն արցունքները, իսկ տառերով էջերի մեջ կթռվռան մահվան զարհուրելի հետքերը:

Анархия, № 84

Թարգմանությունը ռուսերենից՝ Թոնդրակի։

* Թարգմանությունն արված է Կազիմիր Մալևիչի Երկերի հինգհատորյակի առաջին հատորից՝ К.Малевич, Собрание сочинений в 5 томах, Т. 1, Статьи, манифесты, теоретические сочинения и др. работы. 1913—1929 /Общ. ред., вступ. ст., сост., подг. текстов и комм. А. С. Шатских; раздел «Статьи в газете „Анархия“ (1918)» — публ., сост., подг. текста А. Д. Сарабьянова. М.: Гилея, 1995, с. 115-116։

Please follow and like us: