Հեռախոսը շարունակում էր համառորեն մոլեգնել, ուստի ես պոկ եկա Նատաշայից եւ վերցրի խոսափողը․
-Յես, այ էմ սոռռի, կարո՞ղ եմ ես սպիկ տու միստեռ Լիմոնով։
Թղթակցի տախտակ առոգանությունից իսկույն կռահեցի, որ էքս-հայրենակից է։
– Լիմոնովը լսում է ձեզ։ Կարող եք անցնել ռուսերենի։
– Կներեք, որ անհանգստացնում եմ ձեզ, բայց ես կցանկանայի խոսել ձեզ հետ։ Իմ անունը Վալերի է։
– Սկսեք, Վալերի, ես համակ ուշադրություն եմ։
– Կուզեի դեմ առ դեմ խոսել, կարո՞ղ եք գալ Դեթրոյթ-սթրիթի եւ Ուիլշիր ծառուղու անկյունը։
– Իսկ ինձնից ձեր ուզածն ի՞նչ է, կարո՞ղ է մի երկու բառով ասեք։
– Նախընտրում եմ ոչ հեռախոսով։
– Լսեք,- ասացի ես,- իմիջիայլոց, դուք հանել եք ինձ մի տիկնոջ վրայից, եւ ուզում եք, որ ես տիկնոջը թողած՝ ներկայանամ ինչ-որ սիկտիրչի խաչմերուկ։ Ընդ որում, փողոցում անձրեւ է։ Կարո՞ղ եմ գոնե իմանալ՝ ինչ հաշիվ է։ Էս ի՞նչ գաղտնիություն է, դուք ի՞նչ է, շպիո՞ն եք։
– Ներողություն եմ խնդրում,- լկտին նույնիսկ հոգոց հանեց խոսափողի մեջ՝ ապացուցելու համար, թե որքան է իրեն մեղավոր զգում,- ձեր ստեղծագործության հետ է կապված։ Ես ձեզնից շատ ժամանակ չեմ խլի։ Ամենաշատը քսան րոպե։ Ուիլշիրի եւ Դեթրոյթ-սթրիթի անկույնը ձեր մոտից երկու քայլ է։ Ես նստած կլինեմ մեծ, կարմիր ավտոմեքենայի մեջ։ Ձեռքիս կլինի տեղական, ռուսական լրագիրը։
– Լրագիր պետք չի,- ասացի ես,- կարմիր մեքենան բավարար է։ Իսկ դուք ի՞նչ տեսք ունեք։
– Ես ճաղատ եմ, արեւայրուքից թխացած մաշկով․․․ Մուգ ակնոցով ու կարճ տաբատով։ Ուրեմն սպասե՞մ ձեզ։
Մի պահ մտքով ընկա։
– Օքեյ։ Սպասեք։ Կգամ,- և դրեցի խոսափողը։- Խորհրդավոր անծանոթը ինձ ժամադրության է կանչում։ Ինչ-որ Վալերի։ Սպասելու է Ուիլշիրի եւ Դեթրոյթ-սթրիթի անկյունում՝ կարմիր ավտոմեքենայի մեջ նստած։ Հույս ունեմ՝ շպիոն է։
– Դու նրան գիտե՞ս,- հարցրեց Նատաշկան՝ հենվելով արմունկին եւ տուփից սիգարետ հանելով։
– Պատկերացում չունեմ, թե ով ու ինչ արած է։ Հայտարարեց, որ գործը իմ ստեղծագործությունների հետ է կապված։
– Մի գնա,- ասաց Նատաշկան,- հիմա էլ տանեն, տիրումեր անեն,- դու չես պատկերացնում՝ ինչ վայրենիներ կան էս Լոս- Անջելեսում։
– Ո՞ւմ խեռին եմ ես պետք, Նատաշա։
– Դու էիր ասում, թե թշնամիներ ունես։
– Ունեմ, բայց ոչ Լոս-Անջելեսում։
– Ինձնից մի բոյ-ֆրենդ արդեն սպանել են,- ասաց նա մտամոլոր,- փողոցի ավտոմատից էր զանգել։Կրակել էին։ Նա նույնիսկ թշնամի չուներ։ Խոսափողը օդում կախ ընկած մնացել, ճոճվում էր։
– Մակարոնի՞ մասին ես խոսում։ Նա քո բոյ-ֆրե՞նդն էր։
Ես հիշեցի գեղեցիկ ու թուխ երիտասարդի լուսանկարը։ Անձնական թշնամիներ կարող է եւ չուներ, բայց նա կոկայինի դիլեր էր։ Եվ խոշոր։
– Շինվում էինք մի քանի շաբաթ,- ասաց նա ավելորդ սանձարձակությամբ։ Շփոթվելիս նա միշտ անպարկեշտ էր դառնում։- Դու ամեն դեպքում գնո՞ւմ ես,- նա կարմիր ծածկոցը քաշեց մինչեւ ծնոտը։
Իմ ընկերուհու դեմքն ընդունեց ներողամիտ-տխուր արտահայտություն, որով կանայք սովորաբար հայտնում են, որ լվանում են ձեռքերը տղամարդկանց ակնհայտ տխմարության առջեւ։ Մի շաբաթ էր, ինչ անկայուն հաջողությամբ սիրով էինք զբաղվում տեղական ռուսական թերթի խմբագրի ամուրիական բնակարանում։ Ես Կալիֆորնիա էի թռել դասախոսություն կարդալու համար եւ հանդիպել էի նրան։ Մենք հասցրել էինք վարժվել իրար։
Ես դուռն էի բացում, երբ նա նետեց հատակին դրված ներքնակի վրայից՝ որպես վերջին փաստարկ․
– Եվ որտեղի՞ց էր նա իմացել ոչ միայն հեռախոսիդ համարը, այլեւ հասցեդ։ Հարցրի՞ր՝ ով է հասցեդ տվել։
– Ոչ։ Հանգստացիր։ Ես շուտ կգամ։
Լոսանջելեսյան ծույլ անձրեւը պղպջակում էր ջրափոսերը։ Մայթը բոլորովին դատարկ էր, փոխարենը երկաթյա արկղերի բազմությունը արդուկում էր փողոցի երթեւեկելի մասը։ Վերոհիշյալ անկյունում, մետաղական ցանցալարով ցանկապատված ամայի տարածքի մոտ, որ օգտագործվում էր որպես կայանատեղի, կիսով չափ մայթին թիկն տված, ծանրումեծ նստած էր կարմիր մեքենան՝ բոլոր չորս ակների վրա։ Նա ինձ էր նայում հետույքով, եւ վարորդի պատուհանից դուրս էր ցցված վարորդի արմունկը։ Երբ ես հասա մեքենային, վարորդը դուրս եկավ հրեշի մեջից։ Ինձնից մի գլուխ բոյով։ Հզոր, մերկ ծնկները փայլում էին փռչոտ ոտքերի վրա։
– Վալերի,- ներկայացավ նա եւ չհայտնեց ազգանունը։- Նստեք,- ցույց տվեց վարորդի կողքի նստատեղը։
Ես մեքենայի առջեւով անցա մյուս կողմն ու քաշեցի դուռը։ Փակ էր։
– Կներեք,- նա նստեց վարորդի նստարանին եւ, ձգվելով ու վեր քաշելով գաղտնի փականը, բացեց դուռը։ Նրա ավտոմեքենան լայն էր։ Ես նստեցի։ Նա բացեց «Sobranie»-ի տուփն ու առաջարկեց ինձ օգտվել։
– Շնորհակալ եմ։ Չեմ ծխում։ Թարգել եմ։
– Նախ եւ առաջ ես պետք է ներկայանամ,- սկսեց նա՝ ծուխը փչելով պատուհանից դուրս եւ բարեկրթորեն ափով հեռացնելով իմ քթի մոտից ծխի մնացորդները,- մասնագիտությամբ ես կինեմատոգրաֆիստ եմ։ Կիեւում աշխատել եմ Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Չաճեցի մինչեւ ռեժիսոր դառնալը, բայց եղել եմ եւ գլխավոր օգնական, եւ օպերատոր, վերջին տարիներին էլ կինոնկարի տնօրեն եմ աշխատել։ Դուք գիտե՞ք դա ինչ հաստիք է՝ կինոնկարի տնօրենը։
– Այնքան էլ լավ չեմ պատկերացնում,- ասացի,- ես միշտ հեռու եմ եղել կինոբիզնեսից։
Իմ ռոմանտիկ ակնկալիքները չարդարացան։ Ես սպասում էի, որ ինձ փորձելու է հավաքագրել սովետական գործակալը։ Հիասթափված էի։
– Կինոնկարի տնօրենը մոտավորապես նյունն է, ինչ այստեղի՝ Նահանգների էքզեքյութիվ փրոդյուսերը։ Ես պատասխանատու էի ֆիլմի համար՝ ֆինանսական մասի, տեղում նկարահանումները կազմակերպելու, ամեն ինչի, ընդհուպ նկարահանող խմբի անդամների առողջության, անգամ ոստիկանի գործ էի անում՝ հետեւում էի, որ գլխավոր հերոսը կենտրոնական տեսարանների նկարահանման նախօրեին մահացու չլակի։ Ես միշտ ցանկություն եմ ունեցել ինքս ֆիլմ ստեղծելու, բայց ո՞նց ասեմ, ոչ սովետական՝ սենտիմենտալ եւ շարքային, այլ իսկական ֆիլմ։ Որպեսզի մեջը ամեն ինչ լինի՝ եւ կիրք, եւ սեքս։ Եւ ոչ թե սովետական պուրիտանական սեքս, այլ իսկական, առողջ։
Քանի որ պարզվեց, որ նա շպիոն չէ, ես որոշեցի առավելագույնս կրճատել մարդկային ցեղի սովորական ներկայացուցչի հետ հանդիպումը, որ չգիտես ինչու ընտրել էր աշխատելու՝ պաշտոնով չնախատեսված մեթոդը։ Ինչպես եւ Օսկար Ուայլդին, սովորական մարդիկ ինձ չէին հետաքրքրում։
– Ներեցեք, ես լավ չեմ հասկանում, թե ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել,- եւ անքաղաքավարությամբ նայեցի ժամացույցին։ Եթե դու թուլություն ցուցաբերես, նրանք գլխիդ կնստեն՝ այդ սովորական ներկայացուցիչները։
– Հիմա ամեն բան կհասկանաք,- նա խորասուզվեց խաղաթղթերի, ձեռնոցների եւ ատրճանակների համար նախատեսված բաժնում եւ այնտեղից հանեց ռուսերեն գրված իմ առաջին վեպը։ Երկրորդ հրատարակությունը։ Կարմիր սիրտը դեռ վառվում էր կոկորդում, բայց գիրքն արդեն ոնց որ «յելոուփեյջս» լիներ՝ նյույորքյան «Գրանդ Սենթրալ» կայարանի հեռախոսախցիկից։- Երբ ես կարդացի ձեր վեպը,- նա բերանով օդ կուլ տալու շարժումներ արեց։ Եվս մի երկրպագու։ Ստիպված եմ քաղաքավարի եւ ուշադիր լինել, չի կարելի իզուր տեղը նեղացնել մարդկանց,- երբ կարդացի ձեր վեպը, ցնցված էի։ Ձեր վեպում կար ամենը, ինչ ես կցանկանայի տեսնել իմ ֆիլմում՝ սեքս, կիրք, բռնություն, օտար եւ թշնամական միջավայր, սարսափելի աշխարհ․․․
– Գրողի համար միշտ հաճելի է հանդիպել իրեն հասկացող ընթերցողի։ Ես շատ զգացված եմ։ Դրա համար էլ մենք՝ գրողներս, աշխատում ենք,- ես ցանկանում էի սովորական, ուղիղ քծնանքի ու դեմագոգիայի բաժինը շպրտել նրան, որ արագ պոկ գար ինձնից, իսկ ես վերադառնայի Նատաշայի մարմնին ու փորձեի նրա հետ հասնել այն բանին, ինչին չհասցրինք հասնել այս մարդու զանգից առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ համատեղ օրգազմի։
Նա լկտիաբար ձեռքը թափ տվեց այնպես, որ այդ ժեսթը քամահրանքով իմ բերանը փակելու իմաստ ձեռք բերեց․
– Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ չեք հասկանում, թե որքան կինեմատոգրաֆիկ է ձեր վեպը։ Շատ հազվադեպ է պատահում, որ բոլոր տարրերը ամուր հյուսվեն մի միասնական կառույցի մեջ։
– Էդ ինչի չեմ հասկանո՞ւմ, որ,- վրդովվեցի ես, էս գավառական կիեւցու գլխին բամփել էր պետք,- շատ լավ էլ հասկանում եմ։ Իմիջիայլոց, գրքով առաջին հետաքրքրվողներից մեկը ինքը՝ Շլոնդորֆն էր, որ կարդացել էր այն ֆրանսերեն։ Հետո այդ պրոյեկտից, իհարկե, ոչինչ չստացվեց նրա պրոդյուսերների մեղքով, սակայն ես հանդիպեցի նրան Նյու-Յորքում եւ նրանից ահագին հաճոյախոսություններ լսեցի իմ վեպի մասին։
– Շլոն․․․ ո՞վ,- հարցրեց նա։
«Տեր Աստված, էս արարածը չգիտի նույնիսկ, թե ով է Շլոնդորֆը ու դեռ դատողություններ է անում վեպերի կինեմատոգրաֆիկական լինել-չլինելու մասին»։
– Վոլքեր Շլոնդորֆը՝ գերմանացի ռեժիսոր, որ ի թիվս այլ բաների բեմադրել է նաեւ «Լե Տամբուր»- ը։
Ես հանկարծ հիշեցի, որ Ամերիկայում եմ, ու որ սրանք ոչ մի բան չգիտեն սեփական հոլիվուդյան տուֆտեքից բացի։ Սակայն «Լե-Տամբուր»-ը ժամանակին աղմուկ էր հարուցել նաեւ Նյու-Յորքում։
– «Թին-դրամ»,- բացականչեցի ես՝ հիշելով, որ ֆիլմն այդ վերնագրով էր գնում Միացյալ Նահանգներում,- դուք տեսե՞լ եք «Թին-դրամ»-ը։
– Ա՜հ, հա՜,- ծոր տվեց,- դա․․․ Ասում են շատ ինետլիգենտ կինո է։ Մեր Անդրեյ Տարկովսկու նման։ Ես չեմ տեսել, բայց ինձ պատմել են․․․ Եվ ի՞նչ, ձեր գործի վրա ֆիլմ նկարեցի՞ն։
– Ոչ,- ասացի ես,- այդ ֆիլմը չարեցին։ Ցավոք։ Մի ֆրանսիացի ռեժիսոր ուզում է իրավունքը առնել, բայց մինչ օրս պրոդյուսեր չի գտել,- ես թոթվեցի ուսերս,- ես որոշել եմ էլ էս գործի մեջ չմտնել։ Կանեն – չեն անի, ես գրող եմ, իմ գործը գրելն է եւ գիրք հրապարակելը, ոչ թե ռեժիսորներ որսալը եւ դարդ անելը եւս մի չիրականացած կինո-երազանքի համար։
Նրա դեմքը շողարձակում էր․
– Այդ ես եմ նկարելու ձեր ֆիլմը ի վերջո։
– Խնդրեմ, նկարեք,- ասացի ես,- ես երջանիկ կլինեմ։ Դուք փող ունե՞ք իրավունքը գնելու համար։
Մեր կողքով մի մեքսիկացի պատանի անցավ՝ անձրեւանոցով, ուսին՝ խլացուցիչ ձայնով խռխռացող տրանզիստոր, հագին ջինս, անթեւ թի-շըրթ։ Նեղ, բայց մկանուտ ուսերով։ Ես վստահ էի, որ պատանու մոտ ավելի շատ փող կար, քան իմ զրուցակցի։ Սակայն ես սովոր եմ մոլագարներին, եւ նրանք ինձ չեն վրդովեցնում։
– Այսօր ես այդ կարգի փող չունեմ,- ասաց նա հպարտ,- բայց կունենամ։
– Այ երբ կունենաք․․․
Ես թեթեւակի թեքվեցի դեպի մեքենայի դուռը։ Ուզում էի ավելացնել իմ վերջին էքս-կնոջ սիրելի խոսքը՝ փող չունես, ոռիդ ցախավել կապի, բայց մտածեցի, որ շատ կվիրավորվի։ Նա ինձ այնպես էր նայում, որ պարզ էր` կիեւցի Վալերին գոհ է, իմ մասին ունեցած նրա վատթարագույն պատկերացումները հաստատվել են։
– Հեյ,- ասացի,- Ֆրանսիայում բոլորովին էն գները չեն, ինչ ձեզ մոտ։ Սարսափելի բան չկա։ Մի երեք հարյուր հազար ֆրանկով իմ հրատարակչությունը կծախի ձեզ կինոիրավունքը։ Շնորհակալություն ուշադրության համար, ես գնացի։ Ինձ կին է սպասում։ Անկողնում։
– Կսպասի,- ասաց նա լկտիաբար։
«Առը հա քեզ,- մտածեցի ես,- մնում է ատրճանակը հանի ու նախկին սովետական-նորամերիկյան մաֆիոզների լավագույն ստանդարտներով դնի քունքիս»։
– Նատաշան խելացի կին է,- ավելացրեց՝ դրսեւորելով զարմանալի տեղյակություն ամեն ինչից,- խելագար է, իհարկե․․․ Նա կսպասի։ Ես ըստ էության ձեր վեպի մասին չէի ուզում խոսել։ Վստահ եմ, որ ձեր գրքի հիման վրա ֆիլմը կնկարեմ։ Ես միշտ հասել եմ նրան, ինչ ցանկացել եմ։ Իսկ այսօր կարող եմ ձեզ աշխատանք առաջարկել։ Բանն այն է, որ ցանկանում եմ նկարել առաջին ռուսական պոռնոֆիլմը։ Արդեն հավաքել եմ անհրաժեշտ փողը։
– Այ սա արդեն գործի մասին է,- ուրախացա ես։ Խուլիգանական մտահղացումները ինձ միշտ ոգեշնչել են եւ սրանից դեռ տարիներ առաջ, Նյու-Յորքում ես լրջորեն մտմտում էի նկարվել պոռնոֆիլմում, երախտապարտ սերունդներին թողնել գրողական անդամը խոշոր պլանով,- պատրաստ եմ առաջարկել իմ մարմինը։ Ճիշտ է՝ ես դեռ երբեք չեմ նկարվել պոռնոֆիլմում։ Եվ պետք է զգուշացնեմ ձեզ, որ ես շատ զգայուն եմ։ Կարող են էրեկցիայի հետ կապած խնդիրներ ծագել։ Բայց եթե դուք ինձ համար մի քիչ մարիխուանա կամ հաշիշ առնեք, ես վստահ եմ, որ խցիկի առաջ կկարողանամ աշխատել ճիշտ նույն կերպ, ինչ առանց տեսախցիկի։
– Ես ուզում եմ, որ դուք գրեք սցենարը։
Նա հրաժարվեց իմ մամնից։ Նա գործի էր վերցնում իմ ուղեղը։ Դա ինձ վիրավորեց։
– Սցենա՞րը։ Դա ավելի բարդ է։ Ես երբեք սցենար չեմ գրել։
– Իսկ թատրոնի համար գրե՞լ եք։
– Ոչ, ես տանել չեմ կարողանում թատրոնը եւ նրա արտասանողներին, որ բղավելով նախադասություններ են ասմունքում, որոնք նորմալ մարդն ինքն իրեն շշնջալ վախենում է։ Թատրոնը շատ աղմկոտ է։ Ես սիրում եմ լռություն։
– Բան չկա,- նա չշփոթվեց,- ես վստահ եմ, որ դուք կարող եք։ Ձեր «Էդիչկա»-ում ամեն ինչ լավագույն կերպով արված է։ Վերցնո՞ւմ եք։
– Չգիտեմ,- ասացի,- երեւի թե չէ։ Դուք բնականաբար ուզում եք, որ ես այդ գործը ձրի՞ անեմ։
– Դե ոչ, ինչո՞ւ։ Մենք ձեզ կվճարենք։ Բայց հետո, երբ ֆիլմն իր ծախսերը հանի։ Հիմա ես ձեզ չեմ կարող վճարել։ Իմ ամեն կոպեկը հաշված է։ Դուք պիտի հասկանաք ինձ։ Ես չորս տարի տաքսի եմ քշել, կինս սանիտար է աշխատել Սուրբ Թերեզայի հիվանդանոցում, որ փող հավաքենք իմ ֆիլմի համար։ Մենք կարտոֆիլով ենք բավարարվել, ամեն հարցում մեզնից կտրել ենք։ Կինս նույնիսկ նորմալ վերարկու չունի․․․
– Կինն ի՞նչ է անում վերարկուն Լոս-Անջելեսում։
– Օ՜, դուք չգիտեք այս քաղաքը։ Փետրվարին երբեմն շատ ցուրտ է լինում։
– Լսեք,- ասացի ես,- մարդկայնորեն ես ձեզ հասկանում ու կարեկցում եմ, բայց ձեր գաղափարի տակ, կներեք, չեմ ստորագրում։ Ինձ ճիշտ հասկացեք, ձեզ իմ տեղը դրեք։ Ես ձեզ բոլորովին չեմ ճանաչում, դուք ընկնում եք իմ գլխին երկնքից եւ ուզում եք, որ ես ձրի աշխատեմ ձեզ համար։ Դեռ մի բան էլ այնպիսի գործ անեմ, որին սովոր չեմ, որի համար չունեմ մասնագիտական հմտություններ եւ, ինչպես ձեզ արդեն ասացի, նաեւ ցանկություն։
– Մենք պետք է օգնենք մեկս մյուսիս։ Չէ՞ որ մենք այնտեղից ենք, մեր բոլորի ճակատագիրը նույնն է։
– Լսեք, ասացի,- ես դրա համար չեմ ազատվել սովետական կոլեկտիվից, որ այստեղ կոլեկտիվի անդամագրվեմ։ Դրած ունեմ բոլոր էմիգրանտների վրա՝ Լոս-Անջելեսից, Բրայթոն-Բիչից, Իսրայելից եւ ողջ աշխարհից։ Բացի այդ, եթե դուք հիշում եք իմ գիրքը, ես նույնիսկ հրեա չեմ։ Եվ ընդհանրապես, Վալերի, ես պետք ե՞մ ձեր խեռին, Լոս-Անջելեսում պոռնո-բիզնեսն այնքան զարգացած է, որ դուք կարող եք հինգ հազարով ունենալ պրոֆեսիոնալ սցենարիստ, որը ձեզ համար հո սցենար չի գրի՝ սպերմայի ծով ու տոննաներով մարմին։
– Ես ռուս եմ ուզում,- համառեց նա։ Ինչպես երեխան՝ մանկապարտեզում։ Հաղթանդամ տղամարդը՝ վարտիքով, քաչալ, փռչոտ, ինչպես արջը, նստած էր կողքիս եւ ռուս էր ուզում։
– Ես գնացի,- ասացի ես ու փորձեցի բացել դուռը։ Առը հա, չբացվեց։ Դուռը։ Երեւալով նա պիտի ինչ-որ տեղ սեղմեր, որ դուռը բացվեր։ Ես տարուբերեցի գլուխս ի նշան դժգոհության։
– Եկեք այսպես անենք,- ասաց նա,- դուք մտածեք, լա՞վ։ Իսկ ես ձեզ հիմա մի բան կտամ,- նա նստատեղի տակից ինչ-որ կոշտ, սեւ թղթապանակ հանեց՝ քլորվինիլից,- ահա, սա այն սցենարն է, որ ինքս եմ գրել։ Եսիմ ինչ չի, ես պրոֆեսիոնալ չեմ, բայց մի քանի հեղինակավոր մարդ, որոնց վստահում եմ, կարդացել են եւ ասում են, որ հեչ էլ վատ չի․․․ Եթե դուք ձեր կարծիքն արտահայտեք առանձին տեսարանների եւ հատկապես երկխոսությունների վերաբերյալ, ես ձեզ շատ երախտապարտ կլինեմ»։
– Օք,- ասացի ես՝ հասկանալով, որ այլ կերպ նրանից չեմ կարողանա պոկվել,- ես կկարդամ ձեր սցենաը։ Թեպետեւ վստահ չեմ, որ իմ կարծիքն ուշադրության արժանի է։
– Արժանի է, էն էլ ոնց, ոչ ոք ձեզնից լավ սեքսի մասին չի գրում։ Ողջերից, բնականաբար․․․
– Շնորհակալ եմ,- ասացի՝ իսկապես զգացված։ Նրա մազոտ կրծքի տակ նուրբ սիրտ էր թաքնված։- Երբեք մտքովս չէր անցնի, որ պոռնոգրաֆիկ գրքեր եմ արտադրում։ Սակայն ինչո՞ւ են այդ դեպքում ինձնից պոռնոսցենար ակնկալում։
– Մեռածներից էլ․․․ Դուք Հենրի Միլլերից լավն եք,- ավելացրեց նա՝ հավանաբար մտքում ավարտին հասցնելով կիսատ մնացած միտքը կամ որոշելով բերանս մի գդալ շարքար էլ դնել։- Միայն թե չկորցնեք։ Դա իմ միակ օրինակն է։ Եվ ոչ մեկի չտաք կարդալու։
– Օքեյ,- ես հաճույքով դուրս եկա մեքենայից։
-Եվ պիտի խնդրեմ, որ չպատճենեք։ Ես կզանգեմ ձեզ։ Հաճելի էր հանդիպելը։ Հաջողություն ձեզ։ Ու մի բան էլ, Էդուարդ․․․
– Ասեք, Վալերի։
– Ցույց կտա՞ք սցենարը Նատաշային, միգուցե նա ցանկանա նկարվել գլխավոր կանացի դերում։
– Անպայման,- ես արագ հեռացա։ Իմ հետեւում խռմփացրեց պոռնոգրաֆիկ ավտոմեքենայի շարժիչը։
Համատեղ օրգազմ այդ օրը մենք չունեցանք, քանի որ Նատաշկան հատակին գալարվելով քրքջում էր, եւ տրամադրությունն անհույս ուրախ էր, բավարար լուրջ չէր համատեղ օրգազմի համար։ Ես նրա համար բարձրաձայն կարդում էի սցենարը։
«Սենյակ երկու պատուհանով, որոնց արանքում Լենինի նկարն է։ Կատյան սրբում է սեղանի փոշին։ Ներս է գալիս Պետյան։ Կատյայից աննկատ՝ նա մոտենում է նրան ու երկու ձեռքով բռնում հետույքը։ «Օյ, Պետյա»։ «Ի՞նչ, Կատյա»։ «Այ լավ յու, Պետյա»։ Պետյան Կատյայի իրանը թեքում է սեղանին եւ արձակում տաբատի կոճակը։ (Ապա Պետյայի առնանդամն է խոշոր պլանով, եւ էլի խոշոր պլանով փորի տակից այն պահը, երբ Պետյայի առնանդամը մտնում է Կատյայի մեջ)։ Նշում լուսանցքում․ «Լավ կլինի գտնել այնպիսի դերասան, որ մեծ ձվեր ունենա»»։
– Նատաշկա, դու պատկերացնո՞ւմ ես քեզ Կատյայի դերում։ Եվ ներս է մտնում դերասանը, որ ունի մեծ ձվեր։
– Վայ, Լիմոնով, վերջացրու, ես էլ չեմ կարողանում ծիծաղել, փորս ցավաց,- Նատաշկան գլորվեց դեպի գրապահարանը եւ ափով սրբեց արցունքները։
«Կատյան գլուխը բարձրացնում է դեպի Լենինի դիմանկարը։ «Օյ, Պետյա, նա նայում է»։ «Ո՞վ է նայում, հիմա-աաա-րիիիկ»։ Պետյան, Կատյայի հետույքի կիսագնդերը բռնած, քունում է նրան այնպես, որ Կատյայի իրանը կրծքերի վրա սահում է սեղանի վրայով։ «Լենինն է նայում մեզ»»։
– Վերջացրու կարդալը, Լիմոնով, թե չէ ես վեր կկենամ ու կփախչեմ։
Նա ինձ քառասունութ ժամ էր տվել մտածելու համար։ Մի օրից զանգեց․
– Վալերին է։ Դուք կարդացի՞ք։
– Հա-հա, իհարկե, կարդացի։
– Կարո՞ղ եք տանհինգ րոպեից լինել նույն տեղում։
– Դեյթրոյթի ու Ուիլշիրի անկյունո՞ւմ։
– Հա, ինչպես անցյալ անգամ։
– Նա նորից նստած էր հրակարմիր ավտոյի մեջ՝ արմունկը դուրս հանած։ Նույն շորտով էր եւ ինձ սիգարետ առաջարկեց։ Եվ ես նորից հրաժարվեցի։ Միայն անձրեւ չկար, այլ արեւն էր վառ շողում Լոս-Անջելեսի գլխավերեւում։
– Դե, ի՞նչ կասեք,- հարցրեց նա՝ իմ ձեռքից խնամքով վերցնելով քլորվինիլային թղթապանակը։
Ես նկատեցի, որ նրա կարճ խուզած քունքերը սպիտակ են։ Արեւահար ճաղատը, որքան էլ տարօրինակ էր, նրան երիտասարդացնում էր։ Հավանաբար, եթե մազերը մնացած լինեին, նա հիսուն տարեկանի տեսք կունենար։ Շտապում է իր ներդրումն անել մարդկության գանձարանում։
-Ինձ դուր եկավ տեսարանը բաղնիքում։
Նա ամաչեց․․․
– Դա ռուսական կոլորիտի համար եմ գրել․․․ Դե գիտեք, որ ամերիկացիներին հետաքրքիր լինի։ Նրանք նման բան երբեք չեն տեսել՝ ռուսական բաղնիք․․․ Իսկ ընդհանուր ո՞նց էր։
– Կարծում եմ՝ լավ,- ստեցի ես,- ճիշտ է՝ նույն սցենարով կարել է եւ լավ, եւ վատ ֆիլմ նկարել, բայց դա, ոնց հասկանում եմ, հաջորդ փուլն է։
– Սցենարը լավացնելու ուղղությամբ ոչ մի նկատառում չունե՞ք, ոչ մի գաղափար չառաջացա՞վ։ Եթե դուք ցանկանում եք ինձ սցենար առաջարկել, ես կնախընտեի ձերը։
– Վալերի, ինչպես ձեզ արդեն ասացի, ես չեմ սիրում զբաղվել մի բանով, որը չեմ կարողանում անել։
– Ափսոս, բայց եթե միտքը փոխեք, դեռ ժամանակ կա։ Ես ծրագրում եմ ֆիլմի նկարահանումները սկսել եկող տարվա փետրվարին։ Իսկ ի՞նչ ասաց Նատաշան, դուք նրան հարցրի՞ք։
Ես մտածեցի, որ եթե իմ փոխարեն հին կարգերի մի որեւէ գրող լիներ, Բունինի վեհանձն տեսակից կամ նույնիսկ Նաբոկովի (չնայած «Լոլիտա» էր գրել, բայց հարգարժան պրոֆեսորը անձնական կյանքում մնաց նույն քաղքենին), նրանք վրդովված՝ մենամարտի կհրավիրեին փռչոտ Վալերիին։ Կամ նրան կապտակեին։ Կյանքի ընկերուհուն վիրավորելու համար։ Իսկ ռուսական ուղղվածությամբ գրողը, ինչպես, օրինակ, Սոլժենիցինը, իսկույն կմեղադրեր հրեաներին կաշառակերության ու բարքերի ապականման վարակը աշխարհով մեկ տարածելու համար։ Միացյալ Նահանգներ է եկել Վալերին եւ ի՞նչ է անում սրիկան, գայթակղում է ռուս աղջիկներին պոռնոֆիլմում նկարվելու հեռանկարով։ Ես՝ ժամանանակից գրողս, Հենրի Միլլերի, Ժան Ժենեի եւ Կերուակի շառաչուն խառնուրդս (ինչպես պնդում են քննադատները), քմծիծաղ տալով հայտարարեցի․
– Նատաշան դեռ չի հասունացել պոռնոֆիլմի համար։ Եթե հասունանա, նա ձեզ հետ կկապվի։ Բացի այդ, դուք ամեն դեպքում չեք կարող վճարել դերասաններին․․․ Հիշո՞ւմ եք Շալյապինի աֆորիզմը՝ «անվճար միայն թռչուններն են երգում»։
– Ես կարող եմ Նատաշային առաջարկել ամենամեծ տոկոսը եկամտից։ Կարող եմ նույնիսկ տասը տոկոս առաջարկել։ Դա մեծ փող է, եթե ֆիլմը լինի։ Սովորաբար պոռնոֆիլմի դերասաններին դերի դիմաց վճարում են ամենաշատը հինգ հազար, եւ հաջողություն, ոչ մի տոկոս։ Ես նրան ամենաձեռնտու պամաններն եմ առաջարկում։
– Ոչ,- ասացի,- չի լինի, նա չի ուզում։ Մոռացեք։
– Շատ-շատ ափսոս,- նրա կերպարանքը համակվեց տխրությամբ,- նա այնպիսի տիպիկ ռուսական դեմք ունի։
– Ուզո՞ւմ եք ինձ,- խղճացի ես նրան,- իմ դեմքն էլ է շատ ռուսական։
– Այնքան էլ ռուսական չէ,- ասաց լկտին՝ ուշադիր ինձ զննելուց հետո,- բացի այդ, տղամարդն իմ ֆիլմում երկրորդական է։ Կատյան, ինչպես երեւի նկատել եք սցենարը կարդալիս, յոթ տղամարդ է ունենալու։
«Միշտ այդպես է,- մտածեցի ես,- եթե քեզ սիրում են խելքիդ համար, դու ուզում ես, որ քեզ սիրեն ուժիդ համար»։
Ես շատ էի ուզում ցույց տալ ինձ ժողովրդին՝ առաջաթեք հաջաթով ջանասիրաբար բարձրացնող կնոջը դեպի օրգազմի բաձունքներ։ Խոստովանեմ, նույնիսկ հետին միտք փայլատակեց գլխումս, որ պոռնոֆիլմը կօգնի ինձ պատմության թատերաբեմում ոչնչացնել իմ ապագա թշնամիներին։ Պոռնոֆիլմով ես կարող էի նրանց նոկաուտ անել մի հարվածով, որ մաշված քածերը հետո չփսփսային իմ մասին, ինչպես Մայակովսկու՝ թե պոետի հաջաթը փոքրիկ էր, ու առանձնապես մի տղամարդ չէր․․․ Լիլյա Բրիկ․․․ Ցույց տալ նրանց կենդանի եւ հարթմնի, թե ինչի էր ընդունակ գրող եւ բանաստեղծ Լիմոնովը, եւ որ հետո ծպտուն չկարողանային հանել։ Դու պառկած ես քեզ համար երկու մետր խորությամբ, սուս-սոլ , ինչպես ֆրանսիացիներն են ասում, ամբողջովին փտել ես սեւ կոստյումի տակ, իսկ նրանք նստած են կինոդահլիճում, որտեղ նրանց խծբ-ով ու թանկ վճարելուց հետո ֆիլմ են ցույց տալիս։ Ֆիլմում առողջ եւ արեւից վարդագունած Լիմոնովը շինում է մի թմփլիկ աղջկա։ Եվ լարված անդամը խոշոր պլանով․․․
– Ի՜նչ արած, վերցրեք ինձ, կլինեմ յոթից մեկը,- ասացի ես։
Եվ այս նախադասությամբ մենք նոր շրջափուլ թեւակոխեցինք, որտեղ ես հետաքրքրված անձ էի, իսկ նա՝ մեկը, որին պետք էր համոզել։
– Հասկանո՞ւմ եք,- նրա դեմքը կնճռոտվեց,- ռուսների հետ դժվար է աշխատելը։ Նրանք շատ կրքոտ են։ Էրեկցիան նրանց մոտ գալիս ու գնոմ է տարրերայնորեն։ Ամերիկացի պրոֆեսիոնալներն ինձ ասել են, որ ռուսներին հեշտ չէ օգտագործել այդ բիզնեսում։ Նրանք սեքսուալ առումով անկանխատեսելի են։ Կրքոտ են, ինչպես արդեն ասացի։ Ես այդքան փող չունեմ, ես չեմ կարող էրեկցիայի սպասել մի ամբողջ նկարահանման օր․․․ Իսկ դուբլյաժի մակարդակի իջնել չէի ցանկանա։
– Որտե՞ղ եք դուք ռուս տեսել,- կանգնեցի ազգիս թիկունքին,- Լոս-Անջելեսում ջահել ռուս որձ մի երկուսն են ու վերջ։ Ձեր այդ ամերիկացի պրոֆեսիոնալները հաստատ հրեաների են հանդիպել։ Ես հակասեմիտ չեմ, Վալերի, բայց ամեն ազգ իր սեքսուալ բնութագիրն ունի։ Հրեան վավաշոտ է, խոսք չկա, բայց ինչպես ցանկացած հարաւասիացի, նա կրքոտ է ու հուզառատ։ Ռուսական սեքսուալությունը շատ ավելի հարթ ու տեւական է։ Ինչպես Ռուսաստանի դանդաղ գետերն են հոսում, այդպես էլ՝ ռուսական կիրքը։ Ցուրտ, ձյունապատ հարթավայրերի բնակիչները չեն կարող նույն սեքսուալությունն ունենալ, ինչ շիկացած անապատների ու լեռների մարդիկ։
– Տղամարդկանց պակաս ես չունեմ,- ասաց նա,- դուք գիտե՞ք Վլադիմիր Դիկիին։ Այ նա ռուսական տիպ է։
– Էն, որ փախել է Մեքսիկա ու ամերիկյան սահմանը հատել՝ շերիֆին ոսկե ատամներով վճարելո՞վ։ Գիտեմ։ Նրա մոտ մի անգամ խմել եմ։
– Նատաշան ճանաչում է նրան,- զզվելի ժպիտ հայտնվեց Վալերիի դեմքին, երեւի ուզում էր ակնարկել, որ Նատաշկան շինվել է Դիկիի հետ։ Ես կուլ տվեցի նրա ասածը՝ մեկնաբանություններից ձեռնպահ մնալով։- Հաղթանդամ տղամարդ, հզոր քիթ, բեղեր, բա մկանները․․․ Եվ ինչպես ասում են նրա ծանոթուհիներն ու ընկերուհիները, բարձրակարգ շինարար։
Դատելով դեցիբելների մակարդակից եւ աղմուկի բնույթից, որ լսվում էին Աչոնիկ կոչվող մի էակի սենյակից (այդ գիշեր մենք Նատաշայի հետ ստիպված էինք գիշերել նրա մոտ, Նատաշկան խմած էր ու չէր կարող մեքենա վարել), Դիկին արդարացնում էր բարձրակարգ շինարարի համբավը։ Երկու խոշոր կենդանի (Աչոնիկը չաղլիկ շիկահեր էր), անկասկած տրվել էին անսանձ ու հզոր սիրո։ Եվ չնայած, որ առավոտ կանուխ Դիկին պիտի գնար ցեմենտի բլոկներ քարշ տալու (նա աշխատում էր քոնստրաքշն-բիզնեսում, երկու արջի գզվռտոցն ու մռնչոցը շարունակվեցին մինչեւ լուսաբաց։
Ես չպնդեցի իմ թեկնածությունը, թեպետեւ բավականին բարձր կարծիքի էի իմ սեքսի մասին։ Դիկին անկասկած ինձնից ավելի կոլորիտային տեսք ուներ։
– Օքեյ,- ասացի,- ես գնացի։ Ինձ սպասում են։ Հաջողություն ձեզ եւ ձեր նախաձեռնությանը։
– Եթե փոխեք ձեր միտքը, գրեք ինձ care-of ռուսական թերթին»։
Տեսնես հետապնման մոլո՞ւցք ուներ, թե՞ ընկերների մոտ էր ապրում՝ շարունակելով տնտեսել եւ սնվել կարտոֆիլով։ Անրջելով իր պոռնոֆիլմի ապագա համաշխարհային հաջողության մասին։ Բարձրանալով անվավոր աթոռից՝ ինքը Ֆլինտը՝ «Հաստլերի» տերը, համբուրում է նրա՝ Վալերիի, երկու թուշը․ «Շնորհակալություն, ընկեր։ Դու ստեղծել ես գլուխգործոց օֆ պոռնոմուվի»։ (Կատյան եւ Պետյան փաթաթվել Վալերիին, կախված են նրա վզից)։ Ամերիկյան թերթերի վերնագրերը խոշոր տառատեսակով ավետում են՝ «Բեթթեր, քան «Դիփ Թրոաթ»-ը»։
Ես շրխկացրի ահռելի դուռը։ Նրան ռոտ-ֆրոնտական ողջույն տվեցի, այսինքն ձեռքս բռունցք արած մեկնեցի առաջ ուսիս մակարդակին եւ անհետացա նրա կյանքից։
Մի տարի անց Փարիզում թերթում էի ինձ բարեխղճորեն ուղարկվող լոսանջելեսյան ռուսական թերթը, հայացքս կանգ առավ մերկ հետույքի եւ սեւ զուգագուլպայով կանացի ոտքերի վրա։ Հետույքի մի թշին շրթներկով մուրճ ու մանգաղ էր նկարված, իսկ ոտքերի արանքում, որ ավարտվում էին սուր ստիլետո կրունկներով, երեւում էր Վասիլի Երանելու տաճարի ուրվագիծը։ Գովազդվում էր ֆիլմ, որի վերնագիրն էր՝ «Ռուսաստանից՝ տռփանքով»։ Տեղեկացնում էին, որ Սանտա Մոնիկայի բուլվարում, հազար ինչ-որ մի համարի շենքում, հայկական կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա աշխարհում Առաջին Ռուսական Պոռնոգրաֆիկ Ֆիլմի Պրեմիերան։ Պրեմիերային, եթե նույնիսկ շատ ցանկանայի, գնալ չէի կարող։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Փարիզն ու Լոս-Անջելեսը բաժանված են իրարից կես մոլորակով ու ինը ժամվա թռիչքով, այլեւ այն, որ թերթը հասնում է ինձ՝ Փարիզ, լույս տեսնելուց երեք-չորս շաբաթ անց։ Այսինքն, իրադարձությունն արդեն տեղի էր ունեցել։ Սակայն ես հեռվից ուրախացա Վալերիի հաջողության համար։ Դատելով սյուժեի կարճ վերապատմումից՝ անկասկած ինքն էր, թեպետ անհասկանալի պատճառով թերթին հարզազրույց տալիս Ջորջ էր ներկայացել։
«Ֆիմը ստեղծվել է ութ ամսվա ընթացքում,- ասում էր Ջորջ-Վալերին,- թեպետ նկարահանումը տեւել է ընդամենը յոթ օր։ Ֆիլմում խոսում են մասամբ անգլերեն, մասամբ ռուսերեն, որը միշտ չէ, որ պարկեշտ է հնչում» (Այս հատվածից հետո, ենթադրում եմ, Ջորջ- Վալերին թափ տվեց սիգարետի մոխիրը իր կրակագույն պոռնոավտոմեքենայի պատուհանից)։
«Բայց ֆիլմը նկարելը գործի կեսն էր,- շարունակում էր Ջորջ-Վալերին,- այն շուկայում վաճառելու համար գովազդ է անհրաժեշտ՝ թանկարժեք եւ մեծ քանակությամբ։ Մենք այդ փուլն էլ անցանք՝ այն մեզնից համարյա մի տարի խլեց։ (Վստահ եմ, որ այստեղ Ջորջ-Վալերին դադար տվեց ու ջղային քորեց փռչոտ ազդրը)։ Մեր ձեռք բերած փորձի արդյունքում մենք հասկացանք, որ պետք է գործենք հակառակ Ամերիկայում ընդունված կարգի։ (Ջորջը մաքրեց կոկորդը, իսկ հարցազրուցավարը տվեց թերթից դուրս մնացած հարցը․ «Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Ամերիկայում, Վալերի»։) «Ամերիկացիները ֆիլմը սկզբում ուղարկում են մեծ էկրան, իսկ հետո տարածում են այն տեսաերիզներով։ Իսկ մենք․․․ գնացինք հակառակ ճանապարհով՝ թողարկեցինք տեսաերիզը, որը վաճառվելու է միլիոնավոր տեսաֆիլմերի հետ կողք կողքի․․․»։ (Այդ «կողք կողքի» արտահայտության միջոցով, որ օգտագործել էր Վալերին, փորձառու լեզվագետը կարող է ուղեւորվել Վալերիի անցյալ եւ հայտնվել Կիեւի Դովժենկոյի անվան կինոստուդիայի տաղավարներում․ «Նվաճումների հետ կողք կողքի, ընկերներ, մենք ունենք նաեւ թերություններ։ Մեր աշխատավորները դեռեւս բավականաչափ համակված չեն սեքսով․․․»։) Այնուհետեւ Վալերին կամ թերթը հայտնում էր ոչ մեկի չհետաքրքրող տեղեկություն այն մասին, թե ամեն տարի քանի տեսաերիզ է վաճառվում Ամերիկայում։ «Եվ ահա, այս շաբաթ մեր ֆիլմը նույնպես կհանվի վաճառքի, եւ ընկերությունը, որ թողարկել է այն, ըստ ամենայնի ձեր թերթին գովազդ կպատվիրի․․․»,- ասաց Վալերի-Ջորջը։ Հաջորդիվ բազմակետեր էին, որոնց ընթացքում հարցազրույցավարը միգուցե համոզում էր Վալերիին նվիրել իրեն տեսաերիզն անվճար։ «Չէ՞ որ ձեր բազմաթիվ ընթերցողներ արդեն ձեռք են բերել տեսանվագարկիչներ եւ դա (ի՞նչ դա, այ սովետական տուֆտա բյուրոկրատ, վրդովվեցի ես նրա սխալ խոսքից) լավ շուկա է տեսաերիզի իրացման համար։ Ի վերջո ես ինքս էլ կուզենայի, որ այս ֆիլմը տեսնեին ոչ միայն ամերիկացիները, այլեւ իմ հայրենակիցները»։
Ես վստահ եմ, որ նա կցանկանար, որ իր ֆիլմը նայի երկրագնդի ամբողջ բնակչությունը՝ զուլուսները եւ պապուասները, եւ էսկիմոսները նույնպես։ Եվ իր բորբ երախայրիքի պրեմիերայի համար նա կցանկանար գնել կինոթատրոն Նյու-Յորքում, ինչպես արել էր Բոբ Գուչիննոյեն՝ «Փենթհաուզի» հրատարակիչը, «Կալիգուլայի» պրեմիերայի համար։ Բայց նման գնում ֆինանսավորելու համար նա ստիված պիտի լիներ տաքսի քշել երեք տասնամյակ։
Որպես ամփոփում՝ թերթը հայտնում էր, որ «մեր հայրենակիցը ռուսական բաղնիքի տեսարանում հանդես է եկել Պետյայի դերի հաջող կատարմամբ։ Վլադիմիր Դիկին՝ Պետյան, առանձնացել է բոլոր մյուս ռուս դերասաններից իր բարձրակարգ խաղով եւ բարեհաջող կենակցել է Կատյայի հետ (Լինդա Գուդ)՝ ցույց տալով ամերիկացիներին ճշմարտացի, զվարթ եւ հզոր ռուսական սեքսը»։ Շատ աջ, միգուցե աշխարհում ամենաաջ թերթը, որ մազ էր մնում՝ հասնի Մոսկվայի վրա ատոմային ռումբ նետելու կոչերին (լրագրողների շարքում նույնիսկ Ջոն Բերչի ընկերության անդամ կա, «Քաղաքական լուրերի գործակալության» նախկին թղթակից), երբեմն այնուամենայնիվ թույլ է տալիս իրեն անկեղծ ուրախանալ սովետական էմիգրանտների՝ հանկարծ հայտնաբերված գերազանցությունից ամերիկացի բնիկների նկատմամբ։ Ես նույնպես ուրախացա Վլադիմիր Դիկիի հաջողության համար։ «Ինչ անհանգիստ, ժրաջան ու խիզախ մարդիկ են նախկին սովետականները,- մտածեցի ես։- Նրանց մեջ իսկական պիոներների ոգին է՝ հայտնաբերող նոր հողեր ու նոր բիզնեսներ։ Նրանք հաջողությամբ յուրացնում են նոր երկիրը՝ Ամերիկայի «մելթինգ փոթի» մեջ ներդնելով իրենց մշակութային լուման՝ իրենց ազգային առանձնահատկություններով, ինչպես «ռուսական բաղնիքի» տեսարանն էր»։
Կես տարի անց նույն թերթը, սակայն, ինձ տխուր լուր բերեց։ Դիկիի ընկերուհին՝ Աչոնիկը, հայտնաբերվել էր մահացած՝ ավտոմեքենայում, որն ընկել էր Խաղաղ օվկիանոսը։ Աչոնիկը չգիտես ինչու մերկ էր եղել եւ հայտնաբերվել էր հետեւի նստարանին։ Վադիմիր Դիկին ձերբակալվել էր (ոստիկանները նրան կասկածում էին սպանության մեջ), ապա ազատ էր արձակվել, հետո նորից էր ձերբակալվել․․․ «Ճշմարտացի, զվարթ ու հզոր ռուսական սեքսը»,- միտքս եկավ տողը «Ռուսաստանից՝ տռփանքով» ֆիլմի գրախոսությունից։
Ռուսերենից թարգմանեց Արփի Ոսկանյանը