ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ59/ Դիտե՞լ, թե՞ խաղալ/ Մարինե Մարգարյան

Վերջին մի քանի ամիսս տրիբունաներում անցավ։ Ֆուտբոլ եմ նայում։
Նայելը ո՞րն է՝ սա մի ուրիշ խաղ է, էս մեկն ապրում են, չե՛ն նայում։ Ասեմ, ամենասկզբից էլ նման միտք կար գլխումս. որ արդեն որերորդ ամիսն է, ամբողջ աշխարհով մեր արածն ուրիշ բան չի՝ հենց խաղ էլ կա, որ խաղում ենք։ Ավելի ճիշտ, էդ ինքը՝ խաղն է մեզ խաղում ու սարքել իրեն խաղացող, առանց հարցնելու՝ ուզում ենք, թե չէ։
Բայց թե որ էդ խաղին հակաթույն էլ կա՝ կորոնաֆուտբոլ անունով, մտքովս չէր անցել՝ ի՞նչ մեղքս թաքցնեմ։

Ուրեմն, դե հա՛, ի՞նչ էի ասում. ապրում եմ տրիբունաներում, երեխեքս՝ հետս… Չո՛րսն էլ։ Ամեն մեկն՝ իր զումակիր, սկայպախեղդ ու մեսսենջերոտ պլանշետը ձեռը, սրանց մեջ էլ, համապատասխանաբար, մի-մի դասատուի գլուխ, որ կոչված են, ուրեմն, էս մեր կյանքա-խաղի ընթացքը կրթության լույսով ցողելու…
Բախտակիցներիցս ի՞նչ թաքցնեմ. մի խումբ մանուկներ էլ նույն տրիբունայի ա՜յ էն հեռավոր՝ էս կողմից չերևացող ծայրերում, դաշնամուրների  դիմաց, նույն կերպ ուսումնա-մեկուսացել են՝ մի-մի հատ էլ ի՛մ գլխից իրենց պլանշետներում բռնած։ Բարձր երգ-գոռոցով ինչ-որ բաներ բացատրող, ձեռքերը հուսահատ թափահարող, ճարահատյալ երջանկության իմիտացիա անող ու դաշնամուր նվագել սովորեցնող գլուխ տեսե՞լ եք։ Ի՛մն է։ Հա՜, հա՜, հենց էն նույնը, որ գիշեր-ցերեկ հարևան տնից ձեզ հանգիստ չի տալիս ու ավելի ուժեղ է փորձում երգած լինել, քան Իտալիայի բալկոնների օսկարակիր աստղերը, քան թույլ կտան օնլայնա-մարտերում մոլորված, անգլուխ ու անճակատագիր մնացած Յուքոմի կապի կակազոցները, մեկ-մեկ էլ՝ ավելի ուժեղ, քան Գոոոոոոոոոոլ (կամ՝ ըստ Մեսրոպ Հարությունյանի հորդորակի ավելի հավաստի տվյալների՝ «գյոոոոլ») գոռացող մեկնաբանը։
Դաս ենք տալիս ու առնում, քանզի խաղը շարունակվում է՝ ի հեճուկս աշխարհը ֆուտ-բոլոլա  սարքել ուխտած պուճուր բացիլի։ Է՛ս է հիմա…
Ուզում ես՝ ուզիր, չես ուզում… ուզի՛ր։

Մի խոսքով, ի՞նչ էի ասում… հա՜, ուսումնատենչորեն մեկուսացել ենք, կորոնայի տրիբունաներում, իսկ դաշտում խաղը եռում է։
Մի քիչ անհասկանալի խաղ է, ասեմ ձեզ։ Ֆուտբոլը՝ ֆուտբոլ է, բայց, մի տեսակ, խիստ հայավարի։ Ով՝ ում հետ է խաղում, ում դեմ, շատ չի հասկացվում։ Բոլորն իրար սիրում են, հպարտանում մեկ-մեկով, խոնարհվում… (ը՜, ներողություն, էս ոնց-որ սխալ գարաժ մտա), բայց նախընտրում են մենակ խաղալ… հեռվից… դե, սոցիալական հեռավորությու՜ն-բա՜ն…
Վա՜յ, բա չիմացա՞ք, պարզվում է՝ էս «սոցիալական հեռավորություն» ասածն էլ պուճուր թագաբացիլի պես սարքովի ու արհեստածին մի բան է եղած եղել, չենք իմացել… Դու մի ասի՝ հեռավորությունը ֆիզիկական պիտի պահած լինեինք, սխա՜լ ենք պահել էսքան ժամանակ։ Սոցիալականը, դու մի ասի, թագավորի ու ստրուկի, վարչապետի ու բանվորի, ՔՊ-ականի ու իրա հարևան Պողոսի միջև եղած հեռավորությունն է եղեՐ… Խառնել ենք իրար, ժողովու՛րդ, խա՜ռն ենք, խա՜ռը… սենց բան էլ կլինի՞, հեռանալուց էլ մարդ չիմանա՝ ճիշտը որն է։ Էն քյավառցի պարետի… ը՜, ներողություն՝ Մարետի մարդու ձկներն, ի տո, մեզանից գրագետ դուրս եկան։
Վերադառնանք խաղին։ Ազգիս համն ու հոտը, Գյումրվա, Մեղրիի, Լոռվա ու Քյավառի բարբառը, բա Արցախի՜նը, ը՜մ, անու՜շ-անուշությու՜ն, Գիլանցի ընկեր՝ հայ ադաթավոր խադավիկի իմաստնությունները, գերմանական ասոցիալ հասարակության միջից հայավարի ու անուշ տոլմայահոտով դաշտ խուժած հայու անհաղթ գենը, էլ ո՜րն ասեմ… ի՜նչ ծանր հրետանի ունենք, հանած է դաշտ։ Բայց տենց էլ չհասկացանք՝ գոլ խփեցի՞նք վերջը։ Հա՜, էն մեր վետերան-հիմնադիր տերմինաբան վարպետը խփեց ոնց որ… բայց վայթե հայավարի, ես կասեի լրիվ Աժժժ -ի մակարդակին ԱրԺժժանի՝ գլխին սարքեցինք, թե՝ քե՛զ է թվացել… Դե հո չէի՞նք թողնելու փառքի հասնի մեն-մենակ, առանց համայնա-հայության, թիմի գլխից թռնելով…
Հակառակորդի դարպասն էլ, չիմացա, ո՞վ է պահում։ Շա՜տ անհասկանալի ֆիգուր։ Մեկ ասին՝ էն մեր լավ պարետին նմանեցնող է եղել… էն էլ, մտածում եմ, սուտ է հաստատ։ Էս մեր խաղն էն պուճուր, թագը գլխին գնդակի դեմ չի՞… Է հա՛։ Բա պարետն ինչի՞ պիտի դրա դարպասը մեզանից պաշտպանի։ Չէ՛, ստեղ մի բան էն չի։
Վեր չկենա՞մ, իմ բաժին մատաղ սերնդի կորոնա-կրթությունը «պաուզ»-ի վրա դնեմ, ինձ գցեմ դաշտ, մի փոփոխություն մտցնեմ էս խաղում։ Թե չէ, սենց գնա, անավտոբուս ու մետլախապատ դաշտերում, ժավելով լա՜վ մաքրած ու Վարդիշաղ տատի յոթհարկանիներով օրհնված՝ քանի՞ ամիս էլի պիտի ժինգյալ աճեցնենք, վերջն էլ մի պայծառ գլուխ բռնի ու հայտարարի, թե «հայ ժողովուրդն  իր հերթական կենսական խաղում տարավ իր հերթական (թող տիզբոնահայերենի մասնագետի ուսանողներն ինձ ներեն բառակրկնության համար) բարոյական հաղթանակը»:
Չեղա՛վ, չէ՛, ես ֆուտբոլից շատ չեմ հասկանում, բայց, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ո՛չ հացի ժինգյալովն եմ սիրում, ո՛չ էլ հաղթանակի՝ բարոյականը։

Էս մրցավարն ու՞ր կորավ, է՜… Արփի՜, Ոսկանյա՜ն, հապա մի էն գունավոր թղթերդ թող, որ գույների շատությունից շշկռվել էիր, արի, տեսնեմ՝ դաշնակահար խաղացնու՞մ ես…

Please follow and like us: