Ջորջո Ագամբեն/Մերկ կյանքը եւ պատվաստանյութը

Իմ նախկին մտորումներում արդեն մի քանի անգամ հիշատակել եմ մերկ կյանքի մասին։ Ինձ թվում է՝ համավարակն աներկբայորեն ցույց է տալիս, որ մարդկությունն այլեւս չի հավատում ոչ մի բանի, բացի մերկ գոյությունից, որը որպես այդպիսին պետք է պահպանվի ամեն գնով։

Նույնիսկ քրիստոնեական կրոնն իր սիրո եւ գթության արարքներով, մարտիրոսության պատրաստ իր հավատով, քաղաքական գաղափարախոսության հետ անվերապահ համերաշխությամբ, նույնիսկ աշխատանքի ու փողի հանդեպ հավատով, թվում է, հետին պլան է մղվում իսկոյն, հենց մերկ կյանքը հայտնվում է սպառնալիքի տակ՝ թեկուզ ընդամնեը վտանգի տեսքով, որի վիճակագրական պատկերը անցողիկ է եւ դիտավորյալ կերպով անորոշ։

Ժամանակն է պարզաբանել այս հասկացության իմաստն ու ծագումը։ Սկզբի համար հարկ է հիշեցնել, որ մարդը մի բան չէ, որը կարելի է սահմանել մեկընդմիշտ։ Ավելի շուտ սա անընդհատ նորոգվող պատմական որոշման տեղն է, որն ամեն անգամ հստակեցնում է սահմանը մարդու եւ կենդանու միջեւ, մարդու մեջ ամեն մարդկայինի եւ նրա ներսում եղած այն ամենի միջեւ, որ մարդկային չեն։ Երբ Լիննեյը իր դասակարգման համար փնտրում էր մարդուն մյուս պրիմատներից տարբերող հատկանիշը, ստիպված էր խոսովանել ինքն իրեն, որ չի գտնում այն եւ ի վերջո homo տոհմական անվան կողքին դրեց միայն հին, փիլիսոփայական խոսքը՝ nosce te ipsum, ճանաչիր ինքդ քեզ։ Այդպիսին է sapiens եզրի նշանակությունը, որը Լիննեյը կավելացնի իր բնության համակարգի տասներորդ հրատարակության մեջ․ մարդը կենդանի է, որը մարդ լինելու համար պետք է ճանչի, ընդունի իրեն որպես մարդ եւ դրա համար պետք է որոշի, թե ինչով է մարդը տարբերվում նրանից, ինչը մարդ չէ։

Մեխանիզմը, որի միջոցով պատմականորեն կայացվում է այս որոշումը, կարող ենք մարդաբանական մեքենա անվանել։ Մեքենան աշխատում է կենդանականը մարդուց դուրս դնելով եւ ստեղծելով մարդուն այդ բացառման միջոցով։ Բայց որպեսզի մեքենան գործի, անհրաժեշտ է, որ դուրս դնելը նաեւ ներառել լինի, որ երկու բեւեռների՝ կենդանու եւ մարդու միջեւ լինի սահման եւ շեմ, որը տարանջատում եւ միավորում է նրանց։ Այդ սահմանի բարձրաձայնումը մերկ կյանքն է, այսինքն՝ կյանքը, որը ոչ իսկական կենդանականն է, ոչ իսկական մարդկայինը, բայց որի մեջ ամեն անգամ ընտրություն է կատարվում մարդու ու կենդանու միջեւ։ Այդ շեմը, սահմանը, որն անպայման անցնում է մարդու ներսում ՝ տարանջատելով բիոլոգիական կյանքը սոցիալականից, աբստրակցիա է եւ վիրտուալություն, սակայն աբստրակցիա, որ դառնում է իրական՝ ամեն անգամ մարմնավորվելով կոնկրետ եւ քաղաքականությամբ որոշված անհատների տեսքով՝ ստրուկ, բարբարոս, homo sacer, որին հին աշխարհում ցանկացած մարդ կարող էր սպանել՝ առանց հանցագործություն կատարելու, վայրի մարդ, գայլամարդ կամ homo alalus, որպես մարդու եւ կապիկի միջեւ պակասող օղակ Լուսավորության ու 19-րդ դարի արանքում ընկած ժամանակահատվածում․ քաղաքացի արտակարգ դրության պայմաններում, հրեա՝ ճամբարում, կոմայի մեջ գտնվող մարդ՝ վերակենդանացման պալատում եւ մարմին՝ պահպանված օրգանների օգտագործման համար՝ 20-րդ դարում։

Ինչպիսի՞ն է «մերկ կյանքի» ֆիգուրն այսօր՝ պանդեմիայի դեմ պայքարի ժամանակ։ Դա ոչ այնքան հիվանդ մարդն է, որ մեկուսացված է եւ բուժվում է այնպես, ինչպես բժշկության պատմության մեջ նախկինում երբեւէ չի բուժվել բուժառուն, ավելի շուտ դա վարակված մարդն է կամ, ինչպես արտահայտված է հակասական բանաձեւում, անախտանիշ բուժառուն՝ այսինքն նա, որ, փաստորեն, կարող է լինել յուրաքանչյուրը՝ նույնիսկ չկասկածելով այդ մասին։ Խոսքը ոչ այնքան առողջության, որքան կյանքի մասին է, որը ոչ առողջ է, ոչ հիվանդ, որը, որպես այդպիսին, ենթադրվող ախտածին բնույթի բերումով, կարող է զրկվել ազատությունից եւ ենթարկվել ամեն տեսակի արգելքների ու վերահսկման միջոցառումների։ Այս առումով գրեթե բոլոր մարդիկ անախտանիշ հիվանդներ են։ Հիվանդության եւ առողջության միջեւ տատանվող այս կյանքի միակ ինքնությունը վիրակապ ու պատվաստանյութ ստացողի ինքնությունն է, որը ընդունած դավանանքի մկրտության նման սահմանում է շրջված կերպով մի բան, որ ինչ ժամանակ կոչվում էր քաղաքացիություն։ Մկրտությունն այլեւս անդառնալի չէ, այլ հարկ եղած դեպքում ժամանակավոր եւ թարմացվող, որովհետեւ նոր քաղաքացին, որը միշտ պետք է ներկայացնի պատվաստման մասին վկայական, այլեւս չունի անօտարելի ու անվիճելի իրավունքներ, այլ միայն պարտականություններ, որոնք պիտի անդադար կատարվեն եւ թարմացվեն։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: