Լուսինե Շահնազարյան/Բաքվեցի Լենան

Բաքվեցի Լենան Տապոռ Ռաֆոյենց ու Միլիցա Գագոյենց արանքի մի սենյականոցում էր ապրում` փոքր քրոջ ու տատի հետ։ Մեր չունեին։ Հերը գժանոցում էր։ Լենան կեղտոտ կանաչ աչքեր ուներ՝ մեղրագույն միջուկներով։

Ինը տարեկանում մեր բակի ամառային ծիսակարգերն արդեն վաղուց թքած-պեչատած էին։ Առավոտ-ցերեկ՝ պարան, կլաս, քաղցկեղածին շիֆերներ, ֆուտբոլ, վերքոտ ծնկներ, յոդած ծնկներ, հետ վազք բակ, հոգնիմաստ հաշվահանգեր՝ ռաս-դվա-տրի, ֆիգուռու պակաժի, մենք-խա-ղու-մենք-գործ-նա-գործ, ռեզին, ցան-ցան-ցան, վիշի մալինկի պացան, յուպի-զուկո, գունավոր լեզուներ, լյագուշկա, տուռբո, հո՜ անել չկա, էդ հո՜ ե՞ս անում, դաղա՛լ, այգեպանը հավաքեց բոլոր մրգերից բացի՜, ես Լովիս եմ սիրում, աշխարհի ամենալավ մաշնեն կաձիլակնա, ի՞նչ պատահեց, սիրահարվեցի, ու՞մ վրա, անանասի, ‘սով ա արա, մերսեդեսից լավը չկա, պապաս ասում ա իրա մասկվիչից լավը չկա, բամբակ, շիրայոտ թշեր, ծիպուկ անել չկա, դու պիտուշ ես, Վլաձի՜կ…

Իրիկուն-գիշեր ուրիշ էր։

Եթե լույսերը տային, բակը տոկից միանում էր, սրտի ռիթմը դեֆիբրիլյատորով արագ վերականգնվելուց մի անգամ ցնցվում։ Ու մենք գետնին շաղ տված խիճ, մոլախոտից դառնում էինք հողեղեն, հրեղեն, միաբերան գոռում էինք. Լույսերը՜…. լույսերն էկա՜ն… լույսերը տվի՜ն… սուլոցներ, ի-ու-ի-ու-ի-ու՜։ Մի քանի րոպե բակը մեր աղաղականչերի, մամա-տատիների խառնաձայնների գերին էր։

Վահանչի՜կ, Վա-հա՜ն։ Գայանե՜, տու՜ն։ Աննա՜, Աննա՜։ Վլա-ձիկ, գձե տի՜, Վլա-ձի՜կ։ Լի՜-յա՜ն-նա՜, չե՞ս լսում աղջի՜։ Գայանե՛, շուտ արա՛, ռուսալըչկանա կաբելով։ Ռուսականը՞։ Չէ՜, ձիսնեյիննա, արի՜։ Աննա՛, վազքով տու՛ն։ Վահանչիկ տուն արի՛ ‘լը արա՜, չե՞ս լսում մերդ մի ժամա գոռըմա…

Հոսում էինք տներով՝ մի երկու ժամում լողանալու, ֆենվելու, ծիլիվիզր նայելու, լույսի մեջ լինելու։

Բայց հիմնականում լույսերը չէին տալիս, մինչև մութ դուրսն էինք. հալամուլա, պախկվոցի, աղջիկ փախցնոցի։ Մեկ-մեկ էլ տղերքը՝ գարաժներ։

Աղջիկներին չէին տանում։ Մենակ Բաքվեցի Լենային։ Չլիկ դաստու կեսից մեկ էլ Վահանչիկը կասեր. «Վսյո, լավ, ես հելա գառաժներ»։ Հետո սրա հետևից մի քանի տղա նույն բանն էր ասում ու ցվրվում էին Լենայենց տան պատուհանի մոտ։ Կանաչ, բամբազե վարագույրների հետևից դուրս էր նայում Լենան, մի քանի հմայական բառ տալիս-առնում ու հետները չքվում, կորում գարաժներում։

Խաղը կեսից հարամելը՝ հեչ։ Մեզ հետները չտանելը՝ հեչ։ Բայց գոնե Վլաձիկը չթողներ, գնար։ Վլաձիկը որ հետս էր, ականջներումս քսիլոֆոնով առպեջիոներ էին բարձրանում-իջնում։

– Ես էլ եմ ուզում գնամ գառաժներ, բայց մամաս չի թողում, – Աննան էր, ձայնի վրա ոնց որ հեղձակ դրած լինեին, աչքերը, քիթ-բերանը՝ միշտ ճպռոտած,- ասում ա՝ տղերքի հետ էն կողմերը տեսել եմ, լեզուդ կպոկեմ, Աննա՛ աղջիկ։

Հենց տանը ծամոնի կամ շաքարաքլորի փող չէին տալիս, Աննայի հետ գրազի թեմա էի բացում։ «Գռազ գանք, թթի ծառի էն ճյուղից կարամ թռնեմ»։ Ասում էր՝ ինքն էլ կարա։ «Գռազ գանք, ես մի ոտով կթռնեմ»։ Չէր հավատում։ Թռնում էի։ Գնում էինք մազերը պերեկիս դրած ժենիկ տտայենց խանութից ինձ «Լովիս» առնելու։ Մի անգամ, չեմ հիշում ինչի վրա էինք գրազ եկել, բայց միանգամից տասը «Լովիս» էր տարվել. մերն եկել էր մորս պատմել՝ թե բա երեխեդ երեխուս հա քսան ծամոն առնել ա տալիս։ Մամաս ասեց՝ էլ չի կրկնվի։ Վաստակածս տասը «Լովիսը» չստացա ու չստացա։

– Էդ գարաժները լրիվ կռիսանոց ա,- Լիանան էր՝ աղջկեքի պարագլուխը, միակը, որ արդեն կարգին մեծ ծիծիկներ ուներ, – դրա համար էլ «բաքվեցի քոսիկին» հետները տանում են։ Հահահա։ Մի կռիս ավել, մի կռիս պակաս։

Սա ինձնից երեք-չորս տարով մեծ էր՝ բաքվեցի Լենայի չափ։ Անունը դրել էր Քոսիկ։ Հենց բռնացնում էր Լենային խանութ գնալ-գալիս, սկզբում մեզ ներքին կարգով ասում էր․ «Հլը նայե՛ք, նայե՛ք էն բաքվեցի քոսիկին», հետո ամբողջ բակով գոռում էր․ «Քոսիիիի՜կ»։ Լիանան բոլորիս էլ անուն էր դնում։ Ինձ ասում էր Ժանգոտ-Գայոտ։ Ինչ անուն էլ դներ, «Քոսիկ»-ից լավ էր։

Լենան արդեն հազարից մեկ էր իջնում բակ, բայց հենց Լիանան հիշում էր առաջին հարկի Տապոռ Ռաֆոյենց ու Միլիցա Գագոյենց արանքի Լենային, սկսվում էր.

«Սաղս էդ բաքվեցու պատճառով ոջիլ ընգանք», «Էդ բաքվեցի շներին էլ բարև չտա՛ք», «Մամաս ասում ա քոս-մոս կկպնեք, գործ չունե՛ք էդ բաքվեցիների հետ», «Բաքվեցի անտե՛ր», «Բաքվեցի քոսի՛կ», «Բաքվեցի բաքվեցի՛»։

– Էն օրը տեսել եմ Լենային։ Տղերքի հետ գառաժներն էր, կռիշեքի վրայով թռնում էին։ Մենակ տենայիր, – Մարյաշն էր՝ միլիցա Գագոյի աղջիկը, Լիանայի քիփը, մինչև մի օր, Լիանայի ծնունդին չտվին իրար։

Ուրեմն էս Մարյաշը Լիաննայի ծնունդի տորթն էր բերել, Լիանան ասել էր. «Բա խի՞ ես էս մարգարինով տորթն առել բերել»։ Մարյաշն էլ. «Մամայիս արև, կարագով ա, մարգարինով չի»։ Լիանան. «Լավ էլի, Մա՛շ, ուրեմն ես չե՞մ ջոկում մարգարինով տորթը կարագովից»։ Մարյաշը՝ այսինքն ինձ խաբող ե՞ս հանում, Լիանան՝ դե սուտ երդում մի կեր, խաբող չհանեմ, Մարգարին ջան։ Մարյաշը՝ Մաշը, Լիանայից իր բաժին կնքվեց, էդ օրվանից Մարգարին էր։ Կիսակերած կարագով տորթն առավ, դուրս էկավ։ Բակը բաժանվեց երկու թիմի՝ Լիանայինինի ու Մարգարինինի։ Ես երկրորդի կողմից էի, որովհետև Լիանային ատում էի։ Տղերքին լրիվ մեկ էր։

– Բա խի՞ չեն մեզ հետները տանում գարաժներ, – հարցրի Մարգարինին մի օր։

– Որովհետև իրանց պես գարաժից գարաժ չես կարա թռնես, Գայո՛տ։ Բոյդ էդքան չկա։

– Ի՞նչ գիտես։

– Գիտեմ, որ ասում եմ։ Թռնելուց էլ կարաս նենց ընկնես, սաղ արունլվիկ ըլնես։ Հետո Վահանչիկը պիտի պատասխան տա, որ մամադ գնա իրանց տուն կռիվ։

Պարզվեց մի անգամ տենց դեպք եղել էր եսիմում հետ, Վահանչիկը որոշել էր էլ աղջիկներից ոչ մեկին չտանի։

– Բա Լենային ո՞նց ա՝ տանում են։

– Կմեծանաս՝ կիմանաս։

Վերջ, որոշված էր։ Պիտի գնամ տղերքի ու Լենայի հետ գարաժներ։ Մոտակա չորս օրը հանապազօր զվռնոցի ամեն վայրկյան էդ մտքով էի։ Չորրորդ օրը, հալամուլայի ժամանակ հենց Վահանչիկն ասեց՝ «Դե ես հելա գառաժներ»։ Ասեցի. «Ես էլ եմ գալիս»։

– Յաաա՜, մամադ գիտի՞,- հարցրեց Վահանչիկը՝ իբր չգիտեր, որ չգիտի։

– Չէ, բայց…

– Չէ, կներես,Գայո’տ, ուրեմն չես կարա գաս։ Նեղանալ չլինի։ Համ էլ պուճուրներին չի կարելի, բեհեհեհե։

– Հա՞, Վահանչիկ, տենցա՞։

– Գայանե՜, – ասեց Վլաձիկն ու ես էլ չլսեցի՝ ուրիշ ինչ ասեց, որովհետև երբ Վլաձիկն իմ անունը տալիս էր, ձախ ականջիս շուրջ խշշում էր՝ ժամի սլաքին հակառակ։ Ո՞նց Վլաձիկին ինձնով անեի։ Ուզում էի ստրուկի պես մենակ իմ հետ խաղար։

– Լա՜վ, եթե գոնե քուրդ հետդ գա, կարաս գաս։ Չէ՝ չէ, – վերջը շխկցրեց Վահանչիկը։ Գիտեր, որ քույրս կյանքում չի գա։ Նա արդեն մի տարի կլինի՝ բակի «բաշիբոզուկների» հետ չունի։ Տասնմեկ տարեկան լուրջ աղջիկ՝ երկու ցեղի առաջին թոռնուհու մեծ պատասխանատվություն ուներ ուսերին։ Իմ բախտն էդ առումով բերել էր։ Ես հերիք չի երկրորդն էի, վրայից էլ նորից աղջիկ։ Երկրորդ աղջկանից անտեսված մեկ էլ երրորդ աղջիկն էր լինելու մեր տանը։ Էդ տեսակ շքեղ անուշադրություն չես վաստակի։ Դրանով ծնվում են։

Նայեցի Վլաձիկին։ Մի բան գոնե ասի, համոզի՝ գնամ հետները։ Սկի չնայեց վրաս։ Էլ ոչինչ չասեց։ Ստոր, դավաճան։

Գնացի տուն։ Մի երկու օր բակ չիջա։ Որոշեցի էլ բակ չիջնեմ։

***

Բաքվեցի Լենայի տատն երեկ մեռավ։

Վլաձիկենք արդեն չորս տարի ա առաջին մասիվից տեղափոխվել են հինգերրորդ։

Դաշնամուրի դպրոցս ավարտելու օրը Լիաննային փախցրին։

Մի տարուց գնում եմ Ամերիկա։ Փոխանակման ծրագրով։

Թե ինչիս դիմաց ինչ եմ փոխանակելու, պարզ չի։ «Դոլար առնեմ, վաուչեր ծախեմ»։ Վաուչերս՝ մշակութային բազմազանության խմորիչ ամերիկաներում, ինչպես ասում են՝ մթոմ։ Դոլարը՝ դոլար ու մի տարի ազատ-անկախ-Հայաստան վիճակներ։ Երջանկությունից մեռնում եմ։ Մեզ տանելու էին ճամբարի պես մի տեղ՝ դեռաբողբոջների մասին ամերիկյան կինոների մեջ ապրելու՝ առանց ծնողների, աշխարհի տարբեր տեղերից լիքը երեխեքի հետ, էլ ոչ մի դաշնամուր, էլ ոչ մի սոլֆեջիո, երեխեքով ուտել-խմելու էինք, ճամփորդեինք, իբր ըմբոստանայինք, իբր նորմալ մարդու տեղ դնեինք մեզ։

Տատս իհարկե շիրա ա տալիս. «Էդ ի՞նչ սրտով եք աղջիկ երեխուն մենակ ուղարկում ուրիշ երկիր», «Բա որ մի բան եղավ… Աղջիկ երեխա ա, հազար ու մի բան կարա լինի», «Աղջկատե՛ր մարդ, վաղըմյուսօր գլխիդ ես տալու»։ Հաջորդ օրը, երբ մենակ ես ու տատս էինք տանը, ասեցի. «Տա՜տ, ինձ ամսական հարյուր դոլար են տալու էնտեղ, կարող ա աշխատեմ էլ, դրանից կպահեմ, վերջում որ գամ, լրիվ քեզ կտամ»։

Մեր տան բանկիրը տատս էր։ Հեռուն նայել գիտեր։ Ծնողներս իրենց աշխատած գումարի երեսը տեսած չկային։ Հիմա ես էլ կմիանամ իրենց։ Բայց գոնե սերունդների նոտաների մեջ մեր տերցիոն ինտերվալն ավելի ձեռնտու էր, քան տատիս հետ մորս ու հորս սեկունդիալ ապադաշնույթը, որով տատս իրենց կթելու էր մինչև վերջ։

Տատս բան չասեց, որովհետև Տապոռ Ռաֆոյենց մուտքից սեղան կամ աթոռ ծեփեցին պատին։ Հետո պատուհանը փշրեցին։ Տապոռ Ռաֆոն վաղու՜ց, շատ վաղուց, երբ դեռ մի Ռաֆո էր, տապոռել էր հղի կնոջը։ Բարկությունից, ասում էին։ Պահի տակ։ Մի քանի տարի նստել էր, հետո բաց էին թողել, էկել էր տուն՝ ծեր մորը տիրություն անելու։ Մարյաշն իրենց դիմացի մուտքից էր, հաճախ էր պատմում հարևանի գիշերային նոպաներից։ Ասում էր՝ մի օր էլ իրենց տանը պարզել էին, որ ամիսը մեկ-էրկու անգամ Տապոռ Ռաֆոն թաքուն լվացք էր փռում գիշերով։ Մերը հիվանդ էր, էլ ի վիճակի չէր։ «Մի մարդավարի կնիկն ի՞նչ ա, որ էս մարդը տենց էլ չունեցավ»,- հառաչում էր Միլիցա Գագոն։

Բայց էս անգամ սեղան-աթոռ-լուսամոտի սովորական ջարդոց չէր։ Շուշեղենից անցան մարդ-մուրդ խփելուն՝ խփողի ոռնոցներով, քացիներով, ապտակներով։ Խփվողների ծպտունը չէր լսվում։

Տատս չստերը չփոխած, սիգարետը ձեռքին կիսավառ՝ գնաց տեսնի ինչն ինչոց է։ Մի քանի կնիկ առաջին մուտքից երկրորդ մուտք ճամփին միացան ամազոնուհիների խրոխտ հաղթարշավին։ Մտան երկրորդ մուտք։ Ձայները լռեցին։ Տատս հետ եկավ։ Պարզվեց Տապոռ Ռաֆոն սկի տանը չէր. գործերով դուրս էր եկել թաղապետարան՝ Փարոսից օգնություն ստանալու։ Բաքվեցի Լենայենց հորն էին գժանոցից բաց թողել՝ Լենայի տատի մահվան կապակցությամբ։

– Ո՞նց են էդ գիժ անտերին բաց թողել։ Մենակ էս էր պակաս,- ասեց մազերը հինա դրած Ժենիկ տտան, երբ բոլորով լցվել էին մեր տուն՝ կոֆեի ։

– Ո՞նց-ոնց։ Ինչ էլ չլինի, երեխեքի գլխին հեր կա գոնե։ Մի քիչ կգժվի, կանցնի, – ասեց Նունե ծյոծան, – ինչ էլ լավ, ջահել-սիրուն տղա ա։

– Լավ էլի, Նունուֆար, – Ժենիկ տտան բորբոքվեց, – մեկը ըլնի դրա գլխին հեր կանգնի։ Էդ ու՜ր, հեր ըլնելն ու՜ր։ Բաքվից փախած գիժ, անտեր շուն։ Չտեսա՞ր՝ ոնց էր խեղճերին քացու տակ տալիս։

– Ժենիկ տտա, բաքվից ա, բաքվից չի, հայ ա չէ՞։ Հայ չի՞։ Գիժը հասկացանք, բայց բաքվեցին տուտ պրիչյոմ է՞։

– Ո՞նց։ Դրանց մեջ ապրածը թուրքից բեթար ա, որ ուզում ես իմանաս։ Բե-թար։ Թե ո՞նց դրանք ալամ աշխարհ թողած էկան մտան էս պուճախ։

– Մի՛ ասա։ Մեծ-մեծ աղջիկներ ունի։ Հետո, ո՛վ գիտի տանն ավելի հեշտ կբուժվի, էդ գժանոցում ավելի են գժվում գիժ անտերները։

– Էդ էլ ես ճիշտ ասում, բայց դե էն փոքրին գոնե տենց չծեծեր։

– Դե հիմա Էդ աղջիկներն էլ սաղ օրը ստեղ-ընդեղ քցած են, ինչը ճիշտ ա՝ ճիշտ ա։ Իմ սիրտն էլ ա ցավում, բայց արդեն ինչ ասես չեմ լսել էն մեծի մասին։ Հերը մի բան գիտի ուրեմն։ Սեփական երեխեքին հորից լավ էդ ո՞վ պիտի տիրություն անի է։ Վաղըմյուսօրը ձեռները քարի տակ լինի, մեկը նեղացնող լինի, էլի հերն ա հասնելու։

– Վաղըմյուսօրը…

– Երեկչէառաջիօրը…

– Էսօր-էգուց…

– Խեղճ երեխեք, – ասեց տատս, – Գոնե շուտ ամուսնանան, գնան։

Իրիկունը՝ տնահավաքին, տատս հորիցս Ժողկրթբաժնի Գնելի համարն ուզեց։ Հերս տվեց՝ առանց իմանալու, որ տատս Լենայի համար Գնելի թոռանը փեսացու էր ընտրել։ Հետո տատս ասեց.

– Թո՜ղ, թո՜ղ գնա Գայանեն։ Աշխարհ կտեսնի, կգա։ Ստեղ մնում ա, ի՞նչ անի, է։

***

Դուռը ծեծեցին, բացեցի տեսնեմ՝ Բաքվեցի Լենան։ Բոյովացել, նիհարել էր։ Փորը դեպի ներս, ուսերի ամեն կորից երկու ոսկրիկ էր թմբվում, կոնքերից կախված ջինսից շորտերը հայ-հայա ընկնելու վրա էին։ Ազդրերի արանքը կախարդական մի տարածություն էր, որը նիհար աղջիկների զավթիչ մենաշնորհն է միայն։ Երանի՜ իրան. ամեն ինչ կտայի՝ Ամերիկայում հավաքածս տասերկու կիլոն մի օրում քցեի, չնայած ոնց էլ նիհարեի, Լենայի բոյից հո չէ՞ի ունենա։ Մարդկանց բախտը ոնց ա, չէ՞, բերում գեների հետ։ Լենայինը որ հաստատ։

– Յաաաա՜, ո՞նց ես Գայուշ ջան, ամերիկացի՜ ջան։

– Լավ, Լե՛ն։ Դու՞։

– Լավ կլինես, բա ի՜նչ կլինես։ Ո՞նց էր, է, ամերիկաները։

– Լավ էր, Լենա ջան…

– Ո՜նց ես չաղացել։ Լցվել-սիրունացել ես։ Լրիվ ամերիկացի ես դառել, աղջի ջա՜ն։ Քեզ սազում ա։

Լենայի աչքերն էնքան էին պարունակվել խոռոչների մեջ, խոսելիս հայացքը բռնել չէր լինում. քանի խոսում էր, մեղրագույն միջուկներով կանաչները ճակատիս վերևի մեջտեղով գնում գալիս էին։

– Բա խի՞ հետ էկար, է։ Ես կյանքում հետ չէի գա։ Կյանքում։

– Դե եսիմ։ Դու ո՞նց ես։ Ի՞նչ կա,- էշ-էշ հարցրի նորից։ Հավեսը չունեի։ Ոչ մի հարևանի ու բարեկամի հավես չունեի վաղուց։ Ամերիկայից հետո հին աշխարհն ավելի հին էր, Երևանը կուչ էր եկել, Մասիվը դարձել էր մի թիքա։ Ես ամեն ինչ գիտեմ մի տեսակ։ Բոլորին գիտեմ։ Տասնվեց տարեկանում արդեն ամեն ինչն ու բոլորը պարզից էլ պարզ են ինձ։ Օքե՞յ։ Օքեյ։

– Ես էլ եմ ուզում գնամ։ Էն վորք-ընդ-թրեվըլի մասին լսած կա՞ս։ Տանում են Ամերիկա՝ աշխատելու։ Դրանով պիտի գնամ մի օր ու էլ հետ չգամ։ Էս ապրելու տեղ չի։

– Հա, լսել եմ։

– Օգնի՜ մի օր նայենք, էլի, դիմենք, էլի, Գա՛յ։

– Հաստատ։

– Տատին տանն ա՞։

Տատս եկավ, Լենայի հետ դուրս եկան։ Ես գնացի սիրունանալու. գնում եմ «Յամ-յամ դոնաթս»։ Հետո տիկնիկայինում ռոք համերգ կա։

Ամերիկայից հետո հավես չունեի մի նոր բան սովորելու, ընդունելության համար պարապելու։ Ընդվզելուս իսկը ժամանակն էր։ Հետևաբար ընդունվեցի Ռոմանո։ Սկսեցի բանասեր երաշտահավերի հնազանդ հոսքի մեջ թպրտալեն հեղձվել, մինչև ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի աստիճաններին փառակալած ջակի-ջուկիներին գտա ու ինձ սողնակեցի իրենց։ Միասին մայր բուհի ստորոտներին աշխարհում չլսված ու չտեսնված եզակի ենթամշակութային ռնգեղջյուր էինք ձևավորելու. ռոքի ու ռեպի վաղամեռիկ հայ հակաբոհեմն էր։ Քնարականի ու պոեզիայի, էլէկտրականի ու ռիթմի պրոլետար-ազատագրական շարժման պղերգ պատասխանը՝ նորանկախ Հայաստանի քյարթու ծիծակներին, թաղի տոկուն լավերին։

Մեզ հույս էինք տալիս, որ բանդանաներով, ճղած ջինսերով, ծխել-խմելով՝ Երևանյան կառափնարանից վերանում ենք, թևակոխում ենք Հայոց նորածիլ ոչնչականութան առաջին ու վերջին փուլ. մեզնից առաջ չեն մոլեգնել, մեզնից հետոն չի լինելու։

Ուշ եկա տուն։ Մամաս-պապաս ջղայնացան վրաս։ Սկզբում իրար հետ, հետո՝ առանձին-առանձին։ Հետո իրար վրա։ Գնացի լողացա ու քնեցի։ Հաջորդ առավոտ դասի չգնացի. գլուխս ուռել, տրաքել էր զարթխումից։ Տեսնեմ՝ տատս խառնվել էր իրար։

– Շուտ արա, էս աթոռները տար Լենայենց տուն, հետ արի՝ մյուսները տամ։

Հերթով աթոռները տարա Լենայենց տուն. Լենայի հերն աղջկա կեղտոտ կանաչ աչքերից ուներ՝ մեղրագույն միջուկներով։ Մտածեցի՝ աղջկա մեծ ախպերը կարար լիներ։ Զգացի, որ արդեն երկար նայում եմ վզից մինչև բազուկները ձգվող մաշկի վրայի ալիքաձև ռելիեֆներին։ Բայց սա չէր էլ նկատել, որ իրեն զննում են։ Հանգիստ նստած էր՝ գետնից պոկած պարկետի հատիկը պինդ բռնած։

Հետ եկա։ Էլի աթոռներ տարա։ Հետո ապակեղեն, ամանեղեն, սփռոց։ Հետո հաճարով փլավ, տապակած հավ, խառը թթու ու մոշի կոմպոտ։ Լենան էս ընթացքում սեղանին մի քանի խնձոր էր դրել, պոմիդոր-վարունգով սալաթ, ու Ժենիկ տտայենց խանութից առած բիսկվիթը։ Տան վարագույրներն էլ չկային․ Լենան կանաչ, բամբազե շոր էր հագել։ Տատուս տված մարգարիտները մի քանի տակ ձիգ փաթաթել էր կոկորդին ու ամերիկայից բերած միակ կաբլուկներս՝ հագել ոտերին։ Գրկելու բան էր Լենան։ Փաստորեն տատս առանց ինձ հարցնելու իրերս տալիս էր՝ Լենան հագնի։ Մենակ թե ուզեին։

Իրիկունը Լենան աչքերը լցրած եկավ մեր տուն՝ «Ռաֆայելլոն» ձեռը։ Տատս մաղարիչը տեսավ թե չէ, ականջից ականջ պրոտեզները բացեց․

– Հըն, Լենա՛ աղջիկ։

– Ուզեցին, տատի՜։

– Բա մատանին ու՞րա։

– Մատիս չափը չգիտեին, թելով չափեցին, ասեցին մի քանի օրից կբերեն։ Ռիմուլինն էլ չափեցին, երևի իրան էլ են նվեր անում։

Մի հուզումնալից հո չգրկախառնվեցին սրանք ու անցան խոհանոց՝ կոֆեի։

Մտածեցի՝ կկախվեի՝ տենց շուտ ամուսնանայի։ Ո՞նց կարելի էր: Հիասթափվում էի ամուսնացավի մեջ տապակվող Լենայից էլ, ռոմանոյի աղջիկներից էլ։ Ե՞րբ են մեր հավերը զարգանալու, կուտ ուտելը մոռանալու, գրել-կարդալ ի-մա-նա-լու՜։ Հետո պիտի ըմբռնեի, որ բաքվեցի Լենան ո’չ իմ հետ կապ ուներ, ո’չ ռոմանոյի ծտերի, ում մեջ ժամանակի ընթացքում գտնելու էի իմ ու ձեր՝ ոչնչով չարդարացված ու չվաստակած կոկոզ դատողությունների փուչը։

Բայց մինչ դա, մի քանի տարի դեռ կար։ Դեռ պիտի քիթս ցցած չախեի հայոց արմաղան ու հանճարամիտ կույսերին, տափակ ու խորդուբորդ կույսերին, նրբակերտ ու բռի կույսերին, մելամաղձոտ ու խնդառատ կույսերին, վավաշոտ ու ֆրիգիդ կույսերին, իմ պես՝ կույսերին վերից նայող կույսերին, ապառիկով գոռոզ կույսերին, հաստ ու բարակ կույսերին, հինավուրց ու նոր կույսերին, անուշ ու անգին կույսերին, թոքախտավոր ու կապույտ կույսերին, պոչավոր ու պոչատ կույսերին, կցած ու կցմցած կույսերին, արևահամ ու ողբանվագ կույսերին, հեզ ու բոզ կույսերին։ Բոլորս մի աներևույթ թաղանթով իրար սերտաճած, անելանելի սարդոստայնի ձեռը դարերով կրակն ընկած՝ վառում ու վառվում էինք ներսից դուրս, դրսից ներս, կատաղի անճարության մեջ, ամուսնացավերի մեջ, ցելկան գեղեցիկ ավանդույթի աճուրդներում going once, going twice, gone։

Իրենց ամուսնացավն ուրիշ էր, Լենայինն` ուրիշ։ Լենայինը գիժ հոր բեռի տակից դուրս գալու միակ ձևն էր։ Ռոմանոյի աղջիկների հերերը հո բոլորը գի՞ժ չէին։

Մի քանի օրից Լենան նորից եկավ, նորից աթոռներ տարավ, մի քանի կտոր պծիչի, պոպոքի մուրաբա ու բանան։ Քաղցր սեղան նշանդրեքի համար։ Մատանին դնելու եկան, գնացին։ Լենայից իրիկունը լուր չեղավ։ Տատս մի կերպ մինչև տասը դիմացավ, հետո վեր կացավ գնաց Լենայենց, հետ եկավ, թե բա մատանին բերել են, դրել են, բայց քրոջը՝ Ռիմային։

– Ո՞նց, – ասեցի, – Ռիմուլիկ-Ռիմայի՞ն։

– Տենց, – ասեց տատս ու գնաց իր սենյակ, ատամները դրեց, դուրս եկավ, մտավ զուգարան, ատամները լվաց, հետ եկավ ատամները հանեց ու պառկեց քնելու։

Ռիմուլիկը տասներեք տարեկան էր՝ էն տարիքին, որում տատս էր ամուսնացել առաջին մարդու հետ։ Տատիս առաջին ամուսինը գնացել էր պատերազմ ու հետ չէր եկել։ Տատս՝ երեք երեխատեր, երկրորդ անգամ ամուսնացել ու պապուցս հորս էր ունեցել։ Պատերազմը չլիներ՝ հերս չէր լինի, Հիտլերը չլիներ՝ ես չէի լինի։ Դե հիմա։ Հիմա Ռիման տատիս պես պիտի տասներեք տարեկանում ամուսնանար, բայց մի պայմանով, որ հերը կտակը փոխեր, տունը գրեր Ռիմայի անունով, Լենային էլ գրանցումից հանեին։ Լենան համաձայնել էր։ Ռիմային եկան, տարան։

Դրանից հետո Լենան էլ խնամախոս չընդունեց։ Ընդունվեց Մյասնիկյանի վրա մի հյուրանոց, մատուցողուհի սկսեց աշխատել։ Մի երկու նոր ամանեղեն առավ, որ էլ մեզնից չվերցնի։ Հերն էլ չէր ջարդում, կարելի էր։ Հիմա հերն անկողնում էր։ Հիմա ջահել-ջահել, գիժ-գիժ գնում էր հերը, ու հոր հետ տունն էր գնալու. հո չէ՞ին սպասելու Ռիման չափահաս դառնար, նոր տունը ծախեին։ Լենան որոշել էր եղած չեղածը վերցնի ու գնա գարաժներ։ Միլիցա Գագոն օգնել էր՝ ութուկես հազարով վարձով գարաժ գտներ։ Մեջը կապրեր, մինչև աշխատածը հա՛մ ապրելուն հերիքեր, հա՛մ՝ մի տան վարձի։

Մի քանի ամսից Ռիմուլիկն երևաց՝ մեծ փորով, ամուսնու մոր հետ թևանցուկ։ Հոր թաղումից հետո ամեն օր գալիս էր՝ սևապատած փորով։ Յոթի հաջորդ օրը տունը ծախվեց։

***

Վլաձիկին ռոք համերգներից մեկի ժամանակ տեսա։ Բանակային համազգեստով, այտոսկրերը ցցած՝ «էսսէ» էր ծխում։ Մաշկը թխացել էր, աչքերի մեջ մտար՝ դուրս գալ չկար։ Իրար չճանաչելու էինք տվել սկզբում։ Հետո չդիմացանք։ Իբր սկսեցինք հարցական հայացքներով մանրից իրար տեղը բերել։ «Վլաձիկ դու՞ ես», «Գայանե՞», «Վաաաա՜յ, պրիվետ», «Վաաաայ՜»… Զահրմա՜ր, ասա ինչ եք ձևեր թափում, գրկեք իրար, ողջագուրվեք, շուտով պառավելու եք, էլ վրաներդ նայող սկի չլինի։ Փոխարենը կոկորդներս ճղելով՝ «Ռեդ Հոթ Չիլի Փեփրզի»՝ հայ ռոքերների քավրների տակ սկսեցինք լուրջ-լուրջ շփվել։

– Էս խի՞ ես նիհարել բա, – ասեց։

– Դու ի՞նչ գիտես՝ նիհարել եմ։

– Ես քո մասին ամեն ինչ գիտեմ, – ասեց ու տափակ-տափակ ժպտաց։ Վլաձիկի ժպի՜տը։

– Լավ, հիմա էսքան տարի ա անցել՝ ի՞նչ էիք անում գարաժներում Վլա՜դ, – վեջին տասը տարվա մասին հնարավորինս արագ խոսել-վերջացնելուց հետո՝ իբր ստիպված դեմքս մոտեցրի դեմքին, որ բարձր երաժշտության տակից լսի։ Հատապտուղների համով ծամածս «Օրբիթի» քաղցրահոտից սա իրենից անկախ քիթը մոտ բերեց, շնչեց ու նայեց աչքերիս, ոնց-որ առաջին անգամ ինձ տեսներ։ Հետո բասը հոգու խորքից պոկելով՝ փշրեց ականջներիս.

– Ի՞նչ պիտի անեինք է, Գայանե՜։

«Գայանե՜»։

– Ես ի՞նչ իմանամ է։ Ինչի՞ ինձ չէիք տանում, Վլա՜դ։

«Վլա՜դ»։ Որոշում էի արդեն՝ ո՞նց եմ Վլաձիկին ինձնով անելու։ Հետո նայում էի վզին ու ձեռքերին, ու մտքերս քարայծի մկկոց էին դառնում։

– Կռիշեքին գոնկա էինք կպնում։ Գառաժների մի ծերից մյուսը ով առաջինը հասներ, հաղթում էր։

– Ո՞վ էր հաղթում բա։

– Լենան։ Բոյով էր սաղիցս, երևի դրանից էր։

Պարզվեց, քանի ես տարված էի Վլաձիկով, սրա ուշքը գնում էր Լենայի համար, բայց ամաչում էր մեկին ասեր։ Մեկ-մեկ նույնիսկ հատուկ վատ էր վերաբերվում Լենային. մի անգամ թքել էր վրան, որովհետև ընկերները սկսել էին կասկածել, որ Վլաձիկը խփնվել ա Բաքվեցի Լենային։ Չըլնող բան էր։ Թքել էր պետք։

Բանակում Լենայի մասին մի քանի անգամ խորիմաստ երազներ էր տեսել, իբր գարաժներում գոնկայի հաղթելու հերթականությամբ Լենայի հետ առանձնանում էին ժանգոտած լաբիրինթոսների հետևներն ու հավաքած փողերի դիմաց Լենային ոնց ուզում գրկում էին, հենում, սեղմում գարաժներին, ամբողջ մարմնով քսմսվում, բռնում Լենայի երկու նորահասներից, շոյում ոտքերը, շորերի տակից զգում Լենայի մարմնի օտար փշրանքները, հետո տանը՝ տեղերի մեջ, գլխների մեջ, փշուրները բռների մեջ, մերկացնում էին Լենային լրիվ, գնում մինչև ամենավերջ՝ արդեն վստահ, արդեն մթոմ ամեն ինչից տեղյակ, արդեն իրենց ուզած աղջիկների դեմքները Լենայի մարմնի բեկորների գլխին, ու թևաթափ մեղրոտելուց հետո՝ սպասում հաջորդ անգամվան։

Մի պահ կարելի էր կարծել՝ Վլաձիկը լուրջ էր խոսում։ Հետո սթափվեց, մտքերից հետ եկավ տարիներ հետո՝ հիմա։

– Բա ո՞նց ա հիմա Լենան, – հարցրեց։

Ասեցի՝ Ամերիկա է տեղափոխվել՝ work & travel-ով։ Աշխատում է։ Ուրախացավ ոնց-որ։

Ներս մտանք տիկնիկային՝ «Աերոսմիթի» տակ տժժալու։ «Քրեյզի»-ից սլացիկ անցան ԴԴՏ-ի «Էտը Վսյո»-ին։ Վլաձիկի ձեռքը բարձրացրի օդ «Էտը Վսյո»-ի տակ՝ իբր ցինիկավարի ճոճելու, իբր շատ սրտառուչ լինելը մեզ համար չէր։ Ձեռքերս իջեցրինք՝ իրար մատնախաչած։ Բթով ափիս ներսը շոյեց, մյուս ձեռքս ուզեց բռնի, բայց տարա վզին, մատներս մտցրի մազերի մեջ ու իրա «Էսսէ»-ի ու իմ «Սլիմզ»-ի համերը դանդաղ խառնվեցին «Օրբիտի» մրգահամերի շաղախին։ Էտը վսյոոոո՜, շտո վազմու յա սսաբոյ…

Ի՜նչ հեշտ ինձնով եղավ։

Ի՜նչ հեշտ հավատացինք իրար։

Էկա տուն, պառկեցի, ինձ շուտ քնացրի։

Երազումս Լենային տեսա. էլի եկել էր մեր տան հին իրերը տանելու՝ մութաքաներ, խալիներ, աթոռներ, հացաման, իշաոտնուկ, կիպիծիլնիկ։ Տանում էր ամսական ութուկես հազար դրամով վարձած գառաժներից մեկի մեջ տուն-տեղ դներ մինչև հոր թաղման պարտքերը տար ու մի մարդավարի տեղ վարձեր։ Ամիսը մեկ մեր տանը լողանում էր։ Հետո ձմեռն եկավ ու Լենան էլ չէր երևում։ Գառաժի դուռը ջարդեցին, Լենային մեջը գտան՝ կապտած, կախված։ Նամակ էլ գտան։ Լենային նամակի մեջ գտան՝ կապտած։ Բանալ երկտողի մեջ էր՝ կախված, թե բա կյանքն էլ չէր կարողանում տաներ։ Հաստատ մինչև կախվելը մտածել էր՝ ոնց կգտնեն կապտած մարմինը, ոնց կկարդան նամակը, կխղճան, վատ կզգան, մի քանիսը նույնիսկ կարտասվեն,

ու վերջապես

արցունքների տակից ուրիշ աչքերով կնայեն իրեն,

ու վերջապես մերը չի մեռնի, հերը չի գժվի,

Լիանան էլ «քոսիկ» չի գոռա, Վլաձիկը չի թքի վրան,

ու վերջապես տատը չի ստիպի փող բերել տուն,

չեն խփի, չեն թողնի իրեն մեն-մենակ, բոլորով,

ու վերջապես կսիրահարվեն մեղրագույն միջուկներով

կեղտոտ կանաչ աչքերին, ուսերի ոսկրիկներին,

վերջապես կտանեն Ամերիկա, ուր դեռաբողբոջ դեռահասների մասին ամերիկյան կինոների մեջ կմտնի, աշխարհի տարբեր տեղերից լիքը երեխեքի հետ կսովորի, դաշնամուր կսովորի, սոլֆեջիո կսովորի, լեզուներ կսովորի, նկարել կսովորի, կգնա ռոք համերգների,

կսիրահարվի, կսիրահարվեցնի,

կհամբուրվի, կհոգնեցնեն իրեն իրենց սիրով՝

բոյին մեռած, կոնքոսկրերին մեռած,

աչքերի մեղրին մեռած,

կգժվեն ազդրերի արանքի

կախարդական տարածքի համար,

կգժվեն անահաբեկ,

անուշ գժով գժական,

ու վերջապես, երբ

հոգին կլցվի ու կդատարկվի սիրուց,

գժվելուց, սիրվելուց հետո,

գրքերով կլցնի միջի դատարկը,

կգրի ու կջնջի ուրիշների մասին,

ուրիշների ցավն

իրեն մուսա կշինի,

ուրիշների ցավն՝

իրեն շիճուկ,

ուրիշների ցավն՝

ուրիշների ցավ,

ու վերջապես

իրեն լավ

կլինի,

ու վերջապես

ինքն էլ

կլինի…

***

Հիշեցի՝ ինչի վրա էինք գրազ եկել Աննայի հետ, որ տասը «Լովիս» կրվեց։ Ասել էի՝ բաքվեցի Լենայենց պատուհանից կարամ մտնեմ իրանց տուն ու դռնից դուրս գամ։ Աննան չհավատաց, որ ռիսկ կանեմ ուրիշի տուն մտնեմ, էն էլ Լենայենց։ «Բա որ բաքվեցի տատիկը տեսնի, ջղայնանա»,- ասեց, հետո ասեց, «ով-որ էլ չի արել»։ Արեցի։ Ես հո գիտեի, որ Ռիմուլիկի քնելու ժամերին Լենան ու իրա տատը մեր տանը կոֆեի էին տատիս հետ։ Պատուհանից մտա բաքվեցի Լենայենց տուն, քնած Ռիմուլիկի վրայից հոտ քաշեցի, փոքր քույր ուզեցի, դռնից դուրս եկա։ Մի բան ա հաստատ՝ վաղը տասը «Լովիս» եմ ստանալու։

Please follow and like us: