***
Քեզ չեմ խոստանում՝
երկնքից աստղեր կիջեցնեմ,
բայց աստղի նման կփայլեմ ամեն անգամ,
երբ ձեռքս բռնես…
***
Ես չեմ խոստանում
Անհոգ ու անցնցում կյանք,
Բայց հոգսդ կիսողն
ու
պատերազմիցդ հետոն կլինեմ․․․
***
Ես չեմ խոստանում, որ միշտ
Գարուն կլինի,
Բայց
Մի բուռ արև կլինեմ ցուրտ օրերիդ․․․
***
Դու
Իմ
Ամեն օր
Ծնվող բանաստեղծությունն ես․․․
Եվ
Իմ ապրված տողերի տերը…
***
Մի խաղաղ անկյուն էր փնտրածս․
Որոնել, որոնել
Ու
Գտել եմ աչքերումդ․․․
***
Ես բաց նյարդ եմ
Եվ կարոտդ զգում եմ
Յուրաքանչյուր նեյրոնով․․․
***
Ճանապարհը, որ անցն(ում)ելու ենք,
Գեղեցիկ է ու երկար,
Քան այն ճանապարհը,
Որ մենակ էի անցնում․․․
***
Եվ թող շատ լինեն
Իմ բառերը՝ սիրո
Եվ թող շռայլեմ դրանք․
Դրանք լուռ էին տարիներ,
Հիմա պիտի բառերս երգեն
Իմ մինուճարի ականջին․․․
***
Եթե կարողանայիր քեզ իմ աչքերով տեսնել,
Աշխարհատեր կլինեիր․․․
***
Միակ նամակը, որ գրում եմ, քո հասցեով է,
Միակ նամակը, որին սպասում եմ, քեզնից է…
***
Դրսում ամառվա
Աղմուկն է հոսում,
Իսկ քո աչքերի ներսում
Այնքան խաղաղ լուսաբաց է,
Սե՛ր իմ․․․
***
Ներսուդուրսս
Տակնուվրա արեցի՝
Ինձ չգտա․ ամբողջը դու էիր․
Ինձնից ինձ բան չէր մնացել․․․
***
Ու ես հավատում եմ,
Որ աշխարհն իր
Հավասարակշռությունը պահում է
Քանի դեռ
Ձեռքս ամուր բռնել է ձեռքդ․․․
***
Մի գեղեցիկ արար էր գալդ
Ու իմ օրերին փարվելը․․․
