ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 24 /Կորոնաերազ / Արփի Մախսուդյան

Հեյ գիդի ժամանակներ, երբ փողոցում ծանոթ մեկի տեսնելուց ու ողջագուրվելուց հետո նեղվում էինք, որ ձեռքն ամուր չսեղմեց, գիրկը լայն չբացեց կամ իրեն ձգած շուրթերիդ ի պատասխան այտը կիսատ-պռատ դեմ տվեց։ Հիմա Աստված հեռու տանի` հանկարծ ծանոթ մարդ դեմդ դուրս գա, Եվայի կերած խնձորից սկսած անիծում ես որկրամոլությունդ ու դատարկ սառնարանը, ինչը լցնելու գայթակղությունից փողոց դուրս եկար։

Չէ, ազնիվ խոսք․ COVID-19-ից ու նրա մահաբեր շուքից չեմ վախենում։ Մեռնելն առհասարակ էդքան էլ խաղուպար չէ, ինչքան մենք եք պատկերացնում։ Մեր կենտրոնում, որտեղ ես՝ որպես ապագա բուժքույր, պրակտիկա եմ անցկացնում, կան պալիատիվ պացիենտներ, որոնք հիվանդանոցից մեզ մոտ են բերվել ախտորոշմամբ, թե հազիվ մեկ-երկու շաբաթ ապրեն, բայց նրանք ապրում են։ Ամեն օր տեսնում եմ, թե ոնց է կյանքն իր սմքած մատերով կախվել նրանց չորացած ոսկորներից ու ինչ դժկամությամբ է դիրքերը զիջում։ Էս ամենը տեսնելով՝ մահից չեմ վախենում, կիսատ-պռատ ապրելուց եմ վախենում…

Հեռախոսս զանգում է, լատվիացի ընկերուհիս է։ Եկել է մեր տան կողքի բիո-մարկետից ալյուր առնի ու որոշել է զանգի, տեսնի՝ ոնց եմ։

– Պատուհանից դուրս կնայես,- հեռախոսի էն ծերից հրահանգում է Իրինան։

Դուրս եմ նայում, շենքի դիմացի մայթին կանգնած է։

– Սպասի իջնեմ,- ասում եմ ես։

– Չէ, չէ, մի իջի,- համարյա աղաչում է՝ իր համարձակությունից արդեն փոշմանած Իրինան։

Բայց դե ես՝ հաստակող մարտունեցի.

Մի վախեցիր, մոտիկ չեմ գա, հինգ մետրից կխոսենք,- ասում ու արագ վազում եմ դուրս։

Իրինան ու ես մի ամբողջ փողոց սոցիալական դիստանցիայով քննարկում ենք, թե ոնց COVID-19-ը ստիպեց Իրինային յոթ տարվա դադարից հետո թեւերը քշտել ու ոչ ավել, ոչ պակաս հայկական բաղարջ թխել։

Կորոնայով համեմված մեր բաղարջախառը զրույցը երեւի դեռ երկար կձգվեր, եթե Իրինայի թիկունքում, 19-րդ դարում կառուցված ու պատերազմից հետո վերանորոգած բազմահարկ շենքի չորորդ հարկում բնակվող մի գերմանացի քիթն արեւին ցցած չփռշտար։ Ու չնայած փռշտոցի ու Իրինայի միջեւ առնվազն յոթ, իսկ իմ ու փռշտոցի միջեւ ընկած տարածությունը տասնմեկ մետր կլիներ, քիչ մնաց վախից ուշագնաց լինեինք։

Դժգոհ ու դատապարտող հայացքներս գերմանացու մեղավոր դեմքին մեխելով՝ ցրվեցինք տներով։

Գո՞հ ես,- հարցնում է Արփին?

Ինչի՞ց,- չքմեղացած պատասխան մուննաթ եմ գալիս ես:

– Գրողուցավից,- շշպռում է Արփին,- որ պատուհանից կախված խոսեիր, կմեռնեիր։

– Տո հենց էլ կմեռնեի ու առհասարակ, չես կարծո՞ւմ, որ արդեն ծնգլահան եմ եղել ձեր հակահամաճարակային միջոցառումներից, ձեռքերը լվալուց, ախտահանելուց, մարդ տեսնելիս օձ տեսածի նման խրտնելուց։

– Դե լավ, դու էլ, մի չափազանցրու, COVID-19-ն իր լավ կողմերն էլ ունի. հակահամաճարակային սահմանափակումներին հղում տալով օձիքդ ազատում ես տհաճ հանդիպումներից, տատիկ-պապիկներից եւ ի վերջո գործընկերներից։ Հիշում ես, երբ նոր էի Գերմանիա եկել, հասակն առած մի կնոջ հետ ծանոթացար, ուրախացել էիր, մտածում էիր՝ լավ է, լեզուս կբացվի, բայց էս ընթացքում բացվեց բացառապես բողոքիդ գիրքը։ Շաբաթը վեց անգամ քեզ հանդիպման կանչող «իմպրտնի» ընկերուհիդ հիմա քանի անգամ էր իր բեռլինյան բարբառով վրադ մուննաթ եկել, թե հեռախոսն ինչիդ է պետք, եթե անհասանելի ես։ Իսկ հիմա նույնիսկ անունդ հիշելիս ձեռքերը ապահովության համար ախտահանում է։ Փառք չղջիկ կերած չինացուն ու համաշխարհային Կորոն ծյային։

– Փա՞ռք, թե՞ ամոթ,- ընդվզում եմ,- ուտելը կերավ, բայց չգիտես ինչու չղջիկը մեր կոկորդին է կանգնել։

– Ով կերել է, թող ինքն էլ կուլ տա, ես դեռ հողափոխությունն եմ փորձում համապատասխան մարսեմ։

– Բա մարդ առյուծ թողած, չղջիկ կուտի՞,- հանկարծ չգիտես որտեղից լսում եմ մեծ բարերար, մեծ գործարար Գագիկ Ծառուկյանի ձայնը։

– Պարոն հարգելի Ծառուկյան, մեծարգո բարերար, միանշանակ ճիշտ եք,- նույն տեղից լսվում է Գեւորգ Պետրոսյանի ծղրտոցը,- բայց ես մի լավ միջոց գիտեմ. մաքուր օրիենտացիայով սխտոր ենք գտնում, կտրտում, լիմոնաջրով, սոդայով թուրմ ենք սարքում ու դնում ձեր ճաճանչափալյ արևի շողերի տակ։ Հետո բոլոր հեղափոխական ու ճշտից թռած չղջիկներին բացահայտում ու իմ ասած էս լուծույթով բամփ… չէ, ի՞նչ եմ ասում, կուլ ենք տալիս։

– Պահո, ոնց որ տենդի մեջ եմ,- մտածում եմ ես ու չորս անգամ խաչակնքվում, բայց Գեւորգ Պետրոսյանի ձայնը չի հեռանում, ավելին՝ պատրաստվում է իր դեղատոմսը պատենտավորել, ծախել ԱՀԿ-ին ու փողը փեշով լցնել պետական բյուջե (էս տողերը հանկարծ չկարդա, այ մարդ, սիրտը չի դիմանա էն մտքին, որ ինքը փեշ ունի)։

Ինձ կորցրած վազում եմ դեղատուն, բայց չգիտես ինչու հայտնվում ֆուտբոլի դաշտում եւ հընթացս նկատում, որ վազքիս հանդիպակաց մի կլոր բան սրընթաց դեպի ինձ է գալիս։

– Գեւորգ Պետրոսյա՞նն է, բայց շատ կլոր է՝ Պետրոսյան լինելու համար։ Առյո՞ւծ է՝ առյուծ չէ, մա՞րդ է՝ մարդ չէ։ Փորձում եմ խափս տամ, փախնեմ, չի ստացվում։ Լեղիս ջուր դարձած՝ հայ-հայ է ինքնափռվում էի ասֆալտին (հա, ի՞նչ, ասֆալտի վիրուսոլոգ կլինի, ասֆալտի ֆուտբոլիստ չի լինի՞), մեկ էլ համարյա ականջիս տակ, բայց չխախտելով սոցիալական դիստանցիան, Հայաստանից Գերմանիա ձայն է տալիս մեր ֆուտբոլային թիմի գլխավոր ռմբարկու Մեսրոպ Հարությունյանը։

– Աղջիկ ջան, էդ գնդակից էդպես խուճապահար մի փախի, բռնի ու պաս տուր, պա՛ս:

Թռնում եմ գնդակը բռնելու, բաց մեկը ուսիցս քաշում է, շրջվում եմ, տեսնեմ տղաս է.

Մամ, ինձ մի բաժակ ջուր կտա՞ս։

Please follow and like us: