Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 7/ Ֆուտբոլը կարանտինի ծոցում / Մեսրոպ Հարությունյան

Գիլանցն ու ես ֆուտբոլ շատ ենք սիրում: Ու էս հարցում մենք իսկի էլ օրիգինալ չենք, այլ նման ենք աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսին: Այ, օրիգինալը Գրիշն է (Գիլանցի հարեւան խադավիկ Գրիշը չէ, այլ մի լրջագույն, բայց եւ միաժամանակ հումորով անձնավորություն՝ համ լրագրող, համ փաստաբան Բալասանյանը) եւ Կարենը (սա էլ ոչ Դեմիրճյանն է, ոչ էլ անգամ Կարապետյանը, ազգանունը, չզարմանաք, Թովմասյան է, բայց ինքը ՍԴ-ի հետ կապ չունի):

Այս երկուսը ֆուտբոլ ոչ միայն չեն սիրում, այլեւ իսկական, լավ ֆուտբոլի խաղերի օրերին չեն իմանում գլուխներն առնեն ֆեյսբուքից ուր փախչեն: Այսինքն՝ էն օրերին, որոնց մասին Սուրեն Բաղդասարյանն ասում է «իսկական ֆուտբոլային տոն», եւ երբ մենք՝ ֆուտբոլասեր կոչվող ոչ օրիգինալներս, հայացքներս էկրաններին հառած, ոգեւորվում ու գոռգոռում ենք Ֆեյսբուքով մեկ:

Հիմա Գրիշի ու Կարենի համար երանելի օրեր են, երեւի միայն իրենք են երազում, որ էս կարանտինը երկար տեւի, մենակ թե էդ ֆուտբոլը էլի հետ չգա Ֆեյսբուք ու էն մյուս տեղը, ո՞նց էր անունը՝ Թվիթեր…

Բայց ինչո՞ւ եմ ֆուտբոլը հիշել, հիմա՝ էս կարանտինի ծոցում:

Դե, ոնց չհիշեմ. շաբաթ-կիրակի է գալիս, բան չկա նայելու, Եվրոպայի առաջնությունը հետաձգեցին: Գիլանցը գնդակը կախել է…

Իբր թե մեր դարդը քիչ էր, էն Կարենն ու Գրիշն էլ էնտեղ են երջանկությունից կայֆ բռնում վրեքներս, ձեռ են առնում.

– Գոոոոոոոոլլլլ…

– Հարված դեպի դարպասը…

Սպասիր, Կարեն տղա, հեսա Գիլանցի պասը տեսնեմ ինչ եմ անում, հետո քո հախից կգամ:

Համ էլ մեր երեխա ժամանակ տենց կիսատ չէին ասում՝ «Հարված դեպի դարպասը»: Դա շարունակություն ուներ.

«Հարված դեպի դարպասը,
Հովիվյանի կալբասը…»:

Սովորեք, էլի, գյոռս չեմ տանելու…

Ֆուտբոլը ինձ ուղեկցում է1965 թվականից, երբ «Արարատը» ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության անցումային խաղում հաղթեց «Կայրաթին» ու վերադարձավ բարձրագույն խումբ: Թեպետ հետո պարզվեց, որ ԽՍՀՄ Ֆուտբոլի ֆեդերացիան արդեն որոշել էր, որ, անկախ խաղի արդյունքից, երկու թիմերն էլ անցնելու են բարձրագույն խումբ (ինչի մասին թիմերը դեռ չգիտեին), բայց մեկ է՝ Լեւոն Դանիելյանի ձայնով ռադիոյից մեր տուն մտած հաղթանակը մերոնք էնքան ոգեւորությամբ ընդունեցին, որ ես էլ ոգեւորվեցի ու երբ մի տարի հետո տառերը սովորեցի, իմ ագռավի ճանկեր ձեռագրով մեր հարեւան Քոռ Պապաշաց դարվազին սպիտակ կավիճով գրեցի Արարատ – Կայրաթ – 2:1: Հենց էդպես՝ առանց չակերտների: Առաջին դասարանում չակերտները դեռ չէինք անցել… Մի քանի րոպե անց լսեցի Պապաշի կնոջ՝ ջադու Աստղիկի գոռգոռոցն ու անեծքները, բայց դե…

Մեզ համար ֆուտբոլը Լեւոն Դանիելյանի ձայնն էր, որ ամեն շաբաթ կամ կիրակի լսում էինք ռադիոյով: Ու երբ Լեւոն Դանիելյանն ասում էր «Հովիվյանը արեւելյան տրիբունայի դիմաց ստանում է գնդակը…»՝ ես սկսում էի մտովի պատկերացնել, թե էդ տրիբունան, որ իմ հասկանալով անհայտ զինվորների էն փոքր ուղղանկյուն-բրգաձեւ գերեզմանաքարի նման մի բան պիտի լիներ, դաշտի ո՞ր մասում է դրված, ինչո՞ւ է դրված, եւ Հովիվյանը էդ բուրգի դիմաց ո՞նց է գնդակ ստանում, շրջանցում դա եւ գոլ խփում:

Եվ երբ նույն 6 տարեկանում Մարտիկ հեբիս (հեբի՝ մեղրիերեն հորեղբայր) առաջին անգամ ինձ տարավ Մեղրու մարզադաշտ՝ Մեղրի – Ագարակ խաղը նայելու, կպել էի, թե դաշտում ցույց տուր էդ «արեւելյան տրիբունան»: Մեղրու ֆուտբոլի դաշտն էն ժամանակ ընդամենը 90 մետր հարթ տարածություն էր՝ երկու դարպասով, ֆուտբոլն էլ նայում էին կանգնած, որովհետեւ նստարաններ չկային, տրիբունա որտեղի՞ց լիներ: Խեղճ հեբիս փորձում էր ինձ նման հոգեառին բացատրել, որ էստեղ տրիբունա չկա, մեկ է՝ չէի հասկանում. բա ինչո՞ւ Երեւանում կա, էստեղ չկա, եւ «Տաթնը» Էդիկը առանց էդ տրիբունայի դիմաց գտնվելու ո՞նց է ստանալու «Ասֆալտչիկ» Յուրիկի փոխանցումը (չկարծեք, թե էն ժամանակ գիտեի ովքեր են «Տաթնը» Էդիկն ու «Ասֆալտչիկ» Յուրիկը), շրջանցելու իմ պատկերացրած «տրիբունան» եւ հարվածելու… Կյանքումս տեսած էդ առաջին խաղի ժամանակ, հաստատ, հեբիիս էնքան եմ զզվացրել իմ հարցուփորձով, որ ինքը դրանից հետո էլ ոչ մի անգամ ինձ ֆուտբոլ չտարավ, մինչեւ որ մենք 8-9 տարեկանից արդեն ինքնուրույն սկսեցինք գնալ, ու ես ինքնուրույն էլ հասկացա, թե տրիբունան ինչ է…

Հիմա Գրիշն ու Կարենը մտքներում ասում են. «Հարությունյա՛ն, փաստորեն էն ժամանակվանից հոգեառ ես եղել, հա՞…»:

Հա: Պարզապես էն ժամանակ Ֆեյսբուք չկար, Ֆեյսբուքը փողոցների եզրապատերն էին, որոնք դեռ երկար՝ ընդհուպ մինչեւ 1973 թվականը, պահում էին «Արարատ»-«Կայրաթ» – 2:1» գրությունն ու դրա կողքին այլ գրություններ, ինչպես, օրինակ՝ «Ֆանտոմաս» կամ՝ «53-50 ԱՔԳ» (էս վերջինը մի ամբողջ պատմվածք է կամ վիպակ, որ դեռ պիտի գրվի):

Ընկա մանկության հուշերի հետեւից ու մոռացա, որ Գիլանցը գնդակը կախել է տուգանային հրապարակ… Արա, կարող ա՞ ես քեզ համար բոյով Արքմենիկն եմ կամ ոչ պակաս բոյով Համբարձումը, որ կարողանամ գլխով գոլ խփել…

Մի քիչ էլ սպասիր, հեսա կասեմ փոխանցումդ ինչ եմ անելու:

Դե, քանի որ վաղուց գիտեի արեւելյան տրիբունան ինչ է, 1976-80 թվականներին՝ ուսանող տարիներին, իմ ընկեր Գեւորգի հետ գնում էի «Հրազդան» մարզադաշտ, ու միշտ նստում էինք արեւելյան (էն ժամանակ ասում էին «խուժան») տրիբունայի 20-րդ սեկցիայում, որ ուղիղ դաշտի մեջտեղում էր…

Չմոռանամ ասել, որ ֆուտբոլն ուներ նաեւ իր «հետարտադրական թափոնները». տարեկան երկու անգամ «Արարատը» հանդիպում էր Բաքվի «Նեւթչիին»: Ու երբ հաղթում էր (իսկ դա հաճախ էր լինում), պետք է էդ օրն ու առաջիկա մի քանի օրերին Երեւան-Կապան կամ Կապան-Երեւան գնացքը չնստեիր, որովհետեւ Նախիջեւանի տարածքում ադրբեջանցիք քարկոծում էին վագոնները…

Եթե իմ ֆուտբոլային հուշերը շարունակեմ՝ մի ամբողջ վիպակ կստացվի: Բայց Արփին նախազգուշացրել է, որ մեծ բան չգրենք: Հենց երեք էջից անցնում ենք, էդ տնաշենը տեքստին նայում է ոնց որ կորոնավիրուսով վարակվածին կնայեն: Դրա համար էլ մնացածը չեմ պատմում, մանավանդ, որ դա էս կարանտինային պատմությունների հետ կապ չունի:

Իսկ էս կարանտինային պատմության ֆուտբոլային էությունն էն է, որ իմ ու Գիլանցի էս «հակամարտությունը» համարյա նման է իսպանական «սուպերկլասիկոյին»՝ այսինքն հաղթանակների թվով հավասարություն է:

Հիմա էն Գրիշն ու Կարենը մտքներում ասացին՝ էդ «Սուպերկլասիկոն» տեսնես ի՞նչ է:

Գրիշ. «Թե դատարանում պաշտպանության կարիք ունենա, ասեք՝ հարմար գներով կանեմ, հալա մի հատ էլ «Հետքի» հոդված նվեր կտամ»:

Կարեն. «Թե դա 2008-ի փետրվարի ցույցերին  չի մասնակցել, մարտի 1-ին էլ Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել, ուրեմն նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ է, ես դրա հետ գործ չունեմ»:

Իսկ ես Գիլանցի փոխանցման հետ սենց վարվեմ.

«Գիլանց  Գեւորգը գնդակը կախում է, Հաթամաց Մեսրոպը արեւելյան տրիբունայի դիմաց՝ հակառակորդի տուգանային հրապարակի անկյունում կրծքով կասեցնում է այն, ապա նկատելով, որ մյուս եզրից նույն Գիլանցը ներխուժում է տուգանային հրապարակ, կտրող փոխանցում է անում: Գիլանցը պաշտպանների թիկունքում ստանում է գնդակն ու ընթացքից հարվածում… Ամբողջ ստադիոնը վեր է թռնում… Վաաաաաաաաաաախ, հորս արեւ, ո՞նց կարելի էր տենց դիրքից հարվածել ուղիղ դարպասապահ Պարետի ձեռքերի մեջ…»:

Իսկ Գրիշն ու Կարենը Ֆեյսբուքի էդ գոռոցից են վեր թռնում եւ զանգում պարետատատուն, թե՝ հասեք, սրանք, խախտելով ռեժիմը, ֆուտբոլ են խաղում կարանտինի ծոցում…

 

Հ. Գ.- Գիլանցը, պահպանելով արտակարգ դրության ռեժիմի պահանջները, հակառակորդի տուգանային հրապարակ էր ներխուժել անձնագիրը աջ ոտքի զանգապանի (խոսակցական հայերենով՝ գետրիի) մեջ, իսկ տեղաշարժման թերթիկը՝ ձախ: Էդ թերթիկը մեր ձեռքն ընկավ, երբ նա Պարետին չկարողացավ գոլ խփել:

Ահա այն.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԹԵՐԹԻԿ

25  մարտի, 2020թ․

Ա. Ա. Հ. – Ռուդիկ Արզունի Գեւորգյան:

Ելքի ժամը – Խաղի 53-րդ րոպեին:

Ելքի հասցե – Մեր կիսադաշտից:

Այցելության վայրի հասցե – Հակառակորդի տուգանային հրապարակ՝ աջ եզր:

Այցելության նպատակը – Գոլ խփել:

Վերադարձի ակնկալվող ժամը – Գոլ խփելուց հետո:

Ստորագրություն – «Գիլու ձագ»:

Please follow and like us: