XI
Փանահ-խանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես համոզվեցավ, որ Ղարաբաղի մելիքների միաբանությունը քանդելու համար և Ղարաբաղի մեջ մի հաստատ դիրք բռնելու համար անպատճառ հարկավոր է, որ մելիքներից գոնե մեկին գրավե դեպի իր կողմը։ Մի աղետալի անցք կատարեց նրա ցանկությունը։
Որպես վերևում հիշեցինք, Նադիր-Շահը Մուղանի անապատում իրան պարսից թագավոր հրատարակելուց հետո Ղարաբաղի հինգ մելիքներին հաստատեց իրանց իշխանությունների մեջ, տալով նրանց հայրենական վաղեմի իրավունքները։ Բայց միևնույն տարվա մեջ (1736) վախճանվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը, որի կինը Ավետարանոց գյուղում կոտորել տվեց օսմանցիներին։ Մելիք-Հուսեինի փոխարեն Վարանդային սկսեց կառավարել նրա ազգական Մելիք-Միրզա-բեկ։ Դա իր հանդուգն անհնազանդությամբ գրգռեց շահի բարկությունը, և շահը հրամայեց գլխատել նրան։ Մելիք-Միրզա-բեկ II[46] փոխարեն շահը Վարանդայի մելիք նշանակեց Մելիք-Հուսեինի որդի Մելիք-Հովսեփին։ Այդ Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեին էին կոչում, չափազանց հեզաբարո, գրասեր և խելացի մարդ էր, բայց մի ոտքով կաղ և փոքրահասակ։ Նա ուներ մի եղբայր ևս, որը ընդհակառակն վայելչահասակ, գեղեցիկ և չափազանց փառասեր տղամարդ էր։ Դա էր Մելիք-Շահնազար II[47], Ղարաբաղի կործանիչը…
Իր ընտանեկան կյանքում Մելիք-Շահնազարը սաստիկ անբարոյական մարդ էր. պարսիկների սովորությանը հետևելով, իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով։ Բացի դրանից, նա ուներ իր առաջին օրինավոր կինը Թագում (Թագուհի) անունով, որը Խաչենի Հասան-Ջալալյան իշխանների տնիցն էր։ Թագումի մեռնելուց հետո Մելիք-Շահնազարը բռնությամբ խլեց կենդանի ամուսնից նրա գեղեցիկ կինը Սոնա անունով (որը Տիզակի իշխան Մելիք-Եսայու աղջիկն էր) և պսակվեց նրա հետ։ Նույնիսկ Սոնայի կենդանության ժամանակ Մելիք-Շահնազարը ամուսնացավ իր հանգուցյալ կնոջ Թագումի հարազատ եղբոր Մալայիկ անունով դստեր հետ և այսպիսով մտցրեց իր ընտանիքի մեջ մահմեդական բազմակնությունը։ Մելիքի այդ տեսակ վարմունքները սաստիկ վիրավորեցին ժողովրդի կրոնական զգացմունքը, և նրան ատելի դարձրին Ղարաբաղի մյուս մելիքների մոտ։ Բայց նրա կատարած եղեռնագործությունը հրավիրեց իր վրա բոլոր մելիքների վրեժխնդրությունը։
Մելիք-Շահնազարը փառասեր, հանդուգն և ոխերիմ մարդ էր. նա չկարողացավ համբերել, որ իր եղբայր Մելիք-Հովսեփը վարեր Վարանդայի իշխանությունը, թեև նա կարգված էր Նադիր-շահից։ Մի գիշեր հարձակվելով Մելիք-Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանեց եղբորը և նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Կոտորածից ազատվեցավ մի երեխա միայն, փոքրիկ Սայի-բեկը, որին դայակը ծածուկ փախցրեց Խաչեն գավառի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու մոտ, որը երեխայի քեռին էր[48]։
Սպանելով իր եղբորը, Մելիք-Շահնազարը բռնությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Բայց նրա եղեռնագործությունը սաստիկ բորբոքեց իր դեմ Ղարաբաղի մյուս չորս մելիքների բարկությունը։ Նրանք միաբանվեցան Մելիք-Շահնազարից վրեժխնդիր լինելու համար։ Դրանք էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-ղուլի-սոլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։ Իրանց զորքերով այդ չորս մելիքները դիմեցին դեպի Վարանդա։ Մելիք-Շահնազարը ամրացավ իր Ավետարանոց բերդի մեջ։ Պաշարումը երկար տևեց, ձմեռը վրա հասնելով, բերդը չկարողացան գրավել, բայց Վարանդայի գյուղերի մեծ մասը ավարի առնելով, ավերակ դարձնելով, մելիքները վերադարձան իրանց տեղերը, պայման գնելով, որ հետևյալ գարունքին կրկին արշավանք գործեն Ավետարանոց բերդը կործանելու համար։
Փանահ-խանը այժմ հասավ իր նպատակին։ Ղարաբաղի մելիքների մեջ սկսվեցավ ներքին պատերազմը։ Նա շտապեց օգուտ քաղել այդ հանգամանքներից։
Մելիք-Շահնազարը որքան էլ հանդուգն, աներկյուղ մարդ լիներ, դարձյալ գիտեր, որ իր ուժերը չէր կարող հավասարեցնել բոլոր չորս մելիքների անհամեմատ մեծ զորությանը։ Այդ պատճառով նա սաստիկ անհանգստությամբ սպասում էր գարնան արշավանքին։ Նրան պետք էր մի դաշնակից, մի օգնական, և նա ձեռք մեկնեց իր հայրենիքի ոխերիմ թշնամուն՝ ջվանշիրցի ավազակին…
Մյուս մելիքները ավելի կատաղեցան, երբ նկատեցին, որ Մելիք-Շահնազարը միացավ Փանահ-խանի հետ, որի չար դիտավորությունները, Ղարաբաղի հայկական բոլոր իշխանություններդ ոչնչացնելու մասին, ամենքին հայտնի էին։
Փանահ-խանը իր կողմից շատ ուրախ եղավ, երբ մելիքների միաբանությունը քանդված տեսավ, երբ նրանցից մեկը, և ամենանշանավորը, անցավ իր կողմը։
Վաղուց նա դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղի սրտի մեջ և մի հարմար դիրքի վրա ցանկանում էր մի ամուր բերդ հիմնել։ Նրա Բայաթի և Ասկարանի բերդերը, ինչպես տեսանք, հայոց մելիքները ոչնչացրին։
«Ձեր Չանախչին պաշտպանության համար խիստ անհուսալի դիրք ունի,— ասաց Փանահ-խանը Մելիք-Շահնազարին,— պետք է որոնել մի ավելի ամուր դիրք, և ես մի այսպիսի տեղ ի նկատի ունեմ, որի վրա բերդ հիմնելով, կլինենք այնուհետև բոլորովին ապահովված…»։
Փանահ-խանը ցույց տվեց Վարանդայի գավառում մի տեղ, Գարգար գետի վրա, որը Մելիք-Շահնազարի սեփական կալվածքն էր և բնությունը, իրավ որ, այդ անմատչելի բեռնային բարձրավանդակը ստեղծել էր ամուր բերդ լինելու համար։ Երկու դաշնակիցները սկսեցին բերդի հիմնարկությունը։ Մելիք-Շահհազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ…
Մի կողմից բերդի կառուցումը առաջ տանելով, մյուս կողմից՝ մելիքների հետ պատերազմ մղելով, երկու դաշնակիցները շուտով վերջացրին շինությունը (1752) և մերձակա Շոշի ավանի հայ բնակիչներին տեղափոխելով այնտեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի։
Փանահ-խանը մտնելով Ղարաբաղի սրտի մեջ, իր դաշնակից Մելիք-Շահնազարի աջակցությամբ, ոչ միայն կարողացավ պաշտպանվել մյուս հայ մելիքների հարձակումների դեմ, այլ իր իշխանությունը տարածեց և այն թուրք ցեղերի վրա, որոնք առաջ չէին խոնարհվում նրան։
Ինքը Փանահ-խանը իր ծագումը ստացած լինելով ավելի աննշան և ստոր ցեղից, որպես էին սարուջալլուցիք, մյուս ավելի զորեղ և նշանավոր ցեղերը (ջվանշիրցիք, քաբիրլուցիք և օթուզիքի՝ այսինքն՝ երեսունևերկու կոչված ցեղը) արհամարհանքով էին նայում նրա վրա։ Եվ մանավանդ իրանց նահապետական սովորություններին խիստ հակառակ էր թվում խոնարհվել մեկ միապետի հրամանի ներքո, որը պարսից խանի տիտղոս էր կրում։ Բայց Մելիք-Շահնազարի օգնությամբ այդ բոլորին կարողացավ հետզհետե զսպել նա։
Իսկ հայոց մելիքների վերաբերությամբ դեռ վճռական քայլ չէր անում նա, աշխատում էր առանձնացնել նրանց, աշխատում էր երկպառակություն սերմանել նրանց մեջ և փոքր առ փոքր նրանց ուժերը թուլացնել։
Սկսեց Խաչենի մելիքությունից, որը մնացածներից ավելի մոտ էր Շուշի բերդին։ Այստեղ ամենահին ժամանակներից իշխում էին Հասան-Ջալալյան իշխանների ժառանգները։ Դրանք դարերի ընթացքում այնքան բազմացել էին, որ Խաչեն գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Փանահ-խանը մտածեց ստեղծել այստեղ մի նոր մելիքություն, նրանց բոլորին հետզհետե ոչնչացնելու նպատակով։ Նրան զորավիգ եղավ ինքը Մելիք-Շահնազարը։
Մենք տեսանք, երբ Մելիք-Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք-Հովսեփին, և բռնությամբ գրավեց Վարանդայի իշխանությունը, սպանվածի որդիներից մեկին դայակը փախցրեց Խաչեն գավառը և թաքցրեց իր քեռիների տանը։ Մանուկի քեռին էր Հասան-Ջալալյան իշխան Մելիք-Ալլահվերդին։ Մտածելով, որ մի ժամանակ այդ մանուկը կմեծանա և իր քեռիների օգնությամբ վրեժխնդիր կլինի իր հոր արյան համար և գուցե ետ կխլե հոր իշխանությունը,— Մելիք-Շահնազարը վճռեց ոչնչացնել թե մանուկին և թե նրա քեռիներին։ Փառասեր մելիքը այդ ձեռնարկության մեջ իր առանձին հաշիվները ուներ, իսկ այդ հաշիվները նպաստավոր էին Փանահ-խանի համար այն կողմից, որ նա Խաչենի մելիքությունները ոչնչացնելով այնտեղ կնշանակեր իր ցանկացած մարդուն և այսպիսով մի ամբողջ գավառ իր ձեռքը կառներ։ Մելիք-Ալլահվերդին բնակվում էր սեփական ամրոցում, որ իր պապերից մեկի անունով կոչվում էր Ուլու-պապի բերդ[49]։ Նա հայտնի էր որպես քաջ և անպարտելի պատերազմող։ Երբ Փանահ-խանը, միանալով Մելիք-Շահհազարի հետ, իրանց հայ և թուրք զորքերով արշավեցին նրա վրա, Մելիք-Ալլահվերդին այնպիսի մի սաստիկ ջարդ տվեց նրանց, որ երկու դաշնակիցները հազիվ կարողացան իրանց կյանքը ազատել, փախչելով և մտնելով Շուշի բերդը։
Այդ ժամանակ Փանահ-խանը, Մելիք-Շահնազարի խորհրդով, գաղտնի կերպով կանչեց իր մոտ Խնզիրիստան գյուղի տանուտեր Միրզա-խանին, որը, Մելիք-Ալլահվերդուց կարգված, նույն գյուղի կառավարիչն էր։ Խանը, առաջուց իմացած լինելով տանուտերի փառասիրական ձգտումները, խոստացավ նրան, եթե Մելիք-Ալլահվերդուն մի հնարքով կբռնի և իր ձեռքը կտա, նրան ամբողջ Խաչեն գավառի վրա մելիք կկարգե։
Միրզա-խանը, հրապուրված խանի խոստմունքներից, դիմեց Մելիք-Ալլահվերդու մոտ, հայտնեց նրան, թե իրան հայտնի է, որ Փանահ-խանը ավելի մեծ պատրաստություններով հարձակվելու է նրա վրա, և թե նրա սեփական ամրոցը այնքան հուսալի մի տեղ չէ, որի մեջ կարելի լինի պաշտպանվել թշնամու այս անգամվա ահագին զորաթյան դեմ, և խորհուրդ տվեց ամրանալ Կաչաղակաբերդի մեջ, որը անառիկ և անմատչելի դիրք ուներ։ Որպես ստորադրյալ և պաշտոնյա, Միրզա-խանը առաջարկեց իր պատրաստականությունը՝ ամեն կերպով օգնելու իշխանին, ավելացնելով, թե ինքը արդեն պատրաստ ունի Կաչաղակաբերդի մեջ մի քանի ամիսների համար պաշար, ուր նա կարող է ապահով կերպով պաշտպանվել թշնամու դեմ, եթե այդ բերդը պաշարված կլինի։ Նա իշխանին հրավիրեց իր տունը, որ այնտեղից միասին գնան Կաչաղակաբերդը, որը շատ հեռու չէր Խնզիրիստանից։ Բայց նույն գիշերը ընթրիքի ժամանակ, դավաճանը սենյակից դուրս եկավ և իր ետևից կողպեց դուռը, իշխանին այնտեղ մենակ թողնելով։ Այդ միջոցին Փանահ-խանի և Մելիք-Շահնազարի մարդիկը, որ առաջուց պահված էին նրա տան մեջ, վրա հասան և կալանավորեցին իշխանին։ Փանահ-խանը նրան տվեց դահիճների ձեռքը, և գլխատեցին, նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Այդ ժամանակ Մելիք-Շահնազարը սպանել տվեց իր եղբորորդի փոքրիկ Սայի բեկին, որ նույն ընտանիքի մեջ պահված էր։ Եղեռնագործը իր եղբոր արյան մեջ շաղախված ձեռքերը թաթախեց դժբախտ զավակի արյան մեջ…
Փանահ-խանը կատարեց իր խոստմունքը, դավաճան Միրզա-խանին կարգեց Խաչենի վրա մելիք (1755) և այն օրից Հասան-Ջալալյան իշխանների տիրապետությունը համարյա թե ընկավ։ Թե ինքը Մելիք-Միրզա-խանը և թե նրա ժառանգները (Մելիք-Ալլահվերդին[50] և Մելիք-Ղահրամանը) հավատարմությամբ ծառայեցին Շուշիի խաներին և, կտրվելով հայոց մելիքների դաշնակցությունից, անթիվ վնասներ հասցրին Ղարաբաղի հայոց իշխանություններին։
Եվ այսպես Ղարաբաղի հինգ մելիքություններից երկուսը. Վարանդան և Խաչենը, անցան Փանահ-խանի կողմը։
XII
Մնում էին երեք մելիքություններ՝ Գյուլիստանը, Ջրաբերդը և Տիզակը։
Գյուլիսաանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Ալլահ-Կուլի-սոլթանը, իսկ Տիզակում տիրում էր Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։
Տեսնելով, որ մի կողմից Մելիք-Շահնազարը իր բերդը՝ Շուշին, պարգևեց Փանահ-խանին և նրա ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ, մյուս կողմից Խաչենում մի նոր մելիքություն կազմվեցավ, որը նույնպես մահմեդական խանի դաշնակից եղավ, վերոհիշյալ երեք մելիքները ոչ միայն չվհատեցան, այլ իրանց միացած ուժերով սկսեցին սաստիկ պատերազմներ մղել Փանահ-խանի և նրա հայ դաշնակիցների հետ։ Այդ արյունահեղ պատերազմները, որպես կտեսնենք, տևեցին ամբողջ քսան տարի, որոնք խիստ զգալի վնասներ պատճառեցին Ղարաբաղին։
Վերջը Փանահ-խանը անճար մնալով, մտածեց հաշտություն խոսել Ալլահ-Կուլի-սոլթանի, Մելիք-Յուսուբի և Մելիք-Եսայու հետ։ Խաղաղության պայմանների վրա բանակցելու համար որոշվեցավ ոչ թե Շուշի բերդը, այլ մի չեզոք տեղ Ամարասա վանքը։ Ջրաբերդի Ալլահ-Կուլի-սոլթանը ուղարկվեցավ հայոց դաշնակից մելիքների կողմից իբրև հավատարմատար Ամարասա վանքը։ Այնտեղ եկավ և Փանահ-խանը իր հավատարիմ Մելիք-Շահնազարի հետ։
Այդ միջոցներում Փանահ-խանի մոտ միևնույն վանքում տեսության է գալիս Նախիջևանի Հեյդար-Կուլի-խանը։ Երբ նրան ներս են տանում, Փանահ-խանի մոտ նստած է լինում հայոց մելիքների հավատարմատարը՝ Ալլահ-Կուլի-սոլթանը։ Տեսնելով շքեղ կերպով հագնված, հսկայատիպ սոլթանին, Նախիջևանի խանը շփոթվում է և, կարծելով, թե այդ գեղեցիկ տղամարդը լինելու է ինքը Փանահ-խանը, ողջունում է նրան և ամենայն խոնարհությամբ սկզբից նրան է գլուխ տալիս։ Բայց հետո, երբ հասկացնում են նրան իր սխալը, նա հիշեցնում է Փանահ-խանին պարսից երևելի բանաստեղծի՝ Սաադիի խոսքը. «Տասը դերվիշներ կարող են մի փալասի կտորի վրա պառկել, բայց երկու թագավորներ չեն կարող մի աշխարհի մեջ հաշտ ապրել…»։
Այդ խոսքերով նենգավոր նախիջևանցին կամեցավ հասկացնել Փանահ-խանին, թե նրա իշխանությունը չէ կարելի ապահովված համարել, մինչև որ Ղարաբաղում կգտնվեն այս տեսակ նշանավոր հայ պետեր։ Փանահ-խանը, արդարև, դավաճանեց իր պայմանին. Ալլահ-Կուլի-սոլթանին կալանավորեց, տարավ Շուշի բերդում բանտարկեց և մի քանի օրից հետո գլխատել տվեց (1756)։ Այսպես վարվեցավ իր բարերարի հետ, որի մոտ առաջ ծառայում էր նա, և որը ազատեց նրա կյանքը Նադիր-շահի դահիճների ձեռքից…
Այդ անցքը, որի իսկությունը չէ ուրանում և պարսից պատմությունը, Ղարաբաղի ժողովրդական ավանդությունների մեջ լեգենդական ձև է ստացել։ Մինչև այսօր չեն մոռացվել ժողովրդի բերանում այն երգերը, որ հսկա կալանավորը երգում էր իր բանտի մեջ։ Նա կոչում էր իր քաջ եղբորը Մելիք-Աթամին, նա կոչում էր իր անպարտելի նիզակակցին՝ Դալի-Մահրասային, հորդորում էր Շուշին քարուքանդ անել, արյունով շաղախել նրա մոխիրն ու հողը և իրան ազատել բանտից։ Դրանցից և ոչ մեկը չէ հայտնվում. հսկայի ձայնին օգնության է հասնում սիրող կինը. նա Փանահ-խանի հարեմի ամենագեղեցիկն էր։ Գիշերը, կալանավորին ընթրիք տանելու ժամանակ սիրահարված գեղեցկուհին թաքցնում է փլավի մատուցարանի մեջ բանտի և նրա երկաթյա ոտնակապերի բանալիները, որ նա բաց անե և փախչե։ Բայց հսկան պատասխանում է, հայոց քաջերը փախչելու սովորած չեն. եթե ինքը ցանկանա, այդ բանալիներին կարոտություն չունի։ Եվ նա զորավոր ձեռքով փշրում է իր շղթաները և նրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, ետ է ուղարկում, ասելով. «Դավաճանությունը կպատժվի… իր արյունը առանց վրեժխնդրության չի մնա…»։
Ալլահ-Կուլի-սոլթանի աղետալի մահից հետո Ջրաբերդի մելիքության կառավարությունը անցավ նրա կրտսեր եղբոր՝ Մելիք-Աթամի ձեռքը։ Դա իր բոլոր հատկություններով շատ նման էր իր քաջ եղբորը։ Մանկության հասակից իբրև պատանդ պահված լինելով Դաղստանի Խոսրով-սուլթանի մոտ, Մելիք-Աթամը վարժվեցավ տեղային լեռնաբնակների հերոսական հատկությունների մեջ։ Նրան ազատեց այնտեղից Նադիր-շահը իր Դաղստանի արշավանքի ժամանակ։
Զրկելով Ջրաբերդը իր հզոր իշխանից, Փանահ-խանը կարծեց դաշնակից մելիքների ուժերը բոլորովին թուլացած, և նա հանդգնաբար հրաման գրեց Գյուլիստանի Մելիք-Յուսուբին, բացարձակ կերպով պահանջելով նրանից, որ հպատակություն ընդունե։ Այդ ժամանակն էր, որ Մելիք-Յուսուբի որդի Մելիք-Բեգլար II, որը սաստիկ գոռոզ ու դյուրաբորբոք երիտասարդ էր, թույլ չտվեց իր հորը պատասխանելու, ասելով, թե ինքը կտա Փանահ-խանի պատասխանը։ Նա իր սուրը բռնելով խանի պատգամավորի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ բերած հրամանագիրը։ Երբ խեղճ պատգամավորը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիտասարդը ասաց նրան. «Հիմա գնա, ինչ որ կերար այստեղ, նրա արտադրությունը… կլինի Փանահ-խանի պատասխանը…»[51]։
Այդ անցքերից հետո ավելի սաստիկ կերպով բորբոքվեցավ պատերազմը Փանահ-խանի և դաշնակից մելիքների մեջ։ Վարանդայի Մելիք-Շահնազարը և Խաչենի Մելիք-Միրզախանը, ինչպես առաջ, նույնպես և այժմ հավատարիմ մնացին հայոց ոխերիմ խանին։ Ոչ թե միայն իրանց խորհուրդներով, այլ շատ անգամ իրանց զորքերով օգնում էին նրան։ Բայց չնայելով այդ բոլորին, դաշնակից մելիքները (Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Աթամը և Տիզակի Մելիք-Եսային) այն աստիճան նեղության մեջ էին դրել Փանահ-խանին, որ նրա Շուշի բերդը մշտական պաշարման դրության մեջ էին պահում։
Մինչև այսօր առակ է դարձել Ղարաբաղի ժողովրդի մեջ, թե Թյուլի-Արզումանը, Դալի-Մահրասան և Չալաղան-յուզբաշին ամբողջ յոթն տարի թույլ չտվեցին, որ մի թուրք անցկենար Մազե-կամուրջից[52] դեպի Ջրաբերդի և Գյուլիստանի կողմերը։
Հիշյալ երեք անձնավորությունները երեք հերոսներ են, որոնց դեռ ժողովուրդը չէ մոռացել։ Ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել նրանց մեր ընթերցողներին։
Դալի-Մահրասա թուրքաց լեզվով նշանակում է գիժ աբեղա։ Եվ իրավ, այդ մարդը աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե առաքելո վանքի միաբան։ Ամեն ուխտավոր և այսօր կարող է տեսնել հիշյալ վանքում այն բարձր աշտարակը, որի մեջ, առանձնացած վանականների աղոթող միաբանությունից, բնակվում էր «գիժը»։ Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան դալի (գիժ) տիտղոսը տվեց։ Մի այսպիսի տիտղոս կրում էին արևելքի տասնևվեցերորդ դարու հերոսը՝ Քոր-օղլին և նրա խմբի մեջ գտնված քաջերը, դրանք կոչվում էին Քոր-օղլու դալիներ (գժեր)։
Դալի-Մահրասան Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն (բոզ) նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ աբեղային իր կատարած արյունահեղությունների համար։ Սիմոն կաթողաիկոսի ժամանակ նրան տարան Էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե։ Մի օր իր բանտի մեջ լսեց նա, որ վանքում ինչ-որ աղմուկ և իրարանցում է տիրում։ Նրա հարցին պատասխանեցին, թե Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանեցին, հիմա վտանգ կա, որ վանքն էլ կողոպտեն։
— Կարո՞ղ եք տալ ինձ մի ձի և մի քանի զենքեր,— ասաց ապաշխարողը։
Երբ նրա խնդիրը կատարվեցավ, նա նստեց ձին և նետվեցավ ջալալների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձավ նա, ետ բերելով քրդերի տարած ավարը։ Այդ օգուտը վանքին տալուց հետո նրան արձակեցին, խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չանե։ Բայց նա չկատարեց իր խոստմունքը։ Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում և շարունակում էր մասնակցել մելիքների բոլոր պատերազմների մեջ։ Մի անգամ Գանձակ քաղաքի մոտ, լեզգիների հետ պատերազմելու ժամանակ, գիշերը վրա հասավ։ Նա կռվից հոգնած նստել էր գերեզմանաքարի վրա, որ փոքր-ինչ հանգստանա։ Նրա շուրջը ծածկված էր դիակներով, որ ընկել էին իր ձեռքով։ Այդ միջոցին վիրավոր լեզգիներից մեկը, որի շունչը դեռ չէր կտրված, ատրճանակը բարձրացրեց և գնդակով զարկեց նրան։ Քաջի մարմինը թաղվեցավ Գանձակի մայր եկեղեցու գավթում։
Գժի հետ ծանոթացանք, հիմա անցնենք Թյուլի-Արզումանին։
Թյուլի թուրքաց լեզվով նշանակում է ավազակ, բայց ոչ այն տեսակ մանր ավազակներից, որոնք գիշերը ծածուկ կերպով մտնում են քնած քաղաքացու տունը և կողոպտում են նրան։ Թյուլին բացարձակ կերպով է գործում. օր-ցերեկով քարավաններ, գյուղեր և քաղաքներ է կողոպտում։ Այդպես էր և Արզումանը։ Նա Մելիք-Աթամի հոր (Մելիք-Իսրայելի) հովիվի որդին էր, մանկության օրերում ոչխարներ էր արածացնում, իսկ հետո Մելիք-Աթամի ընտիր զորապետներից մեկը դարձավ։
Փանահ-խանը այն աստիճան նեղված էր Թյուլի-Արզումանից, որ մի հնարքով նրա հորը՝ Սարգսին, բռնել տվեց, տարավ Շուշի բերդում իբրև պատանդ պահեց, գուցե դրանով ազատվեր որդու հասցրած վնասներից։ Մի օր խանը ասաց Սարգսին.
— Խրատիր քո որդուն, որ դադարե չարագործությունից. նա Ղարաբաղի երկիրը ավերակ դարձրեց. Մազե-կամուրջը թողեց կարոտ մարդիկների անցուդարձից։
— Ես Արզուման անունով որդի չունեմ,— պատասխանեց ծերունի հայրը սառնասրտությամբ։
— Ինչպե՞ս չունես,— հարցրեց խանը բարկանալով։— Մի՞թե այն արյունարբու Արզումանը, որ իմ երկրները կողոպտում է, որ իմ շինականների տները հրդեհում է, որը ինձ ամեն օր հանգստություն չէ տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ։
— Այո՛, իմ որդին չէ,— պատասխանում է դառնացած ծերունին,— եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չի պիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ…»։
Խանը հրամայեց, իսկույն գլխատեցին հանդուգն ծերունուն։ Իսկ Արզումանը սպանվեցավ Գանձակի պաշարման ժամանակ, որի մանրամասնությունները կտեսնենք հետո։
Չալաղան-Յուզբաշու պատմությունը կարճ է. նա բովանդակվում է հենց իր մականունի մեջ, որ ժողովուրդը տվել էր նրան։ Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ։ Եվ իրավ, նա ավելի մի ավազակապետ էր, քան թե զորապետ։ Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երիցմանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում էին ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ։ Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետը»։ Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդը իր սիրելի հերոսին կոչում էր իր արհեստի անունով։ Այն ևս հայտնի չէ, թե որպիսի վախճան ունեցավ այդ քաջը։ Միայն պատմում են, թե դա էր այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին դեպի ռուսաց արքունիքը և իրանց հայրենիքի փրկության համար օգնություն էին խնդրում։ Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով։
46. Մելիք-Միրզա-բեկ II Մելիք-Բադիի որդին էր, իսկ այդ վերջինը՝ Մելիք-Հուսեինի հորեղբայր Մելիք-Միրզա-բեկ I որդին էր։
47. Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ կին, վերջինը ծնված էր Մելիք-Ավան-խանի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Տիզակի իշխան Մելիք-Ավան-խանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրա-խանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ։
48 Ավետարանոց (Չանախչի) Բերդը շատ անգամ եղել է հանդիսարան արյունոտ գործերի։ Մենք նկարագրեցինք Մելիք-Հուսեին մեծի ժամանակ տեղի ունեցած օսմանցիների կոտորածը այդ բերդում։ 1723 թ. օգոստոս 20-ին ղափանցի Ղանլու-Շաբան անունով հայ իշխանը 300 ձիավորներով հյուր է գալիս Ավետարանոց բերդի Մելիք-Միրզա-բեկի մոտ (Մելիք-Բաղիի որդին)։ Չնայելով, որ Մելիք-Միրզա-բեկը հին ոխ ուներ Ղանլու-Շաբանի հետ, այսուամենայնիվ, սիրով ընդունում է նրան իր տանը և նրա սվիտային որպես հյուրեր բաժանում է իր գյուղացիների տներում։ Գյուղացիները պատվեր են ստանում՝ հենց որ գիշերը Մելիքի տնից լսելի կլինի հրացանի ձայն, ամեն մարդ պատրաստ լինի իր հյուրին սպանելու։ Այսպիսով մի գիշերվա մեջ կոտորում են բոլոր 300 ձիավորներին՝ իրանց իշխանի հետ։ Դա միևնույն Մելիք-Միրզա-բեկն էր, որին Նադիր-շահը գլխատել տվեց։
49. Ուլու-պապի բերդը գտնվում է Խաչեն գետի մոտ, Քարամեջ կամ Օրախաչ գյուղում, Պըտկեսի սուրբ Գևորգ անունով մատուռի մոտ։ Այդ ամրոցին թարքերը կոչում են Բալլու-Կալա։
50. Այդ Մելիք-Ալլահվերդուն պետք չէ շփոթել Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու հետ։
51. Այդ պատմական փաստը չէ մոռացված և «Ղարաբաղի Աստղագետը» կոչված վեպի երկրորդ հատորի 9-րդ գլխում։
52. Մազե-կամուրջ կոչվում է Գարգար գետի վրա գտնված կամուրջը Շուշի բերդի մոտ։
Նախորդը՝ այստեղ։
Սկիզբը՝ այստեղ։