Դրոնի փիլիսոփայությունը/Վարդան Ջալոյան

Ուրարտական Խալդի աստվածը ուրարտացիների ռազմական առաջնորդն էր. «Աստված Խալդին իր զենքով արշավ սկսեց, նա ջախջախեց Էրիկուահի երկիրը, ջախջախեց Լուհիունի քաղաքը և նրանց նետեց Մենուայից առաջ: Խալդին հզոր է, Խալդի աստծո զենքը՝ հզոր»: Թշնամուն հաղթելու համար պետք է լինել հզոր, իհարկե, բայց զորքը առաջնորդելու համար պետք է աստվածային տեսողություն ունենալ, տեսնել այն, ինչ անտեսանելի է հասարակ մարդուն:

Խալդին իր հաղթանակը շնորհում է Մենուային, նրանց միջև կա կապ: Խալդը երկնային ռազմական առաջնորդն է, Մենուան՝ երկրային, և վերջինս ունի Խալդի բոլոր ունակությունները:

Մինչև արդիական ժամանակները համարվում էր, որ թագավորները ավելին են, քան հասարակ մարդիկ: Այդ հատկապես ակնառու էր դառնում, երբ թագավորը երկիրը առաջնորդում էր պատերազմի ժամանակ: Մինչև XIX դարը մարտանկարներում առաջին պլանում թագավորն էր ձիու վրա, թուրը ձեռքին, իսկ ներքևում, ճակատամարտի դաշտում թշնամի բանակները մարտնչում են: Թագավորը, ի տարբերություն հասարակ զինվորի, Խալդի աստծո նման, տեսնում է ճակատամարտը ամբողջության մեջ, և դրա շնորհիվ կարող է առաջնորդել դեպի հաղթանակ: Նա ունի տեսլական և կարող է առաջնորդել:

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ (1799–1815) թագավորները և այլ զորահրամանատարները այլևս անմիջականորեն ներկա չէին ռազմական մարտադաշտում: Պատերազմը արդեն ճակատամարտերի շարան չէր, այն սփռված էր հսկայական տարածքների վրա: Այլևս հնարավոր չէր մեկ կետից հետևել դրանց:

Թագավորները մնացին իրենց պալատներում՝ տանը, և պատերազմի վարումը հանձնարարեցին իրենց գեներալներին, որոնք իրենց հերթին նույնպես վերահսկում էին ճակատամարտը՝ հեռու անմիջական ռազմական գործողություններից՝ շտաբներից:

Պատերազմն Արեւմուտքում սկսեց ընկալվել որպես հատուկ նոր տեսողական հմտություն պահանջող արվեստ, որը հետազոտողները անվանում են «վիզուալիզացիա»: Հրամանատարի խնդիրն էր ռազմի դաշտը «պատկերացնել» ամբողջությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա այնտեղ ներկա չէր: Նա ստիպված էր օգտագործել երեւակայությունը, խորաթափանցությունն ու ինտուիցիան՝ լրացնելու իր ենթակաների և իր տեսածը: Այս տեսակետի համաձայն՝ մարտի դաշտում ստացված մահն ու խեղումը գլխավոր հրամանատարի մտքում եղածի միայն կողմնակի հետևանքներ էին:

Ռազմական առաջնորդը հասկանալու համար, թե որտեղ են գտնվում իր զորքերը, ինչ վիճակում է թշնամին, և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, պետք է ունակ լիներ «պատկերացնել», տեսնել այն վերևից1:

Այս մտային պատկերը ռազմական գործողությունների ավարտից հետո սկսեց պատկերվել որպես ճակատամարտի սխեմա, ներգծված տեղանքի ​​քարտեզի մեջ: Այն ցույց էր տալիս զորքերի գտնվելու վայրը, կարծես վերևից:

Այսպիսով, քայլ առ քայլ, քարտեզները անփոխարինելի են դարձել ժամանակակից պատերազմներում:

XIX դարում զորահրամանատարի այդ ունակությունը իրենց վրա վերցրին տեխնոլոգիաները՝ հատկապես նրանք, որ կարող էին աշխարհը վերևից տեսնել:

Վերևից տեսնելու համար հարկավոր է երկինք բարձրանալ:

1794 թվականին Ժան-Բապտիստ Ժուրդան անունով ֆրանսիացի գեներալը հաղթեց Ֆլեուրուսի ճակատամարտում ՝ օգտագործելով օդապարիկից ստացված թշնամու զորքերի տեղաշարժի մասին տեղեկատվությունը:

Ամերիկյան քաղաքացիական պատերազմի (1861-1865) սկզբին այդպիսի օդապարուկներն արդեն միացված էին հեռագրական գծին, որպեսզի տեղեկատվությունը արագ փոխանցեն:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (1914-1918) ստեղծվեցին ինքնաթիռների համար տեսախցիկներ, որոնք արմատապես փոխեցին օդից պատերազմի վիզուալացման գործընթացը: Այժմ տեղեկատվությունը հավաքում էին ինքնաթիռները, որոնք կարող էին թռչել հակառակորդի դիրքերի վրայով և դիտել տեղաշարժերի մանրամասները:

Այդ պահից սկսած, վիզուալացումը վերածվեց տեխնոլոգիայի, որ ծառայում էր ռազմական առաջնորդներին, իսկ ղեկավարել պատերազմը այլևս չէր նշանակում պատկերացնել:

Միջպատերազմյան շրջանում (1918-1939) ԱՄՆ բանակը մշակեց և ընդլայնեց «Քարտեզագրիր ընթացքի մեջ» (Map as you move) ծրագիրը: Ռազմական գործում թղթե քարտեզներից անցում կատարվեց, այսպես կոչված, լուսանկարչական քարտեզների: Երկրի վրա գտնվող դիտորդի կողմից ռազմական դիրքերի գնահատումը փոխոխարինվեց վերևից տեսնված լուսանկարչական պատկերացմամբ:

1956-ին ԿՀՎ-ն գործի դրեց գաղտնի U-2 հետախուզական ինքնաթիռները: Ինքնաթիռը թռչում էր մոտ քսան կմ բարձրության վրա, ուներ հզոր օպտիկական սարքավորումներ: 1962-ին, Կարիբյան ճգնաժամի ընթացքում այն հայտնաբերեց և լուսանկարեց սովետական հրթիռները Կուբայում: Այս պատմական օրինակում տեսողական տեխնոլոգիան աշխարհը կանգնեցրեց ատոմային պատերազմի շեմին։

Ի տարբերություն սառը պատերազմի, այժմ պատերազմի տրամաբանությունը այլ է: Ըստ Բուշի «Ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի» դոկտրինի՝ մոլորակի յուրաքանչյուր վայր դասակարգվում է «մեզ հետ է կամ մեր դեմ» սկզբունքով: Ռազմադաշտը օդից պատկերացնելու խնդիրն այժմ տարածվում է Երկրագնդի ամբողջ մակերևույթի վրա: Օդից աշխարհը որպես ռազմի դաշտ ընկալելու երկար պատմության մեջ սկսվեց նոր փուլ: Այլևս չկա մարտադաշտ, այլ միայն դիտարկման գոտիներ: Այս գոտիները տեղափոխվեցին պաշտոնական կոնֆլիկտային տարածքներից դուրս ՝ պետության համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր հիմնական ոլորտներ:

Ահաբեկչության դեմ պատերազմ իրականացնելու համար որպես գործիք ընդունվեցին անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), այժմ նրանք են վերևից վիզուալացնում պատերազմական գործողությունները:

Դրոնը (ԱԹՍ-ներին այդպես կանվանենք, անգլերեն՝ բոռ, կամ դռռացող) մարդկության պատմության մեջ մեզ հայտնի պարադոքսալ գյուտերից մեկն է: Միևնույն ժամանակ այն հին երազանքի իրականացումն է և ամենավատ մղձավանջների վերամարմնավորումը: Այն իր տրամաբանական ավարտին է բերում միտումը, որը «ոգեշնչեց» պատերազմի ողջ պատմությունը, և միևնույն ժամանակ արմատապես փոխում է բարու և չարի ընկալումը:

Առաջին անգամ դրոններ տեսել եմ, ինչպես մեզանից շատերը, 2018 թ. հեղափոխոխության ժամանակ: Հատկապես ինձ ոգևորել էին դրոնային լուսանկարահանումները: Այդ լուսանկարներում առանձին դեմքեր չեն երևում, այն զանգավածի դիմանկարն է: Ես հիշեցի Զ. Կրակաուերի «Զանգվածների զարդանախշը» էսսեն: Մի հատված այն ժամանակ գրված իմ անտիպ հոդվածից.

«Դեռևս Վալտեր Բենյամինը նկատել է, որ այնպիսի հայտնագործությունները, ինչպես մեկ շարժումով լուցկի վառելը կամ հեռախոսի ընկալուչը վերցնելը, վճռորոշ նշանակություն ունեն մարդկային սենսորիումի համար: Նա եզրակացնում է. «Այսպիսով, տեխնոլոգիաները մարդկային սենսորիումը ենթարկել են բարդ վարժանքի»։2

Համանման կերպով կարող ենք խոսել սենսորիումի փոփոխության մասին վերջին 20 տարվա ընթացքում՝ նկատի ունենալով կոմպյուտերների, բջջային հեռախոսների և ինտերնետի տարածումը: Իսկ դրոնային նկարահանումը որակապես լայնացրեց տեսողությունը, մարդու վիզուալ սենսորիումը: Դրոնի նկարահանման օբյեկտը ոչ թե անհատն էր կամ մարդկային փոքր խմբերը, այլ ինքը՝ հեղափոխական ամբոխը: Այն մասնակիցներին փոխանցում էր առանձնահատուկ ոգևորության զգացում՝ մենք շատ ենք:

Դրոնային նկարահանումը փոխանցում էր այն, ինչ մինչ այդ անտեսանելի էր՝ բազմության լանդշաֆտը կամ Զիգֆրիդ Կրակաուերի մատնանշած զանգվածի օրնամենտը. «Օրգանական կյանքի հոսքը ձգտում է ընդհանուր ճակատագրով օժտված համայնական խմբերին տալ օրնամենտի՝ զարդանախշի կերպարանք, որ ծնվում է կարծես կախադական փայտիկի շարժումով և օժտված է այնպիսի նշանակությամբ, որն անհնար է հանգեցնել գծային կառուցվածքների։ ․․․Այն, ինչ անտեսանելի էր՝ զանգվածների օրնամենտը, դրոնային նկարահանումը նյութականացնում է: Զանգվածների օրնամենտը հարստացնում է քաղաքական սենսորումը իբրև բարձր զգացում՝ ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական առումով»:3

Իմ հաջորդ «հանդիպումը» դրոնների հետ 2020 թ.-ի 44 օրյա պատերազմի ժամանակ էր, երբ սարսափով նայում էի ադրբեջանական ռազմական խրոնիկան:

Հետազոտողները համաձայն են, որ դրոնը «սարք» կամ «թռչող ապարատ» չէ միայն, ոչ միայն և ոչ այնքան տեխնոլոգիաների, որքան սոցիալական և քաղաքական հարաբերությունների «դրոնացման» հստակ ապացույց:

Դրոնը անհամատեղելիի համադրություն է: Այն ապահովում է առավելագույն տեսանելիություն և միաժամանակ հուսալիորեն թաքցնում է այն օգտագործող ուժը: Դա «կատարյալ» գործիք է մարդկային օպերատորների վերահսկողության տակ, բայց հեռու չէ ժամը, երբ այն կվերածվի ռոբոտի, որ առաջնորդվում է արհեստական ​​բանականությամբ:

Այս պատերազմում բախվում են մահապարտը և հեռակառավարման վահանակը, դրոն կամիկաձեն և մարդ կամիկաձեն: Այն տնտեսական երկու ճամբարների բախում է: Նրանք, ովքեր կապիտալ և տեխնոլոգիա ունեն՝ նրանց դեմ, ովքեր սեփական մարմնից բացի պայքարի այլ գործիք չունեն: Ըստ Գրեգուար Շամայունի4՝ այս երկու նյութական և տակտիկական կարգերը համապատասխանում են երկու էթիկական կարգերի՝ հերոսական անձնազոհության էթիկա և կենսահաստատող ինքնապահպանման էթիկա:

Աստիճանաբար անօդաչուն դառնում է «երազանքի զենք» ՝ իդեալական գործիք նոր տեսակի «ժողովրդավարական միլիտարիզմի» ընդլայնման համար: Դրա փաստաբանները սկսում են մի ամբողջ արշավ ՝ մարտական ​​անօդաչու թռչող սարքը «ամերիկյան ռազմավարության հիմնաքարը» դարձնելու համար: Այսպիսով, անօդաչու թռչող սարքերի ՝ «որսորդ-մարդասպանների» օգտագործումը չի սահմանափակվում տակտիկական և գործառնական մակարդակով, այլ որոշում է գլոբալ ռազմավարությունը: Ինչպես ցույց է տալիս Գ. Շամայունը, դրոնացումը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական, իրավական, տնտեսական և նույնիսկ, մարդաբանական ռազմավարություն է: Անօդաչու սարքի պատմությունը, հիշեցնում է Գ. Շամայունը, «զենքի վերածված աչքի պատմությունն է»:

Նա գրում է. «Պատերազմը, որքան էլ ասիմետրիկ լիներ նախկինում, դառնում է բացարձակապես միակողմանի: Այն, ինչը նախկինում պատերազմ էր թվում, վերածվում է ոչնչացման արշավի»(էջ 18): Անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ գրոհները հակասում են դասական հակաապստամբական ռազմավարության պոստուլատներին, որոնք ենթադրում էին գրավել բնակչության «մտքերն ու սրտերը», այլ ոչ հրել դեպի արմատական ​​խմբավորումների գիրկը:

Գուցե, հարցնում է Շամայուն, մարտական ​​անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հրահրված «ռազմական էթոսի ճգնաժամը» ուղղակի կապ չունի ավանդական իմաստով պատերազմի հետ և պարզապես «լեզվի հրեշավոր չարաշահում» է: Ուրեմն, ի՞նչ են անօդաչու սարքերի հարձակումները: Իրավական պարտադրա՞նք. Բայց անօդաչու թռչող սարքերին չեն ձերբակալում և չեն կարդում կասկածյալներին նրանց իրավունքները: Նա գրում է. «Մայր հայրենիքի համար մեռնելը հրաշալի էր, բայց դրա համար սպանելը նույնիսկ ավելի գեղեցիկ է, մանավանդ որ այժմ դա մեզ ազատում է դրա համար թանկ գին վճարելուց» (էջ 114):

Մի իրավիճակում, երբ «միայն թշնամիներն են մահանում», ասիմետրիկ պատերազմներ սկսելու հարցը որոշակի իմաստով դադարում է քաղաքական լինել: Համաշխարհային պատերազմների և կայսրությունների պայքարի համատեքստում ներդրված «արյան հարկը», դասական բանաձևին համապատասխան, քաղաքացիներին ներկայացման իրավունք էր տալիս դրա օգտագործման հարցերում: Ընդհանուր մոբիլիզացիայի վերացման և զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի միջոցով քաղաքացիներն այլևս ստիպված չեն վճարել «արյան հարկը»: Բայց միևնույն ժամանակ նրանք կորցնում են իրենց ընտրելու իրավունքը և վերածվում «անօդաչու պետության» սուբյեկտների, որոնք այլևս կարիք չունեն իրենց «արհամարհված մարմինների»՝ իրենց իսկ պաշտպանության համար:

Կարելի է ենթադրել, որ նման հզոր «տեխնիկական և տակտիկական» գործիքը չի մնա բացառապես «հիբրիդային պատերազմների» զենք երրորդ աշխարհի երկրներում: Այն կներառվի նոր՝ դրոնային իրավական ռեժիմում, երբ ցանկացած «աննորմալ» վարքագիծ կարող է արձանագրվել, ինչպես երթևեկի կանոնների խախտումները, մինչդեռ նոր սերնդի նանոդրոնները կկատարեն «դատական ​​կատարածուների» գործառույթ:

1 Ըստ՝ Николаса Мирзоев. «Как смотреть на мир» «Ад Маргинем Пресс», 2019, գլուխ երրորդ:

2 Benjamin W. “On Some Motifs in Baudelaire” in Benjamin, Walter. Illuminations. Schocken Books, New York. 2007 (p. 175):

3 Kracauer, Siegfried; Thomas Y. Levin (1995). The Mass Ornament: Weimar Essays. P. 76:

4 Шамаю Г.; Теория дрона / Г. Шамаю — «Ад Маргинем Пресс», 2013

Please follow and like us: