Հանգի կանոնները-2/Ադամ Գոպնիկ

Սկիզբը՝ այստեղ

Բանաստեղծ Ռիչարդ Ուիլբուրը այդ շրջանի մեծ հերոսներից էր։ Մոլիերի կատակերգությունների նրա թարգմանությունները, որոնք լույս են տեսել 1950-ականներից մինչև 2000-ականները, գրված են բնագրի հանգավոր երկտողերի բացառիկ սահուն և մշակված տարբերակով՝ ի տարբերություն նախկին անգլերեն թարգմանությունների անհարթ ու ծանր արձակի։ Ընդունելով, որ անգլերենում հանգ ստեղծելը դժվար է՝ Ուիլբուրը այդ դժվարությունը հաղթահարում էր՝ երբեք չցուցադրելով իր վարպետությունը։ Ընթերցողը հազվադեպ է կանգ առնում՝ զարմանալու հանգերի հնարամտության վրա։ Նրա «Կանանց դպրոցի» թարգմանության ցանկացած պատահական էջում հանդիպում են ամենասովորական հանգերը՝ carethere, blissthis, twoyou, rolesoul։ Հանգերը կարող էին լինել սովորական, որովհետև արտասովորն ինքնին հանգավորելն էր։

Ուիլբուրի սրամտությունն առանձնապես տպավորիչ է երկխոսություններում։ Վերցնենք այն տեսարանը «Միզանտրոպ» պիեսում, որտեղ Ալցեստը արձագանքում է Օրոնտի անհաջող սոնետին։ Ուիլբուրի տարբերակում Օրոնտն ասում է. “Come now, I’ll lend you the subject of my sonnet; / I’d like to see you try to improve upon it,” with Alceste’s rejoinder rendered as “I might, by chance, write something just as shoddy; / But then I wouldn’t show it to everybody.”1

Ուիլբուրի վարպետությանը բնորոշ է այն, որ թարգմանությունը գրեթե բառացի է՝ բառ առ բառ, սակայն այս երկտողը հատկապես հաջող լուծում է։ Մոլիերի աննկատ հանգը՝ méchants և gens, նա փոխարինում է ՔոլՓորթերին հիշեցնող shoddy և everybody հանգով։ Կարելի է ասել, որ այդպիսի հանգ անգլերենում մինչև այդ գրեթե չէր հանդիպել, և այն ոչ միայն սրամտություն, այլև հարվածային ուժ է հաղորդում խոսքին։

Քանի որ անգլերենում հանգ ստեղծելն իր բնույթով դժվար է, անգլերեն հանգարվեստի հմայքն ու սրամտությունը, ինչպես հիանալի հասկանում էր ամերիկյան թեթև ոտանավորի խոշորագույն վարպետ Օգդեն Նեշը2, այն է, որ երբ հաջողվում է գտնել իսկապես հաջող հանգ, պետք է դա գիտակցված կերպով ընդգծել։ Իսկական հանգաստեղծի համար այդպիսի գտածոները նման են բիթքոյինի արդյունահանմանը․ դրանց ձեռքբերման դժվարությունն է, որ ապացուցում է դրանց արժեքը։

Ռոմանական լեզուներում հանգի հաճույքը նրա սահունությունն է։ Այդպես է, օրինակ, Լորենցո դա Պոնտեի3 «Դոն Ջիովանի» օպերայի հանրահայտ «հաշվելու արիայում», որտեղ երկրների և սիրային արկածների զավեշտական թվարկումը կազմող մեղմ, հոսուն հանգերը ներդաշնակվում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությանը։ Իսկ անգլերենում, ընդհակառակը, հանգը գրեթե պահանջում է, որ դժվարությունն ակնհայտ դառնա։ Մենք մեր մեծ հանգաստեղծներին հիշում ենք հենց նրանց անսպասելի հայտնագործությունների շնորհիվ՝ Ուիլյամ Գիլբերտի4 «teeming with a lot o’ news» և «the square of the hypotenuse», Քոուլ Փորթերի5 «Camembert» և «Fred Astaire», Սթիվեն Սոնդհեյմի6 «personable» և «coercin’ a bull» հանգերի շնորհիվ։

Երիտասարդ երգահաններին սովորաբար զգուշացնում են խուսափել ցցուն հանգերից։ Բայց սա վատ խորհուրդ է, որովհետև հենց ցուցադրական, նույնիսկ ինքնադրսևորվող հանգերն են անգլիական չափածոյի առանձնահատուկ փառքերից մեկը։ Կարևորն այն է, որ դրանք մնան բնական, կենդանի խոսքի սահմաններում։ Երբեմն, իսկապես, լեզվական դարձվածքը ժամանակի ընթացքում մաշվում է, և մենք այլևս չենք նկատում, թե որքան բնական են հանգերը նստում դրա մեջ կամ ծնվում առօրյա խոսքից։ Օրինակ՝ Գիլբերտը հաճույքով ծաղրում էր իր ժամանակի անգլիական ճառախոսության բազմավանկ, ճոռոմ լեզուն։ Նրա հանճարն այն էր, որ ընդունում էր պաշտոնական արձակի կաշկանդվածությունը և խաղում դրա հետ՝ կարծես ինքնակամ իր վրա «արթրիտ» քաշելով ու այդ կաղ քայլվածքը վերածելով զավեշտական չափածոյի. When a felon’s not engaged in his employment / Or maturing his felonious little plans / His capacity for innocent enjoyment / Is just as great as any honest man’s.7 (Կատակի բանալին innocent enjoyment («անմեղ հաճույք») արտահայտությունն է։ Այն բրիտանական խորհրդարանական խոսքի սովորական դարձվածք էր, որը հաճախ կարելի էր լսել, օրինակ, հանրային զբոսայգիների օգտին հնչող պաշտոնական ճառերում։)

Նեշը նույնպես հասկանում էր, թե անգլերենում որքան հմայիչ կարող է լինել հանգը առաջին պլան բերելը, նույնիսկ երբեմն այն միտումնավոր «քամելը»՝ ամենապարզից մինչև ամենահնարամիտ ձևերով։ Հենց այդ մոտեցումն էլ ներշնչեց նրա երկար, անհամաչափ, տողանցումով (enjambement) կառուցված տողերը. «I know you, you cautious, conservative banks! / If people are worried about their rent, it is / your duty to deny them the loan of one / nickel, yes, even one copper engraving of / the patriotic son of the late Nancy Hanks.»8։ (Մեզ այսօր գուցե արդեն պետք է հիշեցնել, որ Նենսի Հենքսի որդին «Ազնիվ Էյբն» էր՝ Աբրահամ Լինքոլնը։) Նա նույնքան հաջողությամբ կարող էր գրել նաև դասական չափով ու կանոնավոր հանգով։ Այդպիսին է, օրինակ, 1935 թվականի մի բանաստեղծություն, որն այսօր բոլորովին այլ կերպ է հնչում, քան իր ժամանակին, երբ նա բողոքում էր նրանց դեմ, ովքեր լուրջ չէին ընդունում իր գանգատները գրիպի մասին.«The Super-cold to end all colds; / The Cold Crusading for Democracy; / The Führer of the Streptococcracy.9»։ Նեշը նույնքան առատորեն էր օգտվում իր ժամանակի քաղաքական հռետորաբանությունից, որքան Գիլբերտը՝ իր դարաշրջանի քաղաքական լեզվից։ Նույնիսկ երգերի բառեր գրելիս, երբ նրա սրամտությունը մի փոքր մեղմանում էր՝ ինչպես ջազային շեփորահարը խլացուցիչ է դնում գործիքի վրա՝ երգչին ուղեկցելու համար, Նեշը չէր հրաժարվում ցուցադրական հանգերից. «He is as simple as a swim in summer, / Not arty, not actory. / He’s like a plumber when you need a plumber. / He’s satisfactory.»10։ Այս տողերն ունեն և՛ առօրյա պատկերի՝ ջրմուղագործի, անմիջական հմայքը, և՛ անսպասելի հանգի թարմությունը։

Սակայն կարևոր են ոչ միայն հանգերը, այլև այն, թե ինչպես է այդ անսպասելի, շեշտված հանգը տեղադրվում բնական, խոսակցական լեզվի հոսքի մեջ։ Այդպես, Ֆիլիս Մըք Գինլին11, արվարձանային գարնանը նվիրված մեկ այլ ձոնում, գտնում է երկու հրաշալի նոր հանգ՝ մի փոքր ձգված, այնպես, որ ընթերցողը զգա նրա վարպետությունը, բայց չշեղվի պատմությունից12.«Still slumbers the lethargic bee, / The rosebush keeps its winter tag on, / But hatless to the A. & P. / The shopper rides in station wagon.»։

Այս հատվածի իսկական գեղեցկությունն այն է, որ բանաստեղծուհին կյանքի աղբանոցի նմանվող առօրյա մանրուքների՝ A. & P. սուպերմարկետի և պիտակավորված վարդի թփի միջից, գտնում է նոր ձևական խաղի նյութ։ Այսպիսի հանգերը, որոնք նախկինում երբեք գոյություն չեն ունեցել, ընկալվում են որպես իսկական «էվրիկա»։ Նման գոհարների համար մենք, ասես, մեդալներ ենք շնորհում հանգաստեղծին՝ կրկնելով մաթեմատիկոսների հավերժական հարցը՝ արդյո՞ք նման հայտնագործությունները ստեղծվում են, թե պարզապես գտնվել են։

Հաջող թեթև ոտանավոր և երգի բառեր գրելը լեզվի սպիտակափրփուր գետի վրա ռաֆթինգի է նման։ Գիտակցված սրամտության փոքր, կանոնավոր պոռթկումները թիավարում են կենդանի, բնական խոսքի հոսանքին ընդառաջ։ Ահա թե ինչու Լորենզ Հարթը13, թեև 1943 թվականին մահացավ հարբեցողության հետևանքով, մինչ օրս մնում է ամերիկյան երգի խոսքի և թեթև չափածոյի հանգի մեծ մարգարեն։Նա կարողանում էր ամեն ինչ։ Մի դեպքում ստեղծում էր անսպասելի ներքին հանգեր.«Poor Johnny One-Note / Got in Aida / Indeed a great chance to be brave»։ Մյուս դեպքում՝ հուզիչ, միավանկ աղոթքի նման տողեր.«He dances overhead / On the ceiling near my bed / in my sight / through the night.»14։ Երբեմն էլ երկու եղանակներն էր միավորում նույն ստեղծագործության մեջ։ Այդպես է նրա «Bewitched, Bothered and Bewildered» երգում, որտեղ սկզբի հանգերը գեղեցիկ ու կատարյալ են, իսկ վերջում միտումնավոր ոլորվում ու խախտվում են. Vexed again / Perplexed again / Thank God I can be oversexed again.»։ Կամ՝ «“Romance, finis / My chance, finis / Those ants that invaded my pants, finis.»15 (Հաճելի զուգադիպություն է, որ թատերական պատմության երկու մեծագույն հանգավոր երգագիրները՝ Լորենզո դա Պոնտեն ուԼորենզ Հարթը, թեև նրանց միջև մեկ դար էր ընկած, երկուսն էլ հրեական ծագում ունեին, սիրում էին գիշերային կյանքը և կապված էին Կոլումբիայիհամալսարանի հետ․ Լորենցո դա Պոնտեն այնտեղ դասավանդում էր, իսկ Լորենց Հարթը սովորում էր այնտեղ։)

Այսպիսով, դարի կեսերին հանգի մեծ վարպետները, նույնիսկ նրանք, ովքեր նախապատվությունը տալիս էին կատարյալ հանգին, սնոբներ չէին։ Նրանք շոու աշխարհի մարդիկ էին և հավատում էին, որ հանգը կարող է ինքնուրույն կյանք ունենալ թե՛ զանգվածային ամսագրերում, թե՛ բեմում։ Լորենզ Հարթի երկրպագուներն ու Օդենի նվիրյալները, ըստ էության, խոսում էին նույն լեզվով։ Ավելին, գրեթե նույն ժամանակաշրջանում Օդենը Մարտինի կոկտեյլի՝ այդ ժամանակաշրջանի մարդկանց միավորող խմիչքի մասին գրեց հանրահայտ հայկու, իսկ ՖրանկԼուեզերը՝ հանրահայտ երկտող։ Օդենը նույնիսկ ամբողջությամբ գրել էր «Man of La Mancha» մյուզիքլի երգերի խոսքերը, մինչև այդ «կոտրված նիզակը» փոխանցվեց Ջո Դարիոնին, որն այդ ժամանակ հիմնականում հայտնի էր միայն Red Buttons-ի «The Ho Ho Song» երգի շնորհիվ։ Օդենից մինչև Դարիոն հանգը միաժամանակ և՛ «էլեգանտ» էր, և՛ ժողովրդավարական՝ միակ պաշտոնական բաճկոնը, որը բոլորն էլ կարող էին վարձել ավարտական երեկոյի համար։

Սակայն հանգաստեղծի բոլոր ընտրությունները կատարվում են այն հանգային հոսանքի ֆոնին, որը, լինի կատարյալ թե ոչ լիարժեք, անընդհատ հոսում է ժողովրդական երգերից, շնորհավորական բացիկների հանգավորված տողերից և անթիվ այլ աղբյուրներից։ Եթե Լևին Բեքերի պատմության մեջ մի բացակա օղակ կա, ապա դա, անկասկած, Motown-ի բացառիկ նրբագեղ երգերի խոսքերն են, որոնք նախորդեցին ռեփին՝ որպես սևամորթ ամերիկյան ժողովրդական լեզվի ամենաներշնչված արտահայտություններից մեկը։

Ահա, օրինակ, Smokey Robinson-ի «The Tracks of My Tears» երգի կատարյալ հանգերը, որտեղ ազդեցիկ պատկերով սկսվող տողը՝ «Լավ նայիր իմ դեմքին», բանաստեղծորեն շարունակվում է. «Although she may be cute / she’s just a substitute / cause you’re the permanent one.»16։ Նույնպիսի թեթև ու բնական վարպետություն կա նաև Ռոբինսոնի «The Tears of a Clown» երգի խոսքերում. «Don’t let my show convince you / That I’ve been happy since you . . .»17։

Կատարյալ հանգը խոսում էր այսօրվա շեղ հանգի կողմնակիցների ծնողների լեզվով՝ հուշելով, որ հանգի ձևերը սերնդեսերունդ պտտվող շրջանառության մեջ են։Ինչպես որ չափածոյի ոչ մի համակարգ չունի իրեն հատուկ քաղաքականություն, այնպես էլ դրանցից ոչ մեկը որևէ ժողովրդի մենաշնորհը չէ։ Հանգը կարող է այնքան աննկատ ու բնական լինել, որ գրեթե անտեսանելի դառնա, ինչպես Ուիլբուրի՝ Մոլիերի թարգմանություններում։ Բայց այն կարող է նաև մնալ դասական ու կատարյալ՝ միաժամանակ սիրախաղ անելով անճաշակ ոտանավորի և երգիծանքի հետ։ Օրինակ, բրիտանացի բանաստեղծուհի Ուենդի Քոուփը մի ամբողջ կյանք գրել է ինքնագիտակցված, երբեմն էլ դիտավորյալ ոչ լիարժեք հանգերով, գրեթե դիտավորյալ պարզունակ ոտանավորներ՝ մարտահրավեր նետելով, իր կարծիքով, ավագ սերնդի մռայլ տղամարդ բանաստեղծների մեծամտությանը։ Նրա պոեզիան վիրտուոզ բողոք է վիրտուոզության դեմ։ Քոուփն առաջին անգամ հայտնի դարձավ, երբ պատասխանեց Քինգսլի Ամիսի այն դժգոհությանը, թե երիտասարդ բանաստեղծները բավարար չափով հանգ չեն օգտագործում։ Նա զարմանում էր, թե ինչու Ամիսը երբեք չի կարդացել իր բանաստեղծությունները՝ ակնարկելով, որ Ամիսը պարզապես չէր «լսում» նրա հանգերը, որովհետև դրանք գրել էր կին։

Թեև Քոուփը լիովին ընդունակ է ստեղծելու փայլուն, վիրտուոզ հանգեր, նրա պոետիկայի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ երբեմն նա դիտավորյալ հանգավորում է ցցուն հանգեր, առանց հնարամտության։ Նրա գեղեցիկ «Lissadell» բանաստեղծության մեջ հանգերի պարզությունն ու կրկնությունը զարգացնում են ստեղծագործության տխուր տրամադրությունը՝ ինչպես նույն հնչյունը շարունակ կրկնող զանգի ղողանջը.

The bear, the books, the dinner bell,
An air of dignified decay.
Last year we went to Lissadell.

This year the owners had to sell—
It calls to mind a Chekhov play.
Once life was good and all was well.18

Զգացմունքի անկեղծությունն այստեղ երաշխավորվում է հենց հանգավորման սխեմայի պարզությամբ։

Նույն հնչյունով ավարտվող տողեր ստեղծելու արվեստը շարունակում է մնալ անսահման՝ թե՛ իր ձևերի բազմազանությամբ, թե՛ ազդեցությունների հարստությամբ։ Եթե ամերիկյան երգերի խոսքերում և այն քիչ թեթև չափածոյում, որ դեռ պահպանվել է, կա որևէ ընդհանուր հատկանիշ, ապա, ինչպես իրավացիորեն պնդում է Լևին Բեքերը, այն ավելի շատ բանաստեղծական է, քան քաղաքական։ Այն արմատավորված է մեր լսողությունը սրելու, լեզվի շողշողուն, զգայական մակերեսը նշանակալի դարձնելու ցանկության մեջ, եկեղեցիները ակումբների, իսկ ակումբները՝ կրկին լայնախոհ եկեղեցիների վերածելու ձգտման մեջ։ Եվ Լևին Բեքերը չի վախենում ասել, որ ռեփը այն ամենամոտ բանն է համընդհանուր լեզվին, որն այսօր ունենք։

Ոչ լիարժեք հանգ, կես հանգ, շեղ հանգ, անկանոն հանգ, ասոնանս, նույնահնչյուն կրկնություններ (identities), շեղ հանգի կողմնակիցներ և կատարյալ հանգի ջատագովներ. այս ամենը կարող է գրավել ու հմայել, և դրանցից ոչ մեկը իմաստից փախչելու ապաստարան չէ։ Գրականության և երգի խոսքի մեջ միշտ վճռորոշ է մնում դրանց հարաբերությունն աշխարհի հետ։

Մենք կարող ենք սիրել Ուենդի Քոուփի խոսքը, ինչպես սիրում ենք Լորենց Հարթիի և ՔենդրիքԼամարի ստեղծագործությունները՝ ոչ միայն այն հանգերի համար, որ նրանք բացահայտում են, այլև այն տխուր ճշմարտությունների համար, որ արտահայտում են։ Չկա այնպիսի տաղաչափական համակարգ, որը կարողանա պոեզիան ազատել կյանքի փորձության քննությունից։ Մենք սիրում ենք հանգի հավասարակշռությունն ու վերահսկվածությունը, նույնիսկ եթե այն երբեմն խախտում է մեր ներքին հավասարակշռությունը։ Բայց երաժշտությունից հետո մենք իմաստ ենք պահանջում։

«Հոգ տար իմաստի մասին, և հնչյուններն իրենք իրենց մասին կհոգան»,— ասում է դքսուհին «Ալիսը հրաշքների աշխարհում» գործի մեջ՝ փոխակերպելով բրիտանական հայտնի ասացվածքը, որը վերաբերում է փենսերին ու ֆունտերին։ Թեև սա ամբողջ ճշմարտությունը չէ, այնուամենայնիվ մեծ ճշմարտություն է, որի արձագանքը հասնում է մինչև շնորհավորական բացիկի ամենապարզ հանգավոր մաղթանքը։ Ի վերջո, մենք չենք կարող հանգը չստուգել բանականության չափանիշով։ Վարդերը կարմիր են։Մանուշակները՝ կապույտ։
Շաքարը քաղցր է։Իսկ դո՞ւ…

Թարգմանությունը եւ ծանոթագրությունները՝ Գրողուցավի

Աղբյուրը՝https://www.newyorker.com/

Ծանոթագրություններ

  1. «Դե՛, հիմա ես քեզ կտամ իմ սոնետի թեման․
    Տեսնենք՝ կկարողանա՞ս այն ավելի լավ գրել»։
    Իսկ Ալցեստը պատասխանում է.
    «Գուցե պատահմամբ ես էլ գրեմ նույնքան անճոռնի մի բան,
    Բայց գոնե այն բոլորին ցույց չեմ տա»։
    ↩︎
  2. Օգդեն Նեշը (1902-1971) ամերիկացի հայտնի բանաստեղծ-երգիծաբան է, ով առավել հայտնի է իր անթերի հումորով, անսպասելի ռիթմերով և յուրօրինակ հանգավորմամբ գրված կարճ, սրամիտ բանաստեղծություններով։ Նրա գրական ոճը բնութագրվում է աբսուրդային կամ ոչ ստանդարտ հանգերով (օրինակ՝ «կոկորդիլոս» բառի հետ միտումնավոր սխալ հանգեր ստեղծելով) և կյանքի առօրյա, հաճախ հոգնեցուցիչ կամ ծիծաղելի կողმերի դիպուկ նկարագրությամբ:
    ↩︎
  3. Լորենցո դա Պոնտե (իտալ.՝ Lorenzo Da Ponte, իսկական անունը՝ Էմանուելե Կոնելյանո, 1749-1838) իտալացի բանաստեղծ, դրամատուրգ և կաթոլիկ հոգևորական է։ Նա պատմության մեջ առավել հայտնի է որպես Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երեք գլուխգործոցների՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» (1786), «Դոն Ժուան» (1787) և «Այդպես են վարվում բոլորը» (1790) օպերաների լիբրետոների հեղինակ։ ↩︎
  4. Ուիլյամ Շվենկ Գիլբերտը (William Schwenck Gilbert) անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և լիբրետիստ է, որն առավել հայտնի է իր «Սավոյական օպերաներով» (գրված Կոմպոզիտոր Արթուր Սալիվանի հետ) ↩︎
  5. Քոուլ Փորթերը (Cole Porter, 1891–1964) ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր և երգահան է։
    Թեև նրան հաճախ անվանում են նաև երգերի բանաստեղծ, քանի որ նա գրել է իր հիթերի թե՛ երաժշտությունը և թե՛ խելամիտ ու սրամիտ բառերը, նա հիմնականում հայտնի է որպես երգերի հեղինակ, այլ ոչ թե առանձին բանաստեղծությունների ժողովածուներ հրատարակող գրող ↩︎
  6. Սթիվեն Սոնդհայմը (1930–2021) ամերիկացի լեգենդար կոմպոզիտոր և բանաստեղծ է, որը հեղափոխել է 20-րդ դարի ամերիկյան մյուզիքլը։ Նա հայտնի է իր բարդ, հոգեբանական թեմաներով, խորը տեքստերով ու նորարարական երաժշտությամբ։ ↩︎
  7. Երբ հանցագործը զբաղված չէ իր արհեստով,
    Կամ չի հասունացնում իր փոքրիկ հանցավոր ծրագրերը,
    Նրա կարողությունը անմեղ հաճույք ստանալու
    Նույնքան մեծ է, որքան ցանկացած ազնիվ մարդուինը։
    ↩︎
  8. «Ես ձեզ ճանաչում եմ, զգուշավոր, պահպանողական բանկե՛ր։
    Եթե մարդիկ անհանգստանում են իրենց վարձավճարի համար, ապա ձեր պարտքն է
    նրանց նույնիսկ մեկ
    նիկելի վարկ չտալ, այո՛, նույնիսկ այն մեկ պղնձե մետաղադրամը, որի վրա պատկերված է
    հանգուցյալ Նենսի Հենքսի հայրենասեր որդին»։ ↩︎
  9. «Մեգամրսածություն՝ բոլոր մրսածությունները վերջնականապես հաղթահարելու համար,
    Մրսածություն, որ խաչակրաց արշավ է սկսել հանուն ժողովրդավարության,
    Ստրեպտոկոկային կայսրության ֆյուրերը»։ ↩︎
  10. «Նա նույնքան հասարակ է, որքան ամառային լողը,
    Ո՛չ արտիստիկ է, ո՛չ դերասանամոլ։
    Նա ջրմուղագործի պես է, երբ քեզ հենց ջրմուղագործ է պետք։
    Նա լիովին բավարարում է»։ ↩︎
  11. Ֆիլիս ՄըքԳինլին (Phyllis McGinley, 1905–1978) 20-րդ դարի ամերիկացի հայտնի գրող և բանաստեղծուհի է։ Նա առավել հայտնի է իր հումորային ու երգիծական բանաստեղծություններով (light verse), որոնցում ջերմորեն նկարագրել է արվարձանային կյանքը, ընտանեկան առօրյան և տնային տնտեսուհու դերը։ ↩︎
  12. «Դեռ նիրհում է ծույլ մեղուն,
    Վարդի թուփը դեռ կրում է ձմեռվա պիտակը,
    Բայց առանց գլխարկի դեպի A. & P.
    Գնումների է շտապում կայարանային վագոնով»։. ↩︎
  13. Լորենց Հարթը (Lorenz Milton Hart, 1895–1943) ամերիканացի նշանավոր բանաստեղծ-երգահան և լիբրետիստ է: Նա առավել հայտնի է որպես կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի հետ հանրահայտ «Ռոջերս և Հարթ» ստեղծագործական դուետի մասնակից։ Նրանք գրել են անթիվ հիթեր Բրոդվեյի մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի համար։ «Խեղճ Ջոնի Մեկ-Նոտը
    Հայտնվեց «Աիդայում»։
    Իսկապես մեծ առիթ՝ հերոսանալու»։
    «Նա պարում է գլխավերևում,
    Իմ մահճակալի վերևի առաստաղին,
    Իմ աչքի առաջ,
    Ամբողջ գիշեր»։ ↩︎
  14. «Խեղճ Ջոնի Մեկ-Նոտը
    Հայտնվեց «Աիդայում»։
    Իսկապես մեծ առիթ՝ հերոսանալու»։
    Եվ․
    «Նա պարում է գլխավերևում,
    Իմ մահճակալի վերևի առաստաղին,
    Իմ աչքի առաջ,
    Ամբողջ գիշեր»։ ↩︎
  15. «Կրկին տանջված,
    Կրկին շփոթված,
    Փառք Աստծո, որ կրկին չափազանց կրքոտ եմ»։
    Եվ․
    «Սիրավեպը՝ վերջ,
    Իմ հնարավորությունը՝ վերջ,
    Տաբատս ներխուժած մրջյունները՝ վերջ»։ ↩︎
  16. Թեկուզ նա գեղեցիկ լինի,
    Նա ընդամենը փոխարինող է,
    Որովհետև իսկականը դու ես։
    ↩︎
  17. Թող իմ ներկայացումը քեզ չհամոզի,
    Թե քո գնալուց հետո ես երջանիկ եմ եղել… ↩︎
  18. Արջը, գրքերը, ընթրիքի զանգը,
    Արժանապատիվ քայքայման մթնոլորտը։
    Անցյալ տարի մենք Լիսադելում էինք։
    Այս տարի տերերը ստիպված եղան վաճառել այն։
    Դա հիշեցնում է Չեխովի պիես։
    Մի ժամանակ կյանքը լավ էր, ամեն ինչ՝ իր տեղում։ ↩︎

Please follow and like us: