Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ13 / Ընդմիջում առաջին խաղակեսից հետո/ Մեսրոպ Հարությունյան

Մրցավարն առաջին խաղակեսին ոչ մի րոպե չավելացրեց: Դե, առանձնապես դադարներ չէին էլ եղել՝ տրիբունաներից հնչող հիացական-բացականչական-գովասանական մեկնաբանություններին արձագանքելուց բացի:

Ու քանի դեռ հանդիսատեսը «շեմուշկա» չրթելով, սուրճ խմելով, մերընդմերթ էլ կարանտինը հայհոյելով  քննարկում է առաջին խաղակեսի այս կամ այն դրվագը, Գիլանցի դրիբլինգներն ու փոխանցումները, Մեսրոպի կասեցումներն ու հետ փոխանցումները, նաեւ Գրիգորի ներխուժումը՝ թիմերը հանգիստ գնում են հանդերձարան՝ ընդմիջման եւ խաղի հետագա տակտիկան քննարկելու:

Այ, հիմա գրեցի թիմերն ու հիշեցի մրցավար Արփիի հարցը…

Էլի հարցրին, թե՝ ո՞ր Արփիի:

Ա, դե Արփի Ոսկանյանի, էլի, որ համ պոետ է, համ արձակագիր, համ կայք է վարում, համ ֆուտբոլից բան չի հասկանում, համ էլ մի պոեմ է գրել ժամանակին, որ կոչվում էր «Ռոնալդինյոն եւ Մարադոնան», թե՞ հակառակը, կարեւոր չի: Ու էնտեղ՝ իր պոեմի անդրաշխարհում Մարադոնան իրականում գեղեցկուհի էր՝ սիրահարված Ռոնալդինյոյին կամ էլ ընդհակառակը. էս կորոնավիրուսի պայմաններում զահլա չկա գրադարակներս քրքրելու, այդ գիրքը գտնելու եւ ճշտելու: Թե Արփին ուզենա՝ ինքը կճշտի: Այսինքն եթե ճշտած լինի, կիմանաք, եթե ճշտած չլինի՝ չեք իմանա: Այսինքն եթե էս հատվածը պահած լինի, ուրեմն ճշտել է, իսկ եթե կրճատած լինի, ուրեմն չի ճշտել:

Վայ քու, էն անեկդոտի նման ստացվեց, որ Գալուստ Սահակյանը նամակ է գրում իր տղային ու սկսում է էսպես.

«Բարեւ, տղա ջան: Եթե դու կարդում ես այս նամակը, ուրեմն ստացել ես, եթե չես կարդում, ուրեմն չես ստացել…»:

Հա, բայց ես էլի շեղվեցի: Մեղավոր չեմ, միտքս տենց մի բանից մեկն է գնում: Ի՞նչ անեմ, մենք՝ գրողներս էլ անթերի չենք, ինչպես ասում են՝ «արեւի վրա էլ բծեր կան»:

Հա, ուրեմն, երեկ Արփին, երբ խոսում էինք էս մեր գրական ֆուտբոլը շարունակել-չշարունակելու, նոր խաղացողների մասին, հարցրեց. «Այ, Մեսրոպ, բա երկու հոգով ֆուտբոլ լինում է՞» (ինձ ու Գիլանցին նկատի ուներ, Գրիգորը դեռ վերջնականապես չէր ամրապնդվել «սաստավում»):

Էէէ, Արփի, Արփի… Եթե դու տեսած լինեիր Մեղրու մեր Մրգանուշ փողոցի առաջին նրբանցքի նրբությունը, էդ հարցը չէիր տա:

Սկսվում է Քյալբուց դարվազից, Աղանաց յոխշով իջնում, անցնում Վառլոյաց դռնով, հասնում Վարշամի այգուն, փոքր կամրջակով անցնում առուն, Հովհաննեսաց ցանկապատի ու Խոնդյանների այգու պատի մի մետրանոց արանքով շարունակվում Բարդուղաց ու Հովսեփաց դալանով մինչեւ Խաչի վարպետի տան հետնապատի ու մեր այգու պատի էլի մի մետրանոց արանքը ու տենց գնում Մարգոյաց, Զազիաց, Չախմուրաց, Արտաշ պապիաց տների հետեւներով դուրս գալիս գետափ…

Շունչս կտրվեց էնքան արագ անցա: Ձերն է՞լ…

Էստեղ գլխավորը երկու հատված է՝ Խոնդյանների պատի (նաեւ Վարշամի այգու պատի) ու Հովհաննեսի ցանկապատի արանքն ու մեր պատի ու Խաչի վարպետի տան արանքը:

Էդ երկու հատվածներից որեւէ մեկում էինք մենք ֆուտբոլ խաղում: Ու քանի որ լայնությունը ընդամենը մի մետր է, բնականաբար, ֆուտբոլ խաղում էինք երկու հոգով. փողոցի էդ հատվածի մի ծայրին մեկի դարպասն էր, մյուս ծայրին` մյուսի…

Երկու հոգով ֆուտբոլի արքան Վառլոյաց Վալոդի տղա, իմ մանկության ընկեր Ռուբոն էր, որին Ուբի էինք ասում: Ինքն էլ մշակել էր երկու հոգով ֆուտբոլի մեր մահլի կանոնները, որոնցից գլխավորը աշխարհի ոչ մի կանոնագրքում չկա: Այն կոչվում էր «պոկվելու վրա չի կարելի կանգնել»…

Դե, հիմա գլուխ ջարդեք, թե դա ինչ է նշանակում: Որ «չջոԳեք», կասեք՝ կբացատրեմ:

Իսկ մեր ֆուտբոլային ընդմիջումը շարունակվում է, դրա համար էլ էս մի պատմվածքի ոճը, ի տարբերություն նախորդների, դինամիկա չունի: Դանդաղ է: Տեսա՞ք ինչքան նյութ եմ տալիս հարգարժան Քրիստինե Սողիկյանի հետագա վերլուծությունների համար: Պատկերացնում եմ, թե ինչ կայֆ է լինելու…

Էլի քաչալ գլուխս գովեցի:

Ընդմիջմանը հանդերձարանում լռություն է: Առանձնապես վերլուծելու բան չկա: Գիլու ձագը իր սովորության համաձայն քիչ է խոսում, ես էլ սպասում եմ, թե երբ են հանդիսատես մարզիչներն իրենց հեղինակավոր ցուցումները տալու տակտիկայի եւ ստրատեգիայի վերաբերյալ:

Բայց հիմա, քանի որ ընդմիջումն արդեն ավարտվում է, եւ թիմերը պատրաստվում են դաշտ դուրս գալ՝ երկրորդ խաղակեսը սկսելու համար, եւ քանի որ ձեզանից ոչ մեկն էդպես էլ գլխի չընկավ, թե մեր մահլի նեղլիկ փողոցային ֆուտբոլի կանոններում ինչ էր նշանակում «պոկվելու վրա չի կարելի կանգնել», բացատրեմ:

Բայց նախ, ուզում եմ նորից կրկնել, որ այդ կանոնի հեղինակը մեր մանկական բոլոր խաղերի ոգին ու հաղթողն էր՝ Վառլոյաց Վալոդի տղա Ուբին: Ոչ մի խաղում, լիներ դա «կոզլապի», «չընգլի», թենիս, թե ֆուտբոլ, Ուբին իր հավասարը չուներ: Խաբեցի. բացի թենիսից: Էդտեղ մեր Վաչն էր չեմպիոնը:

Իսկ մահլի ֆուտբոլի էդ կանոնը հետեւյալն է. եթե դու գնդակով ես, մրցակից խաղընկերը քո դիմաց, դու պատրաստվում ես նրան խաբս տալ, կամ՝ Խոնդյանների պատի հետ «պատ խաղարկելով» շրջանցել, ապա նա՝ մրցակից խաղընկերդ, իրավունք չունի կիսադեմով, այսինքն՝ կիսաշրջված կանգնի: Նման դիրքը կոչվում էր՝ «պոկվելու վրա ես կանգնած…», այսինքն իմ նկատմամբ առավելություն ունես, էլի… Եթե ես «չերեզ» պատ «պատ» խաղամ, դու հեշտ կշրջվես ու ավելի արագ կհասնես գնդակին, հետեւաբար, պիտի դեմքով ինձ կանգնես՝ մեջքով դեպի քո դարպասը, որ շրջվելդ ավելի դանդաղ լինի: Այսինքն՝ քո թիկունքում հայտնված գնդակին հասնելու իմ ու քո շանսերը հավասար լինեն: Մնացածը՝ ճարպկության հարց էր: Ուբին, մեկ է, միշտ հաջողացնում էր արագ շրջվել ու հասնել գնդակին՝ թույլ չտալով, որ դու տիրանաս ու գոլ խփես…

Էդ կանոնը հիմա ես կոչում եմ ասպետության կանոն: Ոնց որ միջնադարյան ասպետներն էին անպայման հավասար մեկնարկային դիրքերով կռվում: Ոչ թե էս կորոնաժահրի նման, որ չգիտես որտեղից գաղտագողի եկավ ու կպավ աշխարհի ջանին:

Համոզված եմ, որ ոչ մեկդ ոչ մի բան չհասկացավ իմ բացատրությունից:

Երեւի մի օր պետք է ցույց տամ:

Հը՞, Գիլանց: Ավոյի առած խոզի միսը էն խաշի օրվանից հետո դժվար թե մնացած լինի: Բայց դե հո խոզի միսը չպրծա՞վ: Որ գնանք Եղվարդ՝ Ավոյենց տուն, հետդ գնդակ կբերես, իրենց այգում մի կանաչ սիրուն տեղ քեզ կբացատրեմ, հետո, թե կարաս, դու էլ ուրիշներին կբացատրես: Սիմվոլները քեզ մոտ ավելի լավ են ստացվում:

Մրցավարը՝ Արփին, սուլում է:

Ընդմիջումն ավարտված է:

Խաղացողները դաշտ են դուրս գալիս:

Սկսվում է երկրորդ խաղակեսը:

Please follow and like us: