Ինչպես ընթերցող դաստիարակել․ Ուիլյամ Գոդվին

Ինչպես դաստիարակել ընթերցող․ Մերի Շելլիի հայրը՝ երեխաների դաստիարակության մասին և այն մասին, թե ինչպես է վաղ ընթերցասիրությունը կյանքի համար երջանկության ճանապարհ հարթում

Տասնութերորդ դարի վերջին անգլիացի փիլիսոփա և գրող Ուիլյամ Գոդվինը կնքեց իր ժամանակի համար կարելի է ասել նորարարական՝ հավասարության վրա հիմնված ամուսնություն մեկ այլ մտածողի եւ վիպագրի՝ Մերի Ուոլսթոնքրաֆթի հետ, որը հետագայում համարվեց ֆեմինիզմի հիմնադիրներից մեկը։ Երբ Ուոլսթոնքրաֆթը հղի էր իրենց դուստր, ապագա գրող եւ հանրահայտ «Ֆրանկենշտեյնի» հեղինակ Մերի Շելլիով, Գոդվինը սկսեց գրի առնել իրենց քննարկումները երեխաների դաստիարակության մասին։ Այդ մտքերը հետագայում լույս տեսան «Ուսումնասիրողը. մտորումներ կրթության, ոճի և գրականության վերաբերյալ» գրքում, որ կրթության, բարոյականության և գրականության մասին էսսեների շարք է։ Վերնագիրը կարող է մոլորեցնել, ասես խոսքը քաղաքավարության և հնացած բարքերի մասին է, մինչդեռ իրականում դա հիմնավոր աշխատություն է, որը իր ժամանակի համար սկանդալային էր և հակասում էր ժամանակի բարքերին։ Այն դարերով առաջ էր անցել իր ժամանակից՝ կանխատեսելով ժամանակակից հասարակագիտության և հոգեբանության մի շարք հիմնարար եզրահանգումներ՝ այն ժամանակ, երբ այդ ոլորտները դեռևս որպես ինքնուրույն գիտակարգեր գոյություն չունեին։

Ուիլյամ Գոդվինը գրում է․ «Կրթության իրական նպատակը, ինչպես ցանկացած բարոյական գործընթացի, երջանկության ստեղծումն է։ Առաջին հերթին՝ անհատի երջանկությունը։ Եթե բոլոր մարդիկ երջանիկ լինեին, ապա երջանիկ կլիներ նաև ամբողջ մարդկությունը»։

Այսպիսի՝ երջանկություն պարգևող դաստիարակության հիմքում Գոդվինը դնում է երեխաների մեջ վաղ տարիքից գրականության հանդեպ սեր սերմանելը, որը «կմղի աշխատասիրության և դիտողականության», և որը ժամանակի ընթացքում կվերածվի «լավ կառուցված, ակտիվ և սովորելու պատրաստ մտքի»։ Թեև նրա լեզուն սահմանափակված է իր դարաշրջանի կաղապարներով, Գոդվինի գաղափարները մնում են ժամանակից դուրս։

Գուցե ոչինչ այնքան ուժեղ չի ազդում մարդու ապագա մտավոր կարողությունների վրա, որքան այն, թե արդյո՞ք նրա մեջ վաղ մանկության տարիներին կարթնանա ընթերցանության հանդեպ սերը… Նա, ով սիրում է կարդալ, ունի բոլոր հնարավորությունները։ Նրան պետք է միայն ցանկանալ, և նա կկարողանա ձեռք բերել և՛ դատելու իմաստություն, և՛ գործելու ուժ։

Նա խորհում է այն մասին, թե ինչպես են գրքերը ոչ միայն հարստացնում մեզ իրենց մեջ պարունակվող գաղափարների իմաստությամբ, այլև լուսավորում մեզ այն մտքի շքեղությամբ, որը դրանք ստեղծել է՝ մեր մեջ արթնացնելով և՛ զգացմունքներ, և՛ ընկալունակություն։

Գրքերը բավարարում և միաժամանակ արթնացնում են մեր հետաքրքրասիրությունը անհամար ձևերով։ Դրանք ստիպում են մեզ մտածել։ Դրանք մեզ մղում են առաջ։ Ուղիղ արտահայտում են տարբեր գաղափարներ և այլ գաղափարների մասին՝ անուղղակի ակնարկում։ Լավ գրված գրքում մենք տեսնում ենք հասուն մտածողության պտուղներ կամ մտքի ամենաերջանիկ թռիչքները՝ բացառիկ կատարելությամբ։ Անհնար է շփվել նման զրուցակիցների հետ՝ առանց նրանց որոշ չափով նմանվելու։ Երբ ես կարդում եմ Ջեյմս Թոմսոն, ես դառնում եմ Թոմսոն, երբ կարդում եմ Ջոն Միլթոն, դառնում եմ Միլթոն։ Ես ինձ զգում եմ մի տիպի մտավոր քամելեոն՝ ընդունելով այն նյութերի գույնը, որոնց վրա հենվում եմ։
Նա, ով վայելում է խնամքով ընտրված գրադարանը, ունի անթիվ ուտեստներ, և բոլորն էլ՝ հիանալի համով։ Նրա ճաշակը սրվում է այնքան, որ նա հեշտությամբ տարբերում է ամենանուրբ բաները։ Նրա միտքը դառնում է ճկուն, յուրաքանչյուր տպավորության նկատմամբ ընկալունակ և դրանց շնորհիվ ձեռք է բերում նոր նրբություն։ Նրա դիտակետերի բազմազանությունը խառնաշփոթի է մատնում հաշվարկները, իսկ նրա կարողությունները՝ թե՛ բանական, թե՛ երևակայական, դառնում են առանձնապես ընդգծված։

Այսպես ներկայացնելով ընթերցանության անգնահատելի առավելությունները՝ Ուիլյամ Գոդվինը ձգտում է ձևակերպել ընթերցող դաստիարակելու հիմնական սկզբունքները։ Հենվելով իր էսսեների ամենակենտրոնական և հիմնական գաղափարի վրա՝ այն մտքի, որ երեխաներին պետք է վերաբերվել ոչ թե որպես ավտորիտար կարգերի ենթակաների, այլ որպես կյանքի հավասար քաղաքացիների՝ օժտված բանականությամբ և զգայունակությամբ, որոնց պետք է շնորհել ճշմարտության արժանապատվությունը, այլ ոչ թե մոլորեցնել կեղծավորությամբ և պաշտպանել աշխարհի իրողություններից, նա գրում է․

Երեխան պետք է սկսի ապրել աշխարհում, այսինքն՝ իր նմանների մեջ․ նույնը պետք է վերաբերի նաև այն գրքերին, որոնք նա պիտի կարդա։ Վատ է, եթե նա հավերժ փակված է երևակայական աշխարհներում և, լինելով ծանոթ փիլիսոփաների աֆորիզմներին ու գիտական ու վեհ բարոյականության սկզբունքներին, միաժամանակ ոչինչ չգիտի մարդկային սրտի արատների և մարդու վարքը կարգավորող մեխանիզմների մասին։ Վստահեք նրան որոշ չափով ինքն իրեն։ Թույլ տվեք, որ երբեմն ինքն ընտրի իր գրքերը… Թույլ տվեք նրան թափառել գրականության խորշերում։

Երկու դար անց լեհ բանաստեղծուհի, Նոբելյան մրցանակակիր Վիսլավա Շիմբորսկա-ն այս միտքը կրկնում է իր հիանալի մտորումներում՝ հեքիաթների և վախի կարևորության մասին։

Ուիլյամ Գոդվինը հավելում է․

Տպավորությունը, որ մենք ստանում ենք գրքից, շատ ավելի քիչ է կախված նրա իրական բովանդակությունից, քան այն տրամադրվածությունից և պատրաստվածությունից, որով մենք այն կարդում ենք։


Մարիա Պոպովա

Թարգմանությունը՝ ԳայանեՊողոսյանի

Աղբյուրը՝ https://www.themarginalian.org/2020/01/17/how-to-raise-a-reader-william-godwin/

Please follow and like us: