Կորոնաֆուտբոլ74/ Հեղափոխության դոշաբը՝ անպակաս/Հասմիկ Սարգսյան

Մի պլովդիվյան ծույլ ցերեկով քաղաքապետարանի առաջ ոսկուց թռչող ափսե ա վայրէջք կատարում: Ափսեի ոսկյա դուռը հետ ա գնում, միջից դուրս ա գալիս երկու մետր հասակով ատլետիկ ու գեղեցկադեմ մի երիտասարդ: Գալիս ա, նստում մոտակա կաֆեում, սուրճ ա պատվիրում: Հագին ոսկեզօծ տրիկո, վզին մի քանի ոսկուց շղթա, բոլոր մատներին ոսկուց մատանիներ: Մոտենում ա կողքի սեղաններից մի երիտասարդ կին, սկսում հետը ֆլիրտ անել: Ասում ա՝ էդ որ մոլորակից որ գալիս եք, բոլորն ե՞ն էսպես ուժեղ ու պարապած: Թե՝ հա, բոլորը: Ու բոլորն էլ էսպես բոյո՞վ: Հա, հա, սաղ սենց են: Ու վայելչագե՞ղ: Բա՝ այո, այո: Ու բոլորդ էլ էսքան ոսկի ունե՞ք: Իհարկե ո՛չ, – վրդովվում ա աստղային հյուրը, – էդ մեկը մենակ հայերը:
Պատմում ա բուլղարացի կոլեգաս՝ Վանյան: Հռհռում ենք: Ախր ես էդ տրիկոյով ատլետի բոյին մեռնեմ, կասեր ընկեր Շեխոյանը ու քահ-քահ կծիծաղեր:
2018 թ. մայիսի 8ն ա: Կհիշեք: Էն որ ամբողջ ազգի դարդ ու ցավն էն էր, որ ընգեր Փաշինյանի դոշաբը չպակասի: Աշխարհի էն մի ծերում եմ՝ Ճապոնիայում, գնացքով հետ ենք գնում Միյազակի: Մի ականջիս Հայաստանից լայվերն են, մյուս ականջիս Վանյայի անեկդոտները հայերի մասին ու ճապոնացի հսկիչի արիգատո գոզայիմաս-ը, թե՝ Ձեր տոմսերը, խնդրեմ: Սյուռ էր: Էդ օրը քյաբաբ-խորովածի թեման կարծես փակվել էր, բայց դու մի ասա՝ տարիներ անց… Լավ, եկեք ուրիշ բաներից: Մեր՝ բուսակերներիս համար էլ պասուց տոլմայի թեմա կարելի ա՞, ընկեր Փաշինյան: Ավելուկ, փիփերթ, լոբախաշու, հռածած, փըթ-փըթ, քրճիկ, քելեկյոշ …
Տուգանային հրապարակում իրար կողք-կողքի շարվել են խորովածի շշերի դեմ պատ, սպասում են, սպասում են, սպասում են: Էդ պարոնի տեղն էլ որ ընկեր եմ ասում, զաթի սովորությունից ա, պարոն-տիկին-ին տենց էլ չսովորեցի:
Անկյունայինն ի՞նչ եղավ: Խաղադաշտում մի շուխուռ ա ընկել. կողքի խաղադաշտերից երկու հոգի, հարբած են թե ինչ, դաշտերը խառնել են, ընկել գրականության դաշտ: Մրցավարը սուլում ա, դուրս ա հրավիրում, օգուտ չկա: Մեկը ինքնամոռաց բանաստեղծություններ ա ասում, գոչում ա թե՝ ինձ հե՜տ վերցրեք, ես ձեզանից մեկն եմ, ձեզանից մեկը: Մյուսը կանգնել ա պահեստայինների նստարանին, բարդ երկրորդական նախադասություններով բացատրում ա ընտանեկան հարաբերություններ արտահայտող եզրույթների գործածության կանոնները հայերենում: Մտածում եմ՝ որ սկի էս ճարտասաններին են ստեղից դուրս հրավիրում, ես ի՞նչ դուխով եմ եկել խառնվել …
Բայց քանի մոլորյալ քաղաքացիներին են կարգի բերում ու ինձ հետ չեն սուլել լեզվաբանության դաշտ, արի արանքից օգտվեմ, մրցավարի տրամադրությունը բարձրացնեմ, որ ինձ էլ ուղարկի խաղալու: Ասում եմ՝ էն բուլղարական անեկդոտը լսել ե՞ս, հայ Կիրկորի ու Գարաբետի մասին, էն որ Կիրկորը արեւածաղիկ ա ծախում բանկի դիմաց… Արփին բա՝ դու էն ասա, ֆուտբոլ խաղալ գիտե՞ս: Հա դե նենց չի, որ ընհա՜նրապես չգիտեմ:
Օրինակ, մի երկու տարի առաջ Միլանում եմ խաղացել․ Ֆրանկֆուրտից համակուրսեցի-համաֆակուլտետցիներիս հետ Պավիա քաղաքում կոնֆերանսի մասնակցելուց հետո գնացել էինք մի օրով աշխարհ տեսնելու: Գնդականման կլոր մի բան էր ընկել ձեռքներս, Միլանի փողոցներով իրար պաս տալով գլորվում էինք՝ ամրոցից տոնավաճառ, Պետերն ու Ֆելիքսը՝ ֆուտբոլի մոլի երկրպագուներ, ու ես: Հետներս ուրիշներն էլ կային, բայց իրանց ավելի չափահասի նման էին պահում: Գրետան մեկ-մեկ անգամ ակնհայտ մեզնից հեռու էր քայլում ու ձև էր անում, թե մեր հետ չի: Պետերն ու Ֆելիքսը ինձ գնդակը փոխանցելուց ոգևորում էին՝ Միքիիի, Միքիթարյա՛ն: Ինձ Եվրոպաներում Միքիթարյան ասել են, Քարդաշյան ասել են: Շառլ Ազնավուրի հետ էլ են եղել ասոցիացիաներ: Ով իր երկրից ինչ հայ գիտի: Օրինակ, մի լիտվացի կոլեգաս ինձ տեսնելուց միշտ հանրաճանաչ օպերային երգչուհի Ասմիկ Գրիրգորյանին ա հիշում: Բուլղարացի կոլեգայիցս էլ դե Կիրկորի ու Գարաբետի մասին եմ իմացել:
Ընկեր Շեխոյանին ինչի՞ հիշեցի։ 20րդ դարի վերջին հումանիստ, մեզ Իրանի գրականություն էր դաս տալիս ԵՊՀ-ում: Փոքրահասակ, կոլորիտով, անչափ իմաստուն մի կին: Մարդկանց մասին խոսելիս ամենափիս բանը որ ասում էր՝ մարդ եմ կորցնում, հասկանում եք, մարդ: Մի օր «Շահնամեի» թեմայով միջանկյալ էինք գրել, ընկեր Շեխոյանը արդյունքներն ա ամփոփում: Տրամադրությունը բարձր, հայացքում չարաճճի մի բան ա խտվտում: Ասում ա՝ այ երեխեք ջան, երևում ա բոլորդ նույն կոնսպեկտից եք օգտվել: Ում աշխատանքը բաց եմ անում՝ Ռուստամը բարձրահասակ էր, մոտ երկու մետր հիսուն: Մեկի մոտ եմ կարդում, երկրորդի, երրորդի, չորրորդի … Ախր լավ էր անում, թե բոյով էր, բայց … Ախր ես Ռուստամի բոյի՛ն մեռնեմ: Ու՝ քահ-քահ-քահ …
Հայերը ֆուտբոլ խաղալ չգիտեն, տո ոնց չգիտեն, եկեք կորոնաֆուտբոլ: Տեսեք ոնց են իրար խաբս տալիս, շրջանցում, փոխանցում, լույսի արագություն են բացել, գնդակը մի տուգանայինից հետ ա գալիս մյուս, գոլ չկա, իսկ ժամանակը սպառվում ա, սպառվում: Ես էլ ինչպես միշտ աշխատում եմ ընդամենը ոտքի տակ չընկնեմ, առիթ-անառիթ վազում եմ պահեստայինների նստարան, խաղը հեռվից ավելի լավ ա նայվում: Արանքներում մտնում եմ ֆեյսբուք, նորությունների պատը լիքն ա էլի՝ հայերը էս հայերը էն: Ցիվիլ չեն, կարգապահ չեն, կրթական մակարդակը էն չի … Ախր ես ձեր կրթական մակարդակի բոյին մեռնեմ, կասեր ընկեր Շեխոյանը…
Ասում եմ՝ պրծեք սուլեք, ինքնառաջադրվել եկել եմ Անահիտին փոխարինելու, ինքը գնաց երեխու համար փրփրավաննա սարքի: Սենց մի նայեք, ես ուրիշ տեղ չէ, Միլանում եմ ֆուտբոլ խաղացել: Մենակ էս աջ ոտնաթաթիցս զգույշ էլի, վերջերս պատուհանագոգից ընկնելուց թավա եմ կասեցրել (սա էլ մի ուրիշ պատմություն ա), դեռ մի քիչ ցավում ա:
… ու ճախրում եմ ես, ես ճախրում եմ վեր, կարգապահ հայեր, նվազող թվեր…

Լուսանկարը՝ Նարինե Կարապետյանի

Please follow and like us: