ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ72/ Երաժշտական կարանտին/ Սաթիկ Հարությունյան

Աշխարհը աշխարհով, թագ ու պսակի համար թուր ու թվանքով, ես իմ ավտոմատ արգելակման ռեժիմով:
Չգիտեմ, ով, երբ, ոնց կհանի բլակիրովկաս, ես սպասում, նորություններին հետևում եմ միմիայն գրողուցավում ու վայելում թիմակիցներիս խաղը, նայում եմ մարզիչ Արփիի ինքնագոհ դեմքին, ուզում եմ մեղրեցի դասականի նման ասեմ՝ պատառ վեր եք, ու մեկ էլ ասեմ՝ գոնե կեսրարիս նման գովի խաղացողներիդ: Ո՞նց, ասեմ. մի առիթով, կեսրարս իրա քսանհինգ տարվա խնամուն, դե իմ պապային էլի, թե՝ Վալոդ խնամի, խաթըրդ չմնա, ես իմ հարսից ԱՌԱՅԺՄ գոհ եմ…
Ու մեկ էլ մրցավար Արփին, պապայիս նման մի ունքը բարձացրած շվվացնում ա, ու կիսուրիս ձայնով թե՝ հալա էդ հըլդրմ-հոփին վերջ տուր, մի հատ շըլդրմ-շըփ արա…
Ես վեր եմ թռնում, ու հասկանում, որ մինչև հանգը-հունգը, էսյան-էնյան, տուդա-սյուդա, դես-դեն՝ Մարինեի թեթև ձեռքով երաժշտությունը դիֆուզլամիշ ա եղել Կորոնաֆուտբոլին ու էն էլ ո՜նց, ես էլ հիշելով հայտնի ֆուտբոլիստ կոզակներին, մտածում եմ, ինչ երաժշտություն հարմար կլինի մեր թիմին: Ու որպես հայտնի ժողովրդավար, ինքս ինձ մտքում բարձրաձայն քննարկում եմ…
Դե ասենք՝ քայլերգ… մեկ էլ անկյունային դրոշակի մոտից սև փոքրերը թե.
– Այո այո, քայլերգ, քայլերգ… Կուդա իդյոտ կառոն, բալշոյ սեկրետ…
-Այ բալա դրանց ձենը կտրեք, մեզ մի քայլերթ լրիվ հերիք ա..
Գուցե ռե՞պ, ու մյուս անկյունից՝ կարմիր սրտիկներով տռուսիկովը, գլխից բարձր պահած «ՃանաՆչել զիմաստություն և զխկրհատ, իմանալ զբանս միշիկոյ» դրոշակը.-Այո, այո ռեպ, Միշո… Չիմանա՜յ, ես քեզ չիմանա՜յ…
-Այ բալա էդ մլավոցը անջատեք, աչք ու ականջ մազոլ եղան…
Ուրեմն՝ դասական… ու Հարդագողի ճանապարհով առյուծն առաջից, մուկը հետևից, մաքրատուոտուզ ալբինոսները ուսերին, համապատասխան ժողովուրդի կլասիկ ցավը տանելով.
– Այո, այո դասական, դասական… Առնետն իմ միշտ ինձ հեեե՜տ է…
-Վայ քրքրվես դու, չեմչեմին դասական, կասեր դասականը … ու համապատասխան դասական հռհռոոոց՝ հեռաՎար տրիբունաներից…
-Ա՜յ, մենակ ոչ դա, խնդրում եմ…
Ա դե հերիք ա բոլ ա, բոլ ա հերիք ա… ես էդ երգը չիմ ուզում, ես էդ գործը չիմ նվագում, ես էդ քայլը չիմ գցում, ես էդ գոլը չիմ խփում … դե ուրեմն ալելուա … այոոո՝ փայլակ- կայծակ, շանթ ու որոտ, մտքի թռիչք, հոգու ճիչ , ալելուա՝, ալելուա, բա ո՜նց ալելուա, բա մե՜նք, որ աղոթում էի՜նք … մենք աղոթել ենք Տրդատի օրոք, Ավարայրի դաշտում, Ստեփանոսի հետ, ցարի ու փաշայի տարիներին, սովետի ժամանակ, սովետից հետո, Բարևի ու մահակի հետ….
Ու հենց էս պահին ինչ-որ հրաշքով լուսատախտակամածին հայտնված գարԱԺից լսվում ա եռաձայն աղոթքի արձագանքը:
Չէ, չէ, սա Հենդելի եռաձայն Ալելուան չի, որ մենք Մեղրիի երաժշտական դպրոցի տնօրեն Լորիս Ամիրխանյանի ղեկավարությամբ 1980թվին, Լենինի ծննդյան 110 ամյակի առթիվ երգչախմբերի մրցույթի ժամանակ կատարեցինք՝ ջրից հանած ձկների նման բերանները բացուխուփ անող, աչքերը չռած ժյուրիի առջև:
Ուրեմն լուսատախտակամածին հայտնված գարԱԺից լսվում ա եռաձայն աղոթքի արձագանքը ու տարածվում մոմի ու ինչ-որ անհասկանալի խառնուրդի հոտ:
-Եղիցի հո՜ւյս, քայլելու ա, քայլելու՜ ա…
-Եղիցի լու՜յս, վառելու ա, վառելու՜ ա…
-Եղիցի ջուր, բամփելու ա, բամփելու՜ ա…
Ալելուա, ալելուա…
Ու մեկ էլ ճռռռ… բացվում ա եռագույն (կանաչ, կարմիր, դեղին) դուռը՝ ախր սա… հա էլի, սա եռատեղ սուրբ եկատերինան ա՜….
Դե հիմա կասեք ի՞նչ սուրբ, ի՞նչ եկատերինա…
Ասեմ: Ուսանողական կարանտինի մեր վարձակալած սեփական տան սան հանգույցը փոսի զուգարանն էր: Ու քանի որ էնտեղ հոսանք չկար՝ մենք մոմ էինք վառում ու չգիտեմ մեզնից ում ծանԴր հումորով ու չգիտեմ խի, մեր սանհանգույցը կոչվեց «սուրբ Եկատերինա»: Ու էդ տարիներին մեր տան հարցերի հարցը ոչ ուսուման մասին էր, ոչ հացի, ոչ էլ ջրի… դա «Սրբում մոմ կա՞» հարցն էր…
Ու էստեղ Մեսրոպը թե.
– Այ քույրիկ, հերիք ա նյեսե-նյեսե անես, դու ո՞ր օրվա մուզիկանտն ես, ֆիզիկան մուզիկայի հետ խառնել ես՝ գլուխլվա ես անում, ախր դու յոթ տարի երաժշտական գնալուց հետո էլ մի մատով ես դաշնամուր նվագում ու դա հալա քիչ ա, ինչ էլ նվագում ես, «Կուզնեչիկ» ա դուրս գալիս…

Please follow and like us: