ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՏԵ/ԼՈՒՅՍԻ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ


Ալբերտո Մորատեն ժամանակակից իսպանացի գրող է Մադրիդից։ Նա աշխատել է որպես լեզվի և գրականության, դրամատուրգիայի և բեմական խոսքի, հրապարակային խոսքի և հռետորաբանության, ինչպես նաև դրամաթերապիայի ուսուցիչ: Հրատարակել է յոթ պիես և էսսե ուսուցչական աշխատանքի մասին («Թատրոնը դպրոցներում»), որը թարգմանվել է ութ լեզուներով: Որպես բանաստեղծ ունի բանաստեղծությունների տասներկու գիրք: Նրա աշխատանքները ներառված են բազմաթիվ պոեզիայի անթոլոգիաներում: Նա նաև բեմադրիչ է, շոու-բիզնեսի քննադատ և պարբերաբար կազմակերպում է գրական համերգներ, հանդիպումներ այլ գրողների հետ, թատրոնի և պոեզիայի վերաբերյալ դասընթացներ և սեմինարներ:

***

Գրում եմ մեկ մետրը՝ մետրին տարածության մեջ,
մերկանում եմ սոնետով,
հագնվում եմ արձակով,
թռչում եմ առանց թևերի՝ հիշողության միջով,
լսում եմ ու սպասում,
անցնում եմ վերելքների ու վայրէջքների ճանապարհով,
մտածում եմ, բայց ամենից առաջ՝ զգում,
գիրք բացելը մի նոր բան իմանալ է,
ինձ տեսնում եմ սպիտակ թղթի հայելում,
համբուրում եմ տողը,
անվախ տրվում եմ զգացմունքին,
գրում եմ, չեմ դատում։

***

Օգոստոս ամիսը կրկնվում է
անթիվ ամառներից հետո,
և թող չպակասեն
ծովը, քամին,
աստղերը:

***

Էլ չեմ լացում
ոչ վերքերից,
ոչ անտարբերությունից,
ոչ վիրավորանքներից,
ոչ էլ հրաժեշտներին։
Սառույց չէ սիրտս.
հոգիս ճաքել է մայրամուտներից,
փշրված երազներից,
անլուսին գիշերներից։
Արցունքներ չեն, որ հոսում են,
ոչ աչքերս են արյունահոսում,
ոչ էլ փշերն են ծակում ինձ,
պարզապես դարձել եմ ինքս`
քնքշանք։

Լույսի ակնթարթները

Փակել եմ աչքերս
և դեռ տեսնում եմ լույսը։
Բառերի լույսը
և լռության լույսը։
Ձայնի և հիշողության լույսը,
լույս, որ ներս է մտնում պատուհաններից ու վիտրաժներից,
լույս, որ շոյում է,
լույս, որ այրում է,
այն, որ թաքնվում է ստվերների մեջ,
լույսը, որ հեռավորություններ է դնում
և այն, որ սպիացնում է վերքերը,
այն, որ սիրախաղ է անում անտառի հետ,
և ներթափանցում ծառերի կեղևի տակ։
Տեսել եմ քաղաքների լույսը
և այն, որ ներս է մտնում դռան ճեղքերից
և կիսափակ վարագույրներից,
գույներով պարծեցող լույսը,
այն, որ թաքնվում է քարանձավներում,
ճամփորդել եմ նրա ձայնի հետ.
ճշմարտության և ստի ձայնի հետ,
հաղթանակների լույսը՝
ձախողումների անթափանցության դիմաց։
Լույս, որ մարում է ծերության մեջ,
և մանկության տարիներին փայլում է իր ողջ շքեղությամբ,
լույս՝ սառած քո հայացքի մեջ,
հորիզոնի լույսը և այն, որ թիկունքից լուսավորում է ինձ,
կարոտի լույս,
և ցավի, և բացակայության, և մենության, և տխրության,
նաև հանդիպումների լույսը,
երազանքով լի սիրո
և մարած զգացմունքների լույսը,
լույս, որ թռչում է, և ազատ է, և հույս է։
Լույս կա մերկության մեջ քո,
լույս՝ իմ դատարկ ձեռքերում,
լույս՝ մեր աչքերում և շուրթերում,
սավանների և բարձի լույսը։
Եթե մի օր անլույս մնամ,
ուրեմն՝ անվերադարձ
ոչնչի մեջ եմ։

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *