Շոթա Իաթաշվիլի/ Բանաստեղծություններ

Աղավնի Իաթաշվիլին

Ես աղավնի Իաթաշվիլին եմ,
Մ. Կոստավա 46/50-ի բնակարան 28-ում
մեկ շաբաթ առաջ գրանցվեցի:
Փողոցի կողմում՝ պատշգամբում եմ ապրում՝
հին պահարանի ամենավերևի դարակում:
Այստեղ հիմնականում դատարկ, փոշոտ տարաներ
ու շշեր են շարված,
թեպետ կան նաև թթված կոմպոտներ
եւ քացախացած գինիներ:
Երբեմն ննջասենյակ են մտնում
Խատիա, Նատա, Անաստասիա եւ Դիտո Իաթաշվիլիները,
պառկում են, քնում, գրքեր են կարդում,
իսկ ավելի հաճախ խորասուզված են
համակարգչի մեջ,
դրա համար ինձ չեն նկատում:
Դեն եմ թռչում, դես եմ թռչում,
բայց ապարդյուն,
եւ սիրտս ցավում է:
Չէ՞ որ ես էլ եմ արդեն այստեղ գրանցված,
նրանցից մեկն եմ:
Միայն Շոթա Իաթաշվիլին է ինձ նկատում:
Ամեն առավոտ,
հենց արթնանում է,
շշմած նայում է պատուհանից՝
իր մտքերով տարված,
բայց ինձ էլ է ուշադիր նայում,
ու ես էլ եմ ուրախանում,
ղունղունում եմ,
դես ու դեն եմ թռչում,
թռչում եմ իմ վերևի դարակին,
պատշգամբի բազրիքին եմ նստում,
Կոստավայի փողոցին եմ նայում,
հսկում եմ:
Կանգառում մարդիկ են կանգնած,
աշխատանքի են գնում,
գիտեմ՝ Շոթա Իաթաշվիլին էլ շուտով վեր կկենա,
կգնա իր ճանապարհով:
Կամաց-կամաց կմոռանա ինձ,
իսկ երեկոյան նույնիսկ չի էլ նկատի:
Միայն առավոտյան,
երբ արթնանում է,
այդ ժամանակ է ինձ տեսնում և հիշում,
որ ես էլ եմ այստեղ ապրում՝
Աղավնի Իաթաշվիլին:

Բանաստեղծություն գրելու մեթոդ

Խառնի՛ր մարդկանց իրերի հետ,
հետո առանձնացրո՛ւ:
Առանձնացնելուց առաջ
միմյանց հատկություններով կփոխանակվեն:
Ու հետո գրի՛ր մարդկանց մասին իբրև իրերի
եւ, ամենակարևորը, հակառակն էլ:

Խառնի՛ր իրար կապույտն ու դեղինը,
կստանաս կանաչ:
Կամ կապույտն ու կարմիրը,
կստանաս մանուշակագույն:
Շատ բանաստեղծեր էին գույներ սիրում,
հատկապես Թրակլը․
միշտ իրար էր խառնում,
թեպետ երևի կային եւ անպիսիք,
որ ատում էին գույները:

Խառնի՛ր իրար դրախտն ու դժոխքը,
կստանաս Բլեյք:
Կամ ամենաքիչը Միլտոն:
Թեպետ եթե խառնես, իմացի՛ր՝
հետո դժվար կլինի առանձնացնել:

Խառնի՛ր, մի խոսքով, խառնի՛ր:
Լավ, մինչև վերջ խառնի՛ր
Ու հետո փորձի՛ր առանձնացնել:

Դա է պոեզիան, ուրիշ ոչինչ:

Բանաստեղծական փորձի դառնությունը

Նրանք կարող են ապրել:
Ես կարող եմ գրել:
Նրանք կարող են գլխի վրա կայանել մոտոցիկլետները,
ես կարող եմ այս մասին շատ տպավորիչ գրել:
Նրանք կարող են միմյանց երջանիկ գրկել:
Ես կարող եմ նրանց կողքին կծկված կանգնել
եւ մտքումս նրբագեղ նախադասություններ կազմել,
թե ինչպես է մեկը մյուսին ժպտում,
օրինակ․ աղջկա կոշիկները՝ տղայի սաղավարտին,
կամ հակառակը՝ տղայի ջինսը՝ աղջկա շարֆին։
Նրանք կարող են ինձ չնկատել,
ես ճար չունեմ՝ պիտի տեսնեմ նրանց,
բանաստեղծության թեմա են:
Նրանք կարող են ինձնից լավ ապրել,
ես կարող եմ նրանցից լավ գրել:

Թռչողը

Թռավ եւ ճիշտ դուրս եկավ,
գովեցին, օրհնեցին, գլուխ խոնարհեցին նրա առջև:
Թռավ երկրորդ անգամ և կրկին ճիշտ դուրս եկավ,
ընդունեցին, երեսով չտվեցին հացը, ջուրը
եւ սանրը՝ թև-փետուրի համար:
Թռավ երրորդ անգամ եւ այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ.
դիմացան, հարմարվեցին:
Թռավ չորրորդ անգամ եւ սխալ դուրս եկավ,
հրեշտակի հիմար պլագիատ անվանեցին։
Բայց մեկ է, թռավ հինգերորդ անգամ,
կրակեցին,
սպանեցին:

Ապակու գործարան

Մեզ՝ պիոներներիս, էքսկուրսիա տարան
ապակե տարաներ արտադրող գործարան:
Տղամարդիկ կանգնած էին հպարտ,
գլուխները դեպի երկինք էին բարձրացրել ու
փչում էին…
Ինչպես հրեշտակները՝ շեփոր-թմբուկը ավետարանում…
Իսկ մենք կանգնած էինք ապշած ու նայում էինք,
թե շշերն ինչպես էին աստիճանաբար ձև ստանում…
Կանգնած էինք ու նայում էինք…
Ժամանակն էլ անցնում էր…
Ծերանում էինք կամաց-կամաց:

Ծերանում և մահանում էին
այն հրաշալի,
անթրաշ, փորիկով հրեշտակներն էլ,
որ կանգնած էին ապակու գործարանում,
և փչելով արարում էին
գինու, օղու, գարեջրի շշեր…
Հիմա սեղանին շշեր ենք դրել
և լցնում ենք,
լցնում ենք մեզ համար
գինի, օղի, գարեջուր
և խմում ենք, բայց
ամենավատն այն է, որ
մեզնից ոչ մեկը չի հիշում,
որ պարանոցները ձգած՝
կանգնած էին տղամարդիկ և փչում էին,
և շշերը
ծնվում էին իբրև շշեր…

Իսկ մենք՝ պիոներներս, կանգնած էինք:

Սոսնձված եզրեր

Դեռ Մետեխիի եկեղեցին էր:
Հետո՝ ամրոց,
Իսկ հետո՝ արվեստի թանգարան…
Հետո՝ Մետեխիի թատրոն, և
Վերջում՝ կրկին եկեղեցի:
Բոլոր զբոսաշրջիկներին Մետեխի են բարձրացնում:
Ինչ-որ մեկին երևի ասում են,
ինչ-որ մեկին՝ ոչ,
որ այն նախ եկեղեցի էր,
հետո՝ ամրոց, թանգարան, թատրոն եւ
հիմա՝ նորից եկեղեցի…
Հետո չգիտենք՝ ինչ կլինի…
Գիտենք այն, որ
մի մեծ Մետեխի է մեր Թբիլիսին,
եկեղեցին էլ, թանգարանն էլ, ամրոցն էլ, թատրոնն էլ։
Այստեղ նրա բոլոր եզրերը սոսնձվում են:

Կոլումբիացի ֆերմերները Շինդիսի բարձրացան

Նրանց երգերը միամիտ էին,
այնքան միամիտ,
որ ես՝ առանց այդ էլ միամիտս,
դառնում էի ավելի և ավելի միամիտ,
միամտորեն պոկում էի թոնրի հացը
եւ միամտորեն թաթախում աջիկայի մեջ,
միամտորեն ուտում և
միամտորեն լսում միմյանց միահյուսված
վրացերենը, բելառուսերենը, լիտվերենը, իսպաներենը,
ռուսերենն ու անգլերենը:
Հետո պառկեցի հողին, ու
հողն էլ ինձ միամիտ թվաց:
Խմեցի գինի, որի մեջ դեղձի տաշեղներ կային, եւ
այս գինին էլ ինձ միամիտ թվաց:
Վերև նայեցի, և եթե Աստված գոյություն ունի,
երևի միամիտ է՝ մտածեցի,
Աստված սատանային հիշեցրեց, և
եթե սատանան գոյություն ունի,
երևի նա էլ է միամիտ՝ մտածեցի:

Իսկ Շինդիսի բարձրացած կոլումբիացի ֆերմերները
շարունակում էին միամիտ երգերը,
իսկ մեր հյուրընկալ Մամուկա Ջափարիձեն
միամտորեն խորովում էր կուպատիները թոնրում,
միամտորեն լցնում էր մաթը և
միամտորեն խոսում մեզ հետ անմահության մասին:

_______________

Քո մարմնին կպած
ամառային շրջազգեստը
նույնքան է ինձ հուզում,
ինչքան ձմեռային մուշտակի մեջ
փաթաթված հոգիդ:

Չէ՞ որ, կարծում եմ,
նյութափոխանակությունը
միայն օրգանիզմում չի ընթանում:

Չէ՞ որ, կարծում եմ,
շրջազգեստի տարրերը արյանդ մեջ են տեղափոխվում,
իսկ արտաշնչածդ ածխաթթուն
քո փամփլիկ մուշտակի ամպն է:

Սա քիմիա է եւ ոչ թե էրոտիկա։

Սա քիմիա է և գուցե գեղագիտություն էլ,
բայց ոչ մի դեպքում
սիրո ինքնատիպ բացատրություն:

Քո շրջազգեստի եւ հոգու դիֆուզիայի մասին
իմ քիմիայի դասագրքում է գրված:

Մի՛ ասա, որ վուլգար քիմիկոս եմ:

Առանց այն էլ գիտեմ,
որ իմ դեղին շապիկը
առանց ցենզուրայի դեղին է,
եւ Վան Գոգի արևածաղիկների հետ
դիֆուզիայի նշույլ իսկ
չի նշմարվում։

Հեռավոր հաց

Մարդը եկավ քեզ մոտ ու գրկեց քեզ…
Հաց դրեց սեղանին, անցավ ինչ-որ տարածություն,
եկավ քեզ մոտ, հոգուդ վրա ավել քսեց ու գրկեց քեզ…
Մարդը եկավ քեզ մոտ… Մինչ այդ հացի խանութում
գնեց հացը, անցավ առավոտյան փողոցով,
կտրեց փողոցը, եկավ քեզ մոտ,
ճակատիդ վրա երազ քսեց ու գրկեց քեզ…
Մարդը եկավ քեզ մոտ…Ազնիվ աչք ուներ ու
տաք հաց…
Այն թխեց հաճարի փայտով տաքացած թոնրում,
հետո ձեռքը վառելով հանեց, վազեց արշալույսի
հանդարտ զովության միջով, հասցրեց քո սեղանին,
ծաղկամանի ու մածունի տարայի արանքում դրեց,
եկավ քեզ մոտ, սրտիդ վրա ալյուր քսեց ու գրկեց քեզ…
Մարդը եկավ քեզ մոտ… Մինչ այդ՝ նախորդ օրը,
մեջքին գցեց պարկը, աղաց գնաց՝
ջաղացքար նայելու ու ջրի խոխոջյունը լսելու,
իսկ ցորենը աղացին, ինչպես որ հնում էր ծեսը,
եւ լուսաբացին ջրաղացապանին ձեռքով արեց մարդը,
եկավ քո տուն, ճանապարհին լավաշ թխեց,
եկավ ու դրեց սեղանիդ,
ջերմություն քսեց շրթունքիդ ու գրկեց քեզ…
Մարդը եկավ քեզ մոտ… Հեռավոր արտերից,
հերկած ու աշխատած եկավ քեզ մոտ…
Ոչ մի մեծ հարստություն չի բերել հետը…
Միայն մի տաք հաց…
Այն դրեց սեղանին, եկավ քեզ մոտ,
քսեց հողը երկնքին ու գրկեց քեզ…
Մարդը եկավ քեզ մոտ…Ազնիվ քայլ ուներ ու
մեծ ձեռք…
Նա քսեց հոգուդ վրա ավելը, գրկեց քեզ ու
ապագայի համար մի հաց էլ խոստացավ…

Փող

Իմ փողը սիրուն է:
Ահա ծաղիկը, ծառը, երկինքը,
«Ջոկոնդա»-ն։
Նրանք սիրուն են,
բայց իմ փողն էլ սիրուն է:
Գրպանումս է դրված, ու դիպչում եմ ձեռքով,
փոքր է ու սիրալիր:
Հենց այնպես, առանց հարդարանքի է հմայիչ,
կարող եմ ձեզ էլ ցույց տալ
եւ կոճակի անցքին կապել կակաչի նման:

Ի՜մ փողը,
Ի՜մ փողը…

Այն պատկերացում է գունագեղ,
այն աղքատ դեկորացիա է,
այն չգոյության փայլուն մաշկ է:

Կպոկեմ վրայից ու կմտնեմ չգոյության մեջ,
այնտեղ, որտեղ ծաղիկ է, ծառ է, երկինք է,
«Ջոկոնդա» է:

Կմտնեմ:

Կմտնեմ:

Մի տոմս ինձ համար,
մեկն էլ ձեզ համար, հրավիրում եմ ձեզ:

Գիտե՞ք՝ կյանքը գեղեցիկ է,
եթե նրա մեջ սիրուն փողով ես մտնում:

Երբ ծերանամ,
մտածում եմ իմ սիրուն փողը
կյանքի թանգարանին փոխանցել՝
մշտական ցուցադրման:

Մարդիկ կգան ու կհիանան՝
իմ սիրուն փողին նայելով:
Նրանք կկանգնեն երկար, հուզված,
հետո կգնան իրենց տները և կմտածեն այն մասին,
թե ինչքան լավ է,
երբ ունես սիրուն կյանք,
սիրուն տուն,
սիրուն բանաստեղծություն:

Նրանք կմտածեն այն մասին,
թե ինչքան լավ է,
երբ քո փողը սիրուն է
քո հղի կնոջ նման:

Թարգմանեց Ասյա Դարբինյանը

․․

․․․

Please follow and like us: