Ռուբեն Ներսիսյան/Երազ մը

*

քայլում եմ մայթով
մարմինս բացված, երկնուղեշ
երկնուղեշ, ձգված մարմինս ա’յս ցրտի առաջ
ա’յս ցրտի առաջ ճեղքրտված մաշկս
կարմիր արյունս լերդացած
շրթունքներս կապտած, երկնքի պես
երկինք նայող աչքերս սառած
կախ ընկած, թուլացած ձեռքերս սեղմված ոտքերիս
շարժվող ոտքերս ասֆալտի վրա
ասֆալտով պատված մայթը —
հոգիս ծակծկված, երկնուղեշ
սպասելիի եւ հրաշքի արանքում մի տեղ
տեղ` չկամության եւ պաթոսի
պը’րծ։

*
փաթիլները
մի նոր
բանաստեղծություն կգրեն
հողին
ծառերը
կկարդան
շշուկով
իսկ մեզ
մնում է
որսալ շունչը
ձմեռ-առավոտի։

*
նրանք կվերադառնան
եւ ձյուն կլինի
եւ կլինի սառնամանիք
իսկ սպասողները
տան պատուհանից կնայեն վերադարձողներին
եւ հրճվանք ապրելով ու չբացելով դուռը
անվերջ կհռհռան։

*
քամու սահքը դեպի պատուհան
պսպղուն լույսեր շուրջբոլորը
ձյունը ավելի տաք, քան կար, եղել էր
մարդուկներն անշարժ՝ կախված եղեւնուց
մի քանի կադր առաջ տալու երազանք
տառապանքի կծմծոց
ցավը՝ մաշկի տակ
երկյուղը` հայելի
ուղիղ այս ժամին հնչող զանգը
ծվրտացող մեր հայացքներին —
եւ հրաշք չկա’
եւ հրաշք չկա’։

*
Եվ այսպես —
հուսահատությունը՝ պատուհաններին
երազանքները՝ կախված եղևնուց (գլխիվայր)
նսեմացնող կոչերը՝ հեռուստացույցից
առաստաղից՝ թափվող կրակը
սառը քրտինքը՝ անսանձ Ձմեռ Santa-ն՝ բոլորիս սրտերում
պատրաստ խոնարհվելու Բդի առաջ
և հոշոտելու տրված չարիքը
դիմավորելով հաջորդ տասներկու ամիսը
ոչինչ չակնկալելով
այսքանը

*
հայտնվել տարվա վերջում եւ անհետանալ սկզբում —
քթիցդ կախված փայլեր
մատներիդ արանքով ծածանվող երազ մը
մազերդ` շտկող շտրիխներ —
իսկը տոնածառ
այնքան արհեստական
այնքան պաթետիկ
այնքան անմարդկային
հույսով-հավատով լցված
որ հետեւեն քեզ վերջին տեսուչի պես։

*
Հաշվի չառնելով քաղաքական զեղումները
facebook-ի անիմաստ ստատուսները
շենքերը ճեղքող զիբիլի հոտը
երթևեկության խցանումները
թափառական շներին
մարդկանց, որ ատամներով խրվել են մեջս
եւ այլեւայլ իրողությունների
ձմեռվա ցրտին
վառ կապույտ շորտով
անտեսելով հոգևորակաների
սատանիզմի մասին տեսությունը
փակվել եմ տանը ու ռոք եմ լսում։
Եվ մնում է միայն երազելը
նրա մասին, ինչն անկարելի է, բայց
հնարավոր
եւ ավելի սիրուն
քան բանաստեղծությունը։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *