ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ10 / Խաղը հաղթեց համաճարակին/ Գրիգոր Գրիգորյան

Հարցնում ես՝ ինչպե՞ս սկսվեց խաղը։ Հաստատ չգիտե՞ս։ Լավ չի՛։ Իհարկե ներելի չէ, բայց ոչինչ, դեռ երիտասարդ ես։ Էսօրվա պես հիշում եմ 2020-ի մարտի 27-ն էր, թատրոնի միջազգային օրը, շատ հաջող տարի դուրս էկավ։ Առավոտ շուտ լուրը հասավ, որ Գիլանցը կենտրոնից խաղը սկսել ա։ Լուրջ-լուրջ մոտեցել էր գնդակին, հայացքը դատարկ տրիբունաներով անցկացրել, հետո մի քիչ լուռ մտորել էր անցած տարիների մասին ու Արփիի երկու «վ»-ով շվվոցից հետո ձախ ոտնաթաթի դրսի մասով գնդակը փոխանցել էր ինձ։ Խաղը սկսված էր ու ես շտապեցի ընդունել փոխանցումը։

Արևոտ օր էր։ Խելակորույս վազում էի, առջևում պատասխանատու խաղ էր։ Դնչկալով ոստիկանների հարցին՝ թե ուր եմ գնում, պատասխանեցի՝ Գրողուցավ(ես հո մեղավոր չէի, որ խաղն էնտեղ էր)։ Մի քանի անգամ էլ հարցրին։ Իսկ ես համառի պես ճիշտն էի ասում։ Արդեն ուզում էին պառկեցնել ասֆալտին, խփեին պատերով, մեկ էլ գրածս անցագիրը պարզեցի, որտեղ հստակ գրված էր՝ «դեպի Գրողուցավ՝ Մոսենց հետ ֆուտբոլ խաղալու»։ Ոստիկանները երկար ու շատ ուշադիր զննեցին անցագիրը։ Պարզվեց՝ կարդալ գիտեին, և կրթությունը փրկեց ինձ։

Շտապում էի։ Փողոցները դափ-դատարկ էին, ոչ ավտո կար, ոչ մարդ։ Ինչ-որ բան էր պատահել աշխարհին։ Մարդիկ մեռնում էին տարբեր երկրներում, բայց բոլորը բարիացել էին։ Դրսում հանդիպող հատուկենտ անցորդները նենց ուշադիր ու հոգատար էին իրար նկատմամբ, որ քեֆդ գալիս էր։ Ուզում էիր մոտենալ ու ինչ-որ մեկին լավություն անեիր։ Չեմ էլ հիշում՝ ինչից տենց ստացվեց, բայց էդ օրերին մարդկությունն ամբողջովին փոխվել էր, ավելի լավն էր դարձել։ Մենակ մենք չէինք փոխվել մենք շարունակում էինք մեր խաղի մասին երազել։

Վերջապես մտա Գրողուցավ։ Լավ դաշտ էր՝ հարթ ու ընդարձակ, ստեղծագործող «ֆուտբոլիստ»-ի համար կատարյալ մի միջավայր։ Գիլանցը ֆանտաստիկ պաս էր տվել, վազում էի, որ պասը ընդունեի, մեկ էլ ոտքիս տակ ինչ-որ կացին նկատեցի։ Ծերը կարմիր էր, արյունոտ։ Խանգարում էր մեր խաղին։ Ուզում էի վերցնել ու շպրտել հեռո՜ւ-հեռո՜ւ։ Հիշեցի՛։ Համաճարակ էր։ Կորոնա էր անունը։ Էդ էր մարդկանց սպանում։ Ու ես կացինը որ չշպրտեցի, օդով սուրաց և ուղիղ էդ համաճարակի ճակտին դիպավ։ Տեղն ու տեղը մնաց։ Ես էլ ուրախ-ուրախ կիսատ թողած արագացումս շարունակեցի, հընթացս Գիլանցի պասն ընդունեցի ու ձախ եզրով ճեղքելով պաշտպանությունը՝ դեպի տուգանային հրապարակ կատարած լայնակի փոխանցումով շարունակեցի խաղը։

Այ էդպես համաճարակի ժամանակ Գրողուցավում մենք ֆուտբոլ էինք խաղում, երիտասա՛րդ։ Եվ արդեն մի քանի տասնամյակ ա՝ էդ խաղը շարունակվում ա։

Please follow and like us: