Տաք տունը
-Ի՞նչ կար քաղաքներումդ, Հերմին ջան,- հարցրեց մայրն աղջկան՝ սուրճի բաժակը մեկնելով դստերը։
-Ո՞ր քաղաքումս,-ժպտաց աղջիկը։
-Դե, Երևան, Գյումրի, Վանաձոր, որից կուզես պատմի, էլի,- պատասխանեց մայրը։
-Մա՛մ,- ընդհատեց աղջիկը,- Նշան Աբասյանի բանաստեղծությունն աչքիս եկավ։
-Ի՞նչ բանաստեղծություն։
-Տես՝ ինչ սիրուն է գրել․ «Ամռանը տանը կլինեմ։ Մայրս սուրճ կպատրաստի։ Երկուսով կնստենք պատշգամբում։ Արևը կզրնգա։ Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ․․․ Խաղաղ-խաղաղ կլինի․․․-Ի՞նչ կա քաղաքում,-մորս ձայնը կշոյի լռությունը»։
-Հա՜,-ասաց մայրը՝ փոքր-ինչ մտածելով,- լավ ա գրել, բայց դու․․․
-Մա՜մ,- ընդհատեց աղջիկը։
-Երևանում լոբին ինչքա՞ն ա,- հարցրեց մայրը։
-Չգիտեմ,-ծիծաղեց աղջիկը։
-Ուզում էի իմանալ ես հո թանկ չե՞մ ծախում։- Լա լսի, էս չրերը տար, կոմպոտ կեփես։
-Այ մա՛մ, ես կոմպոտ եփո՞ղ եմ։
-Վա՜յ, աղջի՛, ո՞նց եփող չես, հիմիկվա հարսները, որ գնում են, ոչ մի բան էլ ա չեն անում, դու՞ էլ ես դրանց նման։
-Չէ, ես հին գնացածներից եմ, բայց չեմ կարող կոմպոտ եփել։
-Լսի, էդ Facebook-ը բաց ես անում, սաղ գրում ա՝ ոնց տի անես, ես գամ անե՞մ, արա էլի, էնքան լավ չիր ա, Հերմին ջան,- համոզում էր մայրը։
-Մա՛մ, դու եփիր, ես կխմեմ,- չարաճճի նայեց մորը։
-Բա քո ընտանիքն ի՞նչ տի ուտի, Հերմին, համ էլ աշունք ա, պիտի ամեն ինչ հասցնես, որ չցրտահարվի։
-Էս ինչ սիրուն թուզ ա, մա՛մ,- փորձեց խոսակցության հունը շեղել Հերմինեն։
-Սիրո՞ւն, թե՞ համով, այ շա՛շ,-ծիծաղեց մայրը։- Հերմի՛ն, գնում եմ այգի, մի քիչ քոմակ կանե՞ս։
Հերմինեն նայեց մոր կապույտ աչքերին, հետո բարալիկ մատներին։ Գրկեց մորը, շատ պինդ գրկեց ու անկուշտի նման համբուրեց մոր ձեռքերը։
-Դու նստիր, ես կգնամ այգի,- ասաց Հերմինեն,- կամ էլ ձվածեղ սարքիր, մա՛մ, վաղուց համով ձվածեղ չեմ կերել։ -Ես, որ սարքում եմ, կամ շատ եմ լցնում աղը, կամ քիչ։ Դու գիտես՝ ես ոնց եմ սիրում։
-Կսարքեմ, Հերմի՛ն ջան։
Մայրը ելավ տեղից ու գնաց խոհանոց։ Հերմինեն երկար ժամանակ նայում էր մոր հետևից՝ մոռանալով թևի տակ դրած մեծ ամանը, որ պիտի խնձոր հավաքեր, ինչպես անում էր փոքր ժամանակ, երբ քրոջ հետ ծառն էին բարձրանում, խնձոր քաղում, որ վաճառեին, իսկ ստացված գումարով գնեին գրենական պիտույքներ․ դա կոչվում էր դպրոցի ծառ։ Հեշտ չէր այն ժամանակ, բայց այսքան հոգսաշատ էլ չէր։ Դեռ նույն տեղում կանգնած էր և նայում էր իրենց պատշգամբին, որի բաց դռան առջև կախված էր մաշված վարագույր, որն այնքան նման էր տիրոջ մաշված սրտին․ ոչ նոր վարագույրի, ոչ նոր կահույքի սիրտ կար․․․ «Մա՛մ, ես որտե՞ղ կորցրի մանկությունս, ո՞րն է այն տեղը, որից պետք է նորից սկսեմ․արդեն մենակ, առանց օգնության։ Մա՛մ, ե՞րբ ամառային արձակուրդը դարձավ 1-2 շաբաթ, նախկին երեք՝ անհոգ ու տաք ամիսների փոխարեն, ե՞րբ արցունքները դարձան չասված բառեր, երբվանի՞ց սկսեցի արցունքներս ինքնուրույն մաքրել, ծնկներիս վերքը մշակել։ Մա՛մ, ու՞ր թողեցի այն աղջկան, որ կարմիր կոշիկներից հրճվում էր, ե՞րբ ամեն ինչ այսքան միագույն դարձավ, ե՞րբ կարմիր կոշիկները կորցրին իրենց փայլը, թե՞ միշտ էր այդպես, պարզապես դու էիր ինձ խնայում․․․»։ Հերմինեն մտքերից չէր կտրվի, եթե մի խնձոր չընկներ գլխին։ Սթափվեց, հետո բարձրացավ ծառն ու ներսում ինչքան ուժ ուներ քաղեց խնձորները։ Ու հանկարծ ծառի վրայից բարձր ձայն տվեց մորը․
-Մա՛մ, այ, մա՛մ, էս աշխարհը բարի՞ ա, թե՞ չար։
-Սկսեց փիլիսոփան, -քթի տակ ասաց մայրը,- արի, ձվածեղը պատրաստ ա։ Կե՛ր, քանի դեռ տաք ա։- Էդ ծառին էլ հանգիստ թող, նա մեղավոր չի, արի՛, նստի՛ր կողքիս, մի քիչ պատմիր՝ աշխարհում ի՞նչ կա-չկա։
Հերմինեն ծառից իջավ, ամանը կիսով չափ լցված էր, գնաց նստեց մոր մոտ։ Քաղցած չէր, բայց մինչև վերջ կերավ ձվածեղը։
-Վա՜խ, մամ, սոված էի, էս ինչ համով էր,-ու համբուրեց մոր ձեռքերը։-Մա՛մ, քո մոտ լավ ա, չգնամ, էլի։
-Շաշ-շաշ մի՛ խոսիր, բալա ջան, բա քո էրեխեքն ի՞նչ տի անեն, որ դու չգնաս, պիտի գնաս, որ նրանք էլ գան մոր տուն, ձվածեղ ուտեն ու մտածեն էս աշխարհը վերջը բարի՞ էր, թե՞ չար։- Գնալիս էդ հավաքածդ խնձորները կտանես էրեխեքին, մնացածը ես կհավաքեմ։
Հերմինեն ժպտաց մորը, հասկացավ, որ աշխարհը բարի է, քանի դեռ տունը մամայի կա․․․քանի դեռ այնտեղ մաման համեղ ձվածեղ է պատրաստում։
