Ֆուտբոլ ենք խաղում: Դաշտում ենք նորից: Համարձակ մտա, բայց էսօր խաղս մի տեսակ քեֆ չունի: Ֆուտբոլի տնազ: Ոտքերս վազում են, բայց ես տեղում սառած-կանգնած եմ մնում:
Ֆուտբոլը Նունուի խաղն է: Տարիքին չխաբվե՛ք հանկարծ: 65 տարեկանում Նունուն ցանկացած ջահելից առույգ ու կյանքով լիքն է: Բա ո՜նց է վազում: Նունուն ռեստորանի ամենաարագ վազողն է: Ռեստորանի շտապ օգնությունը, հավաքարարը, պահակը, այգեպանը, պահապանը: Ում ինչ պետք է լինում, Նունու են գոռում:
Ոնց թե Նունուն ո՞վ է: Նունուն ռեստորանի Զիդանն է, մեծացել է, բայց չի ծերացել: Դեռ դաշտում է ու ցանկացած ջահելի մատով կծալի: Խոսելուն մի՛ նայեք:
– Աղջի՛կ ջան, մեծացել եմ, մկկում եմ, գիտեք, թե հերվա էծն եմ:
– Հեքիաթ մի՛ պատմիր, Նունո՛ւ, թռի՛ր խանութ, սունկը վերջացավ:
-Նունո՛ւ, վերևից են գոռում, Նունո՛ւ, ուգլը պահի՛, Նունու, իջի՛ մի հատ ներքև, գազը վառի՛, թոնիրը հանգավ…
Էլի չիմացա՞ք` Նունուն ով է: Եթե չիմացաք ու շատ եք ուզում իմանալ, գնացե՛ք «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին քաբաբները» ռեստորան, մտե՛ք բակ ու փորձե՛ք մոտենալ ծաղիկներին: Ա՛յ էդ ժամանակ կիմանաք` Նունուն ով է, դուք` ով: Տեսե՞լ եք` ջրի մոտ կռկռացող գորտերը ինչ արագությամբ են լցվում ջուրը, երբ քար ես գցում, էդ արագությամբ Նունուն քըշ-քըշ է անում ռեստորանի հետևի այգում ֆուտբոլ խաղացող երեխեքին:
Մի անգամ էլ հավեսի էր ընկել, երեխեքից մեկի գլխարկը քաշել էր գլխին ու սկսել էր ֆուտբոլ խաղալ: Չէ, չէր խաղացել, խաղ էր ցուցադրել ու դուրս եկել արագ: Մինչև էն երեխեն վազել էր հետևից, որ գլխարկը հետ վերցնի, մեկ էլ տեսել էր գնդակն արդեն դարպասում է, գլխարկը հետ է դրված գլխին: Նունուն էլ արդեն գնում է` միամիտ դեմք ընդունած:
Տեսա՞ք` ոնց են խաղում: Դե գնացե’ք, որտեղ ձերը կասեք, էնտեղ էլ Նունուինն ասեք: Եկել եք, սատանի մայլում քյանդրբազություն եք անում:
Ոնց որ իմ աչքի առաջ էր օրը ցերեկով սեղանս մաքրելու մաքուր շորը թռցնում, ա’յ էդպես երեխեքին էր շեղել ու իրար հետևից մի քանի գոլ խփել:
-Ի՞նչ եք ուզում, երեխե’ք ջան, հավի քաբա՞բ եք ուզում:
– Չէ՛, Նունե ծյոծյային ենք ուզում, կգա՞ մեզ հետ էլի ֆուտբոլ խաղա:
-Չունենամ քեզ, Նունու՛, ֆուտբոլն էր մենակ քեզ պակասում:
-Աղջի՛կ ջան, դու իմ ֆուտբոլի հետ գործ չունես, ես ամբողջ կյանքս եմ ֆուտբոլի նման խաղացել, դու քո մասին մտածի՛ր, ոնց որ գլխիդ մածուն մերած լինեն, նենց դանդաղ ես շարժվում: -Բա սրան կբերեն առաջին պլա՞ն:
Մեր դաշտում Նունուն էր պետք, ոչ թե ես: Որ կարողանար էս թիմի հետ խաղալ, հասնել հետևներից:
Հին աֆերիստի պես աչքերի մեջ լիքը անմեղություն կլցներ, մի ձեռքը կդներ սրտին, մյուսը կգցեր Աֆյանի վզով, կզբաղեցներ Նունուավարի:
– էս ռեստորանից առաջ մորգում էի աշխատում, Հովիկիս ասեմ, Կարեն Սերոբիչին էլ մեզ մոտ բերեցին:
էսպես բոլորին շեղելով` գնդակը կհասցներ դարպասին:
Տու՛ր թե կտաս շան ճակատին: Տասը զրո կաներ մի գոլով:
Հետո կանցներ Մեսրոպին շեղելուն, կպատմեր, որ ջահել վախտերը Պետերբուրգում է եղել, ու խոնավ եղանակները հեչ կապ չունեն տաք հիշողությունների հետ:
– Գրիգո՛ր ջան, դու էդքան ինքնավստահ մի՛ ժպտա, դու դեռ չես տեսել` ոնց էր Նունուն վարորդներին շեղում փողոցն անցնելիս: Իսկական կրակ ու պատիժ:
– Նունու’, հետդ դուրս եմ գալիս, բայց եթե քեզավարի ես փողոցն անցնելու, չեմ գալիս հետդ:
Ասում էի ու մեկ էլ տեսնում, որ արդեն դիմացի մայթին եմ: Վարորդներն էլ հո ազդանշան չեն տալիս: Ամբողջ քաղաքը խլանում է:
Նունուն սովորական մարդ չէ: Ինձ նման չէ: Չի հոգնում, չի տրտնջում, չի հեծկլտում: Չի ասում` էսինչ տեղս ցավում է: Տեղը տեղին ծիծաղում է: Ծիծաղում է կյանքի երեսին: Կյանքը լաց է լինում, ինքը ծիծաղում է: Կյանքը հիվանդանում է, վիրուսով վարակվում: Ինքը ծիծաղ է վարակում ու ծիծաղեցնում հետիններին: Մենք խրվում ենք հոգսերի մեջ, մնում օրվա ծանր բեռի տակ: Նունուն չի խրվում, որովհետև կանգնել չունի, մրջյունի պես վազում է ամբողջ օրը: Հոսող ջուր է, դրա համար չի հոտում:
Նունուն մի կարևոր բան է հասկացել: Կյանքը ֆուտբոլի գնդակ է, եթե դու իրեն չտշես, քեզ են տշելու դաշտից:
Սովորական մարդ չէ, երևի արձան է Նունուն, ուր գնում եմ, տնկվում է դիմացս:
Հիմա էլ փեշս բռնած` Կորոնաֆուտբոլի դաշտ է հասել ու էստեղ է հանում հոգիս:
-Վա՛յ , Նունո՛ւ, ես պրծում չունե՞մ քեզնից:
-Վե՛ րջ, ուշքս վրաս պահեմ, տանուլ չտամ էսօրվա խաղը, փոխանցում եմ:
– Ո՞վ է ինձ մոտիկ : -Մոտիկներից ո՞վ կա: