1
Շիզոֆրենիա բառը հունական է, նշանակում է երկատված հոգի: Տերմինը մտցրել է 20-րդ դարի սկզբին Էուգեն Բլեյլերի կողմից: Ախտանիշերն են զառանցանքը, հալյուցինացիաները, հուզականության խանգարումներ, որոնք առաջ են բերում թուլամտություն և անհատականության կորուստ: Մասնավորապես, ասոցացիաները խանգարվում են, միտքը մի առարկայից թռչում է մյուսը, կապակցվածությունը անհետանում է: Բլեյլերի օրինակը.
Բժիշկ- Հիասթափություն ունենո՞ւմ եք։
Հիվանդ – Ոչ։
Բժիշկ – Ձեր համար ծա՞նր է։
Հիվանդ – Այո, երկաթը ծանր է:
Շիզոֆրենիկը հակված է ընդհանրացման՝ ձմերուկը կլոր է, ամեն ինչ կլոր է: Հակված է փոխանցման: Ա-ն վիրավորել է, հիվանդը նրան ապտակում է, հետո ապտակում է նրա կողքը կանգնած Բ-ին և Գ-ին: «Վարպետը և Մարգարիտան» վեպում Իվան Բեզդոմնին կալսոններով հայտնվում է Գրողների տան դահլիճում և աջ ու ձախ ապտակներ բաժանում:
Նրանց մոտ առաջանում են զառանցական գաղափարներ, նրանց բնորոշ է աուտիստական մտածողություն: Հիշենք աուտիստին, որին մարմնավորում է Դասթին Հոֆմանը «Անձրևի մարդը» ֆիլմում: Կարելի է հիշել նաև երազատեսությունը, բայց շիզոֆրենիկը հետընթաց է ապրում ավելի վաղ վիճակները: Շիզոֆրենիկի մոտ հույսերը կարող են անշարժանալ, կարող են ինվերսիայի ենթարկվել, լալիս է հարսանիքում, ծիծաղում՝ մեռելատանը: Կարող է մտածել միաժամանակ հակասող բաներ, որ ինքը նման է Թաթային և ինքը նման չէ Թաթային:
Նրանց հատուկ են հալյուցինացիաների բոլոր ձևերը՝ տեսողական, լսողական, հոտային, շոշափելիքի և այլն: Նրանց հատուկ է և մեծամոլության, և հետապնդման զառանցանքը: Անհետանում է սահմանը իր և այլ մարդկանց, ծանր դեպքերում՝ նաև իրերի միջև:
Հիմա կարելի է անցնել մարդկանց այն խմբին, որ անվանում են շիզոիդներ: Նկատենք, որ կարելի է առանձնացնել նաև շիզոիդային պսիխոպատներին. այս խմբի մոտ և պատանիներին հատուկ շիզոիդային էպիզոդները:
Շիզոիդների գլխավոր հոգսը հոգեկան անվտանգությունն է, ինքնապահպանությունը: Հոգեկան անվտանգության կարիք բոլորս էլ ունենք. մենք չենք ուզում մեր եսը խառնվի մյուսների եսին, չենք սիրում երբ մեր անունը սխալ են արտասանում, բայց այդ ամենը՝ սոցիալական կապերի ներսում: Շիզոիդը ընդհակառակը՝ անվտանգությունը գերադասում է սոցիալական կապերից, ձգտում է լինել անկախ և ոչ ոքին ոչինչ պարտք չլինել: Նա հեռավորություն է պահպանում մյուսներից և վախ է զգում մերձեցումից:
Բայց իրական կյանքում սոցիալական կապերից խուսափել հնարավոր չէ և նա ստեղծում է պաշտպանական մեխանիզմներ: Ինտիմից խուսափելու համար նա հարաբերություններին կարող է տալ զուտ գործնական բնույթ: Երբեմն նրանք թվում են սառը, հաճախ բացակայող տեսք ունեն, շրջապատի համար տարօրինակ են: Երեկ ջերմ էր, այսօր ձևացնում է, որ չի ճանաչում:
Տարիների ընթացքում շիզոիդի մեկուսացվածությունը և միայնակությունը միայն աճում է: Քանի որ ժամանակի ընթացքում նրա և մարդկանց միջև հեռավորությունը աճում է, նա ավելի վատ է սկսում հասկանալ մարդկանց և ավելի քիչ է սկսում նրանց վստահել: Իսկապե՞ս հարևանս թշնամաբար նայեց, թե ինձ թվաց, իսկապե՞ս ղեկավարս դժգոհ է, թե՞ ինձ թվում է՝ ահա շիզոիդին հատուկ մտքերը:
Քանզի նրանք կույր են միջանձնային հարաբերություններում, որպեսզի կողմնորոշվեն, նրանք ձգտում են այն փոխարինել, օրինակ, տարատեսակ տեսություններով: Այստեղից «ֆիզիկ-շիզիկ» արտահայտությունը:
Նրանք ձգտում են ճշգրիտ ճանաչողության, որպեսզի հաղթահարեն անորոշությունը մարդկային և սոցիալական հարաբերություններում: Սովորաբար շիզոիդը աթեիստ է, ծաղրում է կրոնական զգացումները և ամեն մի նման բան փորձում բացատրել գիտության միջոցով: Հայտնի է Շոպենհաուերի ասույթը: «Աստված, եթե դու կաս, փրկիր իմ հոգին, եթե այն կա»:
Կարող են կռահել և ծաղրել երեխայի հուզական դրսևորումները՝ ձգտելով, որ նա էլ փակվի ինքն իր մեջ:
Շիզոիդը մարդկային սերը համարում է մեծ վտանգ իր հոգեկան անվտանգության համար և խուսափում է սիրային խոր զգացումներից: Նա կարող է ձգտել զուտ սեռական հարաբերության առանց հուզական տարրի: Եթե պարտնյորը սկսում է մերձեցման նշաններ տալ, նրա առաջին ռեակցիան կարող է լինել խուսափումը, քանզի իր եսի համար վտանգ է զգում: Կամ ընտրության ժամանակ ընտրել նրան, ով ամենաքիչն է իրեն դուր գալիս:
Եթե ընտանիք ունի, ապա նրան հարկավոր է նաև մի այնպիսի անկյուն, որտեղ նա անհասանելի է: Կարող է ճնշման տակ ընդունել ամուսնության առաջարկը և ապա ետ վերցնել իր խոստումը: Շիզոիդը առաջին ինտիմ կապից հետո կարող է խուսափել կրկնությունից և այլն:
Նրանք խուսափում են սիրային նախերգանքից, կարող են լինել կոպիտ, նույնիսկ բռնություն գործել, որը պետք է կրկին հեռավորություն հաստատի իր և պարտնյորի միջև, իր խոսքերով «նրանց հարկավոր է դեն նետել»: Սիրո մեջ կա ամբիվալենտություն, միախառնված է ատելության հետ: Կարող են ասել՝ «ինչ ես շան հավատարմ աչքերով նայում», «մի տեսնեիր ինչ ծիծաղելի տեսք ունես», «վերջացրու քո հիմար քնքշությունները, դրա համար չենք եկել» և այլն:
2
Շիզոիդները սիրո մեջ հակված են դեստրուկտիվության, իրենց մեջ հույզեր արթնացնելու համար կարող են դիմել պերեվերսիվ միջոցների, մասնավորապես հակում ունեն ֆետիշիզմի, պեդոֆիլիայի և այլն: Շիզոիդ են, օրինակ, Ստրինդբերգի հերոսները, հակված բռնաբարության և սպանության: Կարելի է հիշել պատանեկական սերը, երբ սեռական ցանկություն զգում են մեկի հանդեպ, իսկ իդեալականացնում են մյուսին:
Շիզոիդների մոտ ատելությունը հանդիսանում է անօգնականության զգացումի մյուս երեսը: Ագրեսիվության հանկարծակի դրսևորումները շիզոիդի համար ներքին տագնապը թուլացնելու համար են:
Շիզոիդի մոտ բացակայում է մեղքի զգացողություն, որը հանդիսանում է միջանձնային կախվածությունից ազատվելու միջոց: Նրանք վատ են պատկերացնում, թե որքան կոպիտ են, կտրուկ, որքան խորն են վիրավորում: Ընդ որում նրանց համար կոպտությունը միայն արտահայտություն է, ինքնադրսևորման մաներա և նրանք չեն զգում այն մարդոււ հոգեվիճակը, ում վիրավորել են: Դա գալիս է նրանից, որ նրանց ագրեսիվությունը ձևավորվել է այն տարիքում, երբ չկա ես-ի և դու-ի տարբերություն, Մելանի Քլայնի ձևակերպումով՝ ագրեսիվությունը ձևավորվել է պարանոիդ-շիզոիդային դիրքում: Իհարկե, մենք խոսում ենք ագրեսիվության հակված շիզոիդների մասին:
Ինչպես ասացինք, շիզոիդությունը ձևավորվում է առաջին ամիսներին, նույնիսկ առաջին շաբաթներին և դրա պատճառը հոգատարության և ջերմության պակասն է: Եթե նույնիսկ կա հոգատարություն և խնամք, բայց այն ձևական է, քանզի երեխան անցանկալի էր, ապա կրկին ձևավորվում են նման սիմպտոմներ: Մեկ այլ պատճառ կարող է լինել մոր կողմից երեխային անհանգստացնելը, նրա պահանջմունքները չհասկանալը:
Եթե բժիշկ են, ապա հետազոտող են, այլ ոչ թե բուժող, եթե կրոնով հետաքրքրված են, ապա ավելի շուտ աստվածաբան են, քան թե՝ քահանա, կամ հակված են մարդկանցից հեռանալու բնություն:
Նրանք հակված են մարդկանց վրա փորձեր դնելու և հոգեբանության մեջ գերադասում են փսիխիատրիան փսիխոթերապիայից: Արվեստում հակված են վերացական կամ սիմվոլիկ արվեստի: Քաղաքականության մեջ նրանք հակված են էքստրեմիզմի, ինչպես Նեչաևը, սուր քննադատներ են և լավ ծաղրանկարիչներ: Նրանց ոճը ինքնատիպություն է հանուն ինքնատիպության և, ձգտելով դրան, նրանք կարող են նոր ուղիներ բացել գիտության և արվեստի մեջ: Մարդկանցից հեռու մնալը հավանական է դարձնում, որ նրանք կենդանության օրոք չեն գնհատվի, ինչպես դա տեղի ունեցավ Սլավիկ Չիլոյանի հետ:
Ամփոփենք: Շիզոիդին հատուկ են երեք ձգտում. 1)ամենակարողության ձգտում,2) ձգտում մեկուսանալու, 3/ տարվածություն ներքին իրականությամբ: Բայց հարկավոր է հիշել, որ ամենակարողության ձգտումը կարող է լինել գիտակցական և անգիտակցական, արտահայտվող կենցաղում կամ միայն մասնագիտության մեջ, կարող է թաքցվել որպես կարևոր գաղտնիք, կարող է գերփոխհատուցվել թերարժեքության կամ հնազանդության դրսևորումով: Տարանջատման ձգտումը կարող է փոխհատուցվել որոշ սոցիալական դերերի ստանձնումով:
3
Շիզոիդությունը համապատասխանության մեջ է Կարլ Յունգի նկարագրած ինտրովերտության հետ: Կարլ Յունգը ենթադրություն հայտնեց, որ շիզոիդներ հանդիպում են միայն ինտրովերտների շրջանում:
Այստեղից եզրակացություն. բոլոր մարդիկ շիզոիդներ են: Ինչո՞ւ: Բանն այն է, որ հոգեկանի հիմքը, բազիսը, որի վրա զարգանում է հոգեկանը, շիզոիդությունն է, հոգեկանի երկատվածությունը, վատ ինտեգրված լինելը՝ տրոհվածությունը, և խնդիրը այն է, թե ինչ խորության վրա է գտնվում այդ շիզոդային շերտը և որքան է մատչելի եսի համար:
Դժվար իրադրություններում՝ պատերազմ, աղետ, այն սկսում է իրեն դրսևորել: Մասնավորապես կարելի է հիշել զինվորների այն զգացողությունը, երբ սկսած ինչ-որ պահից նրանք կորցնում են զգալու կարողությունը և նրանց սկսում է թվալ, որ իրենք անտարբեր դիտորդներ են, այլ ոչ թե մասնակիցներ: Դա նաև երևում է երազների օրինակով, հատկապես եթե անհատը այնտեղ ներկայացված է մի քանի դերով: Մյուս կողմից, ում էլ որ դուք տեսնում եք ձեր երազներում, ես-ի տարբեր մասերի ներկայացուցիչներն են կամ օբյեկտ, որը կապված է անհատի հոգեկանի ինչ-որ մասի հետ: Ավելին. կարելի է դիտարկել ես-ի տրոհումը բուն ես-ի և սուպերէգոյի, որպես շիզոիդություն, այսինքն՝ երկատում:
Ես-ի ֆունկցիաներն են. 1/ իրականության ընկալման ինտեգրումը, շիզոիդային էպիզոդում մարդը կարող է ճանաչել անծանոթին՝ դեժավյու, կամ չճանաչել ծանոթին, 2/ վարքի ինտեգրումը, 3/ ներքին և արտաքին իրականությունների սահմանազատումը: Կարելի է ասել, որ եսի ինտեգրումը տարբեր աստիճանի կարող է լինել, որի սանդղակի ստորին մասում շիզոֆրենիկները, իսկ վերևում իրական որևէ մեկը չկա: Շիզոիդությունը կարող է իրեն դրսևորել վերաադապտացման պայմաններում, օրինակ՝ պատանիների մոտ, բանակում, նույնիսկ՝ ամուսնանալուց:
Շիզոիդի ես-ը օրալ ես է, ինչպես փոքրիկ երեխայինը, ի տարբերություն դեպրեսիվի, որի ես-ը «կրծքային» է: Այստեղից նրանց օբյեկտների լիբիդալ ընկալումը որպես մասնակի, օրինակ չափահաս շիզոիդ տղամարդը կարող է ընկալել միայն կնոջ սեռական օրգանները, բայց ոչ նրան ամբողջությամբ: Կամ կարող է մարդկանց ընկալել որպես ստորին աստիճանի վրա կանգնած կենդանիներ: Կամ կարող է իրեն պահել այնպես, ինչպես մարդաբանն է ուսումնասիրում վայրի ցեղերը: Այս ամենը այն բանի հետևանքն է, որ մայրը չի կարողացել համոզել երեխային, որ նրան սիրում են որպես անհատի: Օրինակ, սիրում են նրան իր ընդունակությունների համար: Այսինքն, մասնակի օբյեկտը հետևանք է վաղ տարիքում հուզական հարաբերությունների պակասի:
Երկրորդ. շիզոիդի մոտ «վերցնելը» գերակայում է«տալու» նկատմամբ, ինչը լավ երևում է սիրային կյանքի օրինակներից, երբ նա ցանկանում է, բայց չի կարողանում համարժեք հուզական պատասխան տալ: Սա նշանակում է, որ երկու բովանդակություններից՝ մարմնական և հոգեկան, շիզոիդը առավելությունը տալիս է դրսի օբյեկտի մարմնականին, և ներքին օբյեկտի հոգեկանին: Նրանց համար հույզ արտահայտելը նշանակում է դատարկել ներսը: Սովորաբար փոքր երեխան կուրծք է ուտում մինչև կշտանալը, սակայն կան այնպիսիները, որոնք ագահ են և իրենց կերածի մի մասը հետ են տալիս, կարծես ցանկացել են դատարկել, ոչնչացնել կուրծքը: Ինչո՞ւ. որովհետև այն նրանց համար արժեքավոր է: Առաջինը շնորհակալության զգացումի հիմքն է, երկրորդը նախանձի: Ով «տալիս» է, պետք է ոչնչացվի:
Երբ շիզոիդը երկար է մնում լավ ընկերական միջավայրում, նա սկսում է զգալ, որ իրենից մի ինչ-որ բարիք են տանում, և վերականգնվելու համար նրան հարկավոր է մեկուսանալ: Սիրո մեջ դա նշանակում է, որ նա կխուսափի հաճախակի ժամադրություններից, քանզի դա հուզականորեն նրան «քամում» է:
Շիզոիդ կանաց մոտ ինչ-որ բան տալու դժվարությունը կարող է արտահայտվել երեխա չունենալու ցանկությամբ: Նկարիչը լավ կտավ ստեղծելուց հետո կարող է այն զգացողությունը ունենալ, որ ինքը ներսից «քամված», դատարկված է, որ նկարի հետ իր որակները սպառվել են: Դա կարող է հանգեցնել երկար ժամանակ կրկին ստեղծագործելու ցանկության կորստի:
Այդ զգացումից պաշտպանվելու համար շիզոիդ նկարիչը կարող է իր ստեղծածը համարել անարժեք մի բան, հիմարություն: Շիզոիդ կինը, որը ցանկանում էր երեխա ունենալ, երեխայի ծնվելուց հետո կորցնում է հետաքրքրությունը նրա նկատմամբ: Կամ շարունակել համարել երեխային իրենց մի մասը, իրենց շարունակությունը, գերագնահատել նրան: Նրանք չեն ցանկանում առանձին անհատի կարգավիճակ տալ իրենց երեխային, որի հետևանքները վատ են լինում: Նկարիչը կարող է նկարը շարունակել, իր սեփականությունը համարել նույնիսկ այն գնելուց հետո և հետապնդել գնորդին:
Ի՞նչպես են շիզոիդները դուրս գալիս նման իրավիճակից, երբ տալը անխուսափելի է: Նրանք սկսում են մեխանիկական դեր խաղալ, երևակայում են, որ իրենց անձը չի մասնակցում գործողությանը, շփմանը և այլն: Մյուս տեխնիկան, որ կիրառում են շիզոիդները, էքսհիբիցիոնիզմն է, ինչով պայմանավորված է որոշ շիզոիդների՝ արտիստական մասնագիտություններին հակված լինելը: Այսինքն, հուզականը տալը նրանք փոխարինում են հուզականի ցուցադրությամբ: Քանի որ նրանց համար տալը տագնապահարույց է, ապա ցուցադրությունը վերածվում է մերկացման:
Շիզոիդային էքսհիբիցոնիզմը հաճախ կարելի է դիտել ցուցահանդեսներում կամ գրքի շնորհանդեսներում, որտեղ նա տալը, հուզական կապը, որը նրա համար հոգեկան վտանգ է հանդիսանում, փոխարինում է հեռավորության վրա ցուցադրումով:
Երրորդ. այն բնութագրվում է ինկորպորացիայով և ինտերնալացումով, այսինքն սիրային օբյեկտը ապրվում է որպես ներքին իրականության օբյեկտ: Փոքրիկ երեխայի տեսակետից մայրը լիքն է, երբ ինքը սոված է և դատարկ՝ կերակրելուց հետո: Եթե երեխային չեն կերակրում ժամանակին, դատարկությունը նրա համար ձեռք է բերում հատուկ նշանակություն՝ մայրը դատարկ է: Սա նշանակում է, որ հետագայում նրա համար սիրային օբյեկտները ևս դատարկ են: Ավելի մանրամասն. կերակրելուց հետո մայրը հեռանում է և երեխան դա ընկալում է որպես ոչնչացում. չի կարելի միաժամանակ ունենալ կարկանդակ և ուտել այն: Մայրը երեխային կերակրելուց հետո հայտնվում է երեխայի ներսում: Առաջին ինտիմ կապից հետո շիզոիդին օբյեկտը պետք չէ, այն ոչնչացված է և իր ներսում է:
Հուզական տեսակետից սա նշանակում է, որ երեխան չի զգում, որ մայրը նրան իսկապես սիրում է, և որ, իրեն գնահատում են իբրև անհատ: Երկրորդ, երեխան զգում է, որ իր սերը մոր նկատմամբ մայրը չի գնահատում և չի ընկալում: Իբրև հետևանք նա սկսում է իր մորը գնահատել որպես վատ օբյեկտ, քանզի նա, հավանաբար, իրեն չի սիրում: Երկրորդ. նա սկսում է դիտարկել սիրո արտաքին դրսևորումը մի ինչ-որ վատ բան և աշխատում է այն թաքցնել հոգու խորքում: Երրորդ. նա սկսում է զգալ, որ սիրային հարաբերությունները վատ բան են, ամենաքիչը՝ վտանգավոր: Այսինքն, օբյեկտների հետ հարաբերությունը փոխադրվում է ներքին իրականություն: Այսինքն, ինկորպորացիա և ինտերնալացում: Այլ խոսքով. արտաքին աշխարհի իմաստը շիզոիդը փնտրում է ներքին իրականությունում:
4
Շիզոիդային պաշտպանություններից կուզենայի նշել ինտելեկտուալացումը: Սա նրանց ամենահզոր պաշտպանությունն է, որը ոչ բոլոր հոգեվերլուծողները կարող են հաղթահարել: Դժվարություն զգալով հուզական կյանքում` շիզոիդը սկսում է գերագնհատել մտավոր կյանքը, հուզական խնդիրների իրական լուծումը փոխարինել մտային կոնստրուկցիաներով: Դրա հետևանքով մտային գործունեությունը լիբիդինացվում է և մտային ասպարեզը դառնում է ինքնարտահայտման և ստեղծագործական գործունեության հիմնական մասը:
Երկրորդ. գաղափարները փոխարինում են զգացմունքներին, իսկ ինտելեկտուալ արժեքները զբաղեցնում են էմոցիոնալ արժեքների տեղը: Եվ ընդհակառակը. երբ հայտնվում են զգացմունքներ, նրանք իրադրության հետ կապված չեն և մտային բովանդակություն չունեն: Մտքերի և զգացմունքների այս անհամապատասխանությունն է ծնել շիզո-երկատված որակումը: Այսինքն, կարծես ունենք երկու ես՝ մակերեսին բարձր զարգացած գիտակցություն ունեցող մաս և արխայիկ ու խորքային մաս, որը լիբիդիալ է և կապված է աֆեկտների հետ: Շիզոիդի մոտ առաջին և երկրորդ մասերը ինտեգրված չեն, մտայինը ճնշել է և դուրս մղել հուզականը:
Այդպիսի շիզոիդը առավել հակված է ստեղծել մանրամասն մշակված սխեմաներ, քան կառուցել հուզական հարաբերություններ մարդկանց հետ: Կան շիզոիդներ, որոնք «սիրահարված են սիրուն», և նրանց կրքերը սխեմատիկ բնույթ են կրում: Սիրո օբյեկտը, կարծում եմ, բավական անհարմարություններ կարող է զգալ այդպիսի մտացածին սիրուց:
Մյուս օրինակը, երբ շիզոիդը հավանում է մի ինչ-որ ծայրահեղական քաղաքական փիլիսոփայություն: Հաջողության դեպքում նրա զոհերը բազմաթիվ կարող են լինել: Կարելի է հիշել և Կանտին, և Հեգելին, և Մարքսին: Եթե նա քաղաքականության մեջ հաջողություն ունենա, անխնա կձգտի իր համակարգը տարածել ուրիշների վրա, և արդյունքը կարող է աղետալի լինել, չնայած չի բացառվում, որ նա կարող է նաև մարդկանց մեծ բարիք բերել: Հիմա հիշենք, թե մեր քաղաքական գործիչներից ով է շիզոիդ: Բայց, իհարկե, ինտելեկտուալ շիզոիդների մոտ ավելի տարածված է «ես գզվռտոցներից» վեր եմ պոզան:
5
Այժմ ուշադրություն դարձնենք շիզոիդների ամբարտավան կեցվածքին: Այն պայմանավորված է ներքին աշխարհի գերագնհատմամբ և նարցիսականությամբ: Վերջինս ծագում է այն ֆանտազմից, որ ինքը տիրում է մայրական կրծքին և հայրական փենիսին, ինչը հանդիսանում է միստիկական և խորապես թաքցվող փաստ: Իրականում այդ նարցիսիզմը ծագում է մայրական անտարբերությունից՝ հասկացված լայն և փոխաբերական իմաստով, երբ գոյատևման համար նա ինքնուրույնաբար պետք է պայքարի մանկական տագնապների հետ: Համեմատեք դեպրեսիվի հետ, որոի համար դրանք անդառնալի կորել են:
Այդ ֆանտազիան պատճառ է դառնում, որ շիզոիդը իրեն զգա տարբեր, քան մյուսները, եթե նույնիսկ նա իրեն առանձնահատուկ ոչ մի կերպ չի դրսևորել: Այս զգացումը կարծես բխի նրանց օտարված լինելու զգացումից: Օրինակ. դպրոցոմ նա կարող է զգալի ջանքեր գործադրել ուսման, իսկ երբեմն սպորտի մեջ հաջողություն ունենալու համար: Բոլոր շիզոիդները, գոնե մի ինչ-որ ժամանակահատված, համարվել են «հույսեր ներշնչող»: Ընդ որում, կարող են այդպիսին մնալ ողջ կյանքում՝ տալով «հավերժ ուսանողի» ակնառու օրինակը:
Բոլորս գիտնք «Կարմիր գլխարկ» հեքիաթը, որը կարելի է ընթերցել որպես շիզոիդային պատմություն: Աղջնակը սարսափով հայտնաբերում է, որ սիրելի տատիկը անհետացել է, ինչպես անհետանում է կարկանդակը ստամոքսում: Նրան խժռել է գայլը, որին ինքն է ճանապարհը ցույց տվել, այսինքն՝ իր ցանկությունն է եղել: Գայլը նրա պահանջմունքն է ինկորպորացիայի՝ ներառման ենթարկել լավ օբյեկտները: Բայց տատիկը կրկին հայտնվում է և հեքիաթը երջանիկ ավարտ ունի: Շիզոիդ Լականը 1970 թ ասել է. «Հսկայական կոկորդիլոսը, որի երախում գտնվում եք դուք, հենց մայրն է: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ կփչի նրա խելքին հաջորդ րոպեին. նա կարող է վերցնել և երախը փակել: Դա մոր մեծագույն ցանկությունն է»: Հիչքոքի «Պսիխոզ»-ում Նորման Բեյթսի խելագարության պատճառը ակնհայտորեն մայրն է։
Երբ երեխան բավական զարգանում է, նա հասկանում է, որ ինքը չի կերել իր մորը, ֆիքսացիան՝ ամրագրումը, վերադառնում է, եթե նա հասկանում է, որ մայրը իսկապես նրան չի սիրում, և չի համարում իր սերը կարևոր և լավ բան: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը. «Յուրաքանչյուրը սպանում է այն, ինչ սիրում է»: Շիզոիդը կարող է նվիրել մրգեր և հաջորդ օրը հարցնել՝ «Չթույնավորվեցի՞ր» կամ մրգեր նվեր ստանալ նրանից, ում սիրում է և … թունավորվել:
Շիզոիդը իր ներսում է փակում իր սերը, ոչ միայն այն պատճառով, որ այն թանկագին գանձ է, որ հարկավոր է թաքցնել, այլ նաև այն պատճառով, որ վտանգավոր է իր օբյեկտների համար: Շիզոիդը կարծես ասում է. «Ինչ էլ լինի, դու պարտավոր ես ինձ վատ վերաբերվել»: Նա իր սերը թաղում է սեյֆում, որի ներսում այն փակված է վանդակում: Սա մեզ պետք է հիշեցնի Կաշչեյի մասին հեքիաթները: Շիզոիդը կարող է լինել կռվարար, կոպիտ, տհաճ և ոչ միայն նրա համար, որ փոխարինի սերը ատելությամբ, այլ նաև որպեսզի այդ մարդկանց մեջ հարուցի սիրո փոխարեն ատելություն: Տրուբադուրի կամ դիկտատորի նման նա կարող է սիրել և սիրվել միայն հեռավորության վրա:
Շիզոիդային տիպերից նշենք դավաճանին: Դավաճանը ասում է՝ եթե սիրո երջանկությունն ինձ անհասանելի է, ապա ես կարող եմ ստանալ հաճույք իմ ատելությունից և դաշինք կնքել Սատանայի հետ: Հեղափոխականը տրամագծորեն այլ մոտիվ ունի․ եթե սերը իր մեջ ներառնում է ոչնչացումը, ապա ավելի լավ է ոչնչացնել ատելությամբ: Նրանք այնքան են սիրում իրենց հայրենիքը և իրենց ժողովրդին, որ պատրաստ են ոչնչացնել այն, իհարկե վատ մասը, բայց՝ մեծ մասը, գրեթե՝ ողջը, ինչպես «Ինտերնացիոնալում» է ասվում՝ «մինչև հիմքերը»: Ատելությունը ոչնչացնող է և վատ, իսկ ոչնչացնող սերը ստեղծող իմաստ ունի: Արվեստի հեղափոխականները, հատկապես Դադան, այս միտումի զուտ արտահայտությունն են:
6
Շիզոիդները մարդիկ են, որոնք հեշտությամբ են տանում մենակությունը, և հաճախ դրա պատճառը կարող է լինել միզանտրոպիան: Մյուս ծայրահեղությունը մենակության մեջ մնալու անկարողությունն է: Այսինքն ունենք երեք վիճակ. մենակության վախ, մենակության ցանկություն և մենակ լինելու կարողություն: Երկրորդը հատուկ է շիզոիդներին և կապված է հալածանքի զգացողության հետ: Երրորդը կապված է փոքր երեխայ՝ մոր ներկայությամբ միայնակ լինելու ունակության հետ:
Այսպիսով, մենակությունն այն չէ, երբ կողքդ ոչ ոք չկա, այլ երբ մենակ ես, երբ կողքդ մեկը կա, և այ մեկի ներկայությունը կարևոր է: Նույնիսկ կարելի է ասել, որ մենակությունը հնարավոր է, որովհետև այդ կարևոր մարդը քո կողքին է: Դա կարելի է բացատրել դուր գալու և սիրելու տարբերությամբ:
Դուր գալու զգացումի մեջ դու-ն կա նույնիսկ բառամասնիկի ձևով, իսկ սերը ենթադրում է փաղաքշանք, մերձեցում: Այդպիսի մենակության իդեալական վիճակ է պարտնյորների մոտ ինտիմ մերձեցումից հետո: Կարծես երկուսը հանգստանում են միմյանցից, բայց պայմանով, որ իրար մոտ մնան, քանզի հեռանալը անհանգստացնում է: Սա, իհարկե, խիստ տարբերվում է շիզոիդի զգացած անհանգստությունից:
Հոգեբանության մեջ առաջնային տեսարանէ կոչվում երեխայի կողմից ծնողների սեռական ակտի դիտումը, որի ժամանակ նա պետք է որ մենակության զգացում ունենա, որ ծնողը իրեն լքել է:
Մենակության մեջ տեղի է ունենում արտաքին աշխարհից հրաժարում, որը պետք է ուղեկցվի ներքին իրականության ընդունումով: Այսինքն նա պետք է առաջին հերթին ընդունի իր գոյությունը, որպեսզի հաջորդ աստիճանին գա իր մենակ գոյության մասին գաղափարին: Երեխայի համար դա մորից անջատ գոյության գաղափարն է, որը առաջին իր փուլում ենթադրում է մոր տեսանելի ներկայությունը: Հենց այս պահին է, որ նա հայտնագործում է իր ներքին անձնական գոյությունը՝ գոյություն, որ անկախ է արտաքին ազդակներից:
Շիզոֆրենիան արժանի է ուշադրության հենց միայն այն պատճառով, որ բազմաթիվ հանճարներ ունեն նրա ախտանշանները: Նկարիչներից առաջին հերթին Վան Գոգը, բանաստեղծներից Հյոլդերլինը, դրամատուրգ Ստրինդբերգը, կոմպոզիտոր Շումանը, փիլիսոփաներ Շոպենհաուերը, միստիկ Սվեդենբորգը, հոգեբաններ Յունգը, Լականը կամ Ֆրեդերիկ Պերլզը: Ժամանակակից արվեստում և մշակույթում շիզոիդալության դոզան մեծանում է: Դա կապված է առաջին հերթին անվտանգության, հարմարավետության կորստի հետ: Թվարկենք մի քանի գործոններ՝ պատերազմի սպառնալիքը, տեխնիկայի զարգացումը, էկոլոգիական վիճակի վատթարացումը և այլն:
Արվեստի պատմության մեջ հայտնի է 20-րդ դարի սկզբին «մարգինալ արվեստի» ձևավորումը՝ արխայիկ արվեստ, պրիմիտիվ արվեստ, էթնոարվեստ, նաիվ արվեստ, հոգեկան հիվանդների արվեստ և այլն: Սակայն երկրորդ համաշխարհայինի վերջում Ժան Դյուբյուֆեն մարգինալ արվեստից առանձնացրեց «ար բրուտը»՝ կոպիտ արվեստը, որը ավելի հայնի է «աուտսայդ արտ» անունով: Արվեստագետները, իհարկե, սովորաբար նմանակում են հոգեկան խանգարումները, իրենց գործերին և կերպարին էքսպրեսիվություն հաղորդելու համար, ինչպես Ս. Դալին, բայց ինչ-որ հիմք, ինչ-որ մասնիկ նրանք ունեն: