Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 16 / ԿարանԾին. Մռմուռը պաշտպանություն է կառուցում/ Մեսրոպ Հարությունյան

Հենց Գրիգորն ասաց, խաղը կկայանա ցանկացած եղանակի, էն տնաշենի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մեծ մոգն ու մոգպետը, մտքում ասաց՝ «Հեսա անձրեւ ուղարկեմ, տեսնամ ոնց եք խաղում»: Էս տղան մինչեւ հիմա չհասկացավ, որ եթե մենք որոշել ենք խաղալ, անձրեւ չէ, կարկուտ էլ լինի, խաղալու ենք… Մենք հենց հիմա՝ կորոնայի կարանԾինի ժամանակ ենք խաղում, դրա ուղարկած անձրեւն ու կարկուտը ո՞ւմ ջրալի մրգին են, որ մեզ խանագարեն, մանավանդ խաղում ենք երեք սերնդի ներկայացուցիչներով…

Էս եղանակի մոգպետի վրա բարկացա ու հիշեցի չուկչաների եւ օդերեւութաբանի մասին մի անեկդոտ.

Չուկչաները որոշում են պատժել իրենց տարածքի օդերեւութաբանին, որովհետեւ սխալ եղանակ էր կանխատեսել, իրենք էլ որսի էին գնացել՝ բքով ընկել, դափ-դատարկ հետ եկել: Բայց ի՞նչ պատիժ տան.

– Գնդակահարենք,-գոռում է մեկը:

– Փամփուշտն ափսոս ա:

– Կապենք երկու եղջերուներից ու մեջտեղից ճղենք…

– Եղջերուները մեղք են:

– Ժողովուրդ,-հանկարծ պայծառանում է մեկը,-եկեք դրան կախենք, գոնե քամու ուղղությունը ճիշտ ցույց կտա:

Բայց մենք հո անեկդոտ պատմելու համար չէի՞նք հավաքվել Գարեջրի ակադեմիայում, էն էլ Զիզուի ու Մեսիի հետ:

Լավ էլ կամպանիա էր, թե Գրիգորն էն Ժոզեֆրենիկին ոտեղից պեղեց բերեց, չհասկացանք: Բայց ես Արփիին խոստացել եմ, որ Շիզոյի մասին ոչ մի վատ բառ չեմ օգտագործելու: Ու հենց խոստացա՝ հասկացա, թե էդ..էդ… տղեն որտեղից է հայտնվել:

Դրա ֆուտբոլը, որին «ավտոբուս» են ասում, ես նմանեցնում եմ թաղում մշտապես ծեծ կերած լակոտի պահվածքի հետ: Էն, որ իրենց տանը «գողըլ ա կանում» (սա մեղրիերեն էր, երեւաներեն «պախկվել» են ասում), քարը ձեռքին սպասում. հենց մեկը թիկունքով շրջվում է, դուրս է վազում, քարը շպրտում թիկունքին կամ գլխին, էլի փախնում մտնում տուն:

Ու ինքս ինձ ասացի՝ սպասիր, էս Մռմուռը պաշտպանության մեծ կազմակերպիչ է, չէ՞: Արա կարող ա՞ սրան Պարետատունն է բերել տվել, որ կազմակերպի պաշտպանությունը էս կորոնաժահրի դեմ: Ու կարող ա՞ էս վերջին միջոցառումներն ու պաշտպանության խստությունը հենց սրա ձեռի գործն են: Արա, կարող ա՞, համաշխարհային ֆուտբոլին էսքան վնաս տված էս…էս… էս մարդուց վերջը մի օգուտ լինի, ես էլ դադարեմ իրեն Ժոզեֆրենիկ Մռմուռինյո ասելուց…

«Բայց օյին ես, հա, Մեսրոպ»,- կասի Վլադ քեռիս: Ո՞նց: Վլադ քեռուս չե՞ք ճանաչում: Ինքը Գրիգորի հայրն է, մեկ, եւ երկրորդ՝ ինքը ամեն լուսաբացին, արեւածագին, առավոտվա մոտ, առավոտյան, կեսօրին մոտ, կեսօրին, երեկոյին մոտ, երեկոյան, գիշերվա մոտ, գիշերը, ուշ գիշերվա մոտ, ուշ գիշերին, «բարի գիշերից» առաջ եւ անգամ «բարի գիշերից»  հետո հայ եւ համաշխարհային պոեզիայի նմուշներ եւ կարճ պատմվածներ է ներկայացնում (պատմվածքները անգամ իրենց անկյունն ունեն՝ «Երկաթագործ արվեստագետ Տիգրան Պալյանի անկյուն» է կոչվում), որ կարդանք, մի քիչ կրթվենք…

Օյինը օյին եմ, բայց դու տես, որ մոռացել էի՝ ախր Գրիգորը Ակադեմիա էր հրավիրել նաեւ Համբարձումին:

Բայց ի~նչ համալրում կլինի, իսկականից: Բարձահասակ կենտրոնական պաշտպան: Իսկ հայտնի է, որ էդ պաշտպանները անկյունայինի ժամանակ որ գալիս են հարձակման, դրանց պահել չի լինում: Ինչպես, օրինակ, «Լիվերպուլի» Վան Դայքը: Դիտմամբ չեմ ասում Ռամոսը, որ «Ռեալի» բալեշչիկները մի քիչ դժգոհեն: Լավ, լավ, մի գժվեք, Ռամոսն էլ, Պիկեն էլ… Հաշիվը հավասարվե՞ց:

Հիմա պատկերացրեք անկյունային է, Գիլու ձագը գնացել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի նման կախելու Պարետատան հրապարակ, Համբարձումն էլ Վան Դայքի պես բարձր ցատկում է…

Բայց Գրիգորը մի բանում սխալվել էր: Համբարձումն ուր, ոտանավոր արտասանելը ուր, էլ չասեմ ոտանավոր գրելը: Էդ Մ-երով ալիտերացիան (ինչ բառեր գիտեմ, էէէէէէէ), հաստատ, Արփիի հորինածը կլինի: Արփին (առայժմ Ոսկանյան Արփիի մասին եմ ասում), ի դեպ, նաեւ քաղաքական հանելուկներ է գրում: «Այն ո՞վ է, այն ո՞վ» շարքը չե՞ք կարդացել: Գնացեք «Գրողուցավ» ու կարդացեք:

Բայց նորից գլուխ գովեմ: Մի յոթ տարի առաջ էր, որոշեցի Արփիի էդ շարքի հանգույն (ինչ բառեր գիտեմ, էէէէէէէ), մի բան էլ ես գրեմ: Ու հիմա, երբ Համբարձումն արտասանեց կամ չարտասանեց, ես վեր կացա, գարեջրի միլիտրանոց գավաթը բարձրացրի ու արտասանեցի Արփիի հանգույն (նորից կրկնեմ, որ չմոռանաք էս բառը) գրած, կաղ հանգերով իմ քերթվածքը.

ԱՅՆ Ո՞Վ Է, ԱՅՆ Ո՞Վ…

(Ապաքաղաքական պարոդիա)

 

Արձակագիր է ու պոետեսա

ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻՆ դարձրեց պրինցեսա,

Ոտանավոր է գրում նա ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ,

Ասում է՝ կարդա, կամ էլ՝ կեր ու սուս:

 

Երկու օր տեւեց հարսանիքը իր

Բայց այն ոչ չաղ էր, ոչ էլ հայեցի,

Ամուսին ունի մրցանակակիր,

Ու արդեն որդի՝ խիստ ընդդիմադիր:

 

Մի օր ԾԻԿ արեց՝ կրակը ընկավ,

Քննադատները իր կյանքը կերան,

Բայց դե, ինչ արած, կյանք է: ՍԵ՛Վ ԾՏԵՐ,

Ինչո՞ւ անընդհատ կծրտեք կտեր:

 

Գրագողացան իր գործը թուլեք,

Բայց չհասկացան՝ ում հետ գործ ունեն,

Նա իր հայացքով խիստ շանթահարեց

Ու անմիջապես հանել պահանջեց:

 

Գործեր է գրում, գործերը՝ բարի,

(Ապրի, շատ ապրի Գուրգեն Մահարին):

Մահարին էստեղ հանգի համար էր,

Իր գործը սակայն անհանգ, անչափ էր:

 

Բայց հիմա նորից անցել է հանգի

Ու գրում է նա շատ հասկանալի

Իր հանելուկները խիստ քաղաքական,

Գործիչների մասին էս նոր գողական…

 

Ու երբ սա արտասանեցի, մեկ էլ Գիլու ձագը մի ոգեւորվել ոգեւորվեց, գարեջուրը գլխին էր տվել, վեր կացավ ու սկսեց երգել.

Մենք քաջ տոհմի, զավակներն են չենք վախի,
Մանր-մունր վիրուսներից չենք փախչի,
Մենք դեռ մանկուց միշտ սիրել ենք հաղթություն,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն էն չինացուն…

 

Չինացի բառի վրա վրա բոլորս վեր թռանք, հիշեցինք, թե ինչի համար ենք հավաքվել: Զիզուին ու Մեսիին ճանապարհեցինք, Մռմուռը վաղուց թռել էր Պարետատուն՝ կազմակերպելու պաշտպանությունը…

Դաշտ էինք դուրս գալիս, մեկ էլ տեսնենք եզրերում արդեն մարզվում ու միանալ են ցանկանում երեք աղջիկներ, մեկի անունը Արփի էր (Մախսուդյան), էն մեկի անունը Ամի էր (Չիչակյան), էն երրորդն էլ իմ քույրիկն էր՝ Սաթիկը: Ասաց ութ տարի կարանտինում եմ եղել Պավել Առուստամյանի ղեկավարած ութամյա դպրոցում, հերիք ա բոլ ա, թողեք ես էլ դաշտ մտնեմ:

«Պաժալըստա….»,- ասաց թարգմանիչ Գիլանցն ու գնաց երկրորդ խաղակեսը սկսելու դաշտի կենտրոնից:

Բայց կարող ա՞ երկրորդ խաղակեսը Պարետատունը պիտի սկսեր…

Please follow and like us: