Կորոնաֆուտբոլ76/ Աջ քաշեք, կանգնեք/ Մարինե Մարգարյան

Բա չիմացաք՝ վարորդական իրավունքիս վկայականը ստացա:
– Դու՜րս, – գոչեց ոստիկանության պատուհանիկի մոտի տիկինը, ում սանրվածքը ՀՀԿ-ական փառահեղ կյանքից հուշ մնացած սեպագիր էր հիշեցնում։ – Առանց դիմակի չմոտենա՛ք։
– Ա՜յ քուրս, բա դու չե՞ս իմանում, որ էս վիրուսն ալամ աշխարհի մասոնները ստեղծել են սպեցիալնի, որ քո էդ մասկեքի մեջ մեր տատի-պապիները շնչել չկարողանան ու խեղդվեն։ Հիմա դու ասում ես՝ հագի՛։ Է՜հ, հագնեմ, ջանիդ մատաղ,- ասեց մեծամարմին տղամարդն ու քյաբաբ-խորովածների հետ  բուռն հարաբերությունների մասին պատմող իր փորի ծալքերից լաթի մի կտոր հանեց, մեր ամենասիրուն պատգամավորներից մեկի ասածի պես՝ «ճըպպըցրեց քիթ-մռութին» ու առաջացավ։
«Սա հաստատ էն անԴրմոլորակայինին էլ հավատալիս կլինի, որին Դոնալդ Թրամփն ու Թալիաթ Փաշան չինական լաբորատորիայում խաչասերել են չղջիկի հետ ու ստացել մի ընտիր նախաճաշ»,- մտածեցի ես, որ նույնպես այս գեղեցիկ գարնանային օրը ոստիկանատան հերթերում սպանելու գործի վրա էի։ Բայց և շտապեցի մտքումս համաձայնվել՝ հա՛, կա հավանականություն, որ ինչ-որ մեկը մեզ ուզում է խեղդած լինել, որովհետև ինքս էլ, ոտքի վրա անցկացրածս վեցերորդ ժամի ավարտին, դիմակի մեջ այլևս չեմ ձգում ու սրընթացորեն մոտեցել եմ դռան վրայի ցուցանակի վրա հեռատեսորեն նկարագրված «կարգավիճակին». «Առաց դԻԱկների մուտքն արգելվում է»։
Իսկ տիկինը չի հանդարտվում, հիմա էլ դարձել է մեկ ուրիշին.
– Ընկե՛ր, դա նամորդնիկ չի, մասկա է, քաշեք քթին։ Այստեղ շնչել չի՛ կարելի։
Երանի քեզ, քույրս, ուզեցի ասել, որ գոնե քո «ապարանքում» ունես հստակ կարգ ու օրենք ու չունես հարցեր։ Թե չէ, ազգովի շիվար ենք մնացել՝ մեր շահած-ընտրած, թավշափետուր ջոջերի հետ ձեռք ձեռքի: Ընկել ենք մտածմունքի մեջ, չենք հասկանում՝ ո՞րն անենք, որը՝ ոչ։ Վարակից վախենա՞նք, չվախենա՞նք, շան տեղ դնե՞նք, թե՞ ուղտի, նշանվե՞նք, թե՞ տանը մնանք, Էջմիածնու՞մ մոմ վառենք, թե՞ Վատիկանում, հաց ուտելուց դիմակը դնե՞նք, ընդհանրապես՝ էդ անտերը մայիսի 18-ի՞ց դնենք, թե՞ 25-ից… բա տրանսպո՞րտը. 18-ին մետրոյի մուտքերը բացենք, 25-ին՝ երևի ելքե՞րը… Այ այսպես փնտրտուքի մեջ էինք, որ պինցետով բռնվող թագա-գնդիկը գլորվե՜ց, գլորվե՜ց, դարձավ մի մե՜ծ ֆուտբոլոլա-գունդ, թիմով հավաքվել, տշու՜մ-տշու՜մ, չենք կարողանում համապատասխանաբար իրեն համապատասխան ծակը խոթել։
– Գոո՜լ։
Վա՜յ, սխալ գոռացի, ուզում էի ասել՝ ուռա՜, ստացա՜ վկայականս, բայց քանի որ ուշքն ու միտքս դաշտում ծավալվող մեր ֆուտբոլ-աշխարհամարտն է, գոլից դենը բան չի գալիս լեզվիս։
Լսե՞լ եք «տաք-տաք պռավա» արտահայտությունը, ես գիտեի, թե փոխաբերական է, այնինչ, դու մի ասի, չէ՛, լավ էլ՝ ուղիղ խոսք։ Տաք է իսկականից, նոր տպած։ Հիմա բռնել եմ ձեռքս ու ասում եմ՝ ու՞ր դնեմ, որ տրանսպորտում ջեբկիրները չտանեն…
Վա՜յ, հե-հե-հե՜, մոռացել էի, հիմա ես էլ տրանսպորտ չեմ նստելու…Չէ՞… Ա՜յ քեզ բան… Էլ չե՞մ կանգնելու օտար՝ լրիվ օտար մարդկանց հետ քիթ քթի, ճակատ ճակատի՝ «Տե՞ր ես, տե՛ր եմ, հնազա՞նդ ես, հնազա՛նդ եմ» դիրքով…  Ի դեպ, երկու ամիս է՝ զարմանում եմ, թե ո՞նց մինչև հիմա գրպանահատներն ու տուն կտրողները, ռեստորանատերերի պես, չեն գնում կառավարության դիմաց ցույցի, թե՝ հերի՛ք տանը նստեք, ա՜յ ժողովուրդ ջան, դո՛ւրս եկեք, թողեք գործ անենք, ապրենք։
Էս ասեցի, փայտիկն ու սուլիչը ձեռքը մարդկանց հիշեցի։

Ամուսնուս ընտանիքում լավ վարորդներ են բոլորը՝ խիզախ, հմուտ, օրենքներն իմացող։ Հախուռն բնավորության բերումով, ճիշտ է, միշտ չէ, որ հաջողում են դրանք պահել. խախտու՛մ են, խախտելիս էլ պատրաստ են պատասխան տալ, սակայն երբեք՝ ոստիկանին տված կաշառքի տեսքով։ Սկզբունքի հարց է:
Ամուսնուս հորեղբայրը՝ Հակոբ Հեքեքյանը, ժամանակին հայտնի՝ սովետական միության ՏԱՍՍ-ի և АПН-ի հատուկ թղթակիցը Հայաստանում, համեստ և լռակյաց մարդ, Հայրենականում զրկվել էր ոտքից և հատուկ հաշմանդամի համար հարմարեցված Մոսկվիչ էր քշում։ Մի օր, երեք մանր երեխեքին, կնոջը ավտոն նստեցրած, քաղաքից դուրս են գնալիս լինում, ոստիկանը կանգնեցնում է։
-Լեյտենանտ էսինչ-էնինչյան, Ձեր փաստաթղթերը…
Էս Հեքեքյանս սկսում է փնտրել, ամենը գտնում, ցույց է տալիս, բացի տեխանձնագրից։ Սա չկա ու չկա. այդ ժամանակներում էլ՝ խիստ պարտադիր մի բան, որ ապացուցես՝ մեքենան քոնն է։ Հիմա ավտոտեսուչը, թե՝ տուր, Հեքեքյանը՝ չունեմ։ «Ուրեմն, ավտոն պիտի առգրավեմ», – (հիշեցնեմ՝ սարի վրա են, քաղաքից դուրս): Հակոբը երկա՜ր համոզում է, թե՝ ինչպե՞ս կլինի, ա՜յ եղբայր, տեսնում ես՝ ամեն բան կարգին է, էս՝ ես, էս՝ իմ ընտանիքը, սա էլ՝ մեքենաս: Դե, մի թղթի կտոր է, չեմ գտնում, հիմա կպատահի, թող գնանք, էլի… Ավտոտեսուչը՝ չէ ու չէ։ «Ինչպե՞ս կապացուցեք, որ սա ձեր մեքենան է, անձնագիրը չկա, ուրեմն ձերը չէ, գուցե գողացել եք»։
– Ա՜յ քեզ խաթա՜։ Ընկեր լեյտենանտ, բա եղա՞վ։ Ահա՛ իմ հաշմված ոտքը, սա էլ՝ հատուկ, ձեռքով կոնուսը սեղմելու սարքը մեքենայի մեջ, ինչպե՞ս թե ուրիշինն է։ Հետո գողանալս ո՞րն է, ամոթ չէ՞։ Եղբայր, ի՛մն է, իմ՝ մեքենան։
– Չէ՛, ձե՛րը չի։ Իջե՛ք։
Վերջը, սա որ շատ է երկարացնում, հորեղբայր Հակոբը մեկ էլ շրջվում, դառնում է ընտանիքին, թե՝ իջե՛ք, գնում ենք։ Ասում է.
– Պարզվում է՝ սա մեր մեքենան չի, ուրիշինն է եղել, չենք իմացել: Իջե՛ք-իջե՛ք, գնացի՛նք։
Դուրս են ելնում մեքենայից, բանալիները խոթում ապուշ կտրած տեսուչի ձեռքն ու հող ու տապին սկսում քայլել սարնիվեր՝ կաղացող, փայտը ձեռքին պատերազմի հերոսը, կինն ու մատղաշ երեխեքը։ Կարկամած տեսուչը, որի միակ նպատակը երևի երեք ռուբլին էր, բայց ոչ այն, ինչ ստացվեց, հիմա չգիտի՝ ինչ անել։ Դերերով փոխվել են։ Վազում է ընտանիքի հետևից՝ բանալիները հետ տալու, և սկսում խնդրել թախանձագին, թե հետ եկեք։ Հակոբն էլ՝ ո՛չ, եղբայր, ես՝ և նստեմ ուրիշի մեքենա՞ն։ Երբե՛ք։
– Ընկե՜ր ջան, եղբա՜յր ջան, վերցրու թղթերդ, ա՛ռ քո բանալին, հո պատուհաս չե՞ս։ Հե՛տ արի, հավատում եմ, լա՜վ, ձե՛րն է մեքենան, եկեք նստեք, քշեք, գնացեք։
– Ո՛չ, չէ ու չէ։ Ես ուրիշի մեքենան նստողը չե՛մ։

Թիմակիցներիս խոստացել եմ՝ էսօր ավտոյով եմ դաշտ մտնելու…
Չէ՜, պետք չի Մեսրոպի հորդորակը քրքրել. ո՛չ այնտեղ, ո՛չ էլ համաշխարհային ֆուտբոլային պատմության էջերում չեք գտնելու խոսք՝ մեքենայով խփած գոլերի մասին։ Բայց մերը հո սովորական դեպք չի՞։ Ուրեմն, համակարգչով արած Վերջին Զանգ կլինի, Հայաստանի անտառներում կովկասյան ընձառյուծ կլինի, էս նեղ օրով՝ խորովածից լավ հասկացող, իր 100 – ավոր փաստերով, Մարինայի հարևան Վարդիշաղ տատի լեզվով ասած՝ «լևի մտնող» վարչապետ կլինի, վերջիվերջո, ինձ նման՝ անվավոր ամեն տեսակի գլորվող բաներից ի ծնե գլուխ չհանող մարդու ձեռքին «պռավա» կլինի, ավտոյով ֆուտբոլիստ չի՞ լինի։
Քանի տուգանային չեն տեղափոխել, մի բան էլ պատմեմ։
Մի գեղեցիկ օր, իր սովորության համաձայն՝ գերլուսային արագությամբ Երևան էր սուրում բազմազբաղ ամուսինս, երբ հանդիպած առաջին տեսուչն իր սուլիչով ընդհատեց այդ անմոռանալի «թռիչքը»։ Ծավալված ջերմագին զրույցի սկիզբն անտեսելով (քանի որ հեչ ժամանակ չկա, դարպասն ան-գոլ մնաց)՝ անցնեմ վերջին, երբ ավտոտեսուչն ուզում էր հասկանալ, թե ի՞նչ մասնագիտության տեր է իր ձեռքն ընկած շումախերը, որը համառորեն չի ուզում իր գրպանի ծանրացման գործում լումա ունենալ, և լսեց ամուսնուս պատասխանը.
– Երաժիշտ եմ։
Ընթերցողներիս ասեմ՝ չէր խաբում. կյանքիս ու տվյալ 08 մակնիշի հրթիռա-գնացի ղեկին նստածն իսկապես երաժիշտ է՝  դիրիժոր:
– Երաժի՞շտ։ Ախպերս, դուք լավ էլ փող ունեք։
– Չէ՜, խառնում ես, ընկեր ավտոտեսու՛չ ջան, քո պատկերացրածը շոուբիզնեսի ներկայացուցիչներն են: Իմն ուրիշ է, ո ՞նց ասեմ՝ պարզ լինի… Լսի՛ր: Ինձ էլ, քեզ պես, ա՜յ էդպիսի մի փայտիկ են տվել ձեռքս, բայց մի տարբերությամբ՝ դու, որ փայտդ պարզում ես, քեզ բերում, փող են տալիս, իսկ ես ինչքա՜ն թափահարու՜մ-թափահարու՜մ եմ, տվող չկա։

Քանի մրցավարը ծպտյալ ավտոտեսուչի պես դեմս դուրս չի եկել՝ ականջիս մեջ սուլելու, գազ տամ․
– Մասիվո՜վ հակառակորդի տուգանային հրապարա՜կ, հետևի դուռը լավ փակեք, չփչի։ Ուշադի՜ր, ձախ թարթիչով մտա՜նք դարպասամերձ գոտի, արագությունը՝ 80 կմ/ժ…
Գոոոոոոոոոոոո՜լ։

Please follow and like us: