Ինչպե՞ս գրել․ խորհուրդներ դասականներից

1․Շատ ընթերցեք

Ուիլյամ Ֆոլքներ

Կարդացե՛ք, կարդացե՛ք, կարդացե՛ք։ Կարդացե՛ք ամեն բան՝ մակուլատուրա, դասականներին, լավն ու վատը։ Կարդացեք եւ ուսումնասիրեք, թե ինչպես է դա արվում։ Այդպես հյուսնը, աշխատելով որպես աշակերտ, ուսումնասիրում է վարպետի հնարքները։

2․ Կինոնկարներներ դիտեք

Սալման Ռուշդի

Իմ գրական գաղափարներից շատերը ձեւավորվել են դեռ պատանեկության տարիներին վաթսունականների եւ յոթանասնականների համաշխարհային մեծ կինեմատոգրաֆի ազդեցությամբ։ Ինձ թվում է՝ Բունյուելից, Բերգմանից, Գոդարից ու Ֆելինիից ես ավելի քիչ բան չեմ սովորել, քան գրքերից։

3 Հենվեք ձեր կենսափորձի, գիտելիքների ու զգացմունքների վրա

Ջորջ Բերնարդ Շոու

Բոլոր ժողովուդների ու բոլոր ժամանակների մասին կարող է գրել միայն այն մարդը, որը գրում է իր մասին ու իր ժամանակի։

4․Գերադասեք որոշակիությունը

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Սկսեք որոշակի մարդուց եւ կհայտնաբերեք, որ տիպային կերպար եք ստեղծել։ Սկսեք տիպային կերպարից եւ կհասկանաք, որ ոչինչ չեք ստեղծել։ Բացարձակ ոչինչ։

5.Ազատություն տվեք կերպարներին

Անդրե Ժիդ

Վատ վիպասանը ստեղծում է իր հերոսներին։ Նա ուղղորդում է նրանց եւ ստիպվում խոսել։ Մինչդեռ իսկական վիպասանը լսում է նրանց ու հետեւում, թե ինչ են նրանք անում։ Նա լսում է նրանց ձայները դեռ մինչեւ նրանց հետ ծանոթանալը։

6. Պետք չէ ամեն բան գրել

Էռնեստ Հեմինգուեյ

Եթե գրողը լավ գիտի այն, ինչի մասին գրում է, նա կարող է շատ բան բաց թողնել։ Եվ եթե նա ճշմարտացի է գրում, ընթերցողը կզգա բաց թողածը նույնքան ուժգին, որքան եթե գրողը ասած լիներ այդ մասին։ Լողացող սառցալեռն առինքնող է, որովհետեւ այն ընդամենը մեկ ութերորդով է ջրի երեսին։ Գրողը, որ շատ բան բաց է թողնում չիմանալու պատճառով, պարզապես դատարկ տեղեր է թողնում։

7. Մի պարզունակեցրեք

Լեւ Տոլստոյ

Ամենասովորական ու տարածված սնահավատություններից է, թե յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն հատուկ ինչ-որ հատկանիշներ, որ մարդը լինում է բարի, չար, խելացի, հիմար,եռանդով լի, անտարբեր եւ այլն։ Մարդիկ այսպիսին չեն լինում։ Մարդիկ նման են գետերի․ ջուրն ամենուր նույնն է, բայց գետը լինում է մեկ նեղ, մեկ արագընթաց, մեկ լայն, մեկ հանդարտ, մեկ զուլալ, մեկ սառը, մեկ պղտոր, մեկ տաք։ Այդպես էլ՝ մարդիկ։ Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է մարդկային բոլոր հատկությունների սաղմերը եւ մեկ այս հատկություններն է դրսեւորում, մեկ այն՝ հաճախ բոլորովին նման չլինելով ինքն իրեն եւ միաժամանակ մնալով նույն ինքը։

8. Հարց տվեք՝ ի՞նչ են ուզում ձեր կերպարները

Կուրտ Վոնենգութ

Երբ ես գրական վարպետություն էի դասավանդում, ասում էի ուսանողներիս, որ նրանց կերպարները գրքի ամենսկզբում պետք է ինչ-որ բան ցանկանան շատ ուժգին, թեկուզ մի բաժակ ջուր։ Նույնիսկ ժամանակակից կյանքի անիմաստությունից ընդարմացած գրողները միեւնույնն է՝ գոնե մեկ-մեկ պետք է ջուր խմեն։

9. Ստեղծեք միջավայր հերոսի համար

Անտոն Չեխով

Պատմություն պատմելով՝ քեզնից անկախ նախ մտածում ես դրա շրջանակի մասին․ շատ հերոսներից ու կիսահերոսներից վերցնում ես մեկին՝ կնոջը կամ տղամարդուն, նրան տեղադրում ես որոշակի ֆոնի վրա եւ նկարում ես միայն նրան, նրան ընգծում ես, իսկ մյուսներին ցրիվ ես տալիս այդ ֆոնին, ասես մանրադրամ, եւ ստացվում է երկնակամարի նման մի բան՝ մի մեծ լուսին, եւ շուրջը՝ բազում մանր աստղեր։

10. Նախապես ծրագրեք

Էդգար Ալան Պո

Ցանկացած սյուժե, որ արժանի է այդպես կոչվելու, պետք է նախապես մշակել մինչեւ հանգուցալուծումը, նոր միայն վերցնել գրիչը։ Միայն հանգուցալուծումն անընդհատ աչքի առջեւ ունենալով եւ ոչ մի րոպե չշեղվելով դրանից` մենք կարող ենք սյուժեին անհրաժեշտ պատճառահետեւանքային կապակցվածություն հաղորդել եւ ստիպել, որ պատումի ցանկացած կետում իրադարձությունները եւ հատկապես հնչերանգները համապատասխանեն մտահղացման զարգացմանը։

Please follow and like us: