Նոյեմբերի 25-ին աշխարհում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ և խթանել կանխարգելիչ քայլերը:Միանալով քարոզարշավին՝ մինչեւ դեկտեմբերի տասը կներկայացնենք թեմային առնչվող ստեղծագործություններ տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող, հայտնի ժամանակակից գրողներից՝ Մերի Պողոսյանի ընտրությամբ եւ թարգմանությամբ։
Ջես Փերընթը ամերիկացի է, աշխատում է որպես ծրագրային ապահովման մշակման մենեջեր, կատարում է իմպրովիզացիաներ ամբողջ երկրում, միջազգային ասացող է Toastmasters International-ում և մասնակցում է միջազգային սլեմ պոեզիայի մրցույթներին։ Չիկագոյի իմպրովիզացիոն փառատոնի գործընկեր և մասնակից է։
Ջեսը պերֆորմանսային պոեզիայի աշխարհ է մտել 2006 թվականի դեկտեմբերին՝ իր «Կեռիկ» պոեզիա-երաժշտական-իմպրովիզացիոն շոուով մի քանի տարի շրջագայելուց հետո։ Միջազգային պոեզիայի մրցույթների եզրափակիչ դուրս եկող մասնակիցներից է, այդ թվում՝ Individual World Poetry Slam, National Poetry Slam, Ill List, Rustbelt Regional Poetry Slam, Great Plains Poetry Pile-Up և Ontario International Poetry Slam: Նրա «Շշուկը, որը դու չես» գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է։ 2018 թվականին Ջեսը առաջադրվել է Ռայլինգի մրցանակի Գիտաֆանտաստիկ պոեզիայի ասոցիացիայի կողմից և ընդգրկվել է դրա թեկնածուների անթոլոգիայում: Նա նաև Lexus Verses and Flow-ի հինգերորդ եթերաշրջանի հրավիրված բանաստեղծներից մեկն էր: Նրա պոեզիայի տեսանյութերը դիտել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, դրանք ներկայացվել են Huffington Post-ում, UpWorthy-ում, TheBlaze.com-ում և WorldStarHipHop.com-ում: Նա մասնագիտանում է թատերական ներկայացման, պատմողական կառույցների և ընտանիքի, առասպելի ու կրոնի հետ կապված թեմաներում։
2007 թվականից ի վեր Ջեսը մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի տեղական պոեզիայի սլեմ շարքի կազմակերպմանը: Նա եղել է Poetry Slam, Inc.-ի գործադիր խորհրդի անդամ, College Union Poetry Slam Invitational (CUPSI)-ի կոմիտեում: Ջեսը մարզել է Վեստմինստեր քոլեջի և Յուտայի համալսարանի սլեմ պոեզիայի թիմերը։
Տղաներին, որոնք մի օր կարող է հանդիպեն աղջկաս
Ես քեզ սպասում էի,
Դեռ նրա ծնունդից առաջ,
Մինչև իմ կայծը նրա մոր որովայնում կրակ վառեց:
Ես պատրաստվել եմ քեզ սպանելուն.
Երբ դու առաջին քայլերն էիր անում,
Ես մարզվում էի, որ այնպես անեմ, որ էլ չքայլես:
Երբ դեռ կռիվ-կռիվ էիր խաղում,
Ես փորձարկում էի կրակոց ճակատին.
Արդեն ինձ չես հավասարվի։
Եվ երբ առաջին անգամ հանդիպես իմ աղջկան
Ու սիրահարվես այն հայացքին, որ նա գցում է ուսից հետ,
Կիսալուսին աչքերին, որ շրջանակում են ծիծաղկոտ ժպիտը,
Դու կուզենաս խոսել նրա հետ:
Եվ երբ վազորդի պես ժամերն անցնեն
Այդ առաջին ժամակորույս զրույցին,
Դու կիմանաս խորը ու վերահաս վախի զգացումով,
Որ պետք է ինձ հետ խոսես:
Երբ առաջին անգամ տունս գաս ու շեմին տեսնես ոսկորը փորագրած,
Փորձիր չպատկերացնել սեփական սրունքոսկրդ նման վիճակում:
Ուշադիր եղիր միայն մի բանի.
Մոտեցիր ինձ` լցված միայն իմ աղջկա հանդեպ սիրով:
Ես նրա մանկության մեջ ցանել եմ գրկախառնություններ՝
Արմատախիլ անելով անտարբերության մոլախոտը:
Նա չունի «հոր հետ խնդիրներ», որ ճանկերով բռնվես դրանցից:
Եթե կոտրես նրա սիրտը, ես խռթոցը կլսեմ այն ականջով,
Որ սեղմում էի նրա մոր փորին,
Արմունկը, որով նրա գլուխն եմ օրորել,
Հաղորդում կուղարկի ուղիղ բռունցքիս,
Իմ այտերը նրա շուրթերի հետ կապված են.
Ես կզգամ, եթե նրանք դողան:
Ես նրան սովորեցրել եմ, որ տղամարդը երբեք կնոջ չի խփի:
Նրա մայրն, իհարկե, կուզեր ավելացնել, որ ոչ ոքի էլ չպիտի խփի,
Բայց ես նրան սովորեցրել եմ, որ տղամարդը երբեք կնոջ չի խփի:
Համարիր իմ գեները Կայենի նշան.
Ինչ որ նրան անես, յոթնապատիկ կստանաս,
Եվ նա ինձնից գաղտնիք չի պահի,
Դու նրան չես կարող վախեցնել,
Ես նրան ամբողջ կյանքում սեր եմ սովորեցրել։
Եվ խնդրում եմ միայն, որ շարունակես այդ դասը։
Սիրիր նրան,
Եղիր նրա ընկերը,
Պաշտպանիր նրան, եղիր այնտեղ, երբ ես չկարողանամ,
Ու երբ մարմինս գերեզման հասնի,
Թող իմ դեմքի հավերժական ժպիտը լինի
Արտացոլումն այն խաղաղության, որ քո սերը բերում է նրան:
Այդ դեպքում մենք լավ էլ յոլա կգնանք։
Հավելված.
Աղջիկներին, որ կարող է մի օր հանդիպեն դստերս.
Կինս ավելի լավ է կրակում, քան ես:
Դիտեք այս բանաստեղծության հեղինակային ընթերցումը
