լիզա լաքս/Երբ ձեզանից խլեն ամեն ինչ, ձեզ պետք կլինի պոեզիան 

Պապիկս մահացել է նախքան ես կլսեի նրա ձայնը: Ասում են, որ նա ամբողջ կյանքում մինչև վերջին շունչը բանաստեղծություններ էր արտասանում։ Նա իր երեխաների համար բանաստեղծություններն անգիր հիշելու մրցույթներ էր անցկացնում: Նրա վերջին խոսքերը, որոնք արտաբերվել էին Դամասկոսը շրջապատող լեռների անմիջապես հետևում, ինչ-որ բանաստեղծությունից էին, որն ինձ դեռ չեն ասել:

Տարիներ անց, երբ ոստիկանական խցում փակված էի ինչ-որ տեղ գիշերվա և ցերեկվա արանքում, դժվարանում էի հիշել որևէ բանաստեղծության որևէ տուն, որը թանկ էի համարում։ «Ի՞նչ տեսակի բանաստեղծն իր հետ բառեր չի կրում՝ ավելի մոտ, քան իր հագուստը»,- գրում է Ֆիլիպ Մետրեսը1՝ հիշելով, թե ինչպես էր Բելֆաստի քաղաքապետը իրեն խնդրել բանաստեղծություն արտասանել։ Երբ ձեզանից խլեն ամեն ինչ, ձեզ պետք կլինի պոեզիան:

Այնպես չէ, թե ես միշտ չեմ կարողացել պոեզիա հիշել: Մինչև 2020 թվականի ապոկալիպսիսը (Բեյրութի պայթյունը համաշխարհային համավարակի ժամանակ) ես բեմում արտասանում էի իմ սեփական բանաստեղծությունները և ուրիշների պոեզիան՝ ժառանգաբար լինելով hakawati2-ոտ: Երկարատև Քովիդը բազմաթիվ փոքր ձևերով ներխուժեց իմ մարմին, բայց ոչինչ ինձ այնքան չի խեղճացնում, որքան այն, ինչ նա խլեց իմ գործունեությունից: Հիշողության կորուստը ջնջումն է, որը մենք չափում ենք մոռացության պարզ զանգվածով։ Բայց դա բավարար չէ։ Այն նաև ջնջում է անչափելին. ով եմ ես՝ ժառանգորդ, որը կրում է պոեզիան մարմնի, արյան, ձեռքի ժեստերի և բացակայող մտքի մեջ։

Վերջերս հրատարակված «Բանաստեղծություններ Պաղեստինի համար» գրքույկի նախաբանում ասվում է. «[բանաստեղծությունները] թրթռում են մեր միջև, շարժվում լեզուների միջև և կապում հիշողությունը հիշողության հետ»։ Աննախադեպ այս ժամանակներում, ուղիղ հեռարձակվող ցեղասպանության ժամանակներում իմ բնազդը հուշում էր, որ պոեզիան տեղին չէ։ Բայց պաղեստինցիները մեզ այլ բան են ասել։ Ռեֆաատ Ալարիրի բառերն արձագանքում են մեր մարմինների և որմնանկարների, արթուն մոմավառությունների և հուշարձանների միջև՝ կապելով կոլեկտիվը հիշատակի և խոստման երգով։ «Թե ես պիտի մեռնեմ»-ը տարածվում է աշխարհով մեկ՝ մի դագաղակրից մյուսը. սա առաջին անգամն է, որ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ զանգվածաբար պոեզիան կրում այդպիսի անկեղծությամբ։

Բանաստեղծություններն անգիր սովորելը դարձել է նշաձող, որով ես չափում եմ անսասանությունը: Երբ Վոլե Սոյինկային3 1967-1969 թվականներին 22 ամիս պահեցին մենախցում, ինչպես նա էր ասում` «բանջարանման գոյության մեջ», նրան զրկել էին գրել-կարդալու պարագաներից: Այնուամենայնիվ, ազատ արձակվելուց հետո նա հրատարակեց բանտարկության ժամանակ իր հոգեկան աշխարհում գրված բանաստեղծությունների մի հատոր՝ բանաստեղծություններ, որոնք նա բրածոյացրել էր այն անսասան հավատով, որ կգա մի ժամանակ, երբ նա կկարողանա պատմել դրանք: «Իլիկը դամբարանում» ժողովածուում Սոյինկան, իր խոսքերով, «քարտեզագրում է մտքի կողմից տրորված ուղին»:

Դա ավելին է, քան անգիր անելը: Դա նվիրված ուշադրություն է: Դա Մուստաֆա Խալիֆան է, որը տասը տարի անարդարացիորեն բանտարկված լինելով Ասադի ռեժիմի կողմից` ամեն օր մտքում մեկ տող գրում էր և անընդհատ կրկնում անյ, հաջորդ օրը ավելացնում ևս մեկ տող և կրկին արտասանում, ապա հաջորդ օրը, և հաջորդ օրը: Յուրաքանչյուր անցնող շաբաթ, և երբ դրանք գլորվում էին դառնում տարի, նա ավելի շատ բեկորներ էր հավաքում իր կառուցած պատմության մեջ: Երբ նա ազատ արձակվեց, գրի առավ այն ամենը, ինչ հոգատարությամբ արարել էր միայնության մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես այն պահվել էր իր հիշողության մեջ: Դա հրատարակվեց որպես «Խեցին» վերնագրով վեպ։

Իմ և այստեղ հիշատակվողների միջև կա տարբերություն։ Ես չեմ հայտնվել Սոյինկայի կամ Խալիֆայի իրավիճակում (ալհամդուլիլլահ4): Այնուամենայնիվ, ես խորապես գիտակցում եմ, որ մեզնից ոչ մեկը ապահովագրված չէ նման փորձառությունից։ Որպես Մեծ Բրիտանիայի պաղեստինամետ, հակաիմպերիալիստական ​​​​մարտնչող խմբի անդամի` բրիտանական հետախուզութունը հետևում է իմ անցուդարձին, և ես հաճախ արթնանալուն պես իմանում եմ գիշերը ձերբակալված ընկերների մասին լուրերը: Նրանցից մեկը, որն այժմ դատավճռի առջև է կանգնած, ասում է, թե հիմա նախընտրում է ջուր խմել և բանաստեղծություններ կարդալ` «բանտարկության զրկանքներին  ինքն իրեն պատրաստելու համար»։

«1936-1939 թվականների հեղափոխությունը Պաղեստինում» գրքում, որը թարգմանել է Հազեմ Ջամջումը, Ղասան Կանաֆանին գրում է, որ 1930-ականներին «ժողովրդական պոեզիան ուներ այն ուժը, որը մենք այժմ կապում ենք զանգվածային լրատվամիջոցների հետ»։ Քաղաքական զաջալը` երգվող բանաստեղծությունները, ամփոփում էր բանվոր դասակարգի և գյուղացիների հույսերն ու անհանգստությունները։ Պայքարն արտացոլվում էր ոչ թե գրքերի, այլ թափառող բանաստեղծությունների միջոցով. մի ընդհանուր լեզվի ռիթմ, մի կոլեկտիվ գիտակցություն: Երբ ես այցելում եմ Լիբանանում գտնվող հորեղբորս, նա լռեցնում է հեռուստացույցի ձայնը՝ 50 տարի առաջ գրած իր բանաստեղծությունը արտասանելու համար։ Նա կանգ է առնում անտառում՝ հիշելու մեկ այլ բանաստեղծություն՝ Քիթսի, Քաբանիի։ Նրա մարմինը բանաստեղծական արխիվ է։ Մեջս պահված այդ բանաստեղծություններով ճանապարհորդելը հեղափոխական գաղափարների և ժառանգության արտահանման գործողություն է։ Երբ երեխան սովորում է կրկներգեր իր ծնողներից, տատիկներից և պապիկներից, մորաքույրերից և հորեղբայրներից, դա տարածքի բեկորները սահմանների ու ժամանակի միջով տանելու մի ձև է։

Քո մեջ բանաստեղծության հանգրվանելը ծառայում է որպես առօրյայի կողմնացույց։ Անհավատները զրկված են պայքարի այդ ուղեկցից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայում ժամանակակից մրցանակակիր պոեզիան հաճախ գրում է հիշողության դեմ։ Ոչ միտումնավոր, ոչ, այլ որովհետև ժողովրդականություն վայելող ոճաբանությունը ընթերցողին կամ լսողին հիշողության անհերքելի ուղի չի առաջարկում: Նրանք գրողներ են, որոնք հետևում են Լեզվի բանաստեղծների տոհմին, որոնց աշխատանքը իսկապես հուզում է ինձ, բայց որոնց ես հազվադեպ եմ դիմում ճգնաժամի պահին։ Ի՞նչ այլ բան կարող ենք ակնկալել արևմտյան գրողների այն դարաշրջանից, որոնց պետք չի եկել հիշողության անսասանությանը։

Մահմուդ Դարվիշի5 «Հիշողություն մոռացության համար»-ի սուրճ պատրաստելու մասին հատվածները միտքս են գալիս ամեն անգամ, երբ ռաքվեով6 սուրճս եմ պատրաստում և դիտում, թե ինչպես են պղպջակները բարձրանում վառարանի կապույտ բոցի վրա։ Դա պոեզիա է, որը կարելի է հիշել օրվա թվացյալ հասարակ պահերին՝ ակտիվացնելով դրանք որպես հավերժական հնարավորություններ՝ վերակողմնորոշվելու սեփական արժեքների շուրջ։ Ես սուրճս պատրաստում եմ և մտածում սումուդի7 մասին, իմ ծեսը համարում եմ զգայունակ (կենդանի հարաբերություն իմ և քահվայի8 միջև) և վաղորդայնիս մեջ ասեղնագործում եմ անհրաժեշտ երախտագիտությունը, որ գլխավերևումս հրթիռներ չեն թռչում, մինչ սպասում եմ, որ բաժակս սառչի (թող պաշտպանված լինեն հրթիռների տակ գտնվողները)։

Ահմեդ Ֆուադ Նեգմի9 բառերը Եգիպտոսում ապստամբությունների ներբողներն էին։ Երգվելով` բանաստեղծության բառերը դառնում էին համընդհանուր՝ հաղթահարելով գրագիտության դասակարգային ասոցիացիաները։ Նեգմը իր բանաստեղծությունները բանտից դուրս էր ուղարկում ծխախոտի թղթերի վրա՝ նարինջների մեջ խցկած: Կարճ խոսակցական լեզվով կրկներգերը այնուհետև անգիր էին սովորում Շեյխ Իմամի կողմից մշակված երաժշտության շնորհիվ, իսկ դրանից հետո գրավոր ապացույցները կարելի էր ոչնչացնել: Այն լուսավորում էր հիշողությունը՝ որպես գրաքննության դեմ հեղափոխական գործիք։

Վերջերս Nejma Collective-ը մեկտեղեց բանաստեղծների և գիտնականների մի խումբ՝ Դալսթոնի Համերաշխության Սրճարանի լեփ-լեցուն դահլիճում ոստիկանական գործունեության և Պաղեստինին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալու համար: Ես սովորել էի վերջերս գրած նոր բանաստեղծություն, փորձել էի անգիր հիշել: Դա Ահմադ Ֆուադ Նեգմի մասին բանաստեղծություն էր: Չորս տարվա ընթացքում սա ընդամենը երկրորդ անգամն էր, որ հավատում էի, թե կարող եմ կրկին արտասանել իմ սեփական տողերը: Ես մարզվել էի՝ այն երգի պես երգելով քթիս տակ՝ ավտոբուսում, անկողնում: Երբ խոսափողը ձեռքս էր, սայթաքեցի: Ընդամենը երեք տող հետո: Կորցրի մտքիս թելը: Դա հիասթափեցնող էր, բայց նույնը չէր, ինչ այն ժամանակ, երբ Լեսթեր քաղաքում Իսրայելի բանակին ռազմական տեխնոլոգիաներ մատակարարող անօդաչու թռչող սարքերի UAV Tactical Systems ընկերության պաշարման սկզբում  բողոքի ակցիայի ժամանակ խոսափողը պատրաստ պահեցի բանաստեղծություն արտասանելու համար, և այն ընկավ իմ շնչի թևերից: Դա ավելի քան հիասթափեցնող թվաց, թվաց անպատշաճ: 

Ես շարունակում եմ փորձել, քանի որ երբ անգիր եմ սովորում այն, ինչ ուզում եմ նվիրաբերել աշխարհին, դա այլևս միայն իմ մտքից չէ, որ գալիս է, այլ մարմնիցս։ Հանդիսատեսի համար անգիր սովորելը  հավատքի և նվիրվածության մեջ պարզորոշության հետևողական հետապնդում է։ Այն բեմում կանգնած հեղինակի պատկերից հեռացնում է գիրքը։ Դա գաղափարների գերակայությունն է նյութի նկատմամբ։ Գիտակցության և վերհուշի կիրառումը հավատարմության ակտ է  համայնքային հիշողությանը. այն ապագաղութատիրական շեղբը, որը մենք պետք է սրենք կոլեկտիվ ամնեզիայի բթացնող ուժի դեմ՝ մի ուժ, որի մասին մեզ հստակ հիշեցրեց այս ամսվա սկզբին Ռիշի Սունակի10 «ծայրահեղականության» դեմ ելույթը։ Նա հայտարարեց. «Բրիտանիան հայրենասիրական, լիբերալ, ժողովրդավարական հասարակություն է՝ հպարտ անցյալով և պայծառ ապագայով։ Մենք ողջամիտ երկիր ենք և պարկեշտ ժողովուրդ։ Մեր պատմությունը առաջընթացի, մեծ նվաճումների և կայուն արժեքների պատմություն է»։ Ուրիշների պոեզիան սեփական սրտին հանձնելը և դրա դիմաց այնպիսի բանաստեղծություններ գրելը, որոնք միգուցե հիշվեն, փոքր աշխատանք է նման բռնի ջնջմանը դիմադրելու համար՝ հանուն անսասան, ժողովրդի ուժով տոգորված գալիքի:

Մի բան, որ սովորել եմ լինելով արաբ նեոկապիտալիստական-գաղութային աշխարհում, որտեղ ապակայունացված քաղաքական տնտեսությունները և պատերազմի նկատմամբ խոցելիությունը դարձել են նորմա, այն է, որ միշտ ունենամ առաջին անհրաժեշտ պարագաներով պայուսակ և մի քանի անգիր արված բանաստեղծություններ հիշողությանս մեջ: Սիոնիզմը պատերազմ է մղում Լիբանանի դեմ՝ Ղազայի դեմ իր ցեղասպանությանը զուգահեռ: Իմ ժողովուրդը շարունակում է սուրճ պատրաստել կործանիչների և անօդաչու թռչող սարքերի տակ, մինչ լսում ենք ամբողջ երկրում ընթացող զանգվածային հուղարկավորությունների մասին: Ժամանակների լարվածությունը պահանջում է գործողություններ, դիմադրություն և կենտրոնացում: Երբ Բելֆաստի քաղաքապետը խնդրեց Մետրեսին արտասանել մի բանաստեղծություն, նա պատասխանեց Շեյմուս Հինիի11 այս տողերով, որոնք այժմ դարձել են համայնքային.

Պատմությունն ասում է՝ հույս մի ունեցիր
Գերեզմանի այս կողմում, 
Բայց դե, կյանքում մեկ անգամ
Մակընթացության ալիքն արդարության,
Որին վաղուց էինք տենչում, 
Մեկ էլ տեսար բարձրանա, 
Եվ հույսն ու պատմությունը հանգավորվեն:

Եթե այլ բան չկա, պատրաստվեք արդարությանը. բանաստեղծություններ անգիր սովորելը պահանջում է կենտրոնացում, որը զարգացնելը երբեք վատ չէ մի աշխարհում, որին բնորոշ է ուշադրութան շեղումը` հեղափոխության թշնամին: Այն ենթադրում է նաև անհատի տարրալուծում միասնության ալիքի մեջ: Գուցե ես կոչված եմ ապակենտրոնացնել ինքս ինձ` փոխարենը հրավիրելով բանաստեղծությանը օգտագործելու ինձ: Օգտագործել իմ շունչը, մնալ ավելի մոտ, քան հագուստս։ Մինչև նրա վերջին արտաշունչը, ինչպես պապիկս, ես այս նվիրվածությունն եմ մատուցում նրան, ինչը ո՛չ կարող է կողպվել, ո՛չ էլ մաշվել՝ կենդանի բանաստեղծությանը։

Թարգմանությունը՝ Մերի Պողոսյանի

Լիզա Լաքսի կենսագրությանն ու բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://groghutsav.am/2025/12/14/lisa-luxx-inchpes-sirel-banasteghtsuhu/

Աղբյուրը` https://pentransmissions.com/2024/03/26/when-you-are-stripped-of-all-else-you-will-need-poetry/

  1. Ամերիկացի գրող և բանաստեղծ ↩︎
  2.  حكواتي` արաբական աշխարհի ավանդական պատմասաց (ծ.թ.) ↩︎
  3. Նիգերիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծ.թ) ↩︎
  4. (արաբերեն) Փառք Աստծո (ծ.թ) ↩︎
  5. Պաղեստինցի ականավոր բանաստեղծ և գրող (ծ.թ.) ↩︎
  6. Արաբական սրճեփ, ջազվե (ծ.թ.) ↩︎
  7. صمود` դիմադրություն, դիմակայունություն – Պաղեստինյան պայքարի գաղափարախոսության մեջ օգտագործվող հասկացություն (ծ.թ.) ↩︎
  8.  (արաբերեն) սուրճ (ծ.թ.) ↩︎
  9. Նշանավոր Եգիպտացի բանաստեղծ ↩︎
  10.  Միացյալ Թագավորության վարչապետը 2022-2024թթ.. (ծ.թ.) ↩︎
  11. Իռլանդացի բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծ.թ.) ↩︎

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *