__________
եղանակը էսօր
տեղափոխվեց ներս:
հոսող ջրի,
անսպառ թվացող,
ռեսուրս ներսում:
սա անձրևի մասին ա:
ու ծարավ գայլերը
դռանս մոտ են:
չեմ ուզում ասեմ՝
ում մասին ա:
համենայն դեպս՝
ծարավ ու դռանս մոտ:
իրանք չգիտեն, որ…
խեղճ ու ծարավ՝ չգիտեն,
որ ես՝ հուր-գազանի հետ,
ընդ որում, ժպտալով:
դու դե գիտես:
ասում եմ էսօր,
գիտե՞ս, եղանակը՝
դանդաղ, ալարկոտ, ծորուն:
քամում ա
գարնան սպասումը:
__________
ինչի՞ մասին ա
տանիքների ձյան հալվելը,
եղանակի՝ ջերմ,
բողբոջել-ծաղկել-ծնելուն
պատրաստ,
ըստ ջերմաչափի բարձր՝
առանց իջեցնելու ցուցումի
լինելը:
հիշու՞մ ես,
հարցրեցի
ինձ հիշելու հաճախականության մասին
ու տարբերակներ էի թվարկում:
քիչ ես ասում, քիչ ես ասում
քիչ ես ասում,
չէ, արդեն շատ եղավ. ասեցիր:
նման բաների մասին խոսելը
օտար լեզվով հեշտ ա,
հայերենով՝ սեպագրելու պես.
բարդ ֆիզիկական-մտավոր աշխատանք:
էդ պատճառով
սեպագրում եմ
էն անտեսանելի քարի վրա,
որ երկուսով գցեցինք օդ
ու կախված մնացել ա,
ընդամենը մի բառ՝ երեք անգամ.
լավ
լավ
լավ
__________
վարակված Փյունիկից,
Ռուզիկից՝ ավելի,
բլբուլ եմ կտրել.
ամենանեղ տեղից են խոսում:
երանի հասկանայիր,
սիրուն ջան:
գիտեի՞ր՝
քեզ սիրուն ջան եմ ասում.
գերված ու տիրաբար՝
միաժամանակ:
էն քո գտած տեղը
նեղ էր էնքան, որ
պետք ա բացվեր,
էնքան լայն, որ
ի՞նչ բառերով ասեմ:
երգում ա.
չմոռանաս իմ մասին:
ռիթմիկ ձևով հիշեցում.
չմոռանաս իմ մասին:
էս տարի էլ՝
գարուն:
__________
մշակել, վարել-վարել-վարել,
փորել-փորփրել,
տակնուվրա անել
հողը:
շրջադարձը վերադարձը անդարձը՝
անցուդարձը հասկանալ
հողամշակի պես
իմաստուն:
ինչ շարժ ա ներսում,
դեպի դեպի դուրս,
հեսա-հեսա կասեմ
սերմ:
ներս ու դուրս:
էս սիրուց անասնացած
գետինը մտնել.
շնչի:
__________
գարնան եզրին
ուրիշ տեղ եմ նայում.
բերնեբերան լցված ա:
լեզուների ձայներ են
ու ես էլ եմ հասնում:
քանի՞ գույն ունես.
սև սպիտակ մոխրագույն,
պետք ա որ
շուտ վազեի դեպի տուն,
իսկ ես հասնում եմ դեպի դուրս,
որովհետև
տունս լցվել ա:
բան եմ ուզում ասեմ.
տաք շորերը պահելու,
թեթևները
հանել-դասավորելու
ժամանակն ա:
__________
ասում են, որ
բռունցքի չափ ես.
իսկ դու որոշել ես՝
չափ չունես:
ո՞նց սահմանեմ՝
բացվող փակվող ձեռքը.
ո՞նց են չափում:
քանի՞ բաժակ ավտո մարդ փողոց ծառ կատու երամ ջրափոս
ու էլի բառեր ես
տեղավորում:
կենսակարևոր օրգան,
նշանակող բառ,
մղող համակարգ.
սիրտ:
կանչող ու վերցնող,
ուզող՝ ամենաուզող,
մղող՝ ամենամղող,
հատակս տատանող
բռունցքիս չափ մկան.
բոլոր բառերը ու չբառերը
մեջը տեղավորող:
բաց ու միամիտ՝
գարնան վերջի
անկոչ փոթորիկն էլ
տեղավորում ես:
ինչ ուժեղ հարվածով ես
ներսից բացվում
ամեն հանդիպումից:
__________
հասա [ամառ]
գիշերվա կեսին՝
այրում խորաթափանց:
ճառագայթներ ուղղած
ամենանուրբ ու խորը մասերին.
շերտավոր մտածված,
հաշվարկով չափազանց,
համբերող տաքացումով՝
ի՞նչ արև.
անողորմ ու բաց,
ուղղահայաց ձիգ,
էլի անողորմ,
սիրուն զգլխիչ,
էլի լավ բառեր՝
ամենալավ բառեր,
ուզող-բերող՝
տեքստի մարմին:
