ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ55/ Կոպիտ խաղացող լեթվածը․ աղջկական ֆուտբոլ/ Սառա Խոջոյան

Հովիկ ջան, գնդակը դեսը ղրկի, ազիզ, ես էլ եմ հայ, ճիշտ է, լոռեցի չեմ, բայց, պապս ասում էր՝ եթե ուզում ես իմանաս՝ իսկական հայը մենք ենք՝ Հայկի նման՝ շեկ, երբեմն՝ կապուտաչյա։ Ղարաբաղցի եմ, լեռնային չէ, ասում են՝ դաշտային, Զագլիգ գյուղից։ Ի դեպ, առաջին անգամ իմացել եմ, որ Ղարաբաղի դաշտավայրայինն էլ կա, երբ մի տղա ինձ օնլայն խոսացնում էր՝ մի 11 տարի առաջ, չեմ էլ հիշում՝ ադնակլասնիկում էր, թե ուր՝ հիմա թաղապետ է, բայց ամուսինս չէ․․․
Իսկ այ ամուսինս հիմնականում դարպասապահ է էղել, ասում է՝ շատ լավը, 10-ից 10 գոլ պահող։ Ես էլ մի քանի անգամ եմ ֆուտբոլ խաղացել ընդամենը, դպրոցում, գյուղում։ Թեպետ որոշել էի, որ կորոնաֆուտբոլի դաշտ առանց մարզակոշիկների՝ բոբիկ եմ մտնելու, քանի որ գյուղում մեծացած աղջիկ եմ, ի՜նչ կոշիկ, ի՜նչ բան, բայց դե, դա սուտ է, միշտ էլ ինչ-որ կոշիկներով էի խաղում։ 90-ականներին դպրոցականների մեծ մասը, գոնե գյուղերում, գոնե մեր գյուղում, դե լավ, գոնե մեր դասարանում, հագնում էր այն կոշիկները, ինչ հաջողացնում էին գնել կամ գտնել ծնողները։ Տղա-աղջիկ խառը խաղում էինք։ Բայց ի՜նչ կոպիտ խաղացող էի ես, լկստված, եթե մեր բարբառով ասենք՝ լեթված։ Այս բառը վերջերս եմ վերհիշել՝ մեր դասարանցի Դավոն իր աղջկան է ասում՝ մի տեսակ հայրական մեծ սեր դնելով մեջը։ Քիչ հայ հայրեր են իրենց աղջիկներին երես տալիս՝ ապրի Դավոն։ Ես անտանելի կոպիտ խաղացող էի, ում ոտքերին հասցնում, ոնց հասցնում՝ հարվածում էի, առաջ շարժվում։ Դասարանցի գերազանցիկին, ընդ որում, աղջիկ, ո՞վ պիտի բան ասեր, դրա համալ էլ լկստված ու կոպիտ խաղում էի։ Հուսամ՝ հիմա էլ աղջիկներին բան չեն ասում դպրոցում, բայց նաեւ հավասար ֆուտբոլ են խաղացում։
Ես միշտ լավ պայմաններում էի այդ առումով՝ ինձ ընդհանրապես բան ասել չէր լինում դպրոցում։ Տեսնենք կորոնաֆուտբոլը ոնց կանցնի։ Դպրոցն ինձնից անկախ դարձել է առօրյաս՝ կորանակարանտինին զուգահեռ մեր դասարանի Կարինեն վոթսափում խումբ է բացել՝ 10-ի Ա-ն 20 տարի անց, ռուսերեն է գրել` 10А 20 лет спустя, սիրուն, հանգով։ Մահացու մի բան է, ես չգիտեի, որ այդ բոլոր մարդկանց սիրում եմ՝ մի հարազատ սիրով, վերջապես մեծացել եմ, երեւի, արդեն հետ եմ նայում, փորձում անցյալը արժեւորել։ Բայց, պարզվում է, դասարանցիներս մտածում էին՝ մի հոտած, նեխած, զզվելի աղջիկ եմ, դե, կամ կին, չէին սպասում, որ մտնելու եմ էդ խումբ ու խելքիս ինչ փչի՝ դուրս տամ, ծիծաղենք ու ուրախանանք։ Պատճա՞ռը․ դասարանի գերազանցիկն էի՝ թե ե՞րբ է գերազանցիկը լավը լինում, թե ասա գերազանցիկի լավը ո՞րն է, ու ինչու՞ են մարդիկ միշտ գերազանցության ձգտում․․․ Ու հիմա էլ ուզում են՝ երեխաներս գերազանցիկ լինեն, հարցնում են՝ երեխաներդ քեզ պես լա՞վ են սովորում։ Փառք աստծո, չէ, տո ես էլ իմ նման լավ չեմ սովորում, մի այլ կարգի ծույլիկ ծնող եմ։ Բա ոնց եմ ամեն օր ուզում ֆեյսբուքում գրել՝ գերացանզի՛կ ծնողներ, #ոնցեմեսձեզանիցզզվում, բայց չեմ գրել դեռ։
Դասարանցիներս ինձ ջահելացրել են, սիրունացրել, ինձ թվում է, նույնսիկ, նիհարացրել են, քանի որ էս խմբի գոյությանը զուգահեռ նիհարել եմ 9 կիլոգրամ, կարող եմ շատ թեթեւ ու նույն կոպտությամբ շարունակել ֆուտբոլ խաղալ՝ այս անգամ՝ կորոնաֆուտբոլ։ Պիտի կորոնագոլ ուղարկեմ դարպասը, բայց ուշադիր լինեմ՝ ինքնագոլ չլինի, քանի որ այս կորոնադիմակները շատ են խանգարում ճիշտն ու սխալը հասկանալ, տարբերել թիմակիցներին հակառակորդներից։
Ընդհանրապես, հիմա դժվար ժամանակներ են։ Մարդու անգամ առանց դիմակ հնարավոր չի ճանաչել, էլ ուր մնաց դիմակով։ Երեւի դրա համար մարդիկ դիմակ չեն դնում Երեւանում, ձեռնոց չեն հագնում, որ իրենց լավ ճանաչեն, գրեթե ոչ մի տեղ, անգամ Ազգային ժողովում, բայց իմ երգը սրա մասին չէ, այլ խանութների, որտեղ գալիս, առանց դիմակ ծոծրակիդ են շնչում, կամ քիթ ու բերանդ մտնում։ Ես էլ ոնց որ քաղաքավարության զոհ լինեմ, չեմ ասում՝ մի հատ քըշ, մի քիչ հեռու կանգնեք, ֆլեգմատիկի նման գլուխս ցուցադրական թեքում ու ֆշշցնում եմ կամ ճպպցնում։ Իրենք էլ մտածում են, երեւի, այն անեկդոտի նման՝ ինչ կլինի, որ էս աղջիկը չամուսնանա ու իրա քոքը կտրվի։ Չգիտեն, ախր, որ արդեն ուշ է, խաղն արդեն ավարտին է մոտենում․․․

Please follow and like us: