Եթե ֆուտբոլի դաշտը արհեստական չէ, ու եթե մի քանի ամիս այնտեղ խաղ չի լինում, ուրեմն կարող է կանաչի աճել: Խառը: Կնձմնձուկից սկսած՝ թրթնջուկից դուրս եկած: Իմիջիայլոց լավ բիզնես է՝ ժընգյալով հաց՝ Օլդ Թրաֆորդի ծտապաշարով, գառնականջով եւ գինձով: Առաջինը սա հասկացավ մեզ արդեն ծանոթ Պողոս Շմավոնյանը, որին վերջին անգամ տեսել էինք հոլանդացի ֆուտբոլիստների ոտքերը մասաժ անելիս: Ոչ միայն ոտքերը, ու ոչ միայն հոլանդացի ֆուտբոլիստների կամ առհասարակ ֆուտբոլիստների: Քանի որ Պողոսը ծագումով սարիթաղցի էր, հոգով՝ չարբախցի, երկար չդիմացավ հոլանդացիների հետ ու որոշեց, որ ֆուտբոլը թարգում է ու գնում՝ ֆուտբոլի ծննդավայր: Հենց նավից իջավ Մանչեսթերի Սթոքպորտ նավահանգստում, միանգամից հիշեց Շամշադինը: Էլի անձրեւ էր գալիս ու մի տասը մետրի վրա մի տղա էրեխա տաք գինի էր ծախում, որ հյուրերը խմեն՝ չմեռնեն:
Անգլիական քաղաքը Պողոսի սրտովն էր: Դեռ պապուց էր լսել. եթե ջեբդ փող կա, ինչքան ուզում ա թող անձրեւ գա: Պողոսը հենց նավահանգստում մի տաքսի նստեց (չէ, վարորդը հայ չէր, հնդիկ էր) ու հիշեց հոլանդական թիմի հանդերձարանում լսած եւ Մեսրոպ Հարությունյանի՝ ֆուտբոլաժարգոնային տերմինների համառոտ հորդորակում կարդացած աութ բառը: Վարորդն էլ հասկացավ, որ մարդն ուզում է քաղաքից դուրս տեսարժան վայրերին ծանոթանա ու Ջիմի-Ջիմի, հաչա-հաչա լսելով՝ եկան-հասան Օլդ Թրաֆորդ: Մարզադաշտում Պողոսն իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, բայց Թրաֆորդի էն հայտնի կիրպիչնի պատը դուրը չեկավ: Միանգամից մտածեց, որ կաֆել-մետլախով ավելի սիրուն կլինի, եթե մանավանդ ինքը անի՝ ուզոռներով: Հենց էս՝ հակաճգնաժամային բիզնես պլանը կառաջարկեր Պողոսը՝ մարզադաշտի տնօրենին, եթե հայացքը չնետեր դաշտի վրա ու չտեսներ կնձմնձուկի առատությունը: Պողոսը հիշեց, որ ժընգյալով հացը առնվազն 20 տարի հաջողություն բերում է եւ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ մատներով դեմքին մի կպեք, մատը կծեց:
Մի ամսից Օլդ Թրաֆորդի տարածքում ժընգյալով հացի արտադրամաս բացվեց: Անունը՝ Տերմինատոր: Պողոսը բիզնեսի համար նույնիսկ անհանգ կարգախոս որոշեց՝ Կեր ժընգյալով հաց ու դարձիր Տերմինատոր: Ճիշտ է, մարզադաշտի տնօրենը (որը խորապես հույսը կտրել էր, որ ֆուտբոլը վերադառնալու է եւ հաճույքով համաձայնել էր նոր բիզնեսին) սկզբունքորեն պահանջեց, որ Մանչեսթեր Յունայթեդի մասին գոնե մի բան լինի կարգախոսի մեջ ու Պողոսը փոխեց այն՝ դարձնելով այսպես. Կեր ժընգյալով հաց ու դարձիր Տերմինատոր, օ՜ կարմիր սատանա:
«Տերմինատոր» բրենդը գոնե Անգլիայում ավելի հայտնի դարձավ, քան Առնոլդ Շվարցենեգերը՝ Կալիֆոռնիայի լողափերում, որտեղ երկար տարիներ՝ ռուսի ասած գուբերնատոր է աշխատել: Նույնիսկ Անգլիայի թագուհին ժամը 5-ի ավանդական թեյը չէր խմում, եթե սեղանին ժընգյալով հաց չէր լինում: Ճիշտ է, արքայազն Չարլզը այդպես էլ մոտ չեկավ տարօրինակ պուդինգին, ու «Գարդիանը» գրեց, որ Չարլզը ժընգյալով հաց չի ուտում՝ այն անվանելով պուդինգ:
Մի խոսքով, Պողոսի գործերը Անգլիայում մեքենաների ղեկի պես աջ էին գնում ու այսպես երեւի երկար կշարունակվեր, եթե Սթոքպորտ նավահանգստում միառժամանակ խարիսխ չգցեր երկու նավ: Մեկը՝ ծովից ծով դարձած Հայաստանից, մյուսը՝ գրողուցավից: Առաջինից իջավ Մարետ անունով մի ծյա, որը երեւի Մարինա Գեւորգյանի ֆուտբոլոլայից ու ամենակարեւորը՝ քյավառա գրագետ ձուկ ծախող մարդուց էր թռել՝ իրար հետեւից կարդալով Պաչյանի «Ռոբինզոնն» ու «Ծիտը»: Մարետը ցելյուլիտով ոտքը դրեց անգլիական հողի վրա, խորը շունչ քաշեց ու ասաց՝ բոնժուղ Դոչլանդ: Ու չնայած Հայաստանը ոչ թե հող էր տվել, այլ հասել էր Անթալիա (թարսի պես էլ կորոնավիրուսի պատճառով ոչ մի տուրիստ չէր գալիս ու բյուջեն չէր աճում, ՀՆԱ-ն չէր ավելանում), Մարետը որոշել էր չմնալ տանը, մանավանդ խոհանոցում, որի կաֆել-մետլախը Պողոսն էր խփել, երբ մարդը ձուկ էր բռնում: Չէ բայց, քանի որ Մարետը մեջքին մեծ խալ ուներ, վստահ կարող ենք ասել, որ գրագետ ձուկ ծախող քյավառցու հետ ոչ մի կապ չուներ: Իրա մարդն էլ էր ուղղակի ձկնորս: Դե հիմա, աշխարհում ամենաշատը հանդիպում են ձկնորսները՝ Քրիստոսից առաջ էլ, հետո էլ: Վերջը, մինչ Մարետը Հայաստանից բերած կոնյակով լի ճամպրուկը ձեռքին խորացավ այնտեղ, որտեղ ծնվել է Չերչիլը, գրողուցավից ժամանած նավից իջավ մի կյաժ տղա: Էն Կառլսոնի մասին սովետական մուլտի մանչուկի պես: Մի ձեռքին գնդակ էր բռնել, մյուսին՝ գիրք: Նավից ցատկեց ջրափոսի մեջ ու գնդակը տշեց: Նավահանգիստը քարացավ, կասեի՝ Լոնդոնի կամուրջը փլուզվեց, բայց Անգլիայում դա սխալ կհասկանան: Բոլորը հայացքներով նայում էին, թե ինչպես է գնդակը գլորվում: Մանչուկը հանկարծ գոռաց.
-Պապա՜…
Այդ օրվանից տղան Անգլիայում ճանաչվեց հետկորոնավիրուսային ֆուտբոլի հիմնադիր-պապա: