ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 8/ Խաղը վերսկսում ենք դաշտի կենտրոնից / Գևորգ Գիլանց

1994-ի նոյեմբերի 17-ի երեկոյան, անսպասելիորեն, չնչին ինչ-որ բանից, ոչ բայրձրաձայն, բայց հանկարծակի սկսեցի հիստերիկ հռհռալ, ու մանկության ընկերներս սկզբում նայեցին ինձ չհասկանալով, հետո… Չգիտեմ, մինչև հիմա էլ չեմ հարցրել, թե ինչ տպավորություն են ստացել, ինչ են մտածել… Մեր նստած սենյակի պատի մյուս կողմում, դագաղի մեջ դրված էր 47-ամյա մայրս։ Ես 28 էի։

Հիստերիկ ծիծաղ էր տիրում նաև դրանից վեց տարի առաջ, Վանաձորի «խիմզավոդի» սեփական տների արդեն հոսանքազրկված ու գազազրկված թաղամասի վարձով տրված սենյակներից մեկում, ուր հավաքվել էին պոլիտեխնիկի, մանավարժականի և «քույրականի» ուսանողները։ Ծիծաղում էինք այն մղձավանջից հետո, երբ մեր լսարանի պատն առանց մեզ վնաս տալու ճաքեց ու հետո փուլ եկավ, երբ ես արագ, գրեթե վազքով իջա քաղաք ու տեսա, որ մերոնց շենքը կանգուն է, իսկ կողքի «կուբիկները» քանդվել են, ու շվարած բուժքույրը ինձ՝ 22 տարեկան երիտասարդիս, մեկնեց կացինն ու ասաց՝ «կտրի՛, միս ջարդած չկա՞ս, կտրի էլի, թե չէ շոկից կմեռնի…». քառասունին մոտ տղամարդու ձեռքը մինչև գերթե ուսը երկու պանելի արանքում սեղմված էր, ո՛չ տեխնիկա կար, ո՛չ օգնություն, ու շտապօգնության բուժքույրը, կացինը ձեռքին շվարած կագնած չափահաս մեկին էր որոնում, որ մարդու կյանքը փրկեն ձեռքը հատելով… Ծիծաղում էի այն բանից հետո, երբ իմ համակուրսեցի Աթանեսյան Հովոյի հետ ինչ-որ մեքենայով հասանք Սպիտակ ու դեռ ալրաղացի մոտից Հովոն սկսեց մորթվող անասունի պես խռխռալ ու աղիողորմ ոռնալ…

Բայց նույն օրը, երեկոյան, մեր վարձով սենյակում մենք անեկդոնտներ էինք պատմում ու անզուսպ, հիստերիկ ծիծաղում էինք…

Ինքնապաշտպանության բնազդ է, թե ինչ, հաստատ չգիտեմ, բայց գիտեմ, որ քոռ գրոշի արժեք չունեն ո՛չ ապրածդ կյանքը, ո՛չ կռիվդ, եթե մահվան կողքին չկան ծնունդն ու ծիծաղը, երբ մեռնողը հեռանում է առանց երգի…

Պատերազմը, երկրաշարժը տեսանելի են ու շոշափելի, իսկ այս ախտը, այս ժահրը, այս վարակը նենգ է, անտեսնալի, ու հենց իր անորսալիությամբ ու անորոշությամբ, տագնապ հարուցելով ուզում է խլել մեր հիմնական հաղթաթուղթը։ Իր առաջին 72-ամյա զոհին տանելիս թագադրված այս ժահրը պիտի իմանա, որ մենք շարունակելու ենք մեր «ֆուտբոլը», ի հեճուկս իրեն բուծած տականքների… Իսկ էդ 72-ամյա զոհը (միգուցե լավ էլ ֆուտբոլասեր էր, կամ հենց այն տղամարդն էր, որ 32 տարի առաջ սալերի արանքում մնացած այն մարդու ձեռքը կացնով կտրեց, քանի որ ես դա չկարողացա, սիրտ չարեցի…), դեռ ծիծաղելու է մեզ հետ, մեր «պասերի» ու փոխանցումների վրա… Ժահրի հետ այս կռվի մեջ ես ինձ պարտված կհամարեմ, եթե մեր այս ֆուտբոլը դադարի։ Միգուցե ավելի հավաք և ուշադիր խաղանք, բայց պարտավոր ենք խաղալ։ Ու ես այս խաղում ընտրում եմ 72 համարի մարզաշապիկը։

Ու քանի որ դաշտի կենտրոնից խաղը վերսկսելն էլ է ինձ մնացել, առաջին փոխանցումը այս անգամ ուզում էի Արթուրին անել, բայց խեղճ տղան եկավ, շորերը փոխեց, ուզում էր խաղադաշտ մտնի, բայց տեսավ, որ քո սիրած արևմտյան տրիբունայում «շմուշկա» են չրթում ու թքում են։ Դեպրեսիայի գիրկն ընկավ, ու ոչ ավել, ոչ պակաս՝ ֆիզարձակուրդ ձևակերպեց, ու մենք այս պահի դրությամբ էլի մնացինք երկուսով։ Էնպես որ, Հաթամենց Մեսրոպ ջան, էն որ ասում էիր, թե պարետին չկարողացա գոլ խփել… Ապեր, դու պիտի խփեիր, չտեսա՞ր, որ արդեն խաղից դուրս վիճակում էի, խփեի էլ՝ չէին հաշվելու…

Բայց խաղը դեռ առջևում է։

Please follow and like us: