Թվում է` պատերն են աղմկում.
-Խաղաղություն ենք ուզում…
Բոլորը պայմանավորվել են իրար հետ, պահել շունչները, մտքների մեջ հաշվել՝ մեկ, երկու, երեք․․․ Ու գոռում են միաձայն.
-Խաղաղություն ենք ուզում:
Չափով, հանգով, միաձայն…
Ամեն օրվա նման նույն ձայները, նույն կանչերը, նույն գոռգոռոցներն ու նույն պարզ, մարդկային պահանջը…
-Ես քեզնից ոչ մի բան չեմ ուզում, խաղաղություն եմ ուզում: Ուղղակի գիշերը հանգիստ պառկել ու քնել եմ ուզում:
Ու կնոջ երկար, բոցաշունչ ճառից հետո ամուսնու նույն հարցը.
– Հիմա դու ինձնից ի°նչ ես ուզում…
Այս հարցից հետո ես արդեն անգիր գիտեմ` ինչ կլինի. ամեն օրվա նման կինը կտնքա անզորությունից, հետո ամուսինը կտնքա նույն անզորությունից, հետո այդ անզորությունը կլցվի պատերի ճեղքերի մեջ ու կտարածվի պատերից այն կողմ ապրողներիս վրա: Բոյ-բուսաթը կառնի, իր ողջ հմայքով կգա, կցցվի դեմս ու խեղճ-խեղճ կնայի ինձ: Ամեն օրվա աղմուկը, ամեն օրվա նույն ձայներն ու պարզ մարդկային ցանկությունը.
-Խաղաղություն եմ ուզում… Քիչ բան չեմ ուզում, բայց հավատա’ շատ բան էլ չեմ ուզում.
-Խաղաղություն…
Ու կնոջ ամեն գոռոցի հետ ես փակում եմ աչքերս կամ լայն բացում, վերմակն ականջներիս մեջ խցկելու մեծ ցանկություն ունենում, անզոր վերուվար անում պատերից այսկողմ ու մտքումս հերթով հիշում պատերն այսքան բարակ ու զգայուն կառուցողներին:
Բոլոր տների մեջ ապրող սերը, երջանկությունը, ատելությունն ու ամեն-ամեն ինչ դանդաղ ներծծվում են պատերի հազար տարվա ճաքերի մեջ և տարածվում կողքն ապրողների վրա: Սա անգամ այն դեպքում, երբ կողքի ապրողներն աշխատում են հարևանների կյանքով քիչ ապրել կամ ընդհանրապես չապրել… Հարևան ապրողներն անգամ եթե ձայներ չեն լսում, լուռ հասկանում են, որ կողքի տան սարդերը ոչ թե սիրո ցանց են հյուսում, այլ անհանգիստ ու կատաղած վերուվար են անում պատերի վրա: Ընդհանրապես մոռացել են` ինչի համար են աշխարհ եկել:Եվ ինչքան սրտերը թուլանում են ու դադարում դիմադրելուց, այնքան պատերն ավելի են բարակում, որովհետև օրեցօր ավելի պարզ ու լսելի է դառնում պատից այն կողմ ապրող կնոջ հառաչանքները, անեծքները…
-Հիմա ի°նչ ես ուզում, խաղաղությու°ն: Չէ, սիգարետ տու’ր մի հատ, քո տված խաղաղությունը թող գել դառնա, ուտի քեզ:
Երբեմն նույնիսկ լռություն է լինում, և այդ լռության մեջ մի քիչ սեր է արթնանում ձմեռային քնից ու տարածվում պատերից այս կողմ…
Թվում է, թե կինը չէ, պատերն են ծիծաղում կնոջ փոխարեն:Թվում է, թե կինը չէ, կյանքն է կարկաչում ու խոխոջում ուրախ:
Այսպիսի օրերին ինձ թվում է` նույնիսկ պատերին է հաճելի լինում, որ սկսում են սեր ու ծիծաղ թարգմանել պատերից այս կողմ ապրողներիս համար: Երբեմն էլ համրանում են պատերը: Համրանում են ու անշարժ լռում: Ոնց որ լուսանկարներում: Այսպիսի կասկածելի ու լուռ օրերին սովորաբար ես ավելի անհանգիստ եմ լինում, թե էս մարդկանց ի°նչ եղավ, տեսնես ինչու չեն գոռում-գոչում: Մի բան եղած չլինի՞, ա՛յ մարդ: Թե՞ վերջապես արքայից արքա խաղաղությունը բարեհաճեց այցելել նրանց:
Հետո էլի գալիս է ծանոթ գիշերը, և ամբողջ աշխարհն ասես մի համատարած պատ է դառնում ու գոռում ինչքան ուժ ունի.
-Խաղաղություն եմ ուզում:
Աշխարհում թող չլինեին պատերը, եթե այսքան զգայուն ու նուրբ էին լինելու…
Թող քանդվեին, վերանային, հողին հավասարվեին…
Ապրելն էլ խաղ լիներ կողքից նայողների համար…
Ես հանգիստ նայեի ամեն օր իրար բզկտող, կատաղած ամուսիններին ու հաճույք ստանայի նրանց անկեղծ խաղից ու դերասանական տուրուդմփոցից….
-Ինչքա՜ն անկեղծ խաղացիք,- ասեի վերջում ու ծափահարեի երկար…
Աշխարհում թող չլիներ սերը, եթե աշխարհում մի պատի տակ ինչ-որ կին չէր վայելելու այն ու երազներում էր տեսնելու, երազներում էր ունենալու նրան…
Աշխարհում թող չլիներ խաղաղությունը, եթե այսքան թանկ էր լինելու անգամ մեկի համար, որ ապրում է այս երկնքի տակ և իր բաժին խաղաղությունն է ուզում ընդամենը, ուրիշինը չի ուզում պոկել աշխարհից: Իրենն է ուզում:
Վաղը նորից բակում կտեսնեմ այդ կնոջը, որ խաղաղություն էր ուզում իր բաժին Աստծուց, կտեսնեմ, ու ինքը երևի ինձ կասի, որ բանջարեղեն է ուզում, կբողոքի, որ գներն այս տարի էլ են թանկ…
Ես էլ հանգիստ կասեմ, որ ձմեռը շուտ եկավ և ուշ գնաց. երևի դա է պատճառը:
Բայց չի ասի, որ խաղաղություն է ուզում, չի ասի, թե ինչքան թանկ էր իր համար խաղաղությունը, չի ասի, որ ոչ մի տեղ այդպես էլ չճարվեց: Գետնի տակ անցավ, ու՞ր կորավ էդ անտերը: Չքվեց անհետ-անհիշատակ: Չի ասի, որովհետև կարևորի մասին երբեմն շատ ենք լռում: Չաչանակում ենք ամբախ-զամբախ անկարևորի մասին: Կարևորի մասին լռում ենք: Սա բազմիցս ասված, լսված, ծեծված ու ապացուցված ճշմարտություն է:
Ու երբ ասի, որ ինքը բողկ ու կանաչի է ուզում, բայց չի ճարում, ես չեմ նայի աչքերի մեջ ու հանգիստ չեմ ասի.
-Բայց դու ի՜նչ տիպ ես, ինչքա՜ն համոզիչ ու անկեղծ ես խաղում, քեզ խաղաղություն է պետք, բայց դու բողկից ես խոսում:
Բնականաբար չեմ ասի, որովհետև բոլոր ապրողների համար էլ պատեր գոյություն ունեն` տեսանելի, անտես, զգայուն ու անզգա, կատաղած սարդերով ու սարդերի սիրառատ ցանցերով, որոնք ինչպիսին էլ լինեն, դու իրավունք չունես դրանք անցնելու: Չունես:
Կյանք է, իր օրենքներն ունի: Հո խաղուպար չէ: Իրավունք չունես անցնելու քո և քո բաժին Աստծո միջև գոյություն ունեցող պատը, թե չէ կասեիր` ամոթ չլինի հարցնելը, էս ի՞նչ ես անում: Չես կարող մտնել Աստծուդ դարպասներից ներս ու չես կարող ասել` ախպե’ր, էս դու, էս քո տված կյանքը: Սա կյա՞նք է, թե՞ խաղ: Թե՞ կյանքի տնազ է…
– Դու ինձ խաղաղություն չես կարողանում տալ, չես կարողանում, ու ես էլ ընդհանրապես չեմ մեղադրում քեզ, դու երևի ձուկ ես, իսկ ես ապուշի նման ստիպում եմ, որ թռչես օդերի մեջ, բայց եթե օրերից մի գեղեցիկ օր որոշես երջանկացնել ինձ, ուղղակի գնա՛ իմ կյանքից, սուսուփուս գնա՛, ախպոր պես:
– Ես գոնե խաղաղ կքնեմ ու գոնե երազում իմ բաժին երջանկությունը կուտեմ:
Թվում է, թե մարդիկ չեն, պատերն են տրաքում հեշտ ու հասարակ երազանքների ծանրության բեռան տակ: Թվում է, թե պատերը չեն պայթում, գլուխս է երևի: Ու էդ լալահառաչ տեքստերը բառեր չեն, զենքեր են ու տկտկալով կրակում են ուղիղ ուղեղիս ծալքերին:
Խաղաղությունը միշտ է երևակայել իրեն, միշտ է այսքան հպարտ ու գոռոզ եղել: Եվ սովորել է` իրեն միամիտի տեղ դրած` ապրել անթափանց ու հաստ պատերի ետևում` շարունակելով շատ վերևներից նայել աշխարհին.
-Հիմա դուք ինձնից ի՞նչ եք ուզում…
Ճիշտ է, մազերն ու կյանքը շատ են գզգզված, մտքերը օձերի կծիկ դարձած, բայց այս կնոջ անունն իմ պատմվածքում թող Խաղաղություն լինի…
Հուսով եմ` դեմ չեք լինի…
