ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 9/ «Տեղաշարժման թերթիկ»՝ ըստ մայրիկիս / Մեսրոպ Հարությունյան

Հիմա խաղը դաշտից կենտրոնից սկսելը հեշտացել է, որովհետեւ նոր կանոններով թույլատրված է նաեւ հետ փոխանցում անել: Նախկինում միայն առաջ էր թույլատրվում, եւ հակառակորդ թիմից կարող էին անմիջապես հարձակվել գնդակի վրա: Իսկ հիմա, որ հետ ես փոխանցում, հանգիստ կարող ես խաղարկել: Ու մեր Գիլու ձագը գնացել է էդ  ճանապարհով՝ հետ փոխանցում, որ հարձակումը սկսենք կազմակերպել… Դե, մենք էլ պակաս տղա չենք, փոխանցումը ստացանք ու «չերեզ» դարպասապահ ենք սկսում խաղը…

Չխառնեք հանկարծ Պարետի հետ. նա մրցակից թիմի դարպասապահն է: Իսկ ես ու Գիլանցը նույն թիմից ենք:

Դե, արի էս պարզագույն բանը հասկացրու Գրիշին ու Կարենին: Իրենց համար սենց ասեմ (հուսամ գույները տարբերում են). ես ու Գիլանցը նույն գույնի «տրուսիկ-մայկով» ենք խաղում: Սեւ չենք: Ոչ էլ սպիտակ: Նույն գույնի…

Հիմա իսկը ժամանակն է, որ մրցակից Պարետատան թիմին ասեմ՝ եթե ձեզ թվում է, թե ձեր էս «Տեղաշարժման թերթիկ»-ը նորություն է, ուրեմն՝ դուք չեք ճանաչում իմ ծնողներին: Ավելի շուտ՝ մայրիկիս: Էն, ինչ պատմելու եմ, մի 8-9 տարի առաջվա բան է: Երբ մայրիկս սենց թերթիկ էր պատրաստում հայրիկիս համար, աշխարհում ոչ ժահր կար, ոչ էլ ուրիշ ջհանդամ-գյոռ: Բայց կար մի պրոբլեմ. հայրիկս, արդեն 80 տարեկան մարդ, որ գնում էր Մեղրու կենտրոն գնումների, արտակարգ իրավիճակ էր ստեղծվում՝ կարող է մեր Բազարին զրույցով ընկներ եւ ուշանար:

Եվ ահա մայրս գնումների ցուցակը կազմում էր ու տալիս հորս: Հիմա կասեք դա ի՞նչ է որ, բոլոր տիկիններն էլ գնումների ցուցակ են կազմում: Բա որ ասում եմ դուք իմ մայրիկին չեք ճանաչո՞ւմ: Ահա հայրիկիս «տեղաշարժման թերթիկն» ըստ մայրիկիս՝ Վերժինե Գրիգորյանի.

  1. Հաց (Մեղրու) – 2 հատ
  2. Իշխանիկի խանութից՝ բրինձ- 2 կիլո
  3. Նույն տեղից՝ երշիկ՝ մի կիլոյի չափ
  4. Դրա կողքի կրպակից՝ թերթեր, «Թիվի ալիք»-ը չմոռանաս, նախորդի խաչբառներն արդեն լուծել ես
  5. Շուկայից՝ պոմիդոր,վարունգ, բադրջան, կաբաչկա (շատ չառնես, տանը հալա կա)
  6. Ջրեղեն (բացի պիվայից)
  7. ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՆ

Վերջինը, բնականաբար, մեծատառերով՝ տակն էլ ընդգծած: Իհարկե, ամեն օր գնումների բովանդակությունը փոխվում էր, բացի վերջին կետից, որ կարող էր ինչպես վեցերորդը լինել, այնպես էլ, ասենք, իններորդը:

Այսինքն «ձէվյատկան» էլի…

Իսկ «ձէվյատկան» ի՞նչ է… Գրիշն ու Կարենը, հաստատ, չգիտեն: Խադավիկ Գրիշը կարող է ասել «Ժիգուլու» մոդել է… Բայց ֆուտբոլասերները հո գիտե՞ն, որ դա գոլերի գոլն է, ոչ մի դարպասապահ, Պարետ լինի, թե Պարեկ, չի կարող բռնել:

Իսկ նա, ով կյանքում մի անգամ Մեղրիում ֆուտբոլ է նայել, հաստատ լսած կլինի էսպիսի մանկական երկխոսություն.

– Տեսա՞ր, Վաչոն (Միրզոյան – Մ. Հ.) «ձէվյատկա» գոլ խփավ:

– Ա, սուտի բալամ, դա «ձէվյատկա» չէր է~, «ձէսյատկա» էր… դու շատ ե՞ս իմանում «ձէվյատկան» հինչ ա…

Իսկ էս թվերը հայերեն չէին, որովհետեւ ֆուտբոլային որոշ տերմիններ մեզ ռուսերենից են անցել, ի՞նչ կարող ես անել:

Նույնը նաեւ մեքենաների մասերի տերմինները… Հիմա որ Գիլանցի հարեւան Խադավիկ Գրիշին ասես մխոց կամ առանցքակալ, հաստատ չի իմանա, որ խոսքը «պորշինի» կամ «պաչեմնիկի» մասին է: Հայերեն, մի քանի անգամ էլ եմ ասել, մենակ ադրբեջանցի Հյուսեինն էր խոսում.

– Վալոդիկ, 14 համարի բանալին տուր, էս հեղյուսը ձգեմ… Ավտոմեքենայիս արգելակները խափանվել են, պետք է նորոգել… Հիմնարկը դեռ նոր արտահագուստ չի տրամադրել…

Իսկ մեքենաների մասերի անվանումներն էլ մի այլ պատմություն հիշեցրին…

Սաղ աշխարհը գիտի, որ ես մեքենաներից բան չեմ հասկանում, բայց որոշ տերմիններ, այսուհանդերձ, լսել եմ:

Ուրեմն,1992 թվականն էր, ընկերս ու խմբագիրս՝ Այդին Մորիկյանն ասաց․ «Ուզում եմ գնանք Մեղրի…»: Էդ ժամանակ ես իր տեղակալն էի: Ճանապարհ ընկանք:

Սարավանի վերելքում մի տեղ մեքենան լռվեց: Այդինն ու վարորդ Սամոն կապոտը բացել տնտղում են, ես էլ կողքից նայում եմ ու իմ իմացած միակ բանն եմ ասում.

– «Գլավնին» ստուգեք, «գլավնին»:

Այդինը.

– Ա, դու ավտոյից բան չես հասկանում, ռադդ քաշի…

Իմ հերթապահ պատասխանը.

– Քաշել եմ, երկու կիլո ա… Բայց «գլավնին» ստուգեք…

Իսկ իրենք շարունակում են տնտղել, ստուգել, բան չի ստացվում:

Վերջը վարորդ Սամոն ասաց, թե ներքեւ մի տան բակ է տեսել, ոնց որ «տեխասմոտր»  կար, «խալաստոյ» իջնենք, գուցե կօգնեն… Էդպես էլ արինք: Շատ հեռու չէր: Լավ է, վարպետներ կային: Այսինքն հենց իրենց տունն էր ու բակն, էլի: Կապոտը բացեցին, նայեցին, փորձեցին շարժիչը գործի գցել… Մեկ էլ վարպետը թե՝

– «Գլավնին» ա…

Հիմա ես ծիծաղից մեռնում եմ, էս վարպետը նայում է ինձ ու բան չի հասկանում: Այդինն ու վարորդ Սամոն էլ սկսեցին հռհռալ… Էս հռհռոցի ուղեկցությամբ էլ վարպետները մեքենան խելքի բերին, ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը:

Ես, անկեղծորեն եմ ասում, մինչեւ վերջերս չգիտեի էլ, թե «գլավնին» ինչ է: Գիլանցը ավտո ունի, կիմանա: Չիմանա էլ, Խադավիկ Գրիշից կհարցնի…

… Բայց թվերի մասին էի խոսում, ու դա պատահական չէր: Գիլանցն իրեն 72 համարը վերցրեց: Սիմվոլիկ էր ու իմաստ կար դրա մեջ:

Շատ խոր:

Իրեն ես հենց նաեւ դրա համար եմ հարգում ու սիրում. որ կարողանում է իմաստներ դնել սիմվոլներում: Բա ռուս սիմվոլիստների բանաստեղծություններ է թարգմանել, դա՞ էլ չիմանա…

Ու ես հիմա պիտի ինձ համար համար ընտրեմ…

Վայ քու՝ «ինձ համար համար»… Հիմա էլի ուսանողներս կսկսեն վրես ղժժալ, որովհետեւ իրենց անընդհատ ասում եմ, մի նախադասության մեջ նույն բառը կկրկնեք ձեր սիրածներին նվիրված ոտանավորներում, իսկ լրագրային նյութերում հոմանիշ որոնեք…

Լավ, ուրեմն իմ համարն է՝ 8:

Ոչ թե, որ այդ համարով էր խաղում հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Խորեն Հովհաննիսյանը: Բնավ: Եվ ոչ էլ էն պատճառով, որ ութը Մեղրու գործկոմի ֆիզկուլտ բաժնի երկար տարիների վարիչ եւ մարզադաշտի տնօրեն Ընձակ Մարգարյանի սիրած թիվն էր.

– Տո, ութ անգամ ասացի էդ ութ համարին պահեք, տո,- գոռում էր ֆուտբոլի ժամանակ…

Ես այդ համարն եմ ընտրում, որովհետեւ ՈՒԹ նշանակում է «Ուսանողական թերթ», որը ես ստեղծել եմ՝ օգտագործելով համացանցի հնարավորություները եւ դրա էջերում արդեն 10 տարի իմ ուսանողների  առաջին քերթվածքներն եմ հրապարակում, իսկ լավագույն հեղինակներն էլ արժանանում են Մեսրոպյան բարձրագույն գնահատականի՝ ճակատապաչության:

Սա արդեն ուրիշ լեգենդ է մեր՝ Բրյուսովի անվան համալսարանի լրագրության բաժնում…

Ու որ էդ ՈՒԹ համարը մեջքիս լինի, Գիլանցի փոխանցած գնդակն էլ հարմար նստի ոտքիս, դարպասապահը Պարետը չէ, ուզում է Կասիլիասը լինի, գոլն անխուսափելի է, ինչպես 1982 թվականի աշխարհի առաջնությունում Բելգիայի դարպասին Խորիկի հեռահար հարվածից հետո…

 

Հ.Գ. – Առաջադրանք Գրիշին ու Կարենին. համացանցում որոնել եւ իմանալ, թե ով է Խորեն Հովհաննիսյանը… Հանկարծ Լեւոնյան չփնտրեք, արա՛…

Please follow and like us: