Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 21/ Չշնչես / Գևորգ Գիլանց

Ուրեմն, կանգանած սպասում եմ, որ ճայտրուկի ծուխը ցրվի ու փոխանցում անեմ, բայց էդ անտերը դանդաղ էր ցրվում… Հա, քիչ մնաց մոռանայի, ասեմ, որ ընդմիջան ժամանակ մեր թիմը համալրվեց գյումերցի խաղացողով (խաղացողուհի ասեմ՝ անբարհունչ է, խաղողուհի ասեմ՝ սխալ է), բայց դեռ դաշտ չմտած՝ սկայպը միացրեց, գնում է ընդմիջման։ Ուզում էի ասել՝ լավ էլ խաբս ես տալիս, դեռ երկրորդ խաղակեսը չի սկսվել, էդ ինչ մի «կոֆե-բռեյկի» անցար, բայց հենց այդ պահին տեսա, որ կողքիս հանգիստ կանգնած ու փոխանցման սպասող Մեսրոպը գոռում է Գ-Ո-Ո-Ո-Լ… Նայեցի, տեսա գնդակը ոտիքս տակ չի։ Ամբողջ թիմով վազեցինք դեպի Մեսրոպը, որը դիպլոմատը ձեռքին, խաղի հերոսի կեցվածքով, կանգնած պահանջում էր, որ սոցիալական հեռավորություն պահենք։ Ես չգիտեմ, թե մյուսներն ինչի համար էին վազում, բայց անձամբ ես վազում էի ոչ թե գրկելու, այլ ուզում էի հասկանալ, թե ինչի՞ մեր անպաշտան դարպասին գոլ խփեց։ Ասա ա՛յ տնաշեն, կսպասեիր՝ մի քիչ ծուխը ցրվեր, մրցակցի դարպասը կերևար, պասերով, պասերով առաջ կգնայինք, գոլ կխփեինք… Էս ի՞նչ արիր։ Մի պահ անգամ մեջս մթին կասկած առաջացավ, որ դիպլոմատի մեջ իսկի էլ շախմատ չէ, ոչ էլ մասնագիտական փաստաթղթեր, այլ ուրիշ թղթեր… Հո իզուր չէ, որ տեղորեշվելու մասին բան չխոսեց, չքննադատեց… Ստուգել էր պետք, ես մոտ եմ վազում, իսկ ինքը գոռում է՝ «երկու մետրից մոտ չգաք, սոցիալան հեռավորություն պահեք, չշնչեք…»…

Չեղավ, շատ կասկածամիտ եմ դառել։ Ուրիշը լիներ՝ կհավատայի, բայց Մեսրոպից… Վայ թե իզուր եմ մեր բիձու մեղքն առնում։ Հակառակորդը թող սպասի, ես մինչև նորմալ չպարզեմ եղելությունը՝ չեմ հանգստանա։ Բայց թարսի պես Մեսրոպի հետ խոսել չի լինում, մեկ «գոլ» է գոռում, մեկ՝ «սոցիալական հեռավորություն պահեք»։ Նստեցի կանաչող դաշտի խոտածածկին ու սկսցի միտք անել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում։ Հենց փորձեցի վերլուծել՝ առջևս մի էկրան հայտնվեց, որը պահում էր «РЕН-TV» աշխատակիցը, և էկրանն ասաց. «Ձեզ խաբում են, ոչ մի վիրուս գոյութուն չունի, դա ալամ աշխարքի փողերի տերերն են մտածել, որ մեզ բոլորիս կիբորգ դարձնեն, մեր մաշկի տակ «չիպեր» տեղադրեն, ու բոլորիս կառավարեն։ Սա առաջին՝ վիրուսային սարսափի փուլն է, սրանով վախեցնում են, որ համաշխարհային ստվերային կառավարությունը օրինականացնեն։ Հաջորդ քայլը…»։ Էստեղ ցույց տվեցի մարզահագուստիս մեջքի 72 համարն ու ասացի, որ մեջքիս կարող էին յոթ ուրիշ համարներ լինել՝ 73, 56… Ոնց թե վիրուս գոյություն չունի, բա՞ Չինաստանը, Իտալիան, Իսպանիան, հիմա արդեն ռեկորդակիր դարձած ԱՄՆ-ը։ «Չունի,- համառում էր էկրանը,- տե՞ս, թուրքմենբաշին հրամայել է, որ վիրուսն իր երկիր չմտնի… Չի մտնում, ու էդ վիրուսից ոչ մի մահ չի գրանցվել, սովորական մահեր են։ Ճիշտ է, Էս տարի մի քիչ շատացել են, բայց…»։ Համբերությունս հատավ, ասացի՝ գնա, ես պիտի հասկանամ, թե այդ ի՞նչ ճանճ է կծել մեր Մեսրոպին, ինչի՞ մեր դարպասին գոլ խփեց։ Բայց հիմա էլ դեմս հայտնվեց «Ազատություն TV» ուղիղ եթերի էկրանը և հաղորդավարը նրբանկատորեն սկսեց մեր համաճարակաբանին հուշել, թե ԱՀԿ-ն բացահատել է, որ վիրուսը օդի միջոցով էլ է փոխանցվում։ Համաճարակաբանն իհարկե դիմադրում էր՝ ինչպես կարող էր, բայց բանիմաց հաղորդավորը կամերայի հակառակ կողմից (քանի որ էկրանին արդեն չէր երևում) համաճարակաբանին ցույց էր տալիս Պարետի, Արսեն Թորոսյանի և Նիկոլի՝ կարմիր շրջանակի մեջ առած նկարները՝ ակնարկելով, որ այդ երեքի կողմից կարող է կարմիր քարտ ստանալ, եթե հանկարծ ասի, որ ԱՀԿ- նման բան չի ասել, այլ վարակվածների միայն 6%-ի մասով շատ թեթև, չստուգված կասկածներ ունի։ Դե վարկած է, էլի, ստուգում են։ Բայց ախր էլ ուրիշ ոնց անեն, որ մարդիկ վախենան ու տանից դուրս չգան, մաքուր օդ չշնչեն…

Էստեղ նորից ականջս ընկավ Մեսրոպի գոռոցը. «Գո՜-ո՜-ո՜-լ, պահպանեք սոցիալական հեռավորությունը, երկու մետրից մոտ չգաք, չշնչեք…» Չէ, մի բան էն չի, հատկապես այն, որ Մեսրոպը միշտ էլ մաքուր օդ շնչելու կողմակից է եղել, ոչ ջրալի մրգին էր, ոչ անջուր բանանին։ Հենց այդ պահին առջևս հայտնվեցին միանգամից երեք վահանակ։ Մեկի վրա ոստիկանության տարածած տեսանյութն էր, որտեղ ասվում էր, որ պարետատունը խստացրել է սահամափակումները, ապա հատնվեց մեր տեղական արտադրության Ռիշելյեյի դեմքն ու ասաց. «Համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է…»։ Երկրորդ էկրանը առաջինից ավելի բարձր գոչում էր՝ «Ալամ աշխարհի ստվերային կառավարությունը… Այդ նրանք են նշանակում բոլոր երկրների ղեկավարներին և պարետներին, որ տիրեն բոլոր երկրների ռեսուրսներին, Ամուլսարը քեզ օրինակ, թե չէ ինչու էին էս հալին հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ինֆորմացիան սահմանափակող օրենք ընդունում…»։ Երրորդ էկրանին հերթ չէր հասնում, հենց ուզում էի լսել՝ կամ ձայնն էր անջատվում, կամ մյուս եկրուսը ցցվում էին դեմս։ Միայն հասցրի անունը կարդամ՝ «Դոկտոր Կամարովսկի»… Երրորդ էկրանը հետաքրքրեց։ Էն երկուսին մի կողմ հրեցի ու ձայնը բարձրացրի։ Դուք էլ լսեք, խորհուրդ եմ տալիս, պատմելով չի լինի, բայց դրանից անմիջապես հետո հասկացա, թե ինչ է պատահել. Մեսրոպը, ծխի մեջ կողմնորոշվելու համար որոշել է օգտագործել հեռախոսի GPS-ը, որը ցույց է տվել, թե հակառակորդի դարպասն ա՜յ այնտեղ է։ Դե Մեսրոպն էլ անարգել գոլ է խփել։ Բայց ինչ իմանար, որ դա մեր դարպասն է։ Ախր հազար ենք ասել, մեկ-մեկ նայի քո լավ բարեկամ և ընկեր, Գյումրու Կինո Երեւանի մայլում օրական մի պաշտոն ստանձնող, Լևոն Բարսեղյանի ապրիլի 3-ի ժամը 15։32-ի գրառումը, որտեղ մարդը սևով սպիտակի վրա, 71 հոգու համար, պարզ բացատրում է, թե որքան ճշգրիտ է տեղորոշում Պարետի հսկողության տակ գտնվող ավտոմատ համակարգը… Բայց դե Մեսրոպին բան հասկացնել կլինի՞…

Բայց երևի բիձուն բան չասեմ, կտխրի, ավելի լավ է մտածեմ, թե ոնց վիճակը շտկեմ։ Ուրեմն վեր կացա, վերցրի Կամարովսկու էկրանը, ու սկսեցի առանց խաբող GPS-ի ման գալ հակառակորդ թիմի դարպասը։ Ով ուզում է դուրս գա, խաբս կտամ, թեկուզ էն 71 հոգին էլ լինեն, էն որ մեկը հայտնի մուլտի հերոսի նմանությամբ էկրանից գչում էր՝ «Մահը չոքել ա մեր դռանը…»։ Միգուցե մեկը հուշի, որ հայտնի հայկական մուլտը «Մկների ժողովը» նայի և ելույթը խմբագրի… Մի խոսքով հասկացաք… Գնում էի ճիշտ ուղղությամբ, քանի որ երբ տեսնում էին, որ ես առանց դիմակի ու ձեռնոցների եմ, ինձնից վախենում էին, ինչպես վիրուսից, ու արագ-արագ կորչում էին մեկ ԱԺ շենքի անհամար միջանցներում ու կաբինետներում, մեկ էլ համացանցի՝ իրենց սիրած ծակուռներում, որտեղ կարող էին ինքնահաստատվել, և վերահաստատել իրենց ճշմարտացիությունը հարազատ ֆեյքերի ու ֆաների մասնակցությամբ։ Իսկ ես, երբ հաջողվում էր մոտենալ նրանցից մեկ-երկուսին, հասկանում էի, որ անցյալն այնքան էլ անցյալ չէ, քանի որ տեսնում էի արդեն շարմազացող, կարենաավագյանացող և գալուստացող երիտքայալականների, քանի որ ժամանակին շարմազն էլ, մյուսներն էլ այդպիսիք են դարձել կամաց-կամաց, «ի սեր» ժողովրդի մանր ստեր ասելով և անխոս կատարելով շեֆերի հրահանգները… Ծուխը դեռ լրիվ չէր ցրվել, բայց ուղղությունս ճիշտ էր։ Մեկ էլ տեսնեմ առջևս սպիտակ գիծ է։ Ու մինչ փորձում էի հասկանալ, թե դա եզրային գիծն է, թե դիմայինը, ծուխը ցրվեց ու տեսա, որ մեն-մենակ կանգնած եմ հակառարդի դարպասի դիմաց։ Նույն պահին հայտնվեց Պարետի հաղորդագրությունը, թե ես պիտի պատշաճ լրացրած իմ ելքի թերթիկը ցույց տամ, բայց ես հասկացա, որ պիտի հարվածեմ ու գնդակը գլորեցի իրենց դարպասը… Հաշիվը հավասարվեց։

Գոլ չգոռացի։ Միևնույնն է, Մերսոպը պիտի որ դեռ գոռալիս լիներ, շատ մոլի ֆուտբոլասեր է։ Մնում էր մի կերպ վիճակն այնպես հարթել, որ շատ չտխրի։ Մոտեցա, ասացի.

– Այ Մեսրոպ, գոլը չեն հաշվել։

– Ո՜նց,- բարկացավ Մեսրոպը,- ի՞նչ իրավունքով։

– Չգիտեի՞ր որ տեղորոշման ու զանգորոշման հետ մեկտեղ WAR – համակարգն էլ են իրենցով արել։ Կրկնապատկերը նայեցին ու չհաշվեցին։ WAR-ն էլ է իրենց ձեռքին, «չաքուչն էլ»։ Խաղը սկսում ենք դաշտի կենտրոնից։

– Լավ, էդ հեչ,- ասաց Մեսրոպը,- մեկ է, մենք կհաղթենք, բայց դու սոցիալական հեռավորությունը պահի, չշնչես։

– Տնաշեն,- ասացի,- գլխիս Արայիկը դառար՝ իմ նկարիչ ընկերը, չշնչես, հա չշնչես…

Տարիներ առաջ, երբ մեր սիրելի սրճարանում` Կիրովականի կինո «Երևանի» այգու «Անյայի կաֆեում» համեղագույն սուրճի շուրջ զրույցներից չէինք կշտանում, որոշում էինք գնալ մեր նկարիչ ընկերոջ՝ Արայիկի արվեստանոց, նարդի ու շախմատ խաղալու։ Մի օր օլիմպիական մրցակարգով շախմատ էինք խաղում։ Մեր ընկեր Գևորգը հիվանդություն ուներ, ծանր ու աղմուկով էր շնչում, և այդպես ծանր ու աղամուկով էլ խոսում էր։ Ձայնն էլ շատ բարակ էր, գրեթե դիսկանտ։ Տախտակի առջև նստեցին Գևորգն ու Արայիկը։ Գևորգն առաջին քայն անելու հետ սղոցող դիսկանտով իր քայլը բարձրաձայնեց՝ «e2-e4»: Ձայնն ազդեց Արայիկի նյարդերի վրա։ Ասաց. «Գևորգ, տեսնո՛ւմ եմ, մի՛ խոսի,- ապա դարձավ մնացածիս,- կողքից հուշել չկա»։ Շուտով Գևորգն արդեն ահագին նեղն էր գցել Արայիկին։ Արայիկը տենդագին ելքեր էր փնտրում։ Սենյակում միայն Գևորգի «բարձրաձայն» շնչառությունն էր լսվում։ Արայիկը նայեց նրան։

– Գևորգ, կամաց շնչի։

Գևորգը նեղվեց, բայց բան չասաց։ Ու մինչ Արայիկը մտածում էր հաջորդ քայլի վրա, Գևորգը դուրս գնաց։ Ետ եկավ, նայեց, հաջորդ քայլն արեց։ Մի քանի քայլ հետո Արայիկը նորից ասաց.

– Գևորգ, քեզ ասում եմ՝ մի՛ շնչի։- Արայիկի տեղն արդեն շատ էր նեղ։

Գևորգը մի քայլ էլ արեց ու դարձյալ դուրս գնաց։ Արայիկը երկար մտածեց, իր քայլն արեց։ Գևորգը եկավ, նայեց ու իր քայլն արեց։ Արայիկը կատաղած նայեց Գևորգին.

– Գևորգ, մի՛ շնչի, չշնչե՛ս։

Երբ Գևորգը նորից պատրաստվում էր դուրս գնալ, Միշան էլ չդիմացավ.

– Այ Գևորիկ ջան, դեին սա ասըմ ա, դու էլ լըսըմ ե՞ս, ո՜նց թե մի շնչի, ո՞նց չշնչի, տհենց ո՞նց կըլի, այ Արայիկ…

Բայց Գևորգն իր սղոցող դիսկանտով հանգիստ արտաբերեց.

– Ոչինչ, Միշա ջան, սպասի գնամ մի հատ էլ խոր շունչ քաշեմ, շունչս պահած գամ ու վերջին շախը տամ։ Դրանից հետո բոլորս էլ հանգիստ կշնչենք։

Ի դեպ, հատուկ մեր նոր թիմակցի որդու համար՝ e2-e4։

Please follow and like us: