«Կառավարությունն արդեն անզոր է պայքարել: Բոլոր ռեսուրսներն իրենց սահմանին են հասել և աղքատիկ գործիքակազմը, որի միջոցով նրանք փորձում են ահեղ մրցակցին ծնկի բերել, արդեն չի կարողանում ցանկալի արդյունք ապահովել…»:
«Ակնհայտ խժդժությունները, որոնք նկատելի են թիմի ներսում, դեռ կանխատեսելի էին անցյալ տարվա աշնանը: Երկու գերհարձակվողների լարված հարաբերությունները կարող են կործանարար ազդեցություն ունենալ խաղի այս կարևորագույն հատվածում…»:
«Անփորձ երիտասարդները չեն կարողանում լիարժեքորեն փոխարինել հին դպրոցի ներկայացուցիչներին: Մրցակցի կործանարար ճնշումը օր օրի ավելի է ահագնանում, և Մեսի ու իր կամպանիայի խաղային ձեռագիրը կորցնում է իր գրավչությունը, թողնելով բազում անպատասխան հարցեր…»:
Էս ընդդիմադիր մամուլից զզվելի բան չկա, մի քիչ երկար որ կարդաս, քեզ կթվա՝ ապրում ես Սոմալիում, իսկ խաղի մրցավարն էն ճպլն է, դե էն Կորոնա էր, Կոլինա էր, ինչ անտեր շուն էր… Հլը տեսնեմ իշխանական մամուլում ինչեր են գրում:
«Ամեն ինչ հիանալի է, պարետի ցեմենտային պաշտպանության շնորհիվ հարձակման գծում արդեն սկսել են ստեղծագործել մեր «տերմինատորները»: Նրանց մանյովրներն արդեն անկասելի են դառնում, և հակառակորդն էլ չի կարողանում դիմակայել իշխանական ապարատի ողջ հզորությանը…»:
«Կիսապաշտպանության մեր գործընկերները սոցիալական ծրագրերով անընդհատ խոցում են ճգնաժամի թույլ կողմերը: Արյան հոտն առնելով` ԱԺ մի շարք պատգամավորներ հիանալի նախագծեր են փոխանցում հենակետայինի գոտում խաղացող մեր ուժեղ աղջիկներին, որոնք էլ, առիթը բաց չթողնելով, ամեն անգամ իրենց գոհունակության արձագանք են թողնում Ֆեյսբուքում և Թվիթերում, անընդհատ ու տիեզերական ածականներով շաղախելով իշխանական կորպուսի ներկայացուցիչների ուղղությամբ…»:
Սրանք էն մեկերին չեն զիջում: Բա հիմա ես էլ ի՞նչ կարդամ: Հլը մտնեմ ֆեյսբուք, ամենա-ամենա մասնագետները այդտեղ են թրև գալիս:
«Սաթիկի հիանալի նորամուտը չենք կարող չառանձնացնել: Նրա սլացիկ անցումներն ու կտրող փոխանցումներն ամբողջովին փոխեցին խաղի ընթացքը, և հիմա հակառակորդի պաշտպանությունում լիակատար խուճապ է տիրում…»
«Հարձակման գծում փայլում է հենց ինքը` Մեսրոպը: Մեսսին, որն ուշի ուշով հետևում է կորոնաֆուտբոլի բոլոր գրառումներին, ամեն խաղային դրվագից հետո իր Թվիթերյան բլոգում առանձնացնում է Մեսրոպի խաղային ոճը, մեր անկասելի «ծերուկ»-ի խաբքերն ու խաղը կարդալու բացառիկ ունակությունը՝ համեմատելով նրան իր` մեծն արգենտինացու հետ…»:
«Գիլանց Գևորգի հիանալի խաղը միայն Սաթիկի, Մեսրոպի ու մի փոքր էլ Գրիգորի ակտիվ և ստեղծագործ խաղի արդյունքն է…»:
Ֆեյսբուքի «Մեղրի Բլոգ» խմբի գրառումն էլ ինչ-որ սուբյեկտիվ տարրեր է պարունակում իր մեջ, անաչառություն չկա ոչ մի տեղ: Երևի ամենաճիշտը էն կլինի, որ հագնեմ առանց համարի շապիկս ու մտնեմ Գրողուցավ, այնտեղ հաստատ կարող եմ գտնել այն ամենը, ինչն անիմաստ փնտրում եմ համացանցի անհասկանալի եզրերում: