Առաջին ֆանտաստն ու քննադատը․ Մերի Շելլի

Անգլիացի նշանավոր գրող Մերի Շելլին առավելապես հայտնի է իր նորարարական «Ֆրանկենշտեյն» վեպով, որը համարվում է գիտաֆանտաստիկայի հիմնադիր գործերից մեկը, հավանաբար՝ ամենանշանավորը։ Նա ծնվել է 1797 թվականին՝ ֆեմինիստ գրող, փիլիփոսփա Մերի Ուոլսթոնքրաֆթի և փիլիսոփա ու վիպագիր Ուիլյամ Գոդվինի ընտանիքում։ Ծննդաբերելուց տասն օրանց նրա մայրը մահացել է, ինչը մեծ ազդեցություն է թողել Մերիի մանկության վրա։ Մեծանալով ինտելեկտուալ միջավայրում՝ նա տարվել է ծնողների քաղաքական ու գրական գաղափարներով և ներգրավվել ժամանակի ամենաստեղծագործ ու առաջադեմ միջավայրի մեջ։ Տասնվեց տարեկանում նա փախել է այդ ժամանակ արդեն ամուսնացած և երկու երեխա ունեցող բանաստեղծ Պերսի Շելլիի հետ՝ սկսելով բարդ հարաբերություններ, որոնք զուգակցում էին ստեղծագործական համագործակցությունն ու անձնական դժվարությունները։ Պերսի Շելլիի մահից հետո նա սկսել է վերջինիս ստեղծագործության ակտիվ հանրահռչակումը՝ մեծապես նպաստելով նրա հետմահու փառքին։

Հանրահայտ «Ֆրանկենշտեյնի» հեղինակ Մերի Շելլիի և նրա ամուսնու՝ ռոմանտիկ բանաստեղծ և անգլիական գրականության կարևոր դեմք Պերսի Շելիի կյանքը իրադարձություններով հարուստ էր և ողբերգական։ Որոշ գրողներ ամբողջությամբ ապրում են երևակայության մեջ, և նրանց անձնական կյանքը համեմատաբար հանգիստ ու աննկատ է իրենց ստեղծագործությունների կողքին։ Բայց Շելլիների դեպքում այդպես չէ։ Նրանք ծնվել են տասնութերորդ դարի վերջում՝ Ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես հետո, որը ոգեշնչել էր և սարսափեցրել նախորդ սերնդին։ Թեպետ նրանց մանկության վայրերը միմյանցից ընդամենը մոտ երեսուն մղոն էին հեռու, նրանց աշխարհները բոլորովին տարբեր էին։

Պերսի Բիշ Շելլին ծնվել էր բոլոր այն արտոնություններով, որոնք նախատեսված էին մի կյանքի համար, որը նա ինքն էլ չէր ցանկանում։ Նրա ընտանիքը հողատեր արիստոկրատակրատական էր․ պապը բարոնետ էր, հայրը՝ խորհրդարանի անդամ։ Մանկության տարիներին նրան տվել էին նույնիսկ ոսկե խաղալիք։ Նա մեծացել էր թանկարժեք մասնավոր ուսուցիչների խնամքի տակ, ապա սովորել էր Էթոն քոլեջում և հետո՝ Օքսֆորդի համալսարանում։ Նրա ընտանիքի կյանքը գավառական էր ու արտոնյալ, սակայն որոշ առումով՝ զուրկ երևակայությունից և համարձակությունից։

Մինչդեռ այն ընտանիքը, որտեղ ծնվել էր Մերին, լիովին հակադիր պատկեր էր։ Նախ պետք է հասկանալ, թե ովքեր էին նրա ծնողները։ Նրա մայրը՝ Մերի Ուոլսթոնքրաֆթը, որը մահացել էր Մերիի ծնվելուց տասն օր հետո, գրող ու փիլիսոփա էր, հավատում էր ամուսնությունից զերծ սիրուն, կանանց իրավունքներին և կրթությանը։ Նրա հայրը՝ Ուիլյամ Գոդինը, նույնպես փիլիսոփա և վիպագիր էր, որի գաղափարները ոգեշնչել էին երկրի կեսին և սարսափեցրել մյուս կեսին։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո աճող պահպանողականության պայմաններում Գոդվինի հեղինակությունը նվազեց, և ընտանիքը մշտապես ֆինանսական դժվարությունների մեջ էր։

Մոր մահից հետո Գոդվինը միայնակ մեծացրեց Մերիին և նրա մոր՝ նախկին ամուսնուց ունեցած դստերը՝ Ֆանիին։ Մի քանի տարի անց նա որոշեց ամուսնանալ՝ մեկնաբանելով, որ ն զորու չէ աղջիկներին միայնակ խնամել։Նոր ամուսնությունցնոր երեխաներ ծնվեցին։ Մերին մեծացել է բազմամարդ ընտանիքում՝ կիսով չափ հարազատ քույրերի ու խորթ եղբայրների հետ միասին, որոնք բոլորը մասնակցում էին ընտանեկան գրախանութի և տպարանի աշխատանքներին, որոնք Գոդվինը հիմնել էր իր երկրորդ կնոջ հետ։ Մանկության տարիներին Մերին գրում էր բանաստեղծություններ այդ հրատարակությունների համար և քույրերի հետ հերթապահում էր խանութում։ Եթե տղաները դպրոց էին գնում, ապա աղջիկները հիմնականում կրթվում էին տանը, ինչը, հնարավոր է, նույնիսկ ավելի շահեկան էր։

Մանուկ հասակից Մերին շփվում էր հոր ինտելեկտուալ շրջապատի հետ, որի մեջ էին Սեմյուել Թեյլոր Քոլրիջը և Չարլզ Լեմբը։ Մերին հետագայում պատմում էր, թե ինչպես էր մանկության տարիներին բազմոցի հետևում թաքնվում՝ լսելու Սեմյուել Թեյլոր Քոլրիջին, երբ նա արտասանում էր «Ծեր ծովագնացը» պոեմը, մինչդեռ ինքը պետք է արդեն քնած լիներ։ Պատանեկան տարիքում նա խորապես հետաքրքրվել է մոր ստեղծագործություններով, որոնք հաճախ կարդում էր նրա գերեզմանի մոտ։ Նա նաև յուրացրել է հոր գաղափարներն ու հիշողությունները՝ վաղ հասակից գիտակցելով հասարակության վերաբերմունքը արմատական հայացքների նկատմամբ։ Գոդվինների տունը մշտապես հյուրընկալում էր ժամանակի մտավորականներին և գրական գործիչներին։

Պերսի Շելլին մեծ ցանկություն ուներ ներթափանցելու այն աշխարհը, որտեղ Մերին ծնվել էր, և նրանք հանդիպեցին այն պատճառով, որ նա նամակ էր գրել Մերիի հորը՝ ոգեշնչված նրա գործերից, ներկայացնելով իրեն որպես աշակերտ և հետևորդ։ Գոդվինը, իհարկե, շոյված էր և հաճույքով խորհրդատվություն էր տալիս երիտասարդ գրողին, բայց, եթե գործնական լինենք, նա նաև գիտակցում էր, որ Շելլին պետք է ժառանգեր զգալի կարողություն, և հարուստ հովանավորը կարող էր թեթևացնել արվեստասեր, բայց աղքատ ընտանիքի կյանքը։ Ցավոք Գոդվինի այդ հույսերը չարդարացան․ Պերսին արդեն վատ հարաբերությունների մեջ էր իր հոր հետ, որը դժգոհ էր նրա սկանդալային հրապարակումներից և երիտասարդ Հարիեթ Ուեսթբրուքի հետ փախուստից։ Սա էլ բերում է մեզ Շելլիների պատմության ամենամեծ հակասությանը։ Երբ Պերսին և Մերին հանդիպեցին, Մերին տասնվեց տարեկան էր, իսկ նա՝ քսանմեկ, արդեն ամուսնացած և մեկ երեխայի հայր, երկրորդն էլ՝ ճանապարհին։ Թվում է, թե երեք տարվա ամուսնությունից հետո թե՛ Պերսին, թե՛ Հարիեթը հասկացել էին, որ շտապել էին և գուցե սխալվել։ Հարիեթը պատրաստ էր համակերպվել այդ սխալի հետ, մինչդեռ Պերսին, Գոդվինի փիլիսոփայության ազդեցությամբ, կարծում էր, որ ամուսնությունը մի տեսակ ստրկություն է և չպետք է կապի մարդկանց, երբ սերը մարում է։ Նրանք ավելի ու ավելի քիչ ժամանակ էին անցկացնում միասին, իսկ Պերսին ավելի հաճախ էր լինում Լոնդոնում՝ Գոդվինների տանիքի տակ։

Մերին և Պերսին իրենց սերը խոստովանեցին Մերիի մոր գերեզմանի մոտ, ապա այդ լուրը հայտնեցին նրա հորը և Հարիեթին, որոնք սարսափեցին։ Գոդվինը արգելեց Շելլիին երբևէ տեսնել Մերիին, իսկ Հարիեթը եկավ Գոդվինների տուն և խնդրեց Մերիին դադարեցնել այդ հարաբերությունը։ Երբ մի քանի տարի անց Հարիեթը ինքնասպան եղավ, Մերին ծանր մեղքի զգացումով էր ապրում և հետագայում իր տառապանքների մասին գրում էր՝ որպես այդ մեղքի քավություն։ Կարծում եմ՝ նրանք անկեղծորեն սպասում էին, որ շրջապատողները կհասկանան իրենց սերը և կընդունեն, որ անհնար է բաժանել այդքան ուժեղ զգացմունքներով կապված երկու մարդկանց։ Դա սիրո մի իդեալիստական պատկերացում էր, որը ոչ ոք չէր կիսում, թերևս բացի միայն Մերիի խորթ քրոջից՝ Քլերից։ Եթե Քլերը չլիներ՝ փայլուն, ռոմանտիկ, խիզախ մի երիտասարդ կին, որը հետագայում երեխա ունեցավ լորդ Բայրոնից, ապա այս սիրո պատմությունը գուցե հենց այդտեղ էլ ավարտվեր։ Քանի որ Փերսիին արգելված էր այցելել տուն, իսկ Մերին գտնվում էր խիստ վերահսկողության տակ, նրանք հնարավորություն չունեին հանդիպելու։ Բայց Քլերը ավելի ազատ էր և ստանձնեց միջնորդի դերը։ Մի գիշեր՝ լուսաբացից քիչ առաջ, Մերին և Քլերը հավաքեցին իրենց իրերը, գաղտագողի դուրս եկան տնից, հանդիպեցին Փերսիին և փախան Եվրոպա։

Երկու ընտանիքների արձագանքը հետեւեց իրադարձությանն անմիջապես։ Շելլիների ընտանիքը հրաժարվեց իրենց անհնազանդ որդուց, իսկ Գոդվինները դադարեցին խոսել Մերիի հետ։ Դա նշանակում էր, որ զույգը շատ արագ մնաց առանց փողի և ստիպված վերադարձավ Անգլիա, որտեղ մերժված էին իրենց ընտանիքներից (ինչը հատկապես ծանր հարված էր Մերիի համար, որը ընդամենը տասնվեց տարեկան էր և պաշտում էր իր հորը) և ստիպված էին թաքնվել պարտատերերից։ Փերսիի կյանքի մնացած ժամանակահատվածում նրանք հիմնականում ապրում էին պարտքով՝ ապագա ժառանգության ակնկալիքի հաշվին, ինչը վտանգավոր վիճակ էր. երբ Պերսի Շելլին մահացավ հորից առաջ, Մերի Շելլին մնաց առանց միջոցների և ստիպված եղավ վերադարձնել նրա պարտքերը։ Նրանց համատեղ կյանքը լի էր վեհ վերելքներով և ողբերգական անկումներով․ նրանք երբեք երկար չէին մնում մեկ վայրում, մշտապես որոնման մեջ էին և անընդհատ գրում էին իրենց իդեալների, հույսերի և զղջումների մասին։

Մերին և Պերսին միասին էին գրեթե ութ տարի, սակայն ամուսնացան միայն 1816 թվականին՝ Պերսիի առաջին կնոջ մահից հետո։ Նույն թվականին Մերին սկսեց գրել «Ֆրանկենշտեյն»-ը, որը ավարտեց 1817-ին։ 1818 թվականին, խուսափելով հասարակական ճնշումից, նրանք տեղափոխվեցին Իտալիա։ Այդ տարիներին Մերին սովորում էր լեզուներ, մասնակցում թարգմանությունների և ստեղծեց մի շարք գործեր, այդ թվում՝ «Մատիլդա»-ն և «Վալպերգա»-ն։ Նա նաև գրել է «Պրոզերպինա» և «Միդաս» դիցաբանական դրամաները։ Նրանց ամուսնությունը, սակայն, լի էր դժվարություններով՝ ֆինանսական խնդիրներ, երեխաների կորուստ և անձնական լարվածություն։ 1822 թվականին Պերսի Շելլին խորտակվեց ծովում՝ թողնելով Մերիին այրի 24 տարեկանում՝ փոքր որդու հետ։

Նրա մահից հետո Մերին վերադարձավ Անգլիա և ամբողջովին նվիրվեց գրական գործունեությանը՝ ապահովելու համար իր և ընտանիքի գոյությունը։ Նա ստեղծեց մեծածավալ ժառանգություն՝ վեպեր, պատմվածքներ, ակնարկներ, կենսագրություններ և քննադատություն։ Նա նաև խմբագրեց և նախաբաններ գրեց Պերսի Շելլիի գործերի համար՝ ձևավորելով նրա հետմահու հեղինակությունը։ Նրա կարևորագույն վեպերից են «Ֆրանկենշտեյն»-ը (1818), «Վերջին մարդը» (1826) և «Վալպերգա»-ն։ «Ֆրանկենշտեյն»-ը, որը նա գրել է 21 տարեկանում, մինչ օրս մնում է նրա ամենաազդեցիկ գործը՝ ուսումնասիրելով ոչ միայն գիտական հավակնությունները, այլ նաև մենակությունն ու մարդու ինքնության ձևավորումը։

Մերի Շելլիի գրական գործունեությունը ընդգրկում է մի քանի ժանրեր․ նա գրել է վեպեր, պատմվածքներ, ուղեգրություններ, կենսագրություններ և գրական քննադատություն։ Նրա ստեղծագործություններում հաճախ ուսումնասիրվում են մեկուսացման, մարդկային գոյության և գիտական առաջընթացի հետևանքների թեմաները։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ներառյալ ֆինանսական խնդիրներն ու անձնական կորուստները, այդ թվում՝ ամուսնու մահը 1822 թվականին, նա շարունակել է ակտիվորեն ստեղծագործել՝ հաստատվելով որպես գրականության պատմության կարևոր դեմք։ Նրա ներդրումը չի սահմանափակվում «Ֆրանկենշտեյն»-ով․ նա ազդեցություն է ունեցել գրական քննադատության զարգացման և 19-րդ դարի գրական ճաշակի ձևավորման վրա։ Նա իրավամբ համարվում է գիտաֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը, բայց նաեւ առաջին պրոֆեսիոնալ քննադատներից է, որը նպաստել է 19-րդ դարի գրական ճաշակի ձևավորմանը։

Իր ողջ կյանքի ընթացքում նա գիտակցում էր իր ինտելեկտուալ ժառանգությունը՝ որպես Մերի Ուոլսթոնքրաֆթի և Ուիլյամ Գոդվինի դուստր։ Մորից նա ժառանգել էր ֆեմինիստական գաղափարները, հորից՝ լուսավորչական կրթությունը։ Նրա ստեղծագործություններում արտահայտվում է լարվածությունը այս գաղափարների և իր ժամանակի հասարակական նորմերի միջև։

Պատրաստեց Գայանե Պողոսյանը

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *