Արփինե Վարդանյան/«ՌՈՄԱՆՏԻԿ» ՆԱՐԵԿԱՑԻՆ

Մերս Արուս տատիս չի սիրում, ավելի ճիշտ՝ մեկը մեկին չի սիրում։ Դասական պատմություն՝ փոխադարձ ատելություն, փոխադարձ անհանդուրժողականություն, ամեն ինչ փոխադարձ։ Եվ տատս հազվադեպ էր գյուղից քաղաք գալիս։ Իսկ ես ահավոր սպասում էի, սպասում, թե տատս երբ էր նորից գալու։

-Եկել եմ,- տոպրակները ձեռին՝ խնդմնդալով միշտ ներս էր մտնում։

-Էս քու տե՞ղն է, որ եկել ես էս լավ միջավայրը,- իբր կատակին կատակով պատասխանելով՝ մերս առաջ էր գալիս։

Նման պահերին ատում էի մորս։ Ատում էի, որովհետև այդպես էլ մերս չհասկացավ, որ հորս գնալու, մեզ թողնելու մեջ տատս գուցե մեղավոր չէր։

– Երկու օր մնամ, գնամ գյուղ,- տատս էր ասում,- պապդ երկու օրից ավել չի կարող մնալ առանց ինձ․ առանց ինձ երբեք մենակ չի քնում։

– Լավ, էլի, այ կնիկ, ամո՛թ է,- մերս, ինչպես միշտ, տատիս սաստում էր։

Իսկ եթե հանկարծ խոսք էր գնում իմ ու ինչ-որ տղայի հնարավոր ժամադրության մասին, մերս տեղից վեր էր թռչում․

– Ժամադրությո՜ւն, ի՞նչ ժամադրություն։

-Պապդ թուշս էր պաչում, որ գալիս էր ժամադրության,- մորս բանի տեղ չդնելով՝ տատս իմ կողմն էր թեքվում, բայց ամեն անգամ կարմրում էր սա ասելիս։

«Մոռացա՞ր, թե տղուս հետ ո՜նց էիր քարշ գալիս։ Ի՞նչ ես քեզ երևակայում, ախչի՛» ասող հայացքով էլ տատս թարս նայում էր մորս։ Բայց բարձրաձայն մի տեսակ ռիսկ չէր անում ու շատ բաներ խոսքով չէր ասում, այլ հայացքով։ Դրա փոխարեն մերս էր բարձրաձայն ասում ամեն ինչ, նույնիսկ եղածից էլ շատ․

– Երկու օրվա հարս չկայի, ավելը տվեցիր ձեռս։

Տատս տեղից վեր էր թռչում․

– Ախչի՛, ինչի՞ ես սուտ խոսում, մի անգամ ասել եմ՝ Վարսիկ ջան, թե կարող ես՝ միջանցքն ալվի։ Պը՛րծ։ Էդ է եղել։

Մերս չէր հանգստանում․

– Մերս եկավ, դարձ չուղարկեցի՛ր։

Եվ ես ամաչում էի տատիցս, ամաչում մորս համար։ Տատիս սիրում էի։ Մերս գիտեր ու դրանից երևի ավելի էր չարանում․ «Ինչ լինում է՝ տատիդ ես պատմում, ինձ չես պատմում»։ Ու ամեն անգամ ուզում էի ասել՝ քեզ չեմ պատմելու, մամ։ Ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ մի այլ ժամանակում։ Չեմ կարող, որովհետև կան բաներ, որ մամաներին չեն պատմում, կան բաներ, որ մամաներին պետք չէ իմանալ, առհասարակ, որովհետև իրականում հենց իրենք՝ մամաներն էլ չեն ուզում իմանալ, որ իրենց երեխաները վաղուց է, ինչ երեխաներ չեն․ մեծացել են։

***

«Inch girq xorhurd ktaq kardam?»

«ԱՅԲԲԵՆԱՐԱՆ»,- պատասխանում եմ ու ինձնից գոհ՝ թե բա ինչ դիպուկ եմ, է՜հ, ոնց տեղը դրեցի, էլ չի գրի․․․․

-Ախչի՛, հըլը դենը,-տատս է նստում կողքս։ Մերս լիներ՝ համակարգիչս արագ կփակեի, բայց դե տատս էր․․․ Մի լավ ծիծաղում ենք գրածի ու պատասխանածիս վրա։

Բայց մեկ է՝ տատիս ուշքն ու միտքը մենակ պապս էր, պապս, ով «վիզը ծուռ» սպասում էր իր Արուսին։

-Շուտ տուն երթամ, Աշոտս մենակ չի քնում։

-Կարող ես, չէ՞, ասել՝ մենակ յոլա չի գնում, հաց չի կարող սարքել, շորերը չի կարող լվանալ, թե չէ՝ Աշոտս մենակ չի քնում ,- կծում էր մերս։

– Հա՛, մենակ չի քնում,- տատս համառում էր։- Ախչի՛, էլի գժվա՞ր։ Քեզ ի՞նչ՝ իմ ու մարդուս հարաբերությունները։ Աշոտս, հա՛, հենց առանց ինձ մենակ չի քնում։

– Դե երևի քեզնից է, որովհետև ես չկարողացա էնպես անել, որ գոնե մարդս կողքս մնար՝ տղեդ։ Բայց իմ ու մարդուս հարաբերությունների համար մի օր քեզ չասի․․․

-Մա՛մ,- սաստում եմ մորս։

***

Երբ տատիս պատմեցի, որ ժամադրության եմ գնալու, միանգամից հարցրեց․

-Հո՞ էն լատինատառ գրողի հետ չես գնում։

Ծիծաղեցի։

-Գի՛ժ ես, ա՛յ տատ։

Հետո էլ մի լավ ուսումնասիրեցինք Նրա էջը, Նրա, ում հետ գնալու էի ժամադրության․․․ Աշխատանքիցս հետո էինք պայմանավորվել։

-Ոչինչ, ես ու պապդ բանվորների կոլխոզում էինք ժամադրվում․․․ ու ինքը իմ առաջին սերը չէր։

Տատս նորից կարմրեց։

***

Շրթներկը շատ վառ չլինի, թե չէ՝ կմտածի, որ իր համար եմ պճնվել։

-Արու՜ս,- ինձ էին կանչում։

– Գալիս եմ։

– Ուզում էի հարցնել, թե ինչ էիր անում տասը ժամ զուգարանում, բայց շրթներկդ ամեն ինչ ասում է։

Ի պատասխանան՝ թարս նայում եմ։ Բայց դեռ տասնհինգ րոպե կար, մի ամբողջ կլոր ու թոթոլ տասնհինգ րոպե, որ աշխատանքս վերջանար ու ինքը․․․գար։ Անհանգստությունից բացում եմ մեսինջերս ու կարդում մեր նամակները։ Չէի համաձայնվում ժամադրության։ Ինչ խոսք՝ համառեց․

«Շատ եմ խնդրում՝ մի հնարավորություն»

«Մենք դեռ իրար լավ չենք ճանաչում»

«Արի հենց այսօր, ժամանակ չկորցնենք, Արուս»

Ու նման նամակների երկար շարան, ի վերջո, գրեցի․

«Լավ, համաձայն եմ, ինձ այսօր հարմար է»

Բայց պատասխանը տարօրինակ էր՝

«Կլինի՞ ուրբաթ»/ուրբաթ օրվան չորս օր կար/։

Տատս գիտեր, գիտեր, որ տուն ուշ էի գնալու․ ժամադրության էի։ Մայրս չգիտեր, թե բա՝ ընկերուհիների հետ զբոսանքի։ Հավատացե՞լ էր, եսիմ։ Ի՞նչ կարևոր էր։ Ու ստեղ սկսում էի հիշել տատիս պատմությունները, թե ոնց էր մերս՝ տասնութ տարին չբոլորած, փախել «սարեցի» Մովսեսի հետ՝ հորս։

Երբ դուրս եկա գրասենյակից, թեթև անձրև էր մաղում։ Աչքերով սկսեցի փնտրել Նրան։ Գուցե ծաղկեփնջո՞վ գա։ Ու պատկերացրեցի մեծ մի ծաղկեփունջ։ Չէ՛, մեծ չեմ սիրում։ Պուճուր, սիրուն, կոկիկ փունջ, ոչ շատ մեծ, թե չէ՝ կհիասթափվեմ։ «Ծաղիկներդ մի տեղ կդնենք, բայց մորդ պետք է մի բան խաբենք»,-հիշեցի տատիս, ով երևի դարակից արդեն վազը հանել էր։ Բայց ու՞ր էինք գնալու։ Երևի ռոմանտիկ ինչ-որ տեղ։ Չէ՛, առաջին ժամադրության համար շուտ էր։ Բայց չէ՛, էհ, առաջին ժամադրությունը հենց կարևոր էր տպավորություն թողնելու համար։ Սիրտս սեղմվեց։ Մի՞թե հուզվում էի։ Հա՛, հուզվում էի, քեզ հավաքի, Արու՛ս աղջիկ։ Հեսա կգար։

Ուշացած եկավ։ Ձեռքին ծաղիկներ չկային։ Սխալվեցինք, տա՛տ։ Այդ մտքից ակամայից նեղվեցի։ Վա՜յ, տատ։

-Կներես,- մի տեսակ անփույթ ավելացրեց։

Շատ բան չխոսեցինք, առանձնապես խոսակցության բռնվել էլ միանգամից չստացվեց։ Սկսեցինք քայլել։ «Տեղ ենք գնալու»,- գրել էր հաղորդագրության մեջ։ Իսկ թե ու՞ր, չգիտեի։ Լուռ էինք։

-Օրդ ո՞նց անցավ,- սկսեցի ես։

-Ձանձրալի։

Պատասխանը հիասթափեցնող էր։ Չէ՛, հարցը պատասխանի մեջ չէր, այլ երևի նրա, որ հենց իր հետ էր ձանձրալի։ Բայց մեկ է՝ սպանեին, այդ պահին չէի խոստովանի դա:

Քայլերը մեզ հասցրեց Մաշտոցի Փակ շուկա։ Կանգ առավ։ Իր կտրուկ քայլից ես էլ կանգ առա։

-Մտնե՛նք։

Այն, որ միանգամից տեղում, պահի տակ որոշեց՝ ակնհայտ էր։

– Երկրորդ հարկում «Տաշիր պիցցա» կա,- ավելացրեց։

«Տաշիր պիցցա»։ Դեմքիս արտահայտությունից երևի ․․․․ Չէ՛, բան չնկատեց, ուղղակի մտածում էի, որ «Տեղ պետք է գնանք» ու արդեն որոշած պետք է լիներ՝ ուր, ոչ թե այսպես ոտի վրա որոշեց, որ․․․

Նստեցինք։ «Երևի մտածում է, որ աշխատանքից հետո սոված կլինեմ, դրա համար այստեղ բերեց»,- մտածեցի ես։ Մատուցողուհին ճաշացանկով մոտեցավ։ Բայց դեռ չէր էլ հասցրել ճաշացանկը դնել սեղանին՝ «ասպետս»․

-Մեզ բան պետք չի, երկու հատ սուրճ։

Տունդարձին շարունակ մտածում էի, թե տատիս ի՞նչ եմ պատմելու, ի՞նչ եմ ասելու, ո՞նց եմ ասելու․․․ թե ինչու ծաղիկներ չստացա։

***

էն, որ «Լինում է, չի լինում»-ով խոսքը սկսում են ու իրենց հեքիաթը պատմում, տատս էլ ուներ իր հեքիաթը․ լինում է, չի լինում, մի գյուղ է լինում, էդ գյուղում մի սար, սարից դենը մի տուն, Էդ տանն էլ՝ մինուճար մի աղջիկ՝ անունը Արուս։ Լրիվ մատղաշ էրեխա, տասնյոթ տարեկան։ Արուսի եղբորը քաղաքում ուսման էին տվել, բայց Արուսին ՝ չէ․ «Իմ աղջիկը քաղաքում չպիտի սովորի»,- ասել էր հայրը և դրանով վերջ դրել Արուսի կրթության հարցին։ Մի օր էլ, ավելի ճիշտ՝ ամառային արձակուրդներին, Արուսի եղբայրը՝ Սերոբը, համակուրսեցի Սուրենի հետ գյուղ եկավ։ Սուրենը որոշ ժամանակ հյուրընկալվելու էր իրենց տանը։ Ու պատահեց այն, ինչ համարյա բոլոր հիմար հեքիաթներում․ աղջիկը սիրահարվեց։ Էրեխա աղջիկ, մաքուր հովերով ու երազանքներով․․․

Մի օր, չգիտես, թե որ քամու բերած մտքով, երբ տղաները բակից տուն էին մտնում, Արուսը գրապահարանից վերցրեց առաջին պատահած գիրքն և արագ նստեց սեղանի առաջ։ Եվ երբ Սերոբն ու Սուրենը ներս մտան, Արուսը ձևացրեց, թե իբր խորասուզված է ընթերցանության մեջ։ Սերոբը զարմացած նայեց քրոջը․ առաջին անգամ էր քրոջ ձեռքին գիրք տեսնում։

-Ի՞նչ ես կարդում,-հարցրեց Սուրենը։

-Գիրք,-մի քիչ շփոթված պատասխանեց Արուսը։

-Տեսնում եմ, որ գիրք ես կարդում։ Ուզում եմ իմանալ, թե հեղինակը ո՞վ է։

Պահո՜, դրա մասին Արուսը չէր մտածել։ «Ի՞նչ հարցեր է տալիս»,-մտքում բորբոքվեց։ Բայց լավ է, չգիտես որտեղից, լսել էր «ռոմանտիկական» կոչվող վեպերի մասին․

-Ռոմանտիկական վեպ եմ կարդում,-շփոթված պատասխանեց Արուսն ու ոչ պակաս շփոթված՝ ավելացրեց,- սիրային ու ինտրիգային թեմաներով վեպեր շատ եմ սիրում կարդալ։

Սուրենը ժպտաց, բայց էլ հարցեր չտվեց, սակայն ժպիտը Արուսի դուրը չեկավ․ մի տեսակ տարօրինա՞կ, թե՞ ծաղրական թվաց։ Արուսը փորձեց վանել այդ միտքը։

Եկավ Սուրենի մեկնելու օրը։

-Նարեկացու «Մատյան ողբերգությունը» ռոմատիկական վեպ չէ, Արուս ջան։ Սիրային վեպ լինելուց էլ շա՜տ հեռու է։ Բայց դե ապրես, որ գիրքը կարողանում ես թարս բռնած կարդալ,- հրաժեշտի ժամանակ ասաց Սուրենը։ Արուսը կարմրեց, բայց ձայն չհանեց։ Եվ նորից Սուրենի նույն ժպիտը։

Տան պատշգամբում Արուսը հետո լաց էր լինում․ «Հենց սկզբից բանի տեղ չէր դնում, թե գրքով ի՜նչ էի ինձ երևակայում»։

-Արու՜ս, ախչի՛, ու՞ր ես, Արո՜ւս,- լսեց մոր ձայնը,- ախչի՛, կովերը չե՞ս կթել։

Արուսը սրբեց արցունքները և արագ գնաց գոմ։

***

Եթե տատիս հեքիաթում/բայց արդեն ուրիշ/ ինչ-որ արքայազն էլ կար, դա միայն Աշոտն էր՝ պապս, ով գյուղում սպասում էր տատիս, որովհետև առանց տատիս չէր քնում։ Եվ երբ տատիս արդեն ճանապարհում էի գյուղ, այնուամենյնիվ, չդիմացա ու իմ պատմությունն էլ մինչ վերջ պատմեցի․

Վերջում, երբ արդեն դուրս էինք գալիս «Տաշիրից»․

-Արուս, քեզ կճանապարհեմ։

-Չէ՛, կարիք չկա։

-Չէ՛, կճանապարհեմ։

-Լավ,- ու Արուսի՝ իմ, էլի, դեմքին ճառագեց ժպտը։

-Ո՞ր երթուղայինի համարով ես գնում։

Ժպիտս միանգամից անհետացավ։

Բայց դուք ժպտացեք։ Ես ժպտալով եմ գրել։

Please follow and like us: