Հատված «Չեռնոբիլյան աղոթք․ ապագայի քրոնիկոն» գրքից
Ձեզ փաստ՞եր են հարկավոր, այն օրերի մանրամասնե՞րը, թե՞ իմ պատմությունը։
Ես այնտեղ լուսանկարիչ դարձա։ Մինչ այդ երբևէ չեմ զբաղվել լուսանկարչությամբ, իսկ էնտեղ հանկարծ սկսեցի լուսանկարել, շատ պատահաբար մի լուսանկարչական սարք էր մոտս հայտնվել։ Էնպես, ուղղակի, ինքս ինձ համար։ Իսկ այժմ դա իմ մասնագիտությունն է։ Ես չկարողացա ազատվել նոր զգացողություններից, որոնք ապրեցի, դրանք անցողիկ ապրումներ չէին, այլ մի ամբողջական հոգևոր պատմություն։ Ես փոխվեցի։ Աշխարհը այլ կերպ տեսա։ Իմ կյանքի իմաստը․․․ հասկանու՞մ եք։
(Խոսում է ու սեղանին, աթոռներին, պատուհանագոգին դասավորում լուսանկարները․հսկայական, սայլի անիվի մեծության արևածաղիկ, դատարկված գյուղում արագիլի բույն, գյուղական մենավոր գերեզմանատունը՝ «Ճառագայթման բարձր մակարդակ․ մուտքն ու ելքը արգելված է» գրությամբ ցուցանակը դարպասին, կողպված պատուհաններով տան բակում մանկասայլակ, որին թառել է ագռավը, ինչպես իր բնի վրա, հինավուրց կռունկների սեպաձև երամի ճախրանքը լքված արտերի վրա)։
Հարցնում եմ․
-Ինչու՞ չես աշխատում գունավոր երիզով, գույներով։
-Բայց չէ՞ որ Չեռնոբիլը․․․ սև իրականություն է, այլ գույներ գոյություն չունեն։
Իմ պատմությու՞նը։ Այդ ամենին մեկնաբանությու՞ն (ցույց է տալիս լուսանկարները)։ Լավ, կփորձեմ։ Հասկանու՞մ եք, այդ ամենն այստեղ կա (նորից է մատնացույց անում լուսանկարները)։ Այն ժամանակ ես աշխատում էի գործարանում ու հեռակա ուսանում համալսարանի պատմության ֆակուլտետում։ Ես երկրորդ կարգի փականագործ էի։ Մեզնից մի խումբ կազմեցին ու արտահերթ ուղարկեցին, ասես ֆրոնտ գնայինք։
-Ու՞ր ենք մեկնում։
-Ուր հրամայեն։
-Ի՞նչ պիտի անենք։
-Ինչ հրամայեն։
-Բայց մենք շինարար ենք։
-Դե ուրեմն կկառուցեք, կվերակառուցեք։
Կառուցում էինք օժանդակ շինություններ՝ լվացքատներ, պահեստներ, շվաքարաններ։
Ես ցեմենտ էի բեռնաթափում։ Ի՞նչ ցեմենտ է, որտեղի՞ց է՝ ոչ ոք չէր ստուգում։ Բարձում էինք, դատարկում։ Ամբողջ օրը բահով փորում ես, երեկոյան մենակ ատամներն են փայլում։ Ցեմենտե մարդ, մոխրագույն՝ ոտից գլուխ,և բանվորական համազգեստն էլ։ Երեկոյան թափ եմ տալիս, հասկանու՞մ եք, իսկ առավոտյան նորից հագնում։ Մեզ հետ քաղաքական զրույցներ էին վարում։ Հերոսներ, սխրանք, առաջնագիծ։ Զինվորական բառապաշար։ Իսկ ի՞նչ է բէռ*-ը, «Կյուրին» միլիռենտգենը։ Հարցեր ենք տալիս, հրամանատարը չի կարողանում պատասխանել, ռազմական ուսումնարանում այդ ամենը չէին սովորեցրել։ Միլի, միկրո․․․չինական գրագիտություն։
-Ինչների՞դ է պետք էդ ամենն իմանալը։ Միայն հրամանները կատարեք։ Էստեղ դուք զինվոր եք։
-Մենք զինվոր ենք, ոչ թե կալանավոր։
Հանձնաժողովը ժամանեց։
-Դե՜,- հանգստացնում են,- ամեն ինչ կարգին է։ Ֆոնը նորմալ է։ Իսկ այ էստեղից մի չորս կիլոմետր այն կողմ ապրել չի կարելի, մարդկանց պիտի տեղափոխեն այլ վայր։ Իսկ ձեզ մոտ հանգիստ է։
Նրանց հետ դոզիմետրով մեկը կա, վերցրեց ու միացրեց էդ արկղը, որ ուսից կախված էր, և երկար ձողով մեր սապոգները որոշեց ստուգել։ Մեկ էլ այնպես մի կողմ ցատկեց, անսպասելի մի ռեակցիա․․․
Եվ ահա սկսվում է ամենահետաքրքիրը ձեզ համար՝ հատկապես որպես գրողի։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն երկար մենք հիշեցինք այդ պահը։ Դե, քարը պայթի, մի քանի օր։ Հա, մեր մարդը ունակ չէ, էլի, մտածելու մենակ իր մասին, իր սեփական կյանքի, այսպիսի համակարգով սահմանափակված մնալու։ Մեր քաղաքական գործիչներն ընդունակ չեն մտածելու կյանքի արժեքի և հենց մարդու մասին։ Հասկանու՞մ եք։ Մենք էդպես չենք ստեղծված։ Մենք ուրիշ խմորից ենք։ Իհարկե բոլորս էլ էնտեղ խմում էինք, էն էլ ո՜նց էինք խմում։ Գիշերն էլ ոչ մի սթափ մարդ չէր մնում, բայց չէինք խմում հարվելու համար, այլ՝ որ կարողանայինք խոսել։ Առաջին երկու բաժակից հետո մեկը թախծում էր, հիշում կնոջն ու երեխաներին, իր աշխատանքից պատմում, ղեկավարությանը հայհոյում։ Բայց հետո՝ մեկ-երկու շիշ դատարկելուց հետո․․․բոլոր զրույցները միայն երկրի ճակատագրի ու Տիեզերքի ստեղծման մասին էին։ Գորբաչովի ու Լիգաչովի մասին վեճեր, Ստալինի մասին, մե՞ծ տերություն ենք մենք, թե՞ չէ, կտանք-կանցնե՞նք ամերիկացիներին, թե՞ չէ։ Ութսունվեց թիվը․․․Ու՞մ ինքնաթիռներն են ավելի լավը, տիեզերանավերը հուսալի՞ են։ Դե, Չեռնոբիլը պայթեց, բայց մեր մարդը առաջինը թռավ տիեզերք։ Հասկանու՞մ եք, մինչև խռխռալը, մինչ առավոտ․․․Այն մասին, թե ինչու՞ մենք դոզի- մետրեր չունենք ու մեզ ամեն դեպքում ինչ-որ փոշիներ չեն տալիս ապահովության համար։
Ոչ էլ լվացքի մեքենաներ ունենք, որ համազգեստը լվանանք ամեն օր, ոչ թե ամիսը երկու անգամ։ Սա քննարկվում էր ամենավերջում։ Հպանցիկ։ Դե, հասկանում ես, մենք էդպես ենք ստեղծված։ Գրողը տանի․․․
Օղին ոսկուց թանկ էր։ Առնելու հնար չկար։ Շուրջբոլորը գյուղերում լրիվ խմել էին․օղին, սամոգոնը, լոսյոնը, մինչև անգամ հերթը հասել էր լաքին ու աերոզոլներին։ Սեղանին սամոգոնի երեքլիտրանոց տարան էր կամ Շիպր օդեկոլոնը։ Ու զրույցներ, զրույցներ․․․իսկական ինտերնացիոնալ՝ ռուսներ, բելառուսներ, ղազախներ, ուկրաինացիներ։ Փիլիսոփայական զրույցներ․․․
Այն մասին, որ մենք մատերիալիզմի գերիներ ենք, իսկ մատերիալիզմը մեզ սահմանափակում է առարկայական աշխարհով։ Չեռնոբիլը ելք է դեպի անվերջություն։ Հիշում եմ՝ ինչպես էինք բանավիճում ռուսական մշակույթի ճակատագրի շուրջ, դեպի ողբերգականություն նրա ձգտման մասին։ Առանց մահվան ստվերի ոչինչ հնարավոր չէ հասկանալ։ Միայն ռուսական մշակույթի հենքի վրա կարելի կլինի իմաստավորել աղետը։ Միայն նա էր դրան պատրաստ։ Ապրում էր կանխազգացումով։ Վախենում էին ռումբից, ատոմային սնկից, ու տես՝ ինչ եղավ։ Հիրոսիման սարսափելի, բայց արդեն հասկանալի բան է։ Իսկ էստեղ․․․Գիտենք՝ ինչպես է տունը վառվում լուցկուց կամ արկի պայթյունից, իսկ այ սա ոչ մի բանի նման չէ։ Լուրեր էին պտտվում, թե կրակը երկրային չէ, այսինքն՝ կրակ էլ չէ, այլ ինչ-որ լույս։ Ցոլանք։ Փայլատակում։ Ոչ կապտերանգ, այլ լազուր։ Եվ ոչ էլ ծուխ։
Գիտնականներն առաջ բազմած էին աստվածների տեղում, իսկ հիմա ընկած հրեշտակներ են, չարքեր։ Մարդկային բնությունը այդպես էլ գաղտնի ու խորհրդավոր մնաց նրանց համար։ Ես ռուս եմ, Բրյանշինայից։ Մեզ մոտ, հասկանու՞մ եք, ծերուկը շեմին նստած է, տունը թեքվել է, քիչ է մնում՝ փուլ գա, իսկ նա փիլիսոփայում է, աշխարհն է վերափոխում։ Ցանկացած գործարանային ծխարանում մի Արիստոտել հաստատ կգտնվի։ Նույնիսկ գարեջրատանը։ Իսկ մենք հենց ռեակտորի տակն ենք։
Մեզ մոտ գալիս էին լրագրողներ, ինչ-որ հորինված սյուժեներով բաներ էին նկարում։ Լքված տան պատուհանը բացում, գոգին ջութակը դնում, նկարում էին,անունն էլ դնում չեռնոբիլյան սիմֆոնիա։ Բայց իրականում ոչինչ էլ ախր պետք չէր էնտեղ հորինել։ Ուզում էի հիշողության մեջ պահել ամենը․ դպրոցի բակում տրակտորի տրորած գլոբուսը, պատշգամբում տարիներ շարունակ կախված ու արդեն սևացած լվացքը, անձրևներից քրքրված տիկնիկները։ Լքված եղբայրական գերեզմանները։ Նրանց վրա աճած խոտը գիպսե զինվորների բոյին է, իսկ գիպսե ինքնաձիգերի վրա թռչնաբներ են։ Տների դռները կոտրած են, կողոպտիչները տարել են ամեն ինչ, իսկ վարագույրները փակ են։ Մարդիկ հեռացան, նրանց լուսանկարները մնացին՝ տներում ապրելու։ Ինչպես նրանց հոգիները։ Չկար ոչինչ անկարևոր կամ աննշան։ Ամեն բան ցանկալի էր մտապահել հստակ ու մանրամասն․օրվա ժամը, երբ այդ ամենը տեսա, երկնքի գույնը, սեփական զգացողությունները։ Հասկանու՞մ եք։ Մարդն այս վայրերից հեռացել էր ընդմիշտ։ Իսկ ի՞նչ է դա։ Մենք առաջիններից էինք, որ վերապրեցինք այդ «ընդմիշտը»։ Չի կարելի ոչ մի մանրուք բաց թողնել ։ Ծեր գեղջուկների դեմքերը, որ նման էին սրբապատկերների։ Նրանք ամենաքիչն էին հասկանում՝ ինչ էր կատարվել։ Այդ մարդիկ երբեք չէին լքել սեփական բակն ու հողը։ Լույս աշխարհ էին եկել, սիրել-սիրվել, քրտինքով վաստակում էին իրենց հացը հանապազօրյա, շարունակում էին իրենց տոհմը։ Սպասում էին թոռներին։ Ու կյանքը ապրելով ՝ հնազանդ լքում էին այդ հողը, նրա մեջ էլ հենց հող դառնալով։ Բելառուսական խրճիթը՝ խատան․․․ մեզ ՝ քաղաքաբնակներիս համար տուն է, կյանքի մեքենա։ Իսկ նրանց համար մի ամբողջ աշխարհ։ Տիեզերք։ Անցնում ես դատարկ գյուղերով․․․ Եվ այնպե՜ս ես ուզում մարդկանց հանդիպել․․․
Ես ուզում էի այդ ամենը մտապահել։ Ես սկսեցի լուսանկարել։ Սա է իմ պատմությունը։
Վերջերս թաղեցի ծանոթիս, ում հետ եղել էի էնտեղ։ Նա մեռավ արյան քաղցկեղից։ Հուղարկավորեցինք։ Սլավոնական ավանդույթով խմեցինք, հոգեհաց կերանք, հասկանու՞մ եք։ Ու սկսվեցին զրույցները մինչև կեսգիշեր։ Սկզբում հենց նրա՝ հեռացածի մասին,իսկ հետո՞։
Իսկ հետո նորից երկրի ճակատագրի ու Տիեզերքի ստեղծման մասին։ Ռուսական զորքերը դուրս կգա՞ն Չեչնիայից, թե՞ չէ։ Կսկսվի՞ արդյոք Կովկասյան երկրորդ պատերազմը, թե՞ արդեն իսկ ընթացքի մեջ է։ Ի՞նչ շանսեր ունի Ժիրինովսկին նախագահ դառնալու հարցում։ Իսկ ի՞նչ հնարավորություններ ունի Ելցինը։ Անգլիական թագի ու Դիանա արքայադստեր մասին։ Ռուսական միապետության մասին։ Չեռնոբիլի․․․ Հիմա արդեն վարկածները տարբեր են։ Մեկն այն է, որ այլմոլորակայինները գիտեին աղետի մասին ու օգնեցին մեզ, մյուսն էլ այն է, որ դա ինչ-որ տիեզերական էքսպերիմենտ էր, և որոշ ժամանակ անց կծնվեն երեխաներ՝ տաղանդի գերհնարավորություններով, անսովոր։ Իսկ գուցե բելառուսները կանհետանա՞ն, ինչպես մի ժամանակ անհետացել են մյուս ազգերը՝ սկյութները, խազարները, սարմատները, կիմերներն ու հուաստեկները։ Մենք մետաֆիզիկներ ենք։ Մենք ապրում ենք ոչ թե հողի վրա, այլ երազներում, զրույցներում, բառերի մեջ․․․ Առօրյա կյանքին մեզ պետք է ինչ-որ բան ավելացնել, որպեսզի հասկանանք այն։ Նույնիսկ մահի կողքին․․․
Սա է իմ պատմությունը․․․ես պատմեցի․․․
Ինչու սկսեցի լուսանկարել, որովհետև բառերս չէին հերիքում․․․
Վիկտոր Լատուն, լուսանկարիչ
*բէռ- կամ զիվերտ․ միավորների միջազգային համակարգի արդյունավետ և համարժեք իոնացնող ճառագայթման չափաբաժնի չափման միավոր
ռուսերենից թարգմանությունը՝ Մարինա Գևորգյանի