ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ57/Ավտոբուսը մեզ չի կանգնեցնի /Իզաբելա Ավետյան

Հարգելի կորոնաֆուտբոլային հանդիսատես, ինչպես խոստացել էի, հետաքրքիր հանդիպումները շարունակվում են։ Դաշտ են մտել կորոնաֆուտբոլային ախտանիշով վարակված նոր խաղացողներ, ովքեր, անմիջապես ընդունելով գնդակը, սկսում են իրենց խաղային տաղանդը ցուցադրել կորոնաֆուտբոլի հնաբնակ գայլերի կողքին։ Այո՛, այո՛, կորոնաթիմում ֆուտբոլային գելեր էլ կան՝ Գիլու ձագ էլ, Գյումրիից էլ, Գերմանիայից էլ, միջազգային մամուլը մաղով անցկացնողներ էլ։ Չե՞ք հավատում, ձեր գործն է, կուզեք Պորսեմին հարցրեք։ Ասել
է, թե նորեկներն եկել, սատանի մայլեն քյանդրբազություն են անում․․․ Էհ, դե էդպես չեղավ, հորդորում եմ վերդառնալ ձեր տեղերը ․․․Չէ, չէ, կներեք, էս քյանդրբազություն անողները թավշապարտեզի սաներն էին իրենց ԱԺ
կոչվող արենայում։ Իսկ մենք Գրողուցավի արենայում ենք։ Ահա տեսնում ենք, թե ինչպես են նորեկներն ընդլայնել խաղի սահմանները, ընդարձակել այն հնարավոր բոլոր ուղղություններով։ Նրանցից մեկը գնդակով, աղմուկ-աղաղակով հասնում է մրցակցի տուգանային և միանգամից դըմբդըմփոց բարձրացնում, մյուսը ֆուտբոլային կարոտախտից կանգնում է դաշտի կենտրոնում և քարանձավում բնակվող աղջկա մասին պատմություն հորինում, էն մյուսն էլ՝ փառք տալով հագի կոշիկներին, կորոնաշապիկին, ձեռքի տոլմայի թավային, եզրային գրոհ է սկսում,
հետն էլ հասցնում ներկայից անցյալ և անցյալից ապագա հիշողություններ փոխանցել։ Եվ չորրորդը հարձակման գիծն է ուժեղացնում, բայց ոճով կոշտ խաղացող է, պատրաստ նույնիսկ բոբիկ խաղալու։ Խաղը սկսում է զարմանալի տեմպով առաջ ընթանալ, աչքերդ թարթես, հնարավոր է՝ կարևոր դրվագ բաց թողնես։ Չենք մոռանում, որ հնաբնակներն էլ են դաշտում և վերահսկում են իրավիճակը։ Տեղյակ չե՞ք, որ նորեկներից մեկը ես եմ։ Դե, պատկերացրեք: Ֆուտբոլային գիտելիքների ողջ զինանոցս երևան հանած՝ Ֆուտբոլաժարգոնային տերմինների համառոտ հորդորակի բովանդակությունը յուրացրած, թիմի հիմնական կազմում որպես 11-րդ խաղացող տեղս ամրապնդած, մի խոսքով, հուրի-հրեղեն, ոչ ուտես, ոչ խմես, վրեն մտիկ անես․․․հլը մի րոպե, աժժ ջան, մանկական գրականությունը կողքի բաժնում ա։ Վայ, կներեք։
Ի՞նչ էի ասում․․․ Հա, էսպես, ինքս ինձանից գոհ, պաշտպանիչ դիմակիս տակից լայն ժպտալով, ոտքերս էլ ամպոտ, մտել եմ խաղադաշտ ու հիանում եմ կորոնաֆուտբոլով։ Պատկերացրեցի՞ք։ Ինչ ասեմ, համեստությունս փայլում է այնպես, ինչպես Ռոնալդուի հենց նոր ժելեած մազերը։ Տեսնես մեկը կգտնվի՞, որ վերջինիս ասի՝ տղա ջան, «Արքայական» ակումբից հետո «Ծեր Սենյորային» քո «աննկարագրելի» սանրվածքը պետք Է՞։ Սանրվածքն է՞, որ պետք է գեղեցկացնի մարդուն։ Վայ, Էլի շեղվեցի։ Անդրադառնամ խաղին։
Ֆուտբոլը ֆանտաստիկ գեղեցիկ բան է։ Տեխնիկական հնարքների վարպետությունը, բարդ կոմբինացիաներով ուղեկցվող գրոհները կամ կայծակնային արագությամբ հակագրոհները, վիրաբուժական ճշգրտությամբ կատարվող գոլային հանճարեղ փոխանցումները կամ էլ ոչ ստանդարտ դիրքից, ոչ նորմալ իրադրությունում մրցակցի դարպասապահին հանկարծակիի բերած աննորմալ գոլերը (այստեղ հիշեցի ուրուգվայցի զուբաստիկին՝ Լուիս Սուարեսին), այս ամենը և դրանք իրակականության վերածող ռեժիսոր-դիրիժորները մեծ հիացմունքի են արժանի։ Բացի այդ, խաղային մարտավարություն ընտրելու և խաղը կառուցելու համար կատարվող մանրակրկիտ հաշվարկները վկայում են, որ այս վարպետները (բունգրաբարյան տարբերակում Master) մաթեմատիկական խորը գիտելիքներ էլ ունեն, խորանանք, հաստատ Սաթիկի ТОЭ-ի՝ «Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ»-ի սխեմաներից էլ ունեն։ Ասեմ, որ նշածս ռեժիսոր-դիրիժորների մեջ Մռմուռինյոն չկա․ նախ, վստահ չեմ նրա մարդկային որակի վրա, էլ ուր մնաց մասնագիտական, հետո էլ հանրային տրանսպորտը դեռ չի աշխատում, ավտոբուս դժվար գտնի, որպեսզի սեփական դարպասի առջև պաշտպանություն կանգնեցնի։ Սա հատուկ եմ նշում, որովհետեւ շատերը հնարավոր է չհասկանան՝ ինչ է նշանակում ֆուտբոլում «ավտոբուս կանգնեցել» արտահայտությունը։ Հիմա թող լուսատախտակի վառվող հաշիվը որոշի, թե որ թիմի պիտի դիմի էդ տակտիկային։ Անցնեք առաջ։
Ուղղակի անհնար է այդ խելահեղ ընթացքին կողքից հետևել և անկախ քեզանից դիտորդի կարգավիճակից ձեռք ես բերում խաղացողի կարգավիճակ։ Ես խաղում եմ, այո՛, խաղում եմ։ Վաղուց։ Հինգ, թե վեց տարի առաջ էր, ֆուտբոլային եզրափակիչ խաղերից մեկն էր։ Բացի այն, որ խաղը ուշ ժամի էր, հետն էլ որքան հիշում եմ ավարտվեց հետխաղյա տասնմեկ մետրանոցներով։ Այդ ժամանակահատվածին էլ գումարեք որոշ ժամանակ, որը պահանջվում է խաղից հետո ոգևորությունս կամ զայրույթս անցկացնելու համար, կախված նրանից՝ հաղթե՞լ է արդյոք իմ սիրած թիմը, թե՞ հիմնական կազմի բառապաշարս եմ անխնա օգտագործել։ Պարզ է դառնում, որ գիշերը համարյա չէի քնել։ Հակառակի պես այնպես է ստացվում, որ չքնած աչքերով, չարթնացած ուղեղով, առավոտյան բավականին շուտ եմ հասնում աշխատավայր։ Շենքի առջև հանդիպում եմ անվտանգության աշխատակիցներին, որոնց մեջ էր նաև անվտանգության դեպարտամենտի տնօրենը։ Նրանք աշխույժ ինչ-որ բան էին քննարկում։ Դե ես էլ արագ եզրակացնում եմ, որ ֆուտբոլի թեման է, բարևում եմ և ուրախ հարցնում․
– Դուք էլ էիք գիշերը ֆուտբոլ խաղու՞մ։
Բայց նախքան պատասխանը կհնչի, նկատում եմ, որ անվտանգության
դեպարտամենտի տնօրենը տարօրինակ ձևով ինձ է նայում։
-Չէ, Իզա ջան, մենք նայում էինք։
Ու քանի որ ֆուտբոլ նայելու համար քնելու ժամերը զոհաբերելու թեման բացվեց, ավելացված ժամանակից դեռ ունեմ, ուղղակի իրավունք չունեմ այս պատմությունը ևս չպատմել։ Հավանաբար բոլորս էլ այնպիսի մարդկանց ենք ճանաչում, որ լուրջ հավատում են ինչ-որ բանի։ Կրոնական հավատքի մասին չի խոսքս։ Օրինակ, մեկը հայրիկս է, որ իր խոսքով ասած՝ твёрдо верит в свою судьбу։ Սովետական ժամանակներում Հայաստանից դուրս ծառայելիս հայրիկիս մի ծեր գնչուհի գուշակել է, որ կապրի 97 տարի։ Նա էլ, ի ուրախություն մեզ, ներքուստ և արտաքուստ ամբողջ ուժով հավատում է այդ գուշակությանը։ Աստված չանի՝ որևէ մեկը համարձակվի այդ թիվը փոքրացնել․ մեծն Ոսկեբերան Դասականը հավանաբար կշարունակեր, առավել ևս՝ նվազեցնել։ Անգամ թոռնիկներն էլ իրար մեջ են կատակում՝ զգույշ, հանկարծ պակաս չասեք, թե չէ պապիկը մեկ շաբաթ հետներդ չի խոսելու։ Ահա, այս տեսակ մարդ է հայրիկս, ում հետ չորս տարի առաջ պատրաստվում էինք չեմպիոների լիգայի 1/4 խաղերից նայել։ Սկսվում էր 23։45, բայց ժամը արդեն 21-ին մոտ էր, տեսնեմ պառկել է՝ խաչելով ինձ, երբ խաղը սկսվի նրան «արթնացնե՞լ, թե՞ չարթնացնել» հավերժ հնչող հռետորական հարցի գամին։ Օ՜ ֆուտբոլային Աստվածներ, դու Արանտես Պելես, ոչ միայն սուրճի տեսքով, դու Դիեգոնես Արմանդոնես, թեկուզ մշտապես դոզավորված և սպիրտավորված տեսքով, և դու վեցակի ոսկե կլորին արժանացած մեր օրերի աստված Չուգունե Լեոնոմես, ինչու՞ էիք ինձ լքել այդ պահին։ Ինչպե՞ս կարելի էր այդ անձնուրաց հավատացյալից ճշտում կատարել ոչ ավել, ոչ պակաս՝ «Հայրիկ, հիմնական ես քնելո՞ւ» ձևակերպմամբ։ Բայց արդեն ուշ էր, հյուսիստիզբոներեն՝ поезд ушел։ Ակնթարթորեն աչքերը բացելով և խոժոռ հայացքն ինձ հառած՝ հայրիկս պատասխանեց․
-Ո՛չ, հիմնական քնելուս դեռ տասնյոթ տարի ունեմ։
Այստեղ վարաքուր, կասեր «Կորոնաֆուտբոլի» խաղի բացումն սկսած մեծություններից մեր Մեսրոպ Հարությունյանի գյումրեցի ընկերը՝ Կինո Երևանի մայլեքից։

Please follow and like us: