Գնդակը հասավ ինձ, կռացա, վերցրի ու փախա․ ես ֆուտբոլ խաղալ չգիտեմ։ Ոչ միայն չգիտեմ, այլև կանոնների խախտողն եմ, բոլորի կայֆը հարամ անողը։ Գնամ, մի ծակ մտնեմ, քանի լուրջ-լուրջ ֆուտբոլիստներն ինձ չեն բռնել, գնդակը ձեռիցս չեն առել։
Ծակն էլ ի՞նչ ծակ։ Տնից բացի ուրիշ տեղ կա՞ գնալու։
Էսօր ցերեկը տնից դուրս էի էկել։ Թվաց՝ մենակ ես եմ մնացել կարանտինի մեջ։ Քաղաքում ամեն ինչ բացվել է, բացի համալսարաններից։ Դե հա, կրթությունն ու գիտությունն ու՞մ են պետք որ։ Համալսարանները փակ են մնում, համալսարանում աշխատողներս էլ՝ մեր տներում Անահիտի ասածի պես Զում քոլերում լռված, բայց ավելի կարևոր գործով զբաղված․ գրաֆիդ գույները փոխի, մոդելդ կառուցի, հոդվածդ խմբագրի, ուսանողների մեյլերին պատասխանի, գրանտդ խմբագրի, մյուս գործընկերներիդ հետ Զումով հանդիպում նշանակի, որ լռվես մեջը ու նորից նույն բաներն անես՝ գրաֆիդ գույները փոխես, մոդելդ կառուցես, հոդվածդ խմբագրես։
Անցյալ տարվա վերջին ակադեմիական կյանքից մի այլ կարգի հոգնել էի․ մեջտեղից ճղվում, աշխատում-աշխատում ես, բայց, միևնույն է, մշտական աշխատանք չես ստանալու, որովհետև դանիացի չես, տղամարդ չես, արևմուտքից չես։ Ծննդյան տոների ու Նոր տարվա արանքում մի օր Էնջըլի հետ սրճարանի բազմոցներին փռված սուրճ էինք խմում ու իրար դարդեր պատմում։ Ասեցի՝ ակադեմիայից հոգնել եմ, ուզում եմ նորմալ գործ ճարել։ Էնջըլն էլ իր նորմալ գործից էր հոգնել, ուրիշ նորմալ գործ էր ուզում։ Առաջարկեց միանալ Կոպենհագենի աշխատող կանանց նեթվորքին․ «Գնանք, միասին նեթվորքինք անենք, նոր գործ ճարենք։ Մենակ ամաչում եմ»։ Առանց երկար-բարակ մտածելու գրանցվեցի, անդամավճարը մուծեցի։ Ի՞նչ պիտի լինի որ։ Համալսարանում կին գիտաշխատողների ոչ ֆորմալ խմբեր ունենք, որտեղ հավաքվում, քֆրտում ենք սեքսիստ միջավայրը, իրար դուխ ենք տալիս, խորհուրդներ ենք տալիս։ Կանանց միջավայրերում միշտ ամեն ինչ էնքան լավ ա։ Ուրեմն երևի աշխատող կանանց նեթվորքն էլ հավես կլինի, հետն էլ հնարավորություն կտա մասնավոր սեկտորում նեթվորքինք անելու, հայերեն ասած՝ ԽԾԲ։
Տարվա սկզբից Էնջըլի հետ անընդհատ փորձում էինք գնալ միջոցառումներին, չէր ստացվում։ Հետո էլ կորոնան մեջտեղ ընկավ։ Ու կարանտինի առաջին օրերին մեկ էլ հասկանում ես, որ աշխատանքդ ահավոր անիմաստ է․ ամբողջ աշխարհը խառնված իրար, ու՞մ են պետք դանիերենի ու նորվեգերենի հոգելեզվաբանական առանձնահատկությունները։ Ու՞մ են պետք քո զիզի-բիզի գրաֆները ու մենակ քեզ հասկանալի համակարգչային մոդելները։ Դե արի ու քեզ մոտիվացրու, որ զիզի-բիզիներից մի քանի հատ էլ սարքես։
Էս ընթացքում Կոպենհագենի աշխատող կանանց նեթվորքը որոշեց առցանց վորքշոփ անցկացնել «Ինչպե՞ս աշխատանքիդ մեջ իմաստ գտնել» թեմայով։ Էդ է որ կա․ կմասնակցեմ, կհամոզվեմ, որ ինչ անում եմ, անիմաստ է, կթողնեմ ակադեմիան, կսկսեմ մասնավոր սեկտորում գործ ման գալ։ Էնջըլին էլ համոզեցի, որ մասնակցի, որ մենակ չլինեմ։
Ժամը եկավ, Զումով միացանք։ Էնջըլից բացի ոչ ոքի չէի ճանաչում։ Քանի որ վորքշոփն առցանց էր, ամբողջ Եվրոպայից էին մասնակիցներ միացել՝ բոլորը կնանիք, բոլորը կարիերայի, նորմալ աշխատանքով կնանիք։ Մենակ ես էի համալսարանում աշխատում։ Մեկ էլ մի ակնոցավոր ու խուճուճ մազերով կին սկսեց խոհափիլիսոփայական մտքեր արտահայտել աշխատատեղի մասին, թե ոնց ապագայում պիտի բոլորն իրենց աշխատանքի մեջ իմաստ գտնեն։
Նայում եմ Էնջըլին։ Ականջակալները հագին, միկրոֆոնն անջատած, բայց զգում եմ՝ հայացքն ուրիշ տեղ է։ Երևի գիրք է կարդում։
Ակնոցավոր ու խուճուխ մազերով կինը սկսեց թվարկել, թե մարդիկ ինչու իրենց աշխատանքում իմաստ չեն տեսնում։ Առաջին պատճառն անանունությունն էր։ Ասում էր՝ հայտնի ֆուտբոլիստը որ դեպրեսվում ա չէ՞, ինչու՞ ա դեպրեսվում։ Որովհետև մարզչին մենակ խփած գոլերն են հետաքրքրում, ոչ թե ֆուտբոլիստն ով ա, ինչով ա զբաղվում։ Ու էս ամենը բացատրելու վրա մի տասնհինգ րոպե ծախսեց։ Ու մինչ ինքը երկար-բարակ խոսում էր, մտածում էի՝ ուղարկեք էդ ֆուտբոլիստին կորոնաֆուտբոլ խաղալու։
Մեկ էլ տեսնեմ՝ Էնջըլը սուսուփուս կամերան անջատեց։
Հետո ինչ-որ թիթիզ վարժություն արեցինք մեր աշխատատեղի մասին, թե՝ նշիր քո երեք հատկանիշ, որ կուզենայիր, որ գործընկերներդ քո մասին իմանային։ Գրեցի երեք հատկանիշ, որ գործընկերներս գիտեն, բայց չէի ուզենա, որ իմանան։ Թե՝ գործընկերներիդ լա՞վ ես ճանաչում։ Գրեցի՝ հա, բայց երևի պետք չի։ Թե՝ ու՞մ ես օգնում քո աշխատանքով։ Գրեցի՝ ոչ մեկի։
Վարժությունից հետո քննարկում ծավալվեց։ Մեկը թե՝ գործի տեղը լինում են մի երկու լռակյացներ, որոնց պետք ա մոտենալ, շփվել, ծանոթանալ, թե՝ ինտրովերտներ են։ Ասում եմ՝ իմ գործի տեղը բոլորն են ինտրովերտ։ Ասում եմ՝ համալսարանում աշխատողներս տարօրինակ մարդիկ ենք։ Ու մեկ էլ սկսեցին ինչ-որ բառեր մտցնել, թե՝ մենեջեր, լիդերշիփ միթինգս, կլիենտ, թիմ բիլդինգ, թրասթ, փրոջեքթ, փըրսընըլ բրենդինգ, տոեսինչգիտեմինչ։
Մեկ էլ տեսնեմ՝ Էնջըլը չկա։ Էլ չի էլ ձևացնում, թե Զումում լռված է։
Լսում եմ էս բոլոր խոսակցությունները, ոնց որ ուրիշ աշխարհից լինեմ։ Էս կնանիք հակադարձում են ինձ, որ ասում եմ՝ ակադեմիայում պիտի ձև տաս, թե օրուգիշեր աշխատում ես։ Իրենք գրանտներից, հոդվածներից, ուսանողներից, ուսումնական ծրագրերից ու մշտական պայմանագրերից տեղյակ չեն, ես՝ իրենց մենեջեր-կլիենտներից։ Մեկ էլ հասկացա՝ եթե աշխարհում մի անիմաստ բան կա, հենց էս վորքշոփն է իր ակնոցավոր ու խուճուճ մազերով վարողով։ Ես էլ սկզբում կամերաս անջատեցի, մտածեցի՝ ուրիշ բանով զբաղվեմ։ Հետո դուրս գալու կնոպկան սեղմեցի։ Ձեր մասնավոր սեկտորն ու նորմալ աշխատանքը ձեզ մնա։ Համալսարանից լավ տեղ չկա։
Ըհը, էս էլ ձեր գնդակը, խաղը շարունակեք, ես փախա։
Կորոնաֆուտբոլ 68/ Զումում լռված/ Բյուրակն Իշխանյան
Please follow and like us: