Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՈՒՏԲՈԼ 12/Անդրեասյանն ու Վիլոն /Գրիգոր Գրիգորյան

Բա ինչպիսի հետաքրքիր դրվագներ էինք ունենում խաղի ժամանակ, երիտասա՛րդ։ Բոլորը ստեղծագործ «ֆուտբոլիստներ» էին, խաղ կառուցողներ։ Ամեն մեկն իր վրա էր վերցնում խաղն ու անհատական անցումներով, գեղեցիկ խաբկերով գեղեցկացնում Գրողուցավում տեղի ունեցող «դիմակայությունը»։ Ի դեպ, տրիբունաներն աստիճանաբար սկսում էին լցվել, մարդիկ կային նույնիսկ տան բոլոր գործերը մի պահ թողնում էին, մտնում Գրողուցավ, հետևում խաղին, ժպտում, հավանում ու դուրս գալիս։ Էդպես սկսեցինք երկրպագուներ հավաքել, արդեն գիտեինք ում համար ենք խաղում և մարդկության համար էդ դժվար ժամանակահատվածում խաղի շարունակությունը դարձավ կենսական անհրաժեշտություն։

Դրվագներից մեկում, երբ ես արդեն հիշողության կացինը շպրտել էի Կորոնայի ճակատին՝ առաջացնելով Թորոսյան Արսենի չնվազող զայրույթը, փոխանցումս տեղ հասավ։ Օդային մենամարտում Մեսը(մեր Մեսսին, էլի) հաղթող դուրս էկավ իր կոլոտ հալով ու գնդակը հայտնվեց Գիլանցի մոտ։ Էդ տղուն ես էդքան էլ լավ չէի հասկանում, պարզվեց՝ փոքր տարիքից «վռատար»-ա էղել, բայց հիմա, չգիտես ինչու, հայտնվել էր հարձակման աջ թևում։ Վերցրեց գնդակն ու սկսեց հերթով շրջանցել էդ վիրուսներին։ Մեկին «մեժդունոգ» արեց, էն մյուսին «պոդսեբյա», երրորդը «պադկատ»-ով էկավ վրեն՝ հանգիստ, առանց ավելորդ լարվածության գնդակը վրայից թեթև անցկացրեց ու սկսեց գլուխը բարձր վարել գնդակը և խաղացող փնտրել խաղադաշտում՝ պաս տալու համար։ Ես Գիլանցի անցումներից շշմել մնացել էի։ Բա կեցվածքը առանց գնդակին նայելու, գլուխը ձիգ-ձիգ վերև տնկած աջ ու ձախ էր նայում, ոնց որ հավաբնում իր պարտականությունները լավ կատարած ջղայն մի աքլոր, ավելի շուտ ոնց որ Բեկենբաուերը, տո չէ՛, ինչ Բեկենբաուեր, Բեկն ում շունն ա, ոնց որ Արկադիկը Անդրեասյան։

Արկադիկ ասեցի, մի պատմություն հիշեցի։ 2000-ականների սկզբներին Արարատ-ում խաղացի մի քանի տարի։ Պարապմունքները Ձորաղբյուրի բազայում էինք անում։ Մի պահակ ունեինք՝ Վիլոն, հետաքրքիր պատմություններ էր պատմում Արարատ-73-ի տղերքի մասին։ Ասում էր՝ մի անգամ ուշ գիշերին իր համար նստած ա լինում սենյակում, մեկ էլ տեսնում ա բազայի դարպասների կողքի փոքր դուռը մեկն ուզում ա բացի։ Մութ-մութ ա լինում, ու Վիլոս գնում ա՝ տեսնի՝ ինչ ա կատարվում։ Գոռում ա՝ ով ա։ Ձեն-ձուն չկա։ Մի քիչ էլ ա մոտենում ու մի հատ էլ գոռում։ Մեկ էլ դռան մյուս կաղմից մեկը կամաց ասում ա «Անդրեասյանն ա, Վիլո՛, մի գոռա, դուռը բացի»։ Էս Վիլոս թե բա՝ ի՞նչ Անդրեասյան էս գիշերվա հազարին։ Իսկ դրսի մարդը շարունակում ա «Վիլո՛, բացի դուռը, մենակ չեմ, հետս աղջիկ կա, թող բազա մտնեմ»։ Ըտեղ Վիլոս չի դիմանում, մի հրացան ա ունենում սենյակում, գնում բերում ա ու օդ կրակելով գոռում «Տո Անդրեասյանի տիրոջ մերն էլ, Իշտոյանինն էլ վրեն, ես էլ Պելեն եմ, ռադ էղի գնա ստուց, արա՛․․․»։ Դռան հետևինը իր հետ բերած աղջկա հետ թողնում ու փախնում ա։ Մյուս օրը պարզվում ա, որ իսկականից Անդրեասյանն ա էղած լինում։

Շեղվեցի։ Դե, առանց շեղվելու ոնց կլինի, էդ օրերին չշեղվեիր՝ կխելըռեիր։ Բայց ես էդ պահին շեղվեցի ու ըտենց էլ խաղից դուրս մնացի։ Դրա համար էլ Գիլանցը պասը չտվեց ու էլի սկսեց աջ ու ձախ բոլոր վարակներին հերթով խաբել, մինչև ես, Մեսը կամ ինչ-որ մեկը նորմալ կբացվեր ու պաս կստանար իրենից։ Եվ չնայած նրան, որ կացինը ճակատի մեջ խրված համաճարակը չէր հանդարտվում, Թորոսյան Արսենը լրաճարակների հետևից ընկած իրեն էր կոտորում, մեր Արփիի համակարգիչը ինչ-որ տարօրինակ նամակաճարակ էր տարածում, մենք դեռ շարունակում էինք խաղալ, մեր խաղն ավարտ չուներ, երիտասա՛րդ։

Please follow and like us: