Անդրե Շինկել/Քո աչքերի կապույտ կեռասները

Ժամանակակից գերմանացի բանաստեղծ Անդրե Շինկելի կենսագրությանն ու այլ բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այստեղ նստած էր աշխարհի ամենատխուր մարդը՝
Երեք օր, կարծես ինքն իր մեջ կողպված…
Ես էի մարդն այդ, որ մտածում էր քո մասին,
Մինչ դու լքել էիր ինձ հերթական անգամ։
Այն, ինչ ծմրում էր սփոփանքի հույսով, սսկվեց։
Անօգուտ էին լույսերը, որ առկայծելով անցնում էին
Գերանների կողքով, որոնց լուռ նստած էի։
Ո՞րն է իմ մեղքը, հարցնում եմ, որ ինձ պատժում ես
Կրկին ու կրկին, ուժգնացող լռությամբ։
Ձնաբքի պես է սա, որից զարկերակը սառչում է
Աստղի ներքո, որ կատաղի կայծկլտում է
Վարագույրի հետեւից։ Երկար նստեցի։ Ես գնում եմ,
Շուտով արդեն հեռացած կլինեմ։ Մի օր դու չես
Վերադառնա… Մեր սիրո լուսավոր հետքը,
Որ մեզ այսքան ժամանակ պահում էր, հանգչու՞մ է այժմ՝
Դալուկ ու անփայլ, այն ծովի վրա, ուր դու ես հիմա:

Ինչպե՜ս ես դու հեռանում ինձնից․
Ասես հավերժությունն անցներ, և դու,
որ հավատում էիր հավերժական բաներին,
նույնիսկ չզարմանայիր։
Սառը ջրերը մերժման միգուցե օգնում են
քեզ սառը պահել, ո՜վ իմանա․
քանի որ դու չես խոսում, ոչ ոք չի կարող
իմանալ։ Նույնիսկ ես։ Ի՞նչ պիտի ես քեզ
ասեմ։ Ի՞նչ կարող ենք մենք անել։ Ուստի,
լռում եմ և ես, լուռ դիտում եմ քո
հեռացումը ինձնից։ Մենք կապված ենք
բախտի թելերով, դու գիտես։ Հիմա գնում ենք՝
սեփական սառնությունից թմրած և կույր։ Եվ դեռ
քո թիկունքում ապրում է սեր։ Դու հերքում ես
դա, բայց քո թևերի դողը մատնում է։
Գնա՛ և մի՛ արի էլ, թե այդպես է։ Այդպես
երկուսս էլ պատժված կլինենք։


Քո աչքերի կապույտ կեռասները՝
որ քաղում եմ համբուրելով, երբ մենք
սիրում ենք իրար, և դու՝ իմ գրկում
պառկած ես, իմ թեւերով պարուրված,
բարձր եւ հեռու հոգսերից ու իրերից։

Ես կրում եմ քեզ՝
Ամենափայլփլունը բոլոր փետուրներից,
Իմ մազերի մեջ։

Ես փայփայում եմ կայծը քեզ համար,
Որպեսզի դու ջերմանաս,
Երբ ձմեռը գա։

Թո՛ւյլ տուր ինձ լինել լազուրի շերտը
Եվ պատել փայտը, որից դու
Պատրաստված ես։

Այսօր ծովը կապույտ էր,
երբ ինձ նայեցիր,
եւ սեւ հողը մեր սրտերում
մակընթաց փքվեց։

Ծառ ու ծաղիկ ինքնավստահ
ձգվգցին դեպի երկինք,
եւ կենդանիների կանչը
ցրվեց ցողունների շարքերում,

Որտեղ հովազը սաղարթների
խշշոցի մեջ, հմայված փնչացնում ու
հոտոտում էր օդը, և ընդարմացած
ննջում։ Մեր սերը սավառնում է այնտեղ՝

պտտահողմի մեջ, փետուրների վրա
անկողին գտած․․․ Եվ այսպես
նայում ենք իրար ապշած, կորած
ու չգտած՝ ծովի ու ամպերի վրայով։

Թարգմանությունը գերմաներենից՝ Մանե Խաչատրյանի
Բանաստեղծական մշակումը՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: