Առեղծվածավեպի ժանրերն ու ենթաժանրերը

Մի պահ հիշեք ձեր սիրելի առեղծվածավեպը (mistery)։ Գուցե այն լարված թրիլլեր է՝ սահմռկեցուցիչ հանցագործությամբ ու սպառնացող վտանգից հրաշք փրկությամբ։ Կամ գուցե զվարճալի պատմություն է սիրող քննիչների մասին, որոնք փորձում են բացահայտել հանցագործությունը՝ չունենալով դրա համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ։ Հնարավոր է՝ մտաբերեցիք Շերլոք Հոլմսի աշխարհահռչակ հետաքննությունները կամ Նենսի Դրյուի մասին դասական վեպերի շարքը։ Ինչ կերպար կամ գիրք էլ առաջինը մտաբերեք, մի բան ակնհայտ է․ առեղծվածավեպի ժանրը շատ ավելին է ներառում, քան մասնավոր հետախւկյզներն ու չբացահայտված սպանությունները։ Իրականում դետեկտիվ գրականությունը կարելի է բաժանել ավելի քան մեկ տասնյակ տարբեր ենթաժանրերի։

Առեղծվածավեպի հիմնական բաղադրիչները

Առեղծվածավեպ գրող հեղինակները ժանրի շրջանակներում ինքնատիպ պատմություններ ստեղծելու մեծ ազատություն ունեն, սակայն յուրաքանչյուր առեղծվածավեպ պետք է համապատասխանի որոշակի հիմնական սկզբունքների։

Կան մի քանի հիմնական տարրեր, որոնք միավորում են առեղծվածավեպիտարբեր ձևերը։

  • Առեղծված։ Սա առեղծվածավեպի առանցքային տարրն է։ Առանց առեղծվածի, հանցագործության կամ որևէ այլ խնդրի, որը պետք է բացահայտել ու լուծել, չէր լինի ո՛չ պատմությունը, ո՛չ էլ հետաքննություն իրականացնող հերոսի անհրաժեշտությունը։
  • Հետախույզ։ Հետաքննողը կամ գլխավոր հերոսը նա է, ով ձեռնամուխ է լինում առեղծվածի բացահայտմանը։ Պարտադիր չէ, որ նա պրոֆեսիոնալ դետեկտիվ լինի․ կարող է լինել սիրողական հետաքննող, ոստիկան կամ որոշ դեպքերում նույնիսկ հենց հանցագործը։
  • Կասկածյալներ։ Տարբեր կերպարներ հետաքննության ընթացքում դիտարկվում են որպես հնարավոր կասկածյալներ։ Հաշվի են առնվում նրանց շարժառիթները, բնավորության գծերը, վարքագիծը և նրանց մասին հայտնի այլ հանգամանքներ։
  • Հուշումներ։ Ընթացքում ընթերցողին տրվում է առեղծվածը լուծելու համար անհրաժեշտ տեղեկությունը։ Հեղինակը կարող է ուղղակի հուշումներ տալ՝ ընթերցողին որոշակի ուղղությամբ տանելու համար, կամ ակնարկներն ու նախանշանները թաքցնել պատմության մանրամասներում։ Վերընթերցելիս հաճախ պարզվում է, որ առաջին ընթերցման ժամանակ անտեսած բազմաթիվ մանրամասներ իրականում նախապես հուշում էին հանգուցալուծումը։
  • Կեղծ հետքեր։ Սրանք կեղծ հուշումներ են, որոնք ընթերցողին տանում են սխալ ուղղությամբ և ստեղծում են այն տպավորությունը, թե առեղծվածի լուծումը մոտ է, մինչդեռ հետագայում պարզվում է, որ տվյալ հետքը գործի հետ կապ չունի։ Օրինակ՝ ընթերցողը կարող է որևէ կերպարի կասկածելի վարքագծի պատճառով նրան մեղավոր համարել, սակայն հետագայում պարզվի, որ նրա այդ պահվածքը բոլորովին այլ պատճառ ուներ։
  • Թաքնված հուշումներ։ Հաճախ պատմության մեջ աննկատ տեղադրվում են կարևոր մանրամասներ, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ։ Հետևաբար պետք է ուշադրություն դարձնել նույնիսկ այն բանին, թե ինչպես է հեղինակը նկարագրում որևէ կերպարի, առարկայի կամ վայրի։
  • Բացեր։ Ամբողջական պատկերը երբեք միանգամից չի ներկայացնում։ Ընթերցողը պետք է ինքնուրույն «միացնի կետերը»՝ իր ստացած տեղեկությունների միջև կապեր գտնելով։ Շատ ընթերցողներ փորձում են առեղծվածի լուծումը գտնել գլխավոր հերոսից առաջ։
  • Ինտրիգ։ Հենց այս տարրն է առեղծվածավեպը դարձնում գրավիչ։ Ընթերցողը մշտապես սպասման և լարվածության մեջ է՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է տեղի ունենալու հաջորդ պահին։

Առեղծվածավեպի հիմնական ենթաժանրերը

Քանի դեռ ստեղծագործության մեջ պահպանվում են առեղծվածավեպի հիմնական տարրերը, հեղինակը կարող է պատմությունը կառուցել գրեթե ցանկացած եղանակով։ Այն կարող է պարունակել սիրային գիծ, տեղի ունենալ անցյալում կամ ապագայում, զարգանալ մտացածին աշխարհում իերառել ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել։ Հետևաբար շատ ստեղծագործություններ դժվար է միանշանակ դասակարգել որևէ մեկ ենթաժանրի մեջ։ Այնուամենայնիվ, առանձնացվում են դետեկտիվ գրականության մի շարք առավել տարածված ու ճանաչված տեսակներ։

1. Քրեական արկածային միստերի

Այս տեսակի ստեղծագործություններում գլխավոր հերոսը հենց հանցագործն է, որը մեկ կամ մի քանի հանցագործություն է կատարում և փորձում խուսափել հետաքննությունից ու բռնվելուց։ Նման պատմությունները հաճախ ունեն հումորային կամ թեթև բնույթ և պատմվում են հանցագործի տեսանկյունից։ Գլխավոր հերոսը սովորաբար այնպես է ներկայացվում, որ ընթերցողի համակրանքն է առաջացնում․ նա կարող է օրենքը խախտելու համար ունենալ համոզիչ կամ նույնիսկ արդարացված թվացող պատճառներ։ Արդյունքում ընթերցողը ակամա սկսում է համակրել հակահերոսին։

2. Հանգիստ առեղծվածավեպ (Cozy)

Սա համեմատաբար «անվտանգ», մեղմ, ընտանեկան է, սովորաբար զերծ է բռնության, արյան և սեքսուալության բացահայտ նկարագրություններից։ Գործողությունները հաճախ տեղի են ունենում փոքրիկ քաղաքում, գյուղում կամ մեկուսացված, հովվերգական միջավայրում։ Գլխավոր հերոսը, որպես կանոն, սիրողական հետաքննիչ է, որը պատահաբար հայտնվում է հանցագործության հետքին և սկսում է սեփական հետաքննությունը։ Այս ենթաժանրի համար բնորոշ են ջերմ մթնոլորտը, հումորը, փոքր համայնքի հարաբերությունները և համեմատաբար մեղմ լարվածությունը։

3. Քրեական դետեկտիվ

Կարևոր է տարբերակել քրեական դետեկտիվը և դասական առեղծվածավեպը։ Քրեական դետեկտիվը պարտադիր չէ, որ կառուցված լինի «ո՞վ է հանցագործը» հարցի շուրջ։ Այստեղ ուշադրության կենտրոնում կարող են լինել հանցագործությունն ինքնին, դրա սոցիալական ու քաղաքական պատճառները, հասարակական անարդարությունը, կոռումպացված համակարգը, ոստիկանական բռնությունը կամ բարոյական բարդ երկընտրանքները։ Քրեական դետեկտիվը կարող է միաժամանակ ունենալ նաև դասական միստերիի կառուցվածք, երբ հերոսն ու ընթերցողը չգիտեն, թե ով է պատասխանատու կատարված հանցագործությունների համար։

4. Դատափորձագիտական դետեկտիվ

Եթե նախընտրում եք այնպիսի հանելուկներ, որոնք հիմնականում լուծվում են գիտության և մանրակրկիտ հետաքննության միջոցով, ապա արժե ընտրել դատափորձագիտական դետեկտիվը։ Գլխավոր հերոսը սովորաբար դատաբժշկական փորձագետն է, դատաբժշկական ախտաբանը, քննիչը կամ մեկ այլ մասնագետ, որը հաճախ առնչվում է մահացածների հետ։ Գլխավոր հերոսի աշխատանքի բնույթով պայմանավորված՝ հանցագործությունների սահմռկեցուցիչ մանրամասները սովորաբար բավական հանգամանորեն են նկարագրվում, ուստի այս ենթաժանրը գուցե լավագույն ընտրությունը չլինի նրանց համար, ովքեր նման տեսարաններից խորշում են։

5. «Կոշտ» դետեկտիվ

Այս ենթաժանրի գլխավոր հերոսը սովորաբար փորձառու, կոպիտ և ցինիկ ոստիկան կամ մասնավոր հետախույզ է, որը գործում է օրենքի սահմաններին։ Պատմողական ոճը սովորաբար ուղիղ է, արագընթաց և զերծ ավելորդ զարդարանքներից։ Հետաքննության ընթացքը ներկայացվում է բազմաթիվ մանրամասներով։ Հերոսը ձգտում է արդարություն հաստատել, սակայն աշխարհը, որում նա գործում է, հազվադեպ է թույլ տալիս լիարժեք հաղթանակ։ Այդ պատճառով նման պատմությունների ավարտը հաճախ դառնահամ է։

6. Պատմական դետեկտիվ

Պատմական դետեկտիվը հանցագործության մասին գեղարվեստական պատմություն է, որի գործողությունները տեղի են ունենում որոշակի պատմական ժամանակաշրջանում։ Հեղինակը մանրամասն վերականգնում է տվյալ դարաշրջանի միջավայրը և այն դարձնում հետաքննության կարևոր բաղադրիչ։ Կարող են ներկայացվել նաև իրական պատմական անձինք՝ որպես գործող կերպարներ կամ նույնիսկ որպես հետաքննիչներ։ Ժամանակաշրջանի քաղաքական լարվածությունը, հասարակական հիերարխիան, տղամարդկանց և կանանց հարաբերությունների կանոնները, կենցաղը, հագուստը և սոցիալական վարքականոնները նպաստում են պատմական միջավայրի ամբողջական վերականգնմանը։

7. Դատաիրավական դետեկտիվ

Այս պատմություններում կենտրոնական կերպարը սովորաբար փորձառու փաստաբանն է, որը պաշտպանում է մեղադրվողին կամ փորձում է բացահայտել գործի իրական հանգամանքները։ Սյուժեի կարևոր մասը կազմում են քրեական գործի քննությունը, դատարանի գործընթացը, իրավական պայքարը և փաստաբանի հարաբերությունները ոստիկանության ու այլ իրավապահ մարմինների հետ։

8. «Փակ սենյակի» դետեկտիվ

Այս դասական ենթաժանրում հանցագործությունը կամ սպանությունը կատարվում է այնպիսի պայմաններում, որոնք առաջին հայացքից անհնար են դարձնում հանցագործության իրականացումը։ Օրինակ՝ զոհին գտնում են ներսից փակված սենյակում, որտեղ կարծես ոչ ոք չի կարողացել մտնել կամ դուրս գալ առանց հետք թողնելու։ Սյուժեի հիմնական խնդիրը դառնում է ոչ միայն «ո՞վ է արել», այլև՝ «ինչպե՞ս է դա հնարավոր եղել»։ Վերջում առեղծվածը պետք է ստանա տրամաբանական և ռացիոնալ բացատրություն։

9. Բժշկական դետեկտիվ

Այս ենթաժանրի գլխավոր հերոսները բժշկության ոլորտի մասնագետներ են, որոնք բախվում են խորհրդավոր հիվանդությունների, համաճարակների, բժշկական փորձերի կամ բժշկական տեխնոլոգիաների չարաշահման հետ կապված խնդիրների։ Նման ստեղծագործությունները հաճախ գրվում են բժիշկների կամ բժշկական ոլորտի այլ մասնագետների կողմից, ինչի շնորհիվ բժշկական տերմինաբանությունն ու մասնագիտական մանրամասները կարող են բավական ընդգրկուն լինել։

10. Նուար

Նուարը դետեկտիվի ամենամռայլ ու հոռետեսական ձևերից է և «քոզի» դետեկտիվի գրեթե լիակատար հակապատկերն է։ Նուարային աշխարհը մութ է, կոշտ և բարոյապես երկիմաստ։ Գլխավոր հերոսը հաճախ խնդիրներով ծանրաբեռնված, ցինիկ կամ հոռետես հետախույզ է, որը հետաքննության ընթացքում բախվում է փողի, իշխանության, սեքսի և այլ գայթակղությունների։ Նա պարտադիր չէ, որ ունենա հստակ բարոյական սկզբունքներ։ Այդ պատճառով ընթերցողը մինչև վերջ չի կարող վստահ լինել՝ հերոսը կբացահայտի՞ հանցագործությունը, թե՞ ինքն էլ կդառնա դրա մասնակիցը։

11. Պարանորմալ դետեկտիվ

Այս ենթաժանրը դետեկտիվի առեղծվածը միավորում է գերբնական երևույթների հետ։ Գլխավոր հերոսը կարող է ունենալ գերզգայական կամ այլ գերբնական ունակություններ և հետաքննել այնպիսի դեպքեր, որոնք սովորական տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել։ Նման պատմություններում հերոսը կարող է հաղորդակցվել մահացածների հոգիների հետ, ուսումնասիրել ուրվականներով բնակեցված տներ կամ զբաղվել այլ սարսափելի ու խորհրդավոր դեպքերի բացահայտմամբ։

12. Ոստիկանական դետեկտիվ

Այս ենթաժանրում հետաքննությունը ներկայացվում է ոստիկանի տեսանկյունից, իսկ հանցագործության բացահայտման համար օգտագործվում են իրական ոստիկանական մեթոդներ։ Հեղինակները հաճախ մանրամասն ներկայացնում են ոստիկանների առօրյա աշխատանքի իրական դժվարությունները՝ ժամանակի սղությունը, քաղաքական ճնշումները, վտանգը, մասնագիտական սթրեսը և հոգեբանական հետևանքները։ Այսպիսի ստեղծագործության կարևոր առանձնահատկությունն աշխատանքի իրատեսական պատկերումն է․ ընթերցողը հնարավորություն է ստանում պատկերացնելու, թե իրականում ինչպիսին է ոստիկանության աշխատանքը։

13. Հոգեբանական թրիլլեր

Հոգեբանական թրիլլերում կենտրոնական նշանակություն ունի ոչ այնքան հանցագործության մեխանիկան, որքան կերպարների հոգեբանական վիճակը։ Գլխավոր հերոսը կարող է աստիճանաբար կորցնել իրականության զգացողությունը կամ կասկածել սեփական ընկալումներին։ Մեկ այլ տարբերակում հանցագործն ինքն է հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձ, և հետաքննության կարևոր մասը դառնում է նրա վարքագծի ու շարժառիթների ըմբռնումը։ Այս ստեղծագործություններում ավելի քիչ ուշադրություն կարող է դարձվել հանցագործության արտաքին գործողություններին, իսկ ավելի շատ՝ վախին, մոլուցքին, հոգեկան խաթարմանը, հիշողությանը և իրականության ընկալմանը։

14. Լրտեսական վեպ

Լրտեսական վեպերում սովորաբար առկա է երկու հակադիր կողմերի՝ «մերոնց» և «հակառակորդի» միջև քաղաքական ու գաղափարական պայքարը։ Լրտեսը կամ լրտեսների խումբը պետք է ներթափանցի հակառակորդի միջավայր՝ տեղեկություններ հավաքելու և նրա ծրագրերը կանխելու համար։ Այս ժանրին բնորոշ են գաղտնի գործողությունները, հետապնդումները, դավաճանությունը, երկակի գործակալները և բացահայտվելու մշտական վտանգը։ Այդ պատճառով լրտեսական վեպերը սովորաբար առանձնանում են բարձր լարվածությամբ և արագ զարգացող գործողություններով։

15. Թրիլլեր

Թրիլլերը հիմնված է լարվածության, վտանգի և արագ զարգացող գործողությունների վրա։ Դետեկտիվի համեմատ այստեղ առեղծվածի բացահայտումը կարող է երկրորդական լինել, իսկ առաջին պլանում կարող են հայտնվել հերոսի կյանքին սպառնացող վտանգը, հետապնդումը, միջազգային ճգնաժամը կամ մեծածավալ աղետը։ Թրիլլերը կարող է միավորել դետեկտիվի, սարսափի, արկածային գրականության, գիտաֆանտաստիկայի կամ այլ ժանրերի տարրեր։ Գործողությունները կարող են տեղի ունենալ ցանկացած ժամանակաշրջանում՝ անցյալում, ներկայում կամ ապագայում։ Պատմությունը կարող է ներառել հրեշներ, գիտության միջոցով կատարելագործված մարդկանց, ֆուտուրիստական տեխնոլոգիաներ կամ զենքեր։ Թրիլլերի հիմնական նպատակը ընթերցողին մշտական լարվածության մեջ պահելն է՝ ստեղծելով արագընթաց, վտանգներով ու անսպասելի շրջադարձերով լի պատմություն, որից դժվար է կտրվել։

Թարգմանությունը՝ Գայանե Պողոսյանի

Աղբյուրը՝ https://bestmysterynovels.net/mystery-genre/

Please follow and like us: