Մեր թիմի Մարինա Գևորգյանը այնպիսի մի պաս է տվել, որ եթե չբռնեմ ու գոլ չխփեմ, ինձ կորակազրկեն։
Ասա իմ ինչ մի ֆուտբոլ խաղալ սովորելու տարիքն էր, որ վեր կացա ու մեյդան ընկա։ Տատս կասեր՝ եքա ոչխար է, բայց դմակը խուզել, խառնվել է գառներին։ Ասենք, ես մեղք չունեմ։ Ես ինձ համար գլուխս կախ մածուն կուԴեի, էս կորոնագնդակն եկավ խփեց գլխիս, ու թեեւ ո՛չ չինացի, ո՛չ ճապոնացի, ո՛չ էլ անգամ բրիտնացի գիտնականները դեռ չեն բացահայտել, թե ի՞նչ ազդեցություն է ունենում COVID-19ը մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, ես վստահաբար հայտարարում եմ, որ այն ախտահարում է մտածելու կենտրոններն ու մարդուն մղում անհարկի ակտիվության։
-Չեք հավատում, չէ՞։ Չեք հավատում, քանի որ ՖԲ-ի իմ օգտահաշվի տվյալներ բաժնում չեմ ավելացրել Սորբոնի համալսարանի ավագ վիրուսոլոգ-քաղաքագետի կոչումը, որը հենց երեկ ինքս ինձ շնորհեցի։ Ոչինչ, խոստանում եմ բացթողումս ուղղել։
– Ո՛չ, ՖԲ-ում «վիրուսոլոգ-քաղաքագետ» չգրես, գրի՛ «վիրուսոլոգ-եկեղեցաբան»,- գլուխը բարձից, ալարկոտ բարձրացնելով, ասում է Արփին։
-Ինչո՞ւ եկեղեցաբան։ Էլի սկսեցի՞ր ամբախ-զամբախ խորհուրդներ տալ։
-Ամբախ-զամբախը քո մտքերն են։ Մեկումեջ որ հայկական մամուլ կարդաս (Աստված նման փորձությունից ազատի), փուշ կուլ տված էշի հայացքով չես նայի վրաս։
-Լավ,- մտածում եմ,- ամեն օր, COVID-19-ին բախվելու վտանգը հաղթահարելով, տնից հասնում եմ բակ՝ աղբը թափելու, հայկական մամուլն էդ ի՞նչ մի երկգլխանի հրեշ է, որ վախենում եմ կարդամ։
Ասում ու մկնիկի երկու հարվածով ներխուժում եմ հայկական լրատվական դաշտ ու, գրողը տանի, առաջին լուրը, որը կարդում եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քառասնամյա լռության ուխտի արձակումն է։
Մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա կորոնավիրուսների ազդեցության հետևանքով Կաթողիկոսի նյարդային հանգույցներում առաջացած հանկարծահաս պայծառության շնորհիվ վերջինս բացահայտել է, որ երկրում կան բանտարկյալներ, որոնք ունեն մարդասիրական օգնության ու աջակցության կարիք։ Այս փաստի բացահայտումից հետո Կաթողիկոսը նետվել է հրապարակ՝ պահանջով, որ ազատ արձակեն Հայաստանի միակ տղմարդուն։ (Ասում էի չէ՞, որ վիրուսը ախտահարում է մտածելու կենտրոններն ու մարդուն մղում անհարկի ակտիվության։ Ահա, խնդրեմ)։
Այդ անփառունակ հեռանկարից ահաբեկված՝ ափալ-թափալ թերթում եմ մամուլի էջերն ու մեկ էլ տեսնեմ Նժդեհական գաղափարակրաց և Պահպանողական խաչակիր ասպետաց միության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, Լուսավորաց օթյակի հետ, դրոշակ, որին վրա գրած է «ձեռքերդ հեռու հայ եկեղեցուց եւ ծայրագույն վարդապետից» ու թուր ճոճելով, ասպատակում են հայկական քաղաքական մտքի անսասան ամրոցները։
Խուճապի եմ մատնվում։ Ախր ես հետս սկի դիմակս մոռացա վերցնեմ, էս ծավալի վիրուսի ո՞նց եմ դիմակայելու։ Չէ, ես էդքան առողջություն չունեմ։ Արագ փակում եմ համակարգիչն ու հայդա բաղնիք՝ լվացվելու։
Բայց մինչ լվացվելը ձեզ մի բան պատմեմ իմ ջահել օրերից։ Էս ասպետաց օթյակների դրոշակին «ծայրագույն վարդապետ» գրվածքն ինձ մի պատմություն հիշեցրեց. 2008 թ. լրագրողների խմբով Գյումրի էինք գնում։ Դե լրագրողներին գիտեք, հենց իրար գլխի են հավաքվում, ինչ ցանցառ դիպված կա գլխներով անցած, ի մի են բերում։ Երեխեքից մեկը պատմում է, որ Հանրային հեռուստատեսության եթերում լրագրողներից ոմնը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Կաթողիկոսին նվիրված պարբերությունը կարդալիս, «ծայրագույն վարդապետ» բարձրագույն աստիճանն արտաբերել է «վարդագույն ծայրապետ» պատահական, բայց մարգարեական տեղափոխմամբ։
Հիմա էս մեր ծայրագույն վարդապետը նստել, գումարում-հանում-բազմապատկում է արել ու պարզել է, որ ինքն ու իր հոգեեղբայր Ռոբերտ Սեդրակիչը մեր թագաժահրի համար խոցելի թիրախային խումբ են, ու որ իրենց կողքը մի կարգին փռշտաս, իրենց կյանքի տևողությունը կտատանվի 5-ից 14 օրվա միջակայքում։
Ընդ որում՝ փռշտալու սպառնալիքով արդեն հանդես է եկել ԱԺ-ի երեսփոխան Ալեն Սիմոնյանը։ Բայց այս մասին հաջորդ խաղին։ Մինչ այդ ասեմ, որ շատ անհանգիստ եմ։
– Ինչո՞ւ,- ուրախացած, որ վերջապես գործ է գտել, վրա է հասնում ապագա բուժքույր Արփին։
-Ի՞նչը՝ ինչու։ Էս սաղ քիչ էր, էն ճապոնացի գիտնականներն էլ հայտնաբերեցին, որ կորոնագնդիկների տարածման ինտենսիվությունն ուղիղ համեմատական է մեր ձայնի բարձրությանը, ուստի անհրաժեշտ է ինտենսիվ օդափոխել այն սենյակը, որտեղ մտքովդ հանկարծ խոսել կանցնի։ Իսկ այս, ոչ բարով, հայտնագործումն ինձ մոտ մեր ԱԺ-ի անձնուրաց պատգամավորների առողջության վերաբերյալ մտահոգություններ է առաջացրել։ Ախր տնաշեններն ինչքան ուժ ունեն, ամբիոնից գոռում են, էդ անտեր դահլիճն էլ իսկի պատուհան չունի, որ օդափոխենք։
-Իսկ եթե 131+ պատգամավորներին հինգ տարով մեկուսացնե՞նք էդ դահլիճում։ Ինչքան ուզում են, թող ասեն-խոսեն, իրար պարգևատրեն ու պարգևատրվեն, մինչև, եթե ոչ ճապոնացի, ապա հաստատ բրիտանացի գիտնականները, ձեռքերի ինտենսիվ ախտահանմանը զուգահեռ, կմտածեն նաև քաղաքական դաշտի արդյունավետ աղտահանման եւ օրենքի տառին համապատասխան, շնորհքով լիկվիդացնելու տեխնիկական ուղեցույցը։
– Նառա, էհ ասում է Նառա․․․․․ խելք եք թողել որ, Արփի դու սուս, դու ավելի լավ է մտածես, թե էն անտեր գոլը ոնց ես խփելու, քանի դեռ քո դեպորտը դաշտից մեծ շուքով չի կազմակերպվել։