ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ77/ Հարաբերական ա՜․․․ / Քրիստինե Սողիկյան

Հաղթե՜լ ենք, ժողովուրդ, արդա՜ր ա․․․ Երեք հարյուր յոթանասունչորս․․․
Մեր թվերը մեկ աճում են, մեկ՝ նվազում, մենք էլ համեմատում ենք․ երեք հարյուր յոթանասունչորսը հաստատ երեք հարյուր յոթանասուներեքից շատ է, բայց երեք հարյուր յոթանասունհինգից հո՝ քի՞չ։ Ուրիշ երկրների համեմատ էլ մեր ցուցանիշը քիչ է, ջհանդամ թե՝ մենք էլ ենք ուրիշներից քիչ։ Ու այստեղ է, որ սկսվում է հարաբերականը՝ մեկ շնչի հաշվով՝ այսքան, հարյուր հազարի հաշվով՝ այնքան, մեկ միլիոնի հաշվով՝ այնքան։ Էս մեկ միլիոնի հաշվովը դժվար չէ, մինչև երեքը պիտի հաշվես, էն էլ՝ գիտակցելով, որ չափազանցության գրկում ես։ Վերջին ընտրություններում էդ երրորդ միլիոնն ու իր պոչն էդքան էլ արդիական չէին, բայց նեղ օրվա համար կարևոր են, մի տեղ պահեստային ու պահուստային կազմ պահելը կարևոր է։ Եկեք, մեր կորոնաֆուտբոլի մարզիչ Արփիին հարցրեք, ինքը կասի։ Երբեք չգիտես, թե մյուս խաղակեսին կամ ընտրություններին ի՞նչ կլինի․․․
Ու մինչ մեր ոչ-ֆուտբոլային արբիտրԱԺ-ում սեփական և այլոց փչացածության թեմայով աբառոտկեք, օ՜ֆ, խաբսեր ու պասեր են, ու միմյանց նկատմամբ ու հարաբերությամբ դիրքավորված՝ փոխադարձ մեղադրանքներ, «էլ՝ հին ու նոր, էլ՝ հեր ու մեր», մենք դեռ «քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում», ու կորոնայի թվերը հո չե՜նք պահում, հո չե՜նք պահում։ Բա հո խայատառակ չե՞նք լինելու ալամ-աշխարհքի առաջ, մի ամբողջ երկրագունդ մեր երեսին ա նայում, բա հո չե՞նք քաշելու էդ կորոնան ստեղծողներին։ Մարդիկ փող են դրել, հատիկ-հատիկ, պինցետով էդ զհարի, օ՜ֆ, ժահրի թագը հավաքել են, հո ջուրը չի՞ գնալու։
Մենք քիչ ենք, բայց «մենք ապրող ու հաղթող ենք», ու հլա մի ասա՝ կորոնավիրու՞ս, տեսնեմ՝ դա ու՞մ շունն ա։ Մեր դեմ նա ի՞նչ խաղ ունի, մաքսիմում՝ կորոնաֆուտբոլ։ Մե՜նք՝ հնամյա, Հայկ նախապետից սերած, սեռական դաստիարակությունը արհամարհող, ընտանեական բռնության առկայությունը մերժող, հայու գենի ճրագը վառ պահած, կնոջն ու դեռահաս աղջկան «սեռական բնույթի հայհոյանքով» անվանարկող, տասնչորսնոց արմատուրով կնիկ լխկող ու քուչում դրանով հպարտացող ազգը, միահամուռ (տենց համարյա չի լինում, մի քանի հազարամյակի մեջ մի երկուս ու կես անգամ) ու միաբերան գոչում ենք՝ սու՜թ ա, ախպեր․․․
Հիմա, երբ էն ազգերի ֆոնին, որ մեր ոսկեղենիկության դարում դեռ ծառերին էին, մեր թիվն աճում է, աշխարհում բացարձակ ու մի քիչ էլ հարաբերական առաջատար ենք դարձել։ Էդ դրսի համար, բայց ներսում մեզ էդքան հեշտ չես խաբի, մենք, դեկարտյան ոգով տոգորված, դեռ շարունակում ենք մտածել (վա՜հ, տեսա՞ր), ավելին՝ կասկածել, և է՛լ ավելին՝ կա-տե-գո-րիկ չհավատալ։
– Քու՛րս, մի՛ հավատա, ցա՜վդ տանեմ, հո՛րս արև, սաղ սութ ա, սաղ դրանց կտերն են։ Մենք հո հարի՞ֆ չենք, ա՜յ քուրս։ Էդ իրանք դրսերից փող-մող են ստանըմ, դրա համար թիվ ա՝ որ կրակըմ են։
– Կներեք, իսկ ինչի՞ հիման վրա չեք հավատում։
– Չէ՜, քու՛րս, դու ինձ ճիշտ հասկցի, հորս արև բան եմ ասում, էկան շխուրով, հայբուդուլ, վարակվել եք, հավքին, տարան, պառկցրին, գոլ ջուր տվին, խմամ, հելամ, ասիմ, ախպեր, ես ձեր ցա՜վը տանեմ, բրախեք, եթամ։ Հետո էլ պարզվավ՝ անալիզը մաքուր էր, թողին։ Տենու՞մ ես, որ սութ ա։ Սաղ սութ ա։
– Լավ է, որ թեստը դրական չէր, բայց դա չի նշանակում, չէ՞, որ Դուք հիմա կարող եք առանց դիմակի ու ձեռնոցի մտնել բանկ, ընդ որում, ինձնից առաջ, բացիլները տարածել մակերեսներին, նույն գրիչը բռնել․․․
– Քուրս, դու ընձի արդեն կանկռետնի վիրավորում ես։ Կարո՞ղ ա՝ ես խոլեռա եմ․․․
– Իսկ եթե ե՞ս եմ խոլերա․․․
Թերահավատորեն, բայց կարկամած նայելուց հետո՝
– Քուրս, հըմի արդեն կանկրետնի ձեռ ես առնըմ․․․
Նեղացած հեռանում է՝ զգալով, որ մոտեցումների ու պատասխանների մեկնաբանությունն էլ հարաբերական բան է։ Հիմա ո՞վ էր խոլերա, օ՜ֆ, կներեք, կորոնա, ե՞ս, թե ի՞նքը, հիմա ես վիրավորու՞մ էի, թե՞ ձեռ էի առնում․․․

Այ էդ վերը նշված հարցի պատասխանը մի ուրիշ երիտասարդի համար էլ մութ մնաց։ Հիշում եմ՝ 2013 թիվն էր։ Մտանք Բեռլին, օ՜ֆ, չէ՜, 101 լսարան, քննություն, ահասարսուռ մի լռություն։ Միայն արտագրող ուսանողների արագացած շնչառությունն ու սրտի տրոփյունն ա բռնել օդը, խլացնու՜մ ա․․․ Ծպտված ծածկաթղթերը փորձառու դիպուկահարի հայացքի տակ տեղորոշվում են, գտնվում, դուրս բերվում՝ ծոցագրպանից, ծոցից, փեշի տակից, հեռախոսի էկրանից, մազերի տակ թաքցրած ականջակալից, հարևանուհու գրպանից, սեփական ձեռնոցից․․․ Վերջին նստարանին դարանակալած պարտիզանը, որ բանակից վերադարձած տղա էր, Բրյուսով տեղ՝ ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոնի պատվին ու «կինոյի միջի տղու» կարգավիճակին հավասար մի բան, արդեն մի յոթ տարբերակ զոհ է տվել ու հոգու ողջ ուժով և մարմնի բոլոր բջիջներով ատում է ինձ՝ չհանդուրժելով մեր երկուսի համակեցությունը էս մի փոքրիկ մոլորակի վրա։ Վերջին փամփուշտը կրակածի հուսահատությամբ ֆշշացնում է ատամների տակից՝
– Բայց հատուկ ծառայություններն ի դեմս Ձեզ ի՜նչ կադր են կորցրել։
Լսարանը՝ մի հարյուր ուսանող, քարացել է։ Անշարժ, քա՜ր լռություն։ Սպասում են։ Մե՛կ, երկու՛, երե՛ք․․․ Լսվում է սա՜ռը ու դանդաղ՝
– Գուցե՝ այո․․․ (մեկ, երկու, երեք․․․շրջվում եմ, ուղիղ աչքերի մեջ, անթարթ․․․) Գուցե, – ծա՜նր, երկա՜ր, մինչև ողնաշարը ներթափանցո՜ղ հայացքով, – ո՛չ․․․
Պարտիզանը գունատվում է, քրտինքի կաթիլները հատիկ-հատիկ շարվում են ճակատին․․․
Պարզ է՝ չստացավ։ Բայց դե պարտիզան էր․ սպասեց, որ մի երեք շաբաթով բացակայեմ, մի ուրիշի մոտ վերահանձնեց, ստացավ։ Ավարտելուց հետո եկել էր, թե՝ եկել եմ ասեմ, որ ես Ձեզ որպես մասնագետ հարգում եմ, բայց որպես մարդ չեմ սիրում։ Այ էսպիսի հարաբերական տարբերակում և զգացմունքներ։
Ու քանի որ ամեն ինչ հարաբերական ա (մի ընկերուհի ունեմ, ինչ հարց տաս, ասում ա՝ նայած), էսպես անորոշ էլ աբրըմ, օ՜ֆ, ապրում ենք, չգիտենք՝ հավատա՞լ, չհավատա՞լ, լինե՞լ, թե՞ չլինել, վարակվե՞լ, թե՞ չվարակվե՞լ, ավելի լավ ա շու՞տ, քանի հիվանդանոցներում տեղ կա, թե՞ ուշ, երբ գուցե արդեն բուժումը հայտնի կլինի՞, ԱՀԿ-ի էսօրվա հայտարարությանը հետևե՞լ, անգամ եթե այն հակասում է երեկվանին, թե շարունակել առաջնորդվել երեկվանով, մեկ ա՝ վաղը էլի ուրիշ բան են խորհուրդ տալու։ Դիմակը դիր, չէ, մի դիր, չէ, դիր, եթե հիվանդ ես, չէ, դիր նաև, եթե առողջ ես, չէ, եթե առողջ ես, մի դիր, բայց եթե կասկած ունես, որ թեև առողջ ես, բայց կարող ա վարակակիր ես, դիր, դիր, երբ ներսում ես, բայց նաև երբ դրսում ես, բայց եթե դրսում ես, մի դիր, բայց մոտդ պահիր, որ եթե ներսում լինես, անպայման դնես, բայց եթե ներսում, այն է՝ քո աշխատասենյակում ասենք մենակ լինես, մի դիր, բայց որ մարդ գա, դիր, դիր, մի դիր, մի դիր, դիր, բացօթյա, փակօթյա, ներսում, դրսում, առողջ, հիվանդ, առողջ, բայց գուցե թե հիվանդ, պաշտպանելու՞, պաշտպանվելու՞․․․ Պարզ չի՜․․․ Սա՜ղ հարաբերական ա, քուրս, սա՜ղ․․․
Եվ ուրեմն, ասեմ, քուրս, խառն ենք, շա՜տ խառն ենք։ Բայց մի բան հաստատ ա՝ մենք հաղթել ենք ու սա էլ ենք հաղթելու։ Մի բան էլ կա հաստատ, քուրս, էսօրվա դրությամբ ճիշտը հըլը որ դիմակն ա․․․

Please follow and like us: