Տատիկս պատմում էր (մերժված, ականջդ կանչի), որ Հոջա Նասրեդինը ժողովրդին պահքի քարոզ անելիս է լինում, բացատրում է, թե ինչու պիտի օրվա ընթացքում ոչինչ չուտեն։ Հետո նստում է իր էշն ու գնում։ Մարդիկ էլ ոտքով են տուն վերադառնում՝ ճամփին տեսնում են Հոջան խորոված է անում, զարմանում են, թե՝ «մեզ ասում ես մի կերեք, դու՝ ուտում ես»։ Նասրեդինը պատասխանում է՝ «Ձեզ ասում եմ ասածս արե՞ք, թե արածս»։
Արդեն քանի օր մեր վարչապետին երեկոյան կորոնաբրիֆինգին տեսնելով՝ տատիկիս պատմած այս պատմությունն եմ հիշում։ Թե ասա, ա՜յ պարոն վարչապետ, բա դա ինքնամեկուսացու՞մ է, որ Դուք ի տես ողջ հայոց մարդաշխարհի պահում եք։
Բայց մենք, երեւի, Ձեզ չնայենք, Ձեր ասածն անենք, դիմակ դնենք ու նոր մտնենք կորոնաֆուտբոլի դաշտ։ Բայց չէ, մի րոպե, մարզվելիս կարելի է առանց դիմակ, սրճարանում՝ սեղանի մոտ նստելուց հետո էլ, չէ, կարծեմ, պարոն պարետ Ավինյան, ուրեմն, ինչու՞ մենք էլ մեր կորոնաֆուտբոլը առանց դիմակ չխաղանք, սուրբ խոստումով, որ հենց ոտքներս դուրս դնենք դաշտից, ձեռքներիս կապած դիմակը կքաշենք մեր դեմքին։
Անահիտը արդեն վաղուց կանչում է ինձ, ուզում է ԽԾԲ անել ու պասը ինձ փոխանցել։ Անահիտ, ջան, սպասի, նիհարում եմ, վերջապես իմ երազանքների աղջիկն եմ որոշել դառնալ, որոշելը որն է, ամեն օր էլ` արդեն 17 տարի, որոշում էի, բայց էս տարի դեռ որ շարունակաբար ստացվում է։
Էդ փորձի տարիներից մեկում՝ նոր էի սկսել աշխատել Մհեր Դավոյանի մոտ, այո, ես այն բախտավոր մարդկանցից եմ, որ աշխատել սկսել է Մհերի հետ, միշտ ասում էի, որ գեր եմ, բայց չէ, ինչ գեր, ասում էի, որ չաղ եմ, Մաշինյան Արթուրն էլ միշտ ասում էր` «Սառան мания виличия ունի, իրան թվում ա, թե ինքը չաղ ա»։ Բայց իրականում ուզում էի ավելի նիհար լինել, ավելի փոքր-մոքր երեւի, ինչը երբեք իրականություն չէր կարող դառնալ իմ 170սմ հասակի ու «դռբով» գենի երեսից։ Ու հիմա, երբ 15 կգ ավելի չաղ եմ, քան 14 տարի առաջ էի, ու երազում եմ նախկին չաղությանս վերադառնալ, ինքս ինձ նաեւ հիշեցնում եմ, որ мания виличия-ն վատ բան է, ու որ, հնարավոր է, մի 15 տարուց մի 15 կգ էլ գեր լինեմ, բայց դե՝ օ՜, աստվածնե՜ր, Ֆորտունա՜, ուղե՜ղ, բա՜խտ կամ էլ ինչին որ հնարավոր է ապավինել այս հարցում, թույլ չտաք նման բան:
Մհերը, ում ես այդպես էլ երբեք Մհեր չասեցի, չնայած ինքը միշտ պնդում էր, իմ ճանաչած ամենակյանքասեր մարդն էր, կյանքն ապրում էր ծայրից-ծայր, ամբողջությամբ։ Հետաքրքիր է՝ կորոնավիրուսային իրականությունն ինչպես կապրեր։ Երեւի մեր առաջին գործուղմանը Վայոց Ձոր շատ էր խմել ու ինձ ասաց․ «Սենյակիդ դուռը չփակես, գալու եմ»։ Ես, իհարկե, չհավատացի, բայց ինքը, իհարկե, դուռ ծեծեց ու մինչ ես զարմացած իրեն էի նայում, ներս մտավ, ես էլ լվացվում էի ու մինչեւ ձեռքերս չորացրի` սենյակ մտնելով տեսա, որ արդեն իմ համար նախատեսված վերմակի տակ է։ Լուռ վերցրի պայուսակս, զգույշ դուրս եկա սենյակից ու գնացի իր ու Վիգեն Մնոյանի սենյակի ուղղությամբ։ Վիգենը, որ ինձ ինչ-որ` ինձ մինչ օրս անհայտ պատճառով չէր սիրում, դեմքի դժգոհ արտահայտությամբ բացեց սենյակի դուռը։
– Մհերն էկել ա, պառկել ա իմ սենյակում, կարո՞ղ ենք սենյակներով փոխվել, – հարցրի ես։
Վիգենը բառ չասաց, անհետացավ դռան հետեւում, 15 վայրկյանից եկավ պայուսակը ձեռքը։
Առավոտյան Մհեր Դավոյանը ծիծաղում էր վրաս, հարցնում, թե ինչպես եմ գնացել Վիգենի սենյակ։ Մի երկու օր անց, արդեն Երեւանում, ես ունեցած-չունեցած քաջությունս հավաքեցի, գնացի Մհերի սենյակ, նստեցի դիմացը ու հարցրի.
– Ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար եմ ես այստեղ աշխատում, պարոն Դավոյան։
Մհերը ծիծաղը մի կերպ զսպելով ասաց.
– Դու այստեղ ես լրագրող լինելու համար։
Ամեն անգամ, երբ հիշում եմ այս զվարճալի պատմությունը, ժպտում եմ, եւս մեկ անգամ հասկանում, որ այն, ինչ մի քանի վայրկյան կարող է վախեցնող կամ անընդունելի թվալ, հետո տարիների ծիծաղելու ու պատմելու հուշ կարող է դառնալ։ Ես ուրախ եմ, որ անհանգստությունից ամենաբարձր նոտայի վրա բաբախող սրտով մտա Մհերի սենյակ ու հարցրի, ու հետո աշխատեցի Մհերի հետ, սովորեցի գրել, գրելուց առաջ, ընթացքում ու գրածը կարդալուց մտածել, ու հենց իր շնորհիվ է նաեւ, որ ես գրում-մրում եմ կորոնաֆուտբոլի դաշտում։
Իր շնորհիվ ու ոտքերիս։ Ի դեպ, արդեն չորս օր վազել եմ, մի ծրագիր եմ ներբեռնել հեռախոս, շաբաթը 3 օր պիտի վազեմ, այնպես որ կորոնադաշտում էլ ինձ հասնող չի լինելու։ Ապա, ապա, ո՞վ է գալիս ինձ հետ մրցի, է՞լ ով ունի ինձ պես ձի:
Ես համալսարանում էլ էի վազում։ Մի օր ֆիզկուլտի մինիմումներ էինք հանձնում, 500 մետր վազքը մինիմումի լավագույն ցուցանիշով էի վազել, ու ինձ առաջարկեցին, որ միջհամալսարանական վազքի մրցումի մասնակցեմ, ու դրա դիմաց կես կիսամյակ ազատվեմ ֆիզկուլտի դասերից։ Այո, այո, զավեշտալի մի փաստ, վազիր, որ հետո չվազես ։) Դե, իհարկե, ես համաձայնեցի։ Մեր խմբում ԵՊՀ սպիտակ շենքից երեք աղջիկ էինք, ամեն օր մարզվում էինք, մի քիչ մեր ցուցանիշները բարելավեցինք։ Մրցումին էլի կային համալսարանականներ, ու ընդհանրապես, բոլոր բուհերի ներկայացուցիչներս մրցում էինք ֆիզկուլտ ինստիտուտի ու Վանաձորի ֆիզկուլտ ինստիտուտի դեմ, այսինքն` երրորդ տեղի համար։ Ու մենք հենց երրորդ տեղն էլ գրավում էինք, այսինքն, հաղթող էինք դառնում չվազողների մեջ։ Այդ մրցումին ես սովորեցի պայքարել, պայքարելը որն է, չհանձնվել։ Մարզիկ, իսկական մարզիկ աղջիկները հարվածում էին իրենց ոտքերին ու ձեռքերին, այտերին, որ արագացնեն արյան շրջանառությունը, ես էլ իրենց էի նայում ու նույնն անում։ Էդ պահերին ակամա հիշում էի, թե ինչպես էր մեր դասարանի Արմենը 4-րդ դասարանում պատմությունից քննություն հանձնելիս Արտաշես արքայի մահվան սուգը նկարագրել. «Կանայք պոկում էին իրանց մազերը, իրանք իրանց չափալախ էին տալիս»… Այնպես որ զգույշ եղեք ինձնից, ես հաղթանակի համար ինքս ինձ չափալախ տված աղջիկ եմ։
800 մետր արագ վազքի ամեն վայրկյանին ինքս ինձ ասում էի` չկանգնես, արագացրու, առաջ նայիր, բան չմնաց, իսկ երբ ավարտում էի, աշխարհը կանգ էր առնում, սիրտս դուրս թռչում մարմնիցս, բերանումս արյան, չգիտեմ, թե ինչու էր ինձ թվում, որ արյան, ես երբեւէ արյուն չեմ փորձել, բայց ինձ, համենայնդեպս, թվում էր արյան համ ու հոտ էր կուտակվում։
Կորոնաֆուտբոլի վազքը միայն դրական համեր է թողնում, դրական լիցքեր հաղորդում։ Բայց, խաղը հավերժ չէ, մի քանի րոպե է մնացել մինչեւ սուլիչի վերջնական ձայնը, արագացրեք, կորոնաընկերներ, պասերով, մեկս-մեկով… Վերջում՝ դաշտից դուրս գալիս դիմակները չմոռանաք։
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 86/Անկողինների ռակիրովկան ու Նասրեդինի պահքը/ Սառա Խոջոյան
Please follow and like us:
