ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 67/ Քուանշ/ Դիանա Մելիք-Սարգսյան

Ահագին ժամանակ կլինի՝ պահեստայինների նստարանին մենակ նստած՝ նայում եմ, թե ոնց են ասերը ֆուտբոլ խաղում, ու հերթը ինձ չի հասնում: Էս մարդիկ դժվար թե լսած լինեն, որ ֆուտբոլ խաղալն ի՞նչ ա, ֆուտբոլ նայել էլ չգիտեմ։ Նայելիս էնքան եմ գոռգոռում, որ հարևանների նայած ֆուտբոլը հարամ ա լինում։ Դեռ մանկուց վազել չեմ սիրել, բայց ֆուտբոլ սիրում եմ։ Մի անգամ դասարանով ֆուտբոլ էինք խաղում, ես էլ (ճիշտ էսօրվա պես) պահեստայինների նստարանին ունքերս կիտած նստած էի։ Պահեստային լինելն ինձ համար էնքան էլ հաճելի բան չէր, բայց ընկեր Վահանն էր որոշողը։ Էդ օրն էնպես ստացվեց, որ խաղի վերջին երեք րոպե էր մնացել, դարպասապահի փորը ցավեց ամենաանհարմար պահին, ու ես մտա փոխարինող: Դե ես էլ հռըկոպալի դաշտ մտա էն պահին, որ պատրաստվում էին տուգանային խփել ու, սատանան գիտի թե ինչի, գոռացի.
– Քուա՜նշ։ 
Երևի գուշակ լինել պետք չի հասկանալու համար, որ դասարանցիներիս հիշողության մեջ էդ քուանշն ավելի լավ մնաց, քան իմ գրած խայտաբղետ ու բազմազան շարադրությունները։ Հա, ինձ մոտ ավելի լավ բլոտն ա ստացվում, մեղքս ի՞նչ թաքցնեմ։ Լուսահոգի հորս հետ բլոտի «թիմ» էինք, ինձ ասում էր՝ ամենալավ «խաղողը» դու ես։ Ասում էր, ու երկուսս էլ վստահ, որ էդպես ա, քրքջում էինք «խաղող» բառի խուճուճության վրա… Հիմա էլ ամուսնուս խաղընկերն եմ ու մի անգամ չէ, որ ապացուցել ենք՝ ամենալավ խաղողը մենք ենք։
Լավ, քանի գյուղից մարդ չի եկել, անցնեմ նրան, ինչի համար հավաքվել ենք։ Ֆուտբոլի կանոններն ու ֆուտբոլի հետ կապ ունեցող ամեն հնարավոր բան 96 թվին անգիր արեցի, որովհետև վստահ էի, որ անգլերենի բանավոր քննությանս «սպորտ» թեման ա ընկնելու ու ստիպված եմ լինելու աշխարհի չեմպիոնատն ամբողջությամբ պատմել։ Պատկերացրեք՝ էդպես էլ եղավ ։ Քննությունն ընդունողներից մեկը մոլի ֆուտբոլասեր էր․ հասկացավ, որ քրտնաջան աշխատել եմ թեսթի վրա ու չթողեց գնահատականս իջեցնեն ավելորդ հարցերով։ Էդ օրվանից ֆուտբոլն իմ կյանքում իր վաստակած յուրահատուկ տեղն ունի։ Կանոններից զատ կարևորը գիտեմ` մեկ էլ «դվիժենի»-ն ա, ոնց էն հայտնի անեկդոտում։ Էսօր ուրիշ ա` մի քանի անգամ ավելի բարդ։ Մարինան երկու անգամ պաս տվեց, չբռնեցի, Արփին հիշեցրեց, որ պետք ա խաղալ, վերջը՝ որոշեցի գլուխ չպահել (ամոթն էլ լավ բան ա)։ Դաշտում է՛լ մեղրեցի կա, է՛լ լեննագանցի, էլ մայրաքաղաքից․․․ Որտեղից ասես, որ խաղացող չկա, դե ես էլ` Լոռվա ու Արցախի կատաղած խառնուրդ։ Էս էր, տուգանային էին խփում, դարպասի կենտրոնում կանգնեցի տուզերից չորս թուղթ բռնածի դեմքով ու … անսպասելի հարվածին կդիմակայեի Ըննանց Սերոջին ու Ըրիցանց Կառլոսի թոռանը վայել, բայց ոտքս ոլորվեց ու գնդակի հետ….
-Գո՜լ,- բացականչեց հակառակորդը։
-Զըհա՜ր,- տատիս նման չանչ անելով պատասխանեցի։Ժաննան էլ նոր էր մտել դաշտ, ուսերիցս բռնեց ու մի լա՜վ թափ տվեց, թե բա` մեզ խայտառակ ես անում, քեզ քաղաքակիրթ ֆեյսբուքահայ-կորոնաֆուտբոլիստի պես պահիր։Գրողը տանի… Մի րոպե, խաղընկերներ ջան, բան եմ հիշել, պիտի ասեմ։ «Գրողը տանի»-ն ի՞նչ մի վատ բան ա, որ ոմն մեկը էս թաղերում մի անմեղ մեկնաբանությանս պատասխանել էր․ «Кы хындреи грохе тани баре чи огтагорцек»։ Բա որ իմանա` որտեղի «խաղող»-ն եմ էսօր, խեղճ կինը ո՞նց ա ինքնաարտահայտվելու։ Մեղայասսու՝ կասեր կլասիկը։ Ըհը՛, էլի շեղվեցի ու հեսա հերթական նկատողությունս կստանամ…
Էսօրվա ֆուտբոլն ինձ ստիպեց հասկանալ, որ ամեն մարդ պիտի իր գործին մնա։ Ես ինձ համար հանգիստ ինքնամեկուսացման մեջ էի, ասա` ձեզ ո՞վ էր ասում ինձ «բիզ տայիք»։ Հիմա էս գյոզալական խաղի հաշիվը իմ երեսից հարամվեց։ Ասա՝ քեզ համար չափած-ձևած բլոտ… է՜, բան-ման էիր ստեղծում, գրում էիր լքված փողոցների ու ականակիտ վտակների քչքչոցի մասին, փորձում էիր նվաստ անձդ վեր հանել օրերի տաղտուկից․ ֆուտբոլը քո ի՞նչ բանն էր․․․ Բայց դե սիրում եմ էս խաղը, էլի, ընկերներ ջան, մեծահոգի եղեք․․․Վերջերս էլ բացահայտել եմ, որ ոտքից ձախլիկ եմ, ձեռքից` հակառակը, բոլոր կանանց պես` աջը ձախից ու վրադիր` տաջիկին ուզբեկից չեմ տարբերում։ Տաջիկին ուզբեկից չսովորեցի տարբերել (սրա լուծումը կա՝ տազբեկ եմ ասում), բայց ֆուտբոլը բլոտից տարբերելու եմ, կտեսնեք: Հլը մե՛կ էլ պաս տվեք..

Please follow and like us: