ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ70/ Քաղաքական խաղեր/ Ժաննա Հայրապետյան

 Հիմա կասեք` հազար տարվա ֆուտբոլիստի դեմքով դաշտ մտավ: Մարդահաշիվ եղավ, բայց ձևեր է թափում, թե ես խաղալ չգիտեմ: Զոռով-շառով մի ծուռ գոլ խփեց ու բակում խաղացող փոքր երեխայի նման ասում է` մամաս կանչում է տուն, գնդակս տվե’ք, պիտի գնամ:
Ա’յ, ճիշտ էդպես մեզ հետ խաղացող Աննուշկային տուն էր կանչում իր տատ Նեկտար Կամսարովնան, ու մենք զարմանում էինք, որ Աննուշկան հենց նույն վայրկյանին կարողանում է ամենաթեժ պահին ընդհատել խաղը, շրջվել ու տատիկին հանգիստ դեմքով ասել` иду:
Մենք զարմանում էինք, որ մեր տատիկներն ասում են` էս ինչի՞ տուն լցվեցիք, գնացեք, շոգը կընկնի, նոր տուն կգաք, իսկ Նեկտար Կամսարովնան Աննուշկային տուն է տանում, որ դաշնամուր նվագեն: Էստեղ Նեկտար Կամսարովնային հանգիստ թողնենք, թող Աննուշկայի հետ դաշնամուր նվագեն, ու մենք դաշնամուրի հնչյունների ներքո դառնանք – փառաբանենք մեր ֆուտբոլիստներին, որ ջանները յուղել են ու ընկել ֆուտբոլի ջանին:
Չէ’, դաղալություն չանեմ: Տուն գնալս ո՞րն է էս հալ հալին: Օրինակ էդ ի°նչ շնորհք է: Էլ ուրիշ օյին չկա՞ր: Առանց էդ էլ կորոնակարանտինը բոլորին փակել է տներում, ու հազիվ ենք տան պատերից դուրս եկել, մաքուր գրականության հոտ ենք շնչում կորոնա-ֆուտբոլա-գրական դաշտում:
Հիմա կասեք` ուրիշ դաշտ չկա՞ր, որ խցկվեցիր հենց էստեղ: Կար: Ո՞նց չկար: Հիմա էս երկրում դաշտի պակաս չկա: Բայց որոշ դաշտերում հո՜ ծուխ չեն անում: Արարատ ձյաձյայի տրակտորը տեղից պոկվելիս էդքան ծուխումուր չի անում, ինչքան որ մի քանի դաշտերում են դըռռռռ, հա՜, դըռռռռ: Վա՜յ, ձեր յուրդը չբլի: Օրուգիշեր դռդռում եք:
Ծուխը կապել եք ու իրար չեք տեսնում էդ ծուխումրի մեջ: Ծուխումուրն էլ բավական չէր, թուքումուրն է անպակաս:
Գարնանն առաջին անգամ գոմից դաշտ գնացող հորթ տեսե°լ եք, էն որ քիթն առաջին անգամ քամի է ընկնում, սկսում է ուրախ տռճիկ տալ կանաչած դաշտերում: Հիմա ես եմ, տնային կալանքից ազատվել եմ, դիմակս հանել ու կորոնա-ֆուտբոլա-գրական դաշտում թոքերիս առողջ թթվածին եմ մատակարարում ուղիղ արտադրողներից:
Մեր ընկեր Թամրազյանը էսպես որ ինձ տեսներ, կասեր՝ աղջի՛կ ջան, հորթային զմայլանքդ թո՛ղ, անցի՛ր Ցլիկ Ամրամի դասին: Կամ կասեր` ի՞նչ ես Թորիկի հայացքով ճախրում երկնքում, ուշքդ տեղը պահիր, հեսա հարբած փղերը դաշտ են ներխուժում, ոտնատակ չընկնես:
Գարնան վերջ: Ծաղկած դաշտեր: Հորթային զմայլանք: Էլ ի՞նչ տուն, ի՞նչ պատեր, ի՞նչ կորոնակարանտին: Քանի կա կորոնաֆուտբոլը, կորոնակարանտինն ու՞մ շունն է:
-Ես պատրաստ եմ, եկե՛ք, ով կա՞ ուժեղ խաղացողներից:
– Էս ո՞վ էր, եկավ ու շնորհքով ներխուժեց դաշտ:
– Պարո՛ն Մարուքյան, Դուք դու՛րս եկեք, սխալ դաշտ եք մտել, քաղաքականը ձախից վերջին դաշտն է:
– Հարգելի՛ ֆուտբոլասերներ, դուք էլ վերադարձե՛ք, վերադարձե՛ք, զբաղեցրե՛ք ձեր տեղերը: Խաղն սկսվում է:
-Ինձ դուրս եք հանը՞մ, կարող ա՞ մի հատ էլ հետևից թիկունքիս խփեք:
-Պարո՛ն Մարուքյան, մենք ձեր առջևի, հետևի, առավել ևս թիկունքի հետ ի՞նչ գործ ունենք, սա ձեր իմացած դաշտը չի, Էստեղ քաղաքական խաղերն արգելված են:
Էս մեկից չազատված` մի ուրիշ, ծանոթ ձայն․
-Փաստ 93․ հազվադեպ հանդիպող տեսակի հովազը Կարմիր գրքից դուրս է եկել ու վերադարձել Տավուշի անտառներ:
– Պարոն Փաշինյան, ի՞նչ հովազ, ի՞նչ Կարմիր գիրք, կարող ա՞ մի հատ էլ «Քաջ Նազարը» պատմեք մեզ, մի՛ շեղեք:- Էստեղ հազվադեպ հանդիպող ազնիվ խաղացողներ են:- Եկել եք հին գելերի մոտ հովազի հեքիաթն եք պատմում: -Կարմիր գրքից չեն, չէ՛, լսած կլինեք՝ «Կորոնաֆուտբոլից» են:
– Հարգելի՛ հպարտ կորոնաֆուտբոլիստներ, ես տեսել եմ` ուրիշ դաշտերում գոլեր չեն խփում, իրար են խփում, իրար են անխնա տշում, պաս են տալիս իրար: -Ես տեսել եմ քմծիծաղը ստի:
-Լա՛վ, էլի՛, պարոն Փաշինյան, կլինի՞ գնաք ուրիշ տեղ տեսնեք, խաղում ենք ախր: -Որ Դուք խորոված էիք անում, մենք Ձեզ խանգարու՞մ էինք:
– Ժամանակը կգնա: Էսքանից մի աղբյուր կմնա` գիրքը` «Կորոնաֆուտբոլ», կմնա աղբյուր սարքողը` Արփի Ոսկանյան, կմնան հունը փորողները, ովքեր սկզբից մինչև վերջ ազնիվ խաղացին, ոչ թե ստից խաղեր տվին, ոչ թե տրվեցին զազրելի սադրանքին:
Քանի Փաշինյանը զբաղեցրել է խաղացողներին, ես տեսնեմ` էս գնդակի հետ ինչ եմ անում:
– Գո~լ… -Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ

Please follow and like us: