Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ17 / Կորոնաճայտրուկ /Գևորգ Գիլանց

Է՜, էլի ծանր գործն իմ ուսերին ընկավ։ Չնայած, միկողմից էլ արդար է, քանի որ առաջին խաղակեսը Մեսրոպն էր սկսել։

Հա, մինչև առաջին փոխանցումն անելը ասեմ, որ մեր երիտքայլականները շարունակում են դաղալ խաղալ, ու քանի որ հիմա տեղորոշվում ու զանգաֆիքսվում ենք, մենք էլ չենք կարողանա դաշտում անակնկալ արագացումներ անել։ Էդ էլ քիչ չի՝ տեղաշարժն էլ արգելեցին։ Դա նույնն է, թե բռնցքամարտի ժամանակ ռինգի մրցավարը գա թևերդ հետևի կողմից հավաքի, որ չկարողանաս պաշտպավել, իսկ հակառակորդդ այնքան անտաղանդ լինի, որ փոխանակ ծնոտիդ «պռավի պրյամոյ» նստացնի, օպերկոտ է խփում, հետն էլ գոտկատեղից ցածր (բայց դե Մեսրոպն արդեն ասել է, որ նման հարվածները ոչ միայն ջրալի մրգին չեն, այլև ջրազուրկ բանանին), իսկ կողային մրցավարը վրա է հասել ու նոկդաուն է հաշվում։ Մնում է հակառակորդիդ մարզիչն էլ գա ու «կվալտով» խփի ճակատիդ։ Բայց վախենամ դա էլ չկարողանան, քանի որ հավանականությունը մեծ է, որ հայտնի անեկդոտի օրն ընկնեն, դե էն անեկդոտի, որ Մեսրոպը հաստատ կիմանա, բայց պատմեմ, որ պարզ լինի (հա, ի դեպ, կավալտը ռուսական кувалда բառի հայերի ստեղծած մուտացիան է, ճիշտ այնպես, ինչպես խադավիկը, և ճիշտ այնպես, ինչպես այս նոր կորոնավիրուն է հների մուտացիան, և այս տրամաբանությունից ելնելով, հետագայում ասելու են, որ այս ամբողջի մեղավորները հայերն են, քանի որ այսպիսի մուտացիաներ ստեղծելու վարպետները մենք ենք՝ հայերս)։ Հա, բայց շեղվեցի, անցնենք անեկդոտին։ Ուրեմն հայր ու տղա որոշում են բտած, ուժեղ ցուլին մորթել ու որոշում են, որ տղան պիտի կոտոշները բռնի, իսկ հայրը կվալտով տա ճակատին, անզգայացնի ու կոկորդը կտրեն։ Առաջին հարվածից հետո հայրը հարցնում է՝ «անջատվե՞ց», «չէ՛»,- պատասխանում է տղան։ Երկրորդ անգամ է հարվածում։ Երրորդ հարվածից հետո տղան ասում է. «Ապի, որ մը հետ էլ ճըկատիս տվիր՝ ցուլին բրախիլ տեմ ու…»… Բայց ոնց որ սխալվեցի, Նիկոլն էլ խաղադաշտ մտավ՝ իր կավալտ-live-ը ձեռքին։ Բայց դե չստացվեց, վախենալու չէր։ Նիկոլ ջան, էդ live-իդ ժամանակ ցույց տվածդ կվալտը կարտոնից էր, ուրիշ կվալտ ցույց տուր, գոնե ժանգոտած, մենք մեր գլխին արդեն էնքան ենք հարվածներ կերել, որ մեր ծնոտը, բռցքամարտի լեզվով ասած, դարձել է չուգունե, տարբերում ենք, թե ինչով խփեցին…
Բայց տղերքը կարող է մտածեն, թե՝ մինչև հիմա ֆուտբոլ էր, էս ի՜նչ մի կռվի տոն ես տալիս։ Ասեմ. ե՛ս էլ, համոզված եմ՝ Մեսրոպն էլ, մայլա-մայլա ֆուբոլից բացի, մեղրիերեն ասած՝ նաև մահլա-մահլա կռիվների մասնակցած մարդ ենք, ու շատ հաճախ՝ հենց ֆուտբոլի պատճառով առաջացած կռիվների… Էնպես որ, տղերք, զգույշ մնացեք։

Էստեղ, չգիտեմ որ տրիբունայից ճայտրուկ գցեցին ուղիղ ոտքերիս տակ։ Պիտի սպասեմ, որ ծուխը ցրվի։ Որ ասում եմ՝ հարամ են խաղում…

Հա, ի դեպ, ծխի մասին. Արսենն էլի ծխախոտի պահով ինչ-որ բան ասեց, բայց զեկույցին էլ չանդրադարձավ։ Առաջընթաց կա։ Հիմի կասեք, թե էդ ինչ մի ծխախոտացավ ես կպել։ Իսկ ինձ ճանաչողներն էլ կփաստեն, որ նույնիսկ այն ժամանակ, երբ չեմ էլ մտածում ծխել, ծխախոտն ու վառիչը ձեռքիս մեջ են։ Սա կապված է ՀՀ երկրրոդ պարետային ժամի հետ։ Հստակ թիվը չեմ հիշում (ճշգրիտ տերթիվն ու ամիսը փորփրելու հավես չկա), 90-ականների սկիզբն էր, ես դեռ ուսանող էի, ակտիվիստ, մեր ֆակուլտետի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որը բանակում ծառայել էր ոչ թե որպես «խլեբարեզ», «ստրոյբատի սաչոկ» կամ «պովր» (միտումնավոր չեմ գրում հաց բաշխող, շինվաշտ և խոհարար, քանի որ սովետական երկրում և սովետական բանակում դրանք ամբողջական հասկացություններ էին, տաքուկ ու բարեկեցիկ ծառայություն անցկացնելու գրավականներ), այլ ԲՄ-21-ի՝ «Գրադ»-ի հրամանատար։ Բնականաբար, երբ իմացան ռազմական «մասնագիտությունս», չգիտեմ ինձ ստուգելու համար, թե իրոք կարծում էին, թե կկարողանան ինքնաշեն նման մի բան ստանալ, մեր ֆակուլտետի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ Նազարյան Գևորգը խնդրեց, որ գծագրեմ կամ սխեմատիկ նկարեմ «Գրադ»-ը։ Ես իհարկե դա սխեմատիկ նկարեցի, բայց զգուշացրի, որ ինքնաշեն տարբերակում մենք Գրադի փոխարեն շատ-շատ «Կատյուշայի» ծաղրանմանակը ստանանք, որը կարող է արկերն ուղարկել բոլոր չորս ուղղություններով միևնույն համազարկի ժամանակ… Դրանից Գևորգը մի քիչ թթվեց, բայց բան չասաց։ Ինչևէ, գծագրի պատմությունից ոչ շատ անց, պարետային ժամի օրերին, երբ ես այնքան էլ լուրջ չէի ընդունում սահմանափակումներն ու մեկ է, դուրս էի գալիս զբոսնելու (ճիշտ և ճիշտ ինչպես հիմա), Կիրովականի երեք լճերի մոտ ինձ երկու ոստիկան կանգնեցրին ու իրենց «ուազիկով» տարան ոչ թե ՆԳ բաժին, այլ հեթապահություն (այսօրվա տերմիններով ասած՝ Պարետատուն), որտեղ այդ օրը հերթապահում էր ամենամոտ ընկերներիցս մեկը՝ լուսահոգի Պարզյան Վարդանը։ Վարդանն, իհարկե, ինձ տուն ճանապարհելու միջոցներ ձեռք առավ, բայց քանի որ ինձ լավ գիտեր, այդ գործը հանձնարարեց այնտեղ գտնվող մեր ինստիտուտի տարեց դասախոսներից մեկին, որն իր մեքենայով պիտի ինչ-որ տեղ գնար ու ձեռի հետ էլ ինձ տուն տաներ, ճամփի վրա էր։ Նա մեր զուգհեռ կուրսին դաս էր տալիս, մեզ չէ։ Վարդանի և դասախոսի զրույցից ականջիս հասավ «Գրադ» բառը։ Հետո Վարդանը ներս գնաց, իսկ դասախոսն ասաց.

– Դու բանակում «Գրադի» վրա ես ծառայե՞լ։

– Հա, ինչ կա՞ որ։ Ես Գևորգին արդեն գծագիրը տվել եմ, բայց մենք առանց լուրջ գործարանի դա չենք կարողանա սարքել…

– Չէ,- ասաց,- սարքելու մասին չի խոսքը։ Մերոնք երկու «Գրադ» են խլել, բայց ոնց որ թե օգուտ չի տալիս մեր կողմերում։ Կամ կրակել չգիտեն, կամ ուրիշ բան է, բայց շատ անիմաստ զենք է։

– Կրակել չգիտեն։ Թե չէ՝ շատ զիլ զենք է։

– Վարդանը չհամաձայնվեց, բայց ես իրեն խոստացա, որ քեզ ոնց տանեմ՝ էնպես էլ հետ եմ բերելու։ Ու հիմա քեզ հարցնում եմ, կգա՞ս, տղերքին ցույց տաս, թե ոնց կրակեն։

Մանկուց սովոր մի բան ներսից սեղմեց կրծքավանդակս, ոնց որ մոտալուտ «ադին նա ադին» կռվից առաջ է ներսդ սեղմվում, երբ սրտանց ուզում ես, որ էդ կռիվը չլինի։ Մի տեսակ խուսափողական ասացի.

– Սզբում մի հատ տուն մտնենք, ծխախոտ վերցնեմ, մոտս չկա։

(էդ թվերին, Մեսրոպը կհիշի, ծխախոտ չէր ճարվում, բենզինն էլ մայթերին էին ծախում, «կանեստրներով»)։ Ինքն ասաց.

– Ժամանակ չկա, գնացինք, ճանապարհին կվերցնենք։

Ճանապարհին երեք տուփ «Մագնա» առավ, կոշտ տուփով, շքեղություն էր…

Լուսաբացից առաջ տեղ հասանք։ Հրամատարը դասախոսին ցույց տվեց դիմացի լանջին փռված գյուղի վերևում, բայց գյուղից բավականին հեռու գտնվող գոմերն ու կարճ ասաց՝ «սկլադ են սարքել»։ Դասախոսն ինձ ցույց տվեց. «Գրադից գլուխ ա հանում»։

– Իմ տասնվեց կալիբրից օգուտն ավելի շատ ա, քան էդ իրար կապած ժոլոբներից,- ասաց կամանդիրը։ Հետո դարձավ ինձ.- Արի տենանք դու ինչ տես անի։

Երբ «Գրադի» հագեցածությունը ստուգեցի՝ լացս եկավ։ Պարզվեց՝ ինչից գլուխ չէին հանել, ուղղակի թափել էին գետը։ Հետո, երբ բացատրեցի ինչի համար են պետք, ջոկատի կեսը, շալվարները քշտած, գետի հունն էր սանրում։ Բոլորը գտան՝ կոլեմատոր, ինդիկատոր, փողերի ճշտաբերման խողովակը… Լավ է կրակային բանալիները չէին շպրտել։ Հարցրի, թե քանի արկ են կրակել։

– Էսա հաշվեմ։ Քսան հատ դագաղ էր (գրադի արկերի պահպանման արկղերի հետ էր, որ արտաքուստ էժան դագաղի են նման)։ Յոթը վառել ենք։ Ուրեմն յոթը հատ։

Մի խոսքով, Գրադը ստուգելուց ու կարգաբերելուց հետո հարկավոր էր «ռազվեդչիկ» ունենալ, որ կրակի մասին տեղեկություն տար։ Հրամանատարն ամենաիզամով երեք հոգու ուղարկեց, որ բացատրեմ, թե իրենցից ինչ է պահանջվում։

– Ա դե ռացիան մոտներս ա, կասես էլի։

Երբ բացատրեցի, որ իրենք չեն կրակելու, այլ ռացիայով պիտի ասեն, թե հեռադիտակի գծանշումով քանի նիշ է ձախ կամ աջ պայթել արկը, և քանի նիշ վերև կամ ներքև, կատաղեցին։ Ահագին ժամանակ և կամանդիրի բռունցքա-քֆուրային մի մեծ չափաբաժին պահանջվեց, որ տեղ հասներ. իրենց տեղը չեն մատնում, միայն հաշվում են իմ ուզած հեռադիտակային նիշերը և փոխանցում ռացիայով։

Աչքաչափով մոտավոր ուղղություն տվեցի ու «պրիստրելոչնի սնարյադը» գնաց։ Ռացիան ասաց. – Ըհը, ահագին մոդացավ։

– Նիշերը ասա, քանի նիշ հորիզոնական ու քանի նիշ ուղղահայաց։

Ռացիան խշխշոցով ասաց.

Բինոկլն աչքիս չէր։

Կամանդիրի քֆուրի չափաբաժնից ոչ միայն ռացիան կարմրեց, այլև ես։ Ռացիան արդարացավ.

– Կամանդիր, էդ պահին պապիրոզ էի կպցնըմ, կարալ չէի, խընգարըմ էր։ Բայց տեսա։ Դե մի հարյուր մետր ձախ էր, մըքիչ էլ բարձըր։

Երկրորդն ուղարկեցինք։ Ռացիան ասաց.

– Մալադեց, որ մի իսսուն մետր էլ ձախ քաշես՝ լավ կըլի։

Էս անգամ արդեն իմ մեջ կուտակաված լարվածությունը քֆուրի վերածվեց, բայց ի պատախսան հնչեց.

– Այ ստուդենտ, էդ դու էի՞ր, արա, որ եդ էկա…,- բայց խոսքը չհասցեց ավարտել, որովհետև ռացիան նորից կարմրեց կամանդիրի քֆուրից, որը վերջում ավելացրեց.- քանի՞ նիշ էր։

– Մի մենձ նիշ ձախ, մի հատ էլ փոքր նիշ՝ վիրև։

Նշանառության ճշգրտում տվեցի։ Նայեցի հրամանատարին։ Կամանդիրը հասկացավ, ասաց.

– Ավելի լավ, րիգունը վառելու բան կըլի։

Տասը արկ միմյանց հետևից գնացին, հրետանային համազարկով։ Ռացիան գոռաց.

– Կպա՜ն, կպա՜ն, երկու հատը դուզ տասին, մնացածը՝ փուստ։

Մի քանի րոպե անց.

– Գոմերից ծուխ էկավ… Պայթեց, պայթեց, ոնց որ սայլուտ ըլի…

Կամանդիրը հրամայեց, որ առանց երևալու, առանց կրակելու հետ գան։

Երեկոյան, այսօրվա «սալյուտի» պատվին պիտի խմեինք։ Հրամանատարն ասաց.

– Ընտիր տնական գինի կա։ Նըհենց տեղ կնստենք, որ սարքածդ սալյուտի ծուխը տեսնենք։

Զարմացա, քանի որ դիմացի լանջից անընդհատ կրակում էին, բայց տղերքը չէին վախենում. կամ տեղ չէր հասնում, կամ էլ չգիտեմ… Գոմերից դեռ ծուխ էր ելնում։

Երեկոյան հին թիթեղյա ցանկապատի մոտ հինգ հոգով նստած խմում էինք ու քննարկում, թե քանի օր է պետք լավ կրակել սովորելու համար, ու ես որպես «աս» մասնագետ անդադար բլբլում էի. ինքնագնահատականս հավասարվել էր ամպերին։ Դիմացի լանջից կրակոցներն իսպառ դադրել էին։ Սեղանին ուտելու համարյա բան չկար, միայն գինի էր, բաժակներ ու տղերքի փափուկ տուփերով «Սալյուտների» կողքին՝ իմ «Մագնան», որ հենց առջևս էր դրված։ Տղերքից երկուսը գնացին հերթապահներին փոխելու։ Երբ արդեն քեֆս լավացած հերթական կենացի բաժակը մոտեցրի շուրթերիս, ձախ ձեռքի անզգույշ շարժման հետ՝ «Մագնաս» հայտնվեց գետնին, ու որպեսզի բաժակը չդնեմ սեղանին (օրշնած բաժակը ցած չեն դնում), իրանս կռացրի, որ ձախ ձեռքով հասնեմ թանկագին ծխախոտին՝ աջ ձեռքով բաժակը պահելով նույն դիրքում, որտեղ որ պիտի լինեին շուրթերս։ Ճրթոցի հետ թրջվեցի։ Կարմրեց համ ձեռքս, համ շորերս։ Զարմացած ուզում էի կանգնել, բայց աժդահա կամանդիրը հասակով մեկ ընկավ վրաս ու գոռաց.

– Պառկի՛ր, չելնես։

Սողալով անցանք տան մյուս կողմը։ Բաժակի փշուրները թեթև ճղել էին ձեռքս։

Ռացիան մեր դասախոսին ասաց, որ «գա էս ստուդենտին տանի»։ Ինքը կողքի գյուղում էր, գիշերը ետ էր գնալու Կիրովական։ Հետո որպեսզի պարզ լինի իր որոշումը՝ դարձավ ինձ.

– Էդ պուլը քեզ էր ման գալիս, գլխի են եղել, որ կրակել իմացող մարդ ա եկել, թե չէ իմ ու իմ տղերանց խաթեր էս նեղ մաջալին սնայպեր չէին կանչի։ Սնայպերի կրակոց էր։ Մեզ բոլորիս դեմքով գիտեն, հարևան գեղ ա, դու էիր անծանոթը… Գնա գծագրերդ գծի, ես արդեն մոտավոր գիտեմ, թե ոնց տեմ կրակի, գնա մյուս տղերանցն էլ գրադից կրակել սըվորացրու, ավտոմատ կրակողնին շատ են, գրադ կրակողնին՝ քիչ։

Էդ օրվանից է, որ ուր էլ լինեմ, ծխեմ թե չծխեմ, ծխախոտատուփն ու վառիչը կամ ձեռքիս մեջ է, կամ դեմ դիմացս դրած։

Հա, հիմա կասեք, թե խաղի ես նեղ մաջալին ինչի՞ հիշեցի այս պատմությունը։ Միայն նրա համար, որ ոչ ոք չմտածի, որ եթե ծխում եմ, երբեմն նույնիսկ շատ, ապա «դիխանի» չեմ ունենա, որ վազեմ։ Հլա թող տեղորոշումն ու զանգաֆիքսումը հանեն, նոր կերևա, թե ով ինչպես է վազում, ինչ արագացումներ ու «պասեր» է տալիս։

Please follow and like us: