Արդեն պատրաստվում էի դաշտում հարմար դիրք դուրս գալ՝ մի լավ փոխանցում ստանալու եւ ինքս էլ իմ հերթին էն ծուռոտ Գիլանցին սրող փոխանցում անելու համար, որ վերջապես դա կարողանա մի կարգին հարված անի դարպասին, մեկ էլ մեր Սաթիկը մի ներխուժել ներխուժեց տուգանային հրապարակ ու նենց մի փոխանցում արեց ինձ, որ ուրիշ բան չէր մնում, քան էդ նպաստավոր դիրքից դարպասին (էս անգամ ոչ թե պարետի, այլ… վերջում կիմանաք՝ ում) հարվածել…
Չէ, սա Սուրեն Բաղդասարյանի, առավել եւս Սլավա Սարգսյանի բառապաշարով ռեպորտաժ չի, սա ընդամենը մեր Կորոնաֆուտբոլի մի դրվագ է եւ ապացույց այն բանի, որ մարդուս բոլոր տաղանդներն արտակարգ իրավիճակներում են բացահայտվում:
Ու մեր Սաթիկի էս խաղաոճը հենց տենց բացահայտվեց, ինձ էլ գցեց հիշողությունների գիրկը:
Սաթիկի հիշատակած մեղրեցին, որ ասում էր «բայց դե էլի վոշը բան էլի» (սա մի առանձին պատմություն է՝ կինոյի դրվագ), կոլխոզի հավանոցի պահակ, այսինքն հավապահ Աշին էր: Աշիին թվում էր, որ եթե իրեն բարեւ են տալիս, ապա անպայման հավ են ուզելու:
Ու հերիք էր ասեիր.
– Աշի, բարլուս:
Պատասխանում էր.
– Օրդեր, օրդեր, օրդեր…
Ու քանի որ ր հնչյունն էլ համարյա չէր արտասանում, ստացվում էր
– Օդե, օդե, օդե…
Այսինքն կոլխոզի գրասենյակից օրդեր բեր, որ հավ տամ:
Էս կարանտինը կամ ոնց որ մի մեծ բարերար է համապատասխանաբար ասել «կարանծիան», շատ ու շատ հիշողություններ բացեց. հիմա Աշիի բարլուսի մասին խոսեցի, հիշեցի նաեւ կոմունալի «պրարաբ» (հայերեն՝ աշխղեկ) տաշտնեցի Պողոսյան Գուգիին: Սա էլ Աշիի հակառակն էր, հենց բարլուս տայիր, կրակն էիր ընկնում. անմիջապես ասում էր.
– Ա, մըն պապռոզ տուր քաշիմ…
Գուգին օրը մի տուփ ծխախոտ էր ծխում, բայց կյանքում ծխախոտի վրա փող ծախսած չկար, դրա համար էլ մի անգամ կոմունալի ամենապրոֆեսիոնալ բանվոր Ուբիից հո շրխկոց չկերավ…
Երբ հերթական անգամ Գուգին ասաց.
– Ուբի, մըն պապրոզ տուր քաշիմ, – աշխարհի ամենաանմիջական ու անկոմպլեքս մարդ Ուբին թե.
– Ա, ՊողՈ՛սյան, սկի մի անգամ չեղավ է, որ դու պապռոզ առնես, ասես՝ ԴավԸ՛թյան, առ քաշի…
ԴավԸ՛թյանը, ինչպես հասկացաք, ինքը՝ Ուբին էր:
Բայց ես սխալվեցի, երբ ասացի Ուբին կոմպլեքս չուներ: Աշխարհի ամենպրոֆեսիոնալ էդ բանվոր մարդը, էնքան պրոֆեսիոնալ, որ մի ավտո ցեմենտ էր դատարկում, բայց շորերի վրա մի հատիկ անգամ փոշի չէր նստում, ահա էդ մարդը բարկանում էր մենակ «դավաճան» բառից… Սաղ Մեղրին դա գիտեր, ու երեխեքը հենց Ուբիին տեսնում էին՝ կանչում էին «Ուբիիիի՝ դավաճան…»: Կատաղում էր, ընկնում հետեւներից, ու ինքն էլ գոռում.
– Դավաճանը հերդ ա, մերդ ա…:
Էսքանն էր Ուբիի ուշունցը:
Հիմա էլի կասեք, բայց էս սաղ ի՞նչ կապ ունի ֆուտբոլի, պասերի, փոխանցումների, գոլերի ու գելերի հետ…
Վերջում կիմանաք,
Եթե դիմանաք…
Գելը պատահական չասացի, ու դա Գիլանց Գեւորգի, նույն ինքը՝ Գիլու ձագի հետ էս անգամ կապ չունի: Պարզապես հիշեցի, որ Սուրեն Բաղդասարյանը էն հեռավոր 80-ականների սկզբին մի անգամ, կարծեմ Լվովից՝ «Կարպատներ» – «Արարատ» խաղի ռադիոռեպորտաժը վարելուց էնքան ոգեւորվեց Խորիկի (Հովհաննիսյան, Լեւոնյան չկարծեք) գոլով, որ գոռաց. «Խորեն Հովհաննիսյանը խփեց իր հերթական գԵլը…»:
Բայց արդեն վերջին ենք հասնում, ուրեմն բացատրեմ.
Աշիի ու Գուգիի պահվածքը նման է աշխարհի (այդ թվում նաեւ Հայաստանի) բոլոր ժամանակների քաղաքական գործիչների պահվածքին. երբ իրենց բարեւ ես տալիս, կամ Աշիի նման կարծում են, թե իրենցից ինչ-որ բան պիտի խնդրես, կամ էլ՝ Գուգիի նման իրենք են վռազ ասում․ «ա, մըն պապռոզ տուր, քաշիմ»:
Էս տնաշենները (Աշին ու Գուգին չէ, գործիչները) սաղ կյանքում… Չէ, սաղ կյանքում չի, քաղաքական գործիչ կամ գործիք դառնալուց հետո, մոռանում են, որ աշխարհում կա պարզապես «բարեւ», ու որ կարելի է, օրինակ, Գիլու ձագի հետ Կորոնաստադիոնում կռիվ անել, բայց մնալ ընկեր…
– Բա պրոֆեսիոնալ բանվոր Ուբի՞ն,- կհարցնեք դուք…
Ուբին էլ մենք ենք՝ միամիտ մարդիկս, որ սենց պրոֆեսիոնալ ֆուտբոլ ենք խաղում, քաղաքական գործիչներից բան չենք ուզում, իրենց «պապռոզ» չենք տալիս, տեղը եկած տեղն էլ ճակատներին շրխկացնում ենք մեր ասելիքը…
Արա, դե որոշել էի չքաղաքականացնել, բայց թարսի պես գոլը հասունացել էր (իսկ հասունացրել էր մեր Սաթիկը՝ իր հոյակապ փոխանցումով) եւ ես հարվածեցի դրանց դարպասին…
Գոլը տեսա՞ք:
Գոլը տեսա՞ր, Գիլու ձագ, թե՞ էլի սեւ ակնոց ես դրել…
Նախորդը՝ այստեղ։
Սկիզբը՝ այստեղ։